Читать книгу «Անցյալից» онлайн полностью📖 — Գրիգորի Բաբախանյան (Լեո) — MyBook.
image

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ. ԱՆԿՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Ա

1896 թվականը, այնքան հարուստ իբրեւ ցնցումների ու վկայությունների ժամանակամիջոց, ծանր հարվածներ էր տալիս հայ հեղափոխականությանն առհասարակ։ Ներքին քայքայում էր սկսվում Հնչակյան կուսակցության մեջ. հիշվածների էր ենթարկվում, կորցնում իր նյութական եւ բարոյական ուժը, թուլանում ներքին պայքարներից ու հակամարտություններից։ Այս դեռ, իհարկե, չէր նշանակում Հնչակյան կուսակցության կատարյալ եւ անհետ ոչնչացում։ Նա պահպանում էր իր գոյությունը, բայց արդեն երկրորդական նշանակություն ուներ, փոքր գործեր կարող էր կատարել։

Հրապարակում մնում էր Դաշնակցությունն իբրեւ մի հատիկ միաձույլ կուսակցություն, որ ներքին կազմակերպչական ճգնաժամ չէր ապրում։ Թեեւ այդպես, բայց Դաշնակցությունն էլ Բանկ-Օտոմանի ցույցով մտնում էր իր թուլության, անկման շրջանը։ Ահռելի արյունահեղությունները սաստիկ ռեակցիա էին առաջացրել հասարակական տրամադրության մեջ։ Ավելի եւս սաստկացած էր ռեակցիան Եվրոպայում եւ, մասնավորապես, Ռուսաստանում։ Այս խավար հոսանքների մեջ Աբդուլ-Համիդը դրդվում էր [դեպի] կատարյալ եւ անսահման կարողություն` խեղդելու իր պետության ամբողջ ազգաբնակչությանը, բայց մասնավորապես հայերին, որոնք զրկվում էին մարդկային ամենատարրական իրավունքներից անգամ, օրինակ` տեղափոխության ազատությունից։ Ճնշումներն ու կեղեքումները հասնում էին աներեւակայելի աստիճանների, իսկ սեպացած ժայռերին դեմ տրված հեղափոխությունը չգիտեր էլ ինչ աներ։

Ճիշտ է, դեռ մնում էր հին արհեստը` ֆիդայական (հայդուկային) կռիվը, բայց դա էլ առանձին մեծ ազդեցություն չէր գործում, թեեւ երկիրն իր միջից հանում էր իսկապես քաջ, հռչակված ֆիդայիների (Սերոբ Աղբյուր, Գեւորգ Չաուշ եւ ուրիշներ)։ 1897-ին Դաշնակցությունը հաջողեցրեց մի բավական աչքի ընկնող հայդուկային արշավանք. գիշերով հարձակում գործեց քրդական մի ցեղի վրա, որի գլխավորն էր Շարուֆ-բեյը, որն ապրում էր վրաններում՝ Խանասոր անվանված տեղում, թուրք-պարսկական սահմանագլխի վրա։ Այս գործը շատ ուռցրին ու չափազանցրին դաշնակցականները` համարելով այն իրենց մեծագույն հաղթանակը։ Այդ քուրդ ցեղը Շարուֆ-բեյի հետ հայտարարվեց բնաջնջված եւ, այսպիսով, նրա զոհը դարձած հայ ժողովրդի վրեժը հանված։ Սակայն այդ մի փոքրիկ հաջողություն էր միայն։ Խանասորում հանկարծակի եկած քրդերը կորուստներ ունեցան, կորցրին շատ անասուններ։ Բայց մնաց Շարուֆ-բեյը, որն անցավ Մուշի կողմերը եւ սկսեց այնտեղի հայերին տանջել, խորովել։

Չափից դուրս փառաբանված հաղթությունն էլ անկարող եղավ կանգնեցնել այն անընդհատ թուլացումը, որ գալիս էր սաստիկ վտանգելու Դաշնակցության գոյությունը։ Պետք էր գործունեության ավելի լայն շրջան ստեղծել եւ նորից կենդանացնել Հայոց հարցը։ Այս նպատակով Քրիստափոր Միքայելյանը տեղափոխվեց ժնեւ` կուսակցության ղեկավարությունն իր ձեռքն առնելու համար։ Թիֆլիսում ղեկավար մնաց Սիմոն Զավարյանը, որ երկար ժամանակ զուր ջանքեր էր անում կազմակերպության մեջ կենդանություն մտցնելու համար։ 1898թ. սկզբին Ջրօրհնեքի հանդեսին, Վանքի եկեղեցու բակում, Զավարյանը մոտեցավ ինձ եւ այսպիսի մի տարօրինակ առաջարկություն արեց։

Դաշնակցությունը գրեթե բոլորովին մոռացվել ու լքվել է ամենքից։ Ինքը որոշել է կազմակերպությունը փրկելու համար` նրա ղեկավարությունը հանձնել հայ բուրժուազիային։ Թող գան նրանք` Աբգար Հովհաննիսյանը115 եւ ուրիշները, բերեն իրենց հետ դրամական միջոցներ, մարդիկ։ Նա ինքը` Զավարյանը, որոշել էր դիմել Աբգար Հովհաննիսյանին, իսկ ինձ առաջարկում էր` արդյո՞ք չեմ կարող գնալ Թիֆլիսում այն ժամանակները շատ հայտնի բժշկապետ Գասպարյանցի մոտ, որ թեեւ հայտնի էր իր կոպիտ եւ անհրապույր բնավորությամբ, բայց ինձ անշուշտ կընդուներ, իբրեւ իր հայրենակցի եւ «Մշակ» – ականի։ Ես պիտի այս մարդուն առաջարկություն անեի, որ գար մտներ Դաշնակցության մեջ եւ դառնար նրա ղեկավարներից մեկը։

Ես անակնկալ առաջարկությունից մնացել էի ապշած։ Եթե հետս խոսողը Սիմոն Զավարյանը չլիներ, պիտի լսածս խոսքերը համարեի ծաղր իմ հասցեին։ Բայց Սիմոնը խոսում էր լրջությամբ, իրեն հատուկ համոզիչ շեշտով։ Պատասխանեցի, թե բժշկապետ Գասպարյանցի հետ անձնական ծանոթություն չունեմ, ունենամ էլ` չեմ կարող նրան առհասարակ որեւէ առաջարկություն անել` լավ իմանալով նրա բնավորությունը, այն էլ այնպիսի մի առաջարկություն, որպիսին է մի դավադրական, հալածվող գաղտնի ընկերության գլուխ կանգնելը։ Եվ առհասարակ խորհուրդ տվի նրան` հանել Գասպարյանցին իր կազմած բուրժուական ցուցակից։

Պատմում եմ այս փոքրիկ դեպքը, որպեսզի ցույց տամ, թե ինչ հուսահատական դրության մեջ էր գտնվում այդ միջոցին Դաշնակցությունը։ Քիչ անցած Զավարյանը մի քանի խորհրդակցական ժողովներ գումարեց` ինձ էլ հրավիրելով մասնակցել այդ ժողովներին։ Ես գնում էի իմ ընկեր Վալերիան Լունկեւիչի116 հետ` մերժած չլինելու համար Սիմոնի` մեր երիտասարդական շրջանների այդ ականավոր ներկայացուցչի խոսքը։ Շատ լավ եմ հիշում առաջին ժողովը, որ կայացավ գյուղատնտես Հարություն Փիրալյանի բնակարանում` Միքայելյան փողոցի վրա։ Բացի մեզանից կային եւ մի քանի անձնավորություններ, որոնցից հիշում եմ միայն Ավետիք Սահակյանին (դաշնակցական, հայտնի Հայր Աբրահամ117անունով)։ Սիմոնը սկսեց մի երկար եւ մանրամասն զեկուցում Դաշնակցության կազմալուծման մասին։

Այս հանգամանքի գլխավոր պատճառը նա համարեց կազմակերպության ծրագիրը։ Գործունեության այն եղանակը, որ ընդգրկել էր այն` բերելով իր հետ արյունահեղություններ եւ խորտակում, հոգնեցրել ու խրտնեցրել է ժողովրդական խավերին, եւ ամենքն այժմ երես են դարձնում նրանից։ Հարկավոր է, ուրեմն, վերակազմել կուսակցությունը նոր հիմքերի վրա։ Այս նպատակով էլ ահա հրավիրված էր խորհրդակցությունը։ Ինքը` զեկուցողը կարծում էր, որ կազմակերպությունը պիտի ստանա ավելի խիստ ազգային գունավորում` դուրս ձգելով ծրագրի եւ գործողության եղանակների միջից ամեն բան, որ հակառակ է ազգայնության հոգուն, որ եւ խրտնեցնում է հայ ժողովրդի պահպանողական բուրժուական տարրերին, որոնց վրա պիտի հենվի հայ հայրենական ազատագրության գործը118։ Այս բանի մեջ նա ոչինչ հետադիմական կամ հակաժողովրդական բան չէր տեսնում։ «Եթե, – ասաց նա, – ռուս ժողովուրդն իր համար ազգային սրբություն է դարձրել Մատուշկա-Վոլգան, ինչո՞ւ պիտի հայի համար խոտելի համարվի այն, որ նա իր ազգային սրբություն դարձնում է Մասիս սարը»։

Հակաճառելով Զավարյանին` Ավետիք Սահակյանն առարկեց, թե Դաշնակցությունը, ընդհակառակը, բոլորովին կազմալուծված չէ, այլ «շարունակում է պահպանել իր նախկին կենսունակությունը։ Եթե Թիֆլիսում եւ Կովկասյան մի քանի այլ կենտրոններում նկատելի է սառնություն դեպի կուսակցությունը, դա մեծ նշանակություն չունի, քանի որ նրա հետ է բուն երկրի` Թուրքհայաստանի ժողովուրդը, որ իր միակ պաշտպանն է համարում կուսակցությանը եւ շարունակ ցանկանում է, որ մենք գործենք միեւնույն ուղղությամբ, եւ ինքն էլ գործակցում է մեզ։ Ուրեմն ծրագիրը փոփոխելու ոչ մի հարկավորություն չկա։ Պետք է միայն աշխատել, որ կուսակցությունը համակրանք եւ վստահություն ներշնչի ռուսահայ ժողովրդին էլ։ Թող գան, ուրեմն, ովքեր կարող են։ Մենք խտրություն չենք դնում, մեզ համար բոլոր խավերի աշխատանքը ցանկալի է»։

Տուն վերադառնալիս ես եւ Լունկեւիչն իրար ասում էինք, թե Զավարյանի այս ձեռնարկումից ոչինչ չի դուրս գա։ Այդպես էլ եղավ։ Եթե չեմ սխալվում, մի անգամ էլ հավաքվեցինք Փիրալյանի բնակարանում եւ հետո… Ամեն ինչ մնաց հին դրության մեջ։ Իսկ կուսակցության վերակենդանացումը Թիֆլիսում չէր հիմնավորվում, այլ Ժնեւում։ Այնտեղ Քրիստափոր Միքայելյանը ծավալեց մի եռանդուն կազմակերպչական գործունեություն։ Սա ամենից առաջ արտահայտվեց հայդուկային գրականության մեջ։ «Դրոշակի» մեռած պաշտոնական բովանդակությունը նշանավոր չափով կենդանացավ։ Այնտեղ երեւան եկան Ղարիբը (Ահարոնյան119)` իր վեպիկներով եւ պոեմներով, որոնք դրվատում էին հայդուկներին եւ հայդուկականությունը, Է. Ակնունին (Մալումյանը), որ նույնպես տեղափոխվել էր Ժնեւ եւ ոտքով-գլխով դաշնակցական դարձել։ Վերջապես, ինքը` Միքայելյանն էլ ձեռքն էր առնել հրապարակախոսի ժլատ գրիչը` գաղափարախոսական կառուցվածքներ հիմնավորելու համար։ 1901 թվականին էր, որ նա «Դրոշակի» մեջ տպագրեց իր «Ամբոխային տրամաբանությունը» փոքրիկ աշխատությունը, որը, սակայն, ահագին դժբախտությունների աղբյուր դարձավ հայ ժողովրդի համար։

Դաշնակցականների համար «Ամբոխային տրամաբանությունը» դարձավ մի սրբազան գիրք, ինչպես Ավետարանը, Ղուրանը։ Նրա մեջ հայտնված մտքերն երկնառաք ճշմարտություններ էին բոլոր ուղղահավատ դաշնակների համար։ Ի՞նչ էին բարբառում այդ ճշմարտությունները։

Հասարակության մեջ շատացել էին այն տարրերը, որոնք համոզվում էին հետզհետե, թե հայդուկային հեղափոխությունն է հայ ժողովրդի ջարդերի պատճառը, եւ եթե այն շարունակվի, հայության կատարյալ եւ վերջնական բնաջնջումը Թուրքիայում անխուսափելի է։ Սա արդեն հակահեղափոխություն էր` կորուստների եւ դրանց հետեւանքների հետ հաշվի նստելու հոսանք։ Այդ հոսանքի բերանը փակելու համար էր Միքայելյանը գրում իր բրոշյուրը։ Նրա մեջ պատմական փաստերով, հեղինակավոր եվրոպացիների վկայություններով [նա] պաշտպանում էր այն միտքը, թե քանի որ Թուրքիան սուլթանական Թուրքիա է, այնտեղ ապրող նացիաները պիտի կոտորվեն ու տանջվեն, միեւնույն է` ինչ դրության մեջ էլ գտնվեն նրանք` խաղաղ, հլու-հպատակ դրության թե ըմբոստ-հեղափոխական դրության։

Այսպիսով դաշնակցական շեֆը միանգամայն ապացուցված էր համարում, թե թուրքահայերի կոտորածները կապ չունեն թուրքահայերի հեղափոխական շարժումների հետ, եւ, ուրեմն, հեղափոխությունը պիտի շարունակի իր գործը` առանց ուշադրություն դարձնելու սուլթանի ջարդարար եռանդի վրա։ Հեղափոխության տեսականը Միքայելյանը պարզում եւ զարգացնում էր ռուս նարոդնիկական ընդվզողականության (բունտարության) պատիվ բերող փայլով։ Հեղափոխությունն է միակ միջոցը ջարդերի դեմ կռվելու համար։ Մինչեւ այժմ հայ հեղափոխությունը խղճի մտոք է կատարել իր ազատարար առաքելությունը եւ, եթե հաջողություն չի ունեցել, այդ նրա մեղքը չէ։ Պատճառը միշտ եղել է Եվրոպայի դավաճանությունը…

Այսօր կարդալով 20-րդ դարի հետ մեզանում երեւան եկած ազատագրական ավետարանը, մենք պիտի զարմանանք ոչ այնքան հեղինակի մտքի սնանկության վրա, որքան այն բանի, որ այդ միտքը կարողանում էր հիպնոսացնել զանգվածներին, քշել նրանց դեպի անհավասար ու խելացնոր մի պատերազմի` մերկ թեւերով կռվելու Կրուպպի թնդանոթների դեմ։ Պետք էր, ճիշտ որ, լինել տհաս մի ամբոխ, մի խուժան` հավատալու համար, որ եթե 1896-ի օգոստոսին դաշնակցականները ռումբերով չխուժեին էլ Բանկ-Օտոմանի ներսը, Կ.Պոլսում, այնուամենայնիվ, կմորթվեին 6000 հայեր։

[Ճիշտ է,] Քրիստափոր Միքայելյանը վերակենդանացնում էր [կուսակցության] գործունեությունը, բայց միշտ մնալով հին նարոդնիկական ավանդներին կուրորեն հպատակվող` ոչինչ չսովորելով կյանքից եւ ոչինչ չմոռանալով հին մոլորություններից։ Նա Թուրքահայաստանում պատրաստում էր նոր ապստամբություն եւ միջոցներ էր ձեռք առնում, որ Եվրոպան այս անգամ չդավաճանի իրեն։ Իսկ Աբդուլ-Համիդից հայ ժողովրդին ազատելու համար ծրագրվում էր կտրուկ եւ ուղիղ միջոց` սպանել նրան։

Բ

Այս ձեռնարկումների համար, սակայն, հարկավոր էին դրամական ահագին միջոցներ։ Եվ Քրիստափորը թողեց Ժնեւն ու գնաց Բաքու` հայ արդյունագործական բուրժուազիային երկու ձեռքով կթելու համար։ Սկզբունք է` ով հոժար կամքով գումար չի տալիս, այդպիսինը մահվան երկյուղի տակ է դատարկում իր հաստ գրպանը։ Գործը Բաքվում հաջողեցնելու համար հարկավոր եղավ գաղափարական պայքար մղել։ Ֆիդայական հեղափոխության ճանապարհին առաջին անգամ հակառակորդի դիրքով կանգնեց դասակարգային կռվի կուսակցությունը` սոցիալ-դեմոկրատիան, որ այն ժամանակ դեռ թույլ էր կազմակերպված։ Քրիստափորը Թիֆլիսից տանել տվեց Ահարոնյանին` վիճաբանություններ վարելու համար։ Եվ մի օր Ահարոնյանին տեսա Թիֆլիս վերադարձած` հաղթանակով։ Նա հաղթել էր վիճաբանությունների մեջ, երիտասարդությունը նրան օվացիաներով ճանապարհ էր դրել մինչեւ կայարան, եւ նա իր մազերի մեջ բերել էր այն կոնֆետիկները, որ շարունակ ցանելիս են եղել նրա վրա։ Քրիստափորը փողառատ գրպաններով վերադարձավ Ժնեւ` թողնելով, որ հայ հարուստներին փետրելու գործը շարունակի «Փոթորիկ» անունով տեռորիստական խումբը, որ իսկապես փոթորիկ էլ, ժանտախտ էլ դարձավ հայ բուրժուազիայի համար։ Խոշոր գումարներ էին տեղափոխվում Ժնեւի դաշնակցական բյուրոն։

Միջոցների տեր դառնալով` Միքայելյանը նախեւառաջ Փարիզում հիմնեց մի փոքրիկ կիսամսյա ֆրանսերեն թերթ` «Pro Armenia»120 անունով, որի նպատակն էր Հայոց հարցի պրոպագանդան։ Աշխատակիցների կոչումով թերթին իրենց անունները տվեցին մի քանի նշանավոր ֆրանսիացի։ Այսպես, խմբագրական կազմը հայտարարված էր հետեւյալ անձերից` Ժորժ Կլեմանսո121, Ժան Ժորես122, Անատոլ Ֆրանս123, Ֆրանսիս դե Պրեսանսե, Լ. դե Ռոբերտի, խմբագրապետն էր Պիեռ Քիյարը124։

Այս խմբակի շուրջ, ճիշտ որ, կազմակերպվեց մի համաեվրոպական պրոպագանդա, որին մասնակցեցին եւ ուրիշ երկրների գրական-հասարակական գործիչներ (օրինակ` Գեորգ Բրանդես, Էդուարդ Բերնշտեյն եւ ուրիշներ)։ Կազմակերպվեցին դասախոսություններ Եվրոպայի զանազան կողմերում` Հայոց հարցի էությունը քարոզելու եւ ժողովրդականացնելու համար։ Այս նպատակով Անատոլ Ֆրանսը ճանապարհորդեց Իտալիայում։ Մի խոսքով, վերակենդանացվեց նախահեղափոխական շրջանի քաղաքական պրոպագանդան, որի կազմակերպողն էր, ինչպես տեսանք, Անգլո-հայկական ընկերությունն իր «Հայաստան» թերթով։ Պետք է, սակայն, այստեղ եւեթ ասել, որ պրոպագանդան լոկ Դաշնակցությանը չէր պարտական իր վերակենդանացմամբ։ Համիդյան խժդժություններից Եվրոպա փախած թուրքահայ գրողները նվիրվեցին նույն գործին, եւ նրանցից միայն մեկը` Արշակ Չոպանյանը125, այս ուղղությամբ աշխատելով մեծ աշխույժով եւ հմտությամբ` կատարեց իսկը որ ահագին դեր։ Նրա անխոնջ ջանքերով կազմվել է գրեթե մի ամբողջ գրականություն` հայ պատմության, գրականության, արվեստի եւ մշակութային այլ հարցերի վերաբերյալ։ Թարգմանելը եւ ժողովրդական բանահյուսության այդ գոհարները, միջնադարյան ու աշուղական երգերը տպագրելը Չոպանյանը բավարար չի համարել ու նշանավոր գրողների եւ գիտնականների հանձնարարականներն է խնդրել ու զետեղել այդ հրատարակությունների մեջ` իբրեւ ներածություն, կարդացել է դասախոսություններ, դիմումներ է արել եւ այլն, եւ այլն։

Ի՞նչն էր այս ընդարձակ պրոպագանդայի նպատակը։ Հայ գործիչները` հեղափոխական եւ ոչ հեղափոխական, այն դժբախտ մոլորության մեջ էին մնում, որ եթե քաղաքակիրթ կոչված աշխարհը (սա ասենք էլի ու էլի)` Եվրոպան, սառնասրտությամբ է վերաբերվում հայ ժողովրդի կրած անհուն եւ անօրինակ տառապանքներին, պատճառն այն է, որ նա չի ճանաչում հայ ժողովրդին, չգիտի, որ հայը մի հին կուլտուրական ժողովուրդ է, առաջադիմության ընդունակ, դարերից ի վեր եվրոպական քաղաքակրթության առաջավոր պահակ Ասիայի խորքերում։ Եվ ահա ծանոթացնում էին այդ ժողովրդին, գովում նրա խաղաղ բնավորությունը, նրա ստեղծագործող, արդյունաբերող առատությունը, նկարագրում նրա թշվառությունները, նրա կրած հալածանքները, մարդասիրություն եւ գթություն էին հայցում նրա համար։

Այո՛, եռանդ եւ ընդունակություն շատ էին վատնվում։ Բայց… Այդ բոլորը անճարության ջղաձգումներ էին։ Հայ ժողովրդին իբր թե բոլորովին չէի՞ն ճանաչում եւ այն ժամանակ, երբ նա 300 հազար զոհ էր տալիս եւ իր տանջանքներով լցնում ամբողջ աշխարհը` բեւեռից բեւեռ. սա մի անասելի միամտություն էր։ Միամտություն, մանավանդ այն մտածողության տեսակետից, որ ասում էր, թե այդ ժողովրդին պետք է փրկել այն պատճառով, որ նա կուլտուրական է, իր անցյալում Տիգրան, Նարեկացի, Շնորհալի, Տրդատ ճարտարապետ է ունեցել։ Կարծեք թե մի ուրիշ ժողովուրդ, որ բոլորովին անցյալ չուներ, որ վայրենի էր, իրավունք չուներ ապրելու առանց տանջանքների, առանց կոտորածների։ Կարծում էին, որ եթե Փարիզի կամ Լոնդոնի միջակ բուրժուան, մանր ռենթիեն126 (հասութակերը) գան գեղեցիկ խոսքեր լսելու հեռու ինչ-որ աշխարհում տանջվող բոլոր մարդկանց մասին, դրանից կփոխվի Ֆրանսիայի կամ Անգլիայի քաղաքականությունը, եւ վճռող խոսքը վերջիվերջո հանոտոններին եւ սոլսբերիներին չէր տրվի, այլ հենց այս ունկնդիր քաղաքացիներին…

Սա մի կատարյալ անգրագիտություն էր։ Հայկական պրոպագանդան ապրում էր Եվրոպայի մեջ, բայց չէր հասկանում, թե ինչ էր կատարվում իր շուրջը։

Հայանպաստ պրոպագանդայի վարիչներն իրենց գլխավոր հույսը դրել էին Ֆրանսիայի վրա, եւ Փարիզը` համաշխարհային այդ բանկիրը, իբր պիտի հայանպաստ պրոպագանդայի սիրտն ու հոգին դառնար։ Միայն այս հանգամանքը որքա՜ն էր խաբում մեզ։ Միեւնույն այն փաստը, որ Ժորժ Կլեմանսոն, Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը բարեհաճել էին մեզ համակրել, որքա՜ն մանկական երազանքներ ներշնչեցին մեզ, որքան մոլորությունների անդունդներ գահավիժեցրին։

1900 թե 1901 թվականին Փարիզի հայ գաղութը լուր ստացավ, որ Կիլիկիայում պատրաստվում է հայկական մի նոր կոտորած։ Այն ժամանակ [Ֆրանսիայի] արտաքին գործերի մինիստրն այլեւս թուրքամոլ Հանոտո-փաշան չէր, այլ Դելկասեն127 էր։ Մի պատվիրակություն, Արշակ Չոպանյանի գլխավորությամբ, դիմեց Դելկասեին եւ խնդրեց պաշտպանել հայերին։ Դելկասեն սիրով ընդունեց եւ հայտարարեց, թե ինքը թույլ չի տա հայկական նոր ջարդեր։ Եվ ֆրանսիական մի ռազմանավով գնաց դեպի Կիլիկիայի ափերը։ Ջարդ տեղի չունեցավ, եւ այս հանգամանքը վերագրվեց Դելկասեին եւ նրա ճառին։