Читать книгу «Անցյալից» онлайн полностью📖 — Գրիգորի Բաբախանյան (Լեո) — MyBook.
image

Գ

Ո՛չ պրոպագանդայի գործը Եվրոպայում, ո՛չ Թուրքահայաստանում ուժեղացող հայդուկային կռիվները դեռ բավական չէին, որ Դաշնակցությունը թեւակոխեր վերակենդանության շրջանի մեջ։ Հեղափոխական գործի երկու կողմերն էլ` հայդուկայինը եւ քաղաքագիտականը, վարկաբեկված էին։ Բռնի միջոցներով փող կորզելը նրանից ետ էր շպրտել բուրժուազիային։

Բայց այս ճգնաժամային դրության մեջ մի անակնկալ հանգամանք եկավ լայն ժողովրդականություն ստեղծելու նրա համար։ Այդ հանգամանքը հյուսվեց ցարական բռնակալության ապուշ վայրագություններից։

1896-ին Կովկասի վարչապետ նշանակվեց իշխան Գոլիցինը130` մի կրքոտ մարդ, կապ-կտրածներից մեկը, բռնի ռուսացնող բյուրոկրատի մի ամենաբնորոշ տիպ։ Եկել էր փութացնելու Կովկասի ռուսացումը131. այդ պատճառով նրա համար ատելի էին առհասարակ այն ազգությունները, որոնք իրենց սեփական ազգային բավականաչափ արժեքներն ունեին ռուսացմանը դիմադրելու համար, բայց մասնավորապես հայերը, որոնց վերաբերմամբ գոլիցինյան ատելությունը կատարելապես մի հիվանդագին երեւույթ էր կազմում։ Իր առաջին իսկ քայլերից Գոլիցինը հայտարարեց, թե պիտի արմատախիլ անի Հայոց հարցը։ Հետո, հետզհետե, բանը հասավ այն աստիճանին, որ Գոլիցինն անհանդուրժելի էր համարում, որ հայ ժողովուրդ է ապրում աշխարհիս վրա։ Ոչնչացնե՛լ ամենքին եւ միայն մի հատ թողնել մարդաբանական թանգարանի համար` սա՛ էր ցարական կոպիտ ու ինքնահավան սատրապի իդեալը132։

Գոլիցինը, ձեռք առնելով այս ուղղությունը, [իր] առաջին գործը դարձրեց Կովկասի մայրաքաղաք Թիֆլիսում հայահալած մամուլ ստեղծելը։ Մինչ այդ հայերի դեմ հալածանք մղելու պաշտոնը կատարում էր Պետերբուրգի եւ Մոսկվայի վաճառված հետադիմական մամուլը։ Այժմ նրա վրա ավելացավ եւ Թիֆլիսի պաշտոնական «Кавказ»133] լրագիրը, որի խմբագրությունը Գոլիցինը հանձնեց երկրորդական շնորհքի տեր, հետո եւ բոլորովին մոռացված բանաստեղծ Վելիչկոյին, ով մեծ եռանդով եւ մի ավելի լավ գործի արժանի համառությամբ սկսեց օրն օրին ծավալել մի անհաշտ, մի անխելք, կատաղի թշնամություն հայերի դեմ եւ առհասարակ այն ամենի դեմ, ինչ հայկական էր։ Այդ պալատական հրապարակախոսը` պալատական ռուբլիներին134 ծախված ստոր հոգին, բավական լավ պաշտպանված էր հակաճառություններից։ Մինչ նա օր օրի վրա վարժվում էր մեկը մյուսից անպատկառ, փողոցային հայհոյանքներ հերյուրելու եւ մի ամբողջ ժողովրդի դեմքին խփելու մեջ, մենք` հայ հրապարակախոսներս, ստիպված էինք եզոպոսյան դարձվածքների մեջ որոնել գոնե մի բան ասելու հնարավորություն, այն էլ գրեթե միշտ տեսնում էինք մեր այդ գրվածքներն անխնայաբար կարմիր թանաքի կեր դարձած135։

Վելիչկոյի հայակերական զառանցանքներին սիրով ձայնակցում էր եւ վրաց «կնյազական» մամուլը։ Իլյա Ճավճավաձե136, Ակակի Ծերեթելի137, [Նիկոլայ] Նիկոլաձե138 եւ նրանց նման ուրիշ շատեր «Кавказ» – ի բանաստեղծ-խմբագրի համհարզներն էին։ Թուրքերից Ահմեդ-բեկ Աղաեւն139 էր ձայնակցում, իսկ մի անգամ էլ Շուշիում դուրս եկավ Դալի-Աբբաս անունով մեկը, նախկին պոլիցիական պաշտոնյա, թղթամոլ եւ գինեմոլ մի տիպ, որ նույնպես աքացի տվեց հայերին։

Վելիչկոյի գործունեությունը հող էր պատրաստում։ Երբ Գոլիցինը տեսավ, որ հողը բավականաչափ պատրաստված է, կոպիտ կերպով դուրս շպրտեց «Кавказ» – ի խմբագրությունից իր վարձկան բանաստեղծ լակեյին։ Լռեց թունալից խոսքը։ Բայց դրանից ի՞նչ ուրախություն։ Գոլիցինն սկսեց պաշտոնական ճանապարհով, օրենսդրական կարգով զրկել հայերին բոլոր իրավունքներից։ Փակեց եղած սակավաթիվ հայ լրագրերից մեկը, փակեց հայոց դպրոցները, փակեց բարեգործական եւ կրթական հիմնարկությունները, գրադարանները եւ վերջիվերջո եկավ հասավ այն բանին, որ Նիկոլայ Բ-ից հրաման բերեց Հայոց եկեղեցական կալվածքները եւ գումարները խլելու մասին140։ 1903-ի ամռանն էր հրապարակվում այս օրենքը։

Սա արդեն չափազանցություն էր։ Հայ ժողովուրդը մինչեւ այդ համբերությամբ տարել էր բոլոր հարվածները։ Որքան սաստկանում էին գոլիցինյան հալածանքները, այնքան ամրանում եւ տարածվում էր ազգայնական զգացմունքը։ Հայոց լեզուն, գրականությունը դառնում էին ուսումնասիրության առարկա եւ այնպիսի շրջանակներում, որոնք մինչեւ այդ չէին հետաքրքրվել դրանցով։ Գաղտնի դասեր, դասախոսություններ, ընթերցանություններ` ահա՛ ինչ էր նկատվում ոչ միայն Թիֆլիսում եւ այլ քաղաքներում, այլեւ նույնիսկ գավառական խուլ անկյուններում։ Զուր չէր խոսք դարձել, թե «Գոլիցինը հայերին հայ դարձրեց»։

Այս ազգային հողի վրա էր, որ հեղափոխական երկու կազմակերպություններն էլ` հնչակյանները եւ դաշնակցականները, մտնում էին ժողովրդի խորքերը, այնտեղ հաստատուն հող էին նվաճում իրենց համար։ Ես այդ ժամանակներում առիթ եմ ունեցել ծանոթանալու Շիրակի հայ գյուղական կյանքի հետ եւ նկատել եմ շատ բնորոշ երեւույթներ։ Գյուղերը բաժանված էին դաշնակցականների եւ հնչակյանների միջեւ։ Կային գյուղեր, որոնց մի մասը դաշնակցական էր, մյուսը` հնչակյան։ Երկու կուսակցությունների փոխադարձ ատելությունն ու թշնամությունը ծայրահեղության էր հասել։ Այդպես էին հարաբերությունները եւ նրանց «ծուխերը» կազմող գյուղերի ու գյուղամասերի միջեւ։ Կողմերն իրար հետ գնալ-գալ չունեին, իրար աղջիկ չէին տալիս141։ Գյուղերում բացված էին գաղտնի դպրոցներ։ Ես իմացա, որ Կարսի շրջանում այդ գաղտնի դպրոցները նույնիսկ թեմական տեսուչ ունեն, եւ այդ տեսուչն էր Ն. Աղբալյանը142։ Հեղափոխական կազմակերպություններն իրենց ձեռքն էին առել եւ ժողովրդական դատաստանը։ Պետական դատարաններին դիմող համարյա այլեւս չէր մնացել։ Ամեն կուսակցություն ուներ իր զինվորությունը։ Անիի շրջակայքում` Արազի գյուղի մեջ, գրեթե իշխում էր դաշնակցական զինվոր Ազիզը։ Եվ ես տեսել եմ, թե ինչպես էին գյուղացիները, անգամ քրդերը, հպատակվում նրա հրամաններին։

Ահա՛ ինչ արդյունքներ էր տալիս իշխան Գոլիցինի սանձարձակ, հայահալած քաղաքականությունը։ Ժողովուրդը խորանում էր ինքն իր մեջ եւ իր ազգային ստացվածքների պաշտպանությունը հանձնում էր այն ուժերին, որոնք մտնում էին նրա մեջ հենց այդ ինքնապաշտպանական տրամադրությունը շահագործելու համար։

Օդն, այսպիսով, էլեկտրականացած էր, երբ հանկարծակի պայթեց ցարական ուկազը143` եկեղեցական կալվածների մասին։ Ինքը` Գոլիցինն էլ զգում էր, որ դա համբերության բաժակը լցնող մի քայլ էր։ Չէ՞ որ նույնիսկ Նիկոլայ Բ-ի բոլոր մինիստրները չէին իրենց համաձայնությունը տվել, այլ միայն Պլեւեն144 եւ Պոբեդոնոսցեւը145։ Որ այնուամենայնիվ այդ չնչին փոքրամասնության կամքն էր օրենք դարձել, պատճառն այն էր, որ նրան միացել էր եւ ինքնակալ Ռոմանովը։

Առաջին իսկ տպավորության տակ ծնվում էր դիմադրելու միտքը։ Ամառվա վերջին ես գնացի Պյատիգորսկ` հանքային ջրերը, բայց ստիպված եղա կիսատ թողնել բուժումս եւ վերադառնալ Թիֆլիս, ուր ինձ ստիպողաբար կանչեցին երկու հեռագրով։ Կանչողը նոր միայն կյանքի կոչված գաղտնի կազմակերպությունն էր, որ իրեն տվել էր Հայկական ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե անունը։ Այնտեղ չկար եւ ոչ մի դաշնակցական կամ հնչակյան։ Կազմված էր բուրժուական տարրերից, ուներ իր մեջ եւ մեկ հոգեւորական` Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյան։ Իր գործունեությունը նա սկսել էր մի հեղափոխական կոչով, որի ճակատին էր դրել. «Բոլոր ճնշվածներ, միացե՛ք»։ Հայ ժողովրդին հրավեր կարդալով համառ եւ աննկուն դիմադրություն ցույց տալ ցարական բռնակալությանը` կոչը վերջանում էր այսպիսի բացականչություններով` «Կորչի միապետությունը։ Կեցցե՛ Ռուսաստանի ազատ ազգությունների դաշնային ժողովրդային հանրապետությունը»։

Գոլիցինն էր դարբնել այս նշանաբանները։ Բյուրոկրատական ապուշությունն այսպես էր փորփրում ցարիզմի հիմքերը։

Բայց կոմիտեն մյուս կողմից էլ աշխատում էր բան հասկացնել ռուսաց կառավարությանը։ Այս նպատակով էլ նա ինձ կանչել էր Պյատիգորսկից։ Էջմիածնից բերված էր պաշտոնական գրագրություններ պարունակող գործերի մի մեծ կույտ։ Ինձ հանձնեցին կարդալ ու կազմել մի պատմական տեղեկագիր եկեղեցական կալվածների մասին, որը կաթողիկոսն իր կողմից պիտի ուղարկեր Նիկոլային` ցույց տալով, թե կալվածները ժողովրդական սեփականություն են` հաստատված մահմեդական տիրողների, շահերի եւ խաների հրովարտակներով։ Կարծում էին, թե դրանով կամաչեցնեին եւ կարգի կբերեին քրիստոնյա բռնակալին։

Զբաղված էի ինձ հանձնած արխիվի ուսումնասիրությամբ եւ միաժամանակ հետեւում էի Ինքնապաշտպանության կոմիտեի գաղտնի, այսպես ասած, ռազմական հեղափոխական գործունեությանը։ Միջոցներ չուներ նա` ո՛չ ռազմական, ո՛չ դրամական։ Եվ եթե, այնուամենայնիվ, իրեն ուժեղ էր զգում, այդ էլ շնորհիվ այն ըմբոստ տրամադրության, որ բռնել էր ամբողջ հայ ժողովրդին։ Արդեն մի քանի տեղերում ցույցեր էին եղել, ընդհարումներ ժողովրդի եւ կառավարական զորքերի միջեւ։ Եվ տրամադրությունը գնալով աճում էր, բարձրանում։

Գավառներից պատվիրակներ էին գալիս Թիֆլիս՝ պահանջելու, որ զիջումներ չլինեն, որ դիմադրություն ցույց տրվի։ Իսկ մի օր «Մշակի» խմբագրատուն մտավ Ալեքսանդրապոլի կողմերից եկած մի գյուղական երիտասարդ քահանա, որ Գոլիցինին սպանելու պատրաստակամություն էր հայտնում։ Չգիտեմ ինչն էր, որ նրան արգելեց այդ բանն անելու, կարծեմ, գաղտնի կոմիտեն չէր վստահել անփորձ գեղջուկին այդպիսի մի լուրջ ձեռնարկությունը։ Հիշատակում եմ այս բանը, լոկ այն պատճառով, որ ցույց տամ, թե որ աստիճանին էր հասել ժողովրդական ցասումը։ Սակայն շատ խիստ աչքի էր ընկնում այն հանգամանքը, որ ժողովրդական տարրերն անկազմակերպ էին` կանոնավոր եւ սիստեմատիկ կերպով դիմադրություն գործադրելու համար։

Ահա այդ ժամանակ էր, որ Դաշնակցությունը հայտարարեց, թե իր վրա է վերցնում ինքնապաշտպանության եւ դիմադրության գործը։ Ժամանակին արված մի քայլ էր այդ, որ միաժամանակ լուծում էր Դաշնակցության լինել-չլինելու հարցը։ Ցարական զորքերը քաղաքից քաղաք, ավանից ավան էին գնում, կոտրում էին ժողովրդական կարողությունն իրենց մեջ պահող սնդուկները, տանում նրանց մեջ եղած գումարները, իսկ ժողովուրդն իր զայրույթն ու վիշտը մոռացնել էր տալիս նրանով, որ փարում էր Դաշնակցությանը, որի ռազմական ուժերը մտնում էին գործի մեջ` տեռորի ենթարկելով կառավարական պաշտոնյաներին` սկսելով Գանձակի փոխնահանգապետից։

Ցարական ոճիրի մի երեսն էր սա` Հայոց հարց նաեւ Ռուսաստանում, [ինչպես նաեւ`] ժողովրդական համակրանքով վերակենդանացած, ուժեղացած, հայ հեղափոխական իրականության տեր ու հրամայող դարձած Դաշնակցություն…

Թեեւ այսպիսին էր ստեղծվող նոր դրությունը, բայց հնչակյանները մի անգամ էլ էին երեւան գալիս հանդուգն ձեռնարկություններով. նրանք էին, որ 1903-ի աշնանը սպանության փորձ կատարեցին կառավարչապետ Գոլիցինի վրա։ Փորձն անհաջող էր։ Ցարական սատրապը չսպանվեց, այլ վիրավորվեց գլխից։ Այնուհետեւ այլեւս բացարձակ պատերազմական դրություն ստեղծվեց միապետական բյուրոկրատիայի եւ հայ ժողովրդի միջեւ։ Հալածանքներն ընդունեցին համածավալ կատաղի կերպարանք։ Թիֆլիսում ամբողջ թաղեր ենթարկվեցին գիշերային խուզարկությունների, հարյուրավոր մարդիկ, սոսկ կասկածով միայն, աքսոր քշվեցին Ռուսաստան։

Այդ ժամանակ ես ծանր հիվանդ էի։ Հասկանալի է, թե ինչ վախերով էր բռնված ընտանիքս իմ վիճակի վերաբերմամբ։ Այսօր էլ աչքիս առաջ է իմ խեղճ, պառավ մայրը, որ գիշերները, ստուգելով սենյակիս դռները, հանում էր պահարանից իմ գրությունները` վնասակարներն անվնասներից ջոկելու համար։ Ինքն անգրագետ էր, իսկ ինձ բժիշկները հրամայել էին մեջքիս վրա պառկած մնալ։ Դողդողուն ձեռքերով մայրս աչքերիս էր մոտեցնում ամեն մի կտոր թուղթ, որ որոշեմ նրա վտանգավորության չափը։ Ես ձանձրանում էի, դժգոհություն հայտնում, ասում` թող ինչ լինելու է լինի, իսկ նա անսպառ մայրական համբերատարությամբ խնդրում, համոզում, աղաչում էր։ Ավելի նրան հանգստացնելու համար ես մի քանի թղթեր որոշեցի հայտարարել վտանգավոր։ Մայրս տարավ դրանք, իր ձեռքերով այրեց խոհանոցում եւ միայն այդ ժամանակ հանգստացավ` ազատած համարելով իր որդուն ցարական բանտից ու աքսորից։ Խե՜ղճ իմ թղթեր, հայ գրողի կիսատ մնացած աշխատություններ, ծրագրեր, նկատողություններ։ Ո՞ւմ կարող էին նրանք վնասել։ Բայց քանի-քանի անգամ են նրանք իմ ձեռքերով ենթարկվել անխնա ոչնչացման` ռուսական ժանդարմներին նյութ չտալու համար։

Հիմա, երեւակայեցեք` քանիսները կային ինձ պես, քանի մայրեր էին անընդհատ խեղդող տագնապներ ապրում գոլիցինյան տեռորի այդ խավար գիշերներին։ Դա մի մղձավանջ էր, որ չոքել էր ամեն մի հայի կոկորդի։ Հայն այստեղ` քրիստոնյա Ռուսաստանում էլ օրենքից դուրս էր դրված։ Եվ այստեղ էլ, ինչպես եւ այնտեղ [Թուրքիայում], հայդուկային մտայնություն էր տիրում կյանքի բոլոր ներքին դիրքերին։ Հրամայողը, օրենսդրողը հայ հեղափոխականն էր, գլխավորապես, իհարկե, դաշնակցականը։ Կարո՞ղ էր ուրիշ կերպ լինել մի դրության մեջ, որ թշնամի բանակի դրությունն էր հիշեցնում։ Ռուսական չինովնիկը հալածում էր հային, եւ հայ ֆիդային սպանում էր նրան, ազգային վրեժ հանում։ Ֆիդայական ռումբից ու դաշույնից ազատ չէր մնում եւ հայ չինովնիկը, եթե նա կասկածվում էր իբրեւ մատնիչ։ Կյանքը դարձել էր անեծք։ Թե որքան ուժեղ էր դիկտատուրան, ցույց է տալիս հետեւյալ փաստը։

Գոլիցինի վերքը մի ժամանակ վտանգավոր բարդություն առաջացրեց։ Խելառ բռնավորը տապակվում էր 40 աստիճանի հասնող տաքության մեջ։ Սպասում էին, թե նա կմեռնի… Եվ սկսեցին ստրկական ցույցեր։ Ռուսները, վրացիները, հույները, հրեաները, թուրքերը, մինչեւ իսկ հայ կաթոլիկները մաղթանքներ էին կատարում, ասել է՝ աղաչում էին իրենց «բարերար» աստծուն, որ նա բարիք անի աշխարհին` առողջություն պարգեւի Գոլիցինին։ Ամեն օր զանգահարություն, աղոթք եւ երգ։ Եվ միայն հայ լուսավորչական բազմաթիվ զանգակատներն էին, որ պահպանում էին խորին, գերեզմանային լռություն։ Ոչ ոք չհամարձակվեց ծպուտ անգամ հանել` ստրուկի պարտքը կատարելու համար։ Արգելված էր։ Արգելողները հեղափոխականներն էին։ Մի շատ ազդու, շատ հանդուգն ցույց էր այդ զանգային ցուրտ լռությունը։ Այն ռուս բյուրոկրատներին բացատրում էր, թե հայերը կատարյալ պատերազմի մեջ են իրենց դեմ։

Սա իմացավ եւ հիվանդ պառկած Գոլիցինը։ Կատաղություն, տագնապ, միաժամանակ եւ անարգ վախ. ահա՛ ինչերով էր փոթորկվում նրա սատրապական մահիճը։ Եվ մի օր ամբողջ Թիֆլիսն ականատես եղավ այսպիսի մի տեսարանի. կառավարչապետի պալատը, Գոլովինսկի պրոսպեկտի կողմից, շրջապատվեց սակրավոր զորքերով, որոնք մի խոր խրամատ էին փորում։ Փորող զինվորներն այլեւս չէին երեւում, գետնի տակ էին մտել, այնտեղ էին զանազան անցքեր փորում։ Բանից դուրս եկավ, որ վախկոտ Գոլիցինը գիշերներն ինչ-որ ստորերկրյա ձայներ է լսելիս եղել եւ կարծել է, թե այդ հայ հեղափոխականներն են փոս փորում իր պալատն ականով պայթեցնելու համար, եւ աճապարել էր խոր խրամատներով ու ստորերկրյա անցքերով ուժեղացնել իր անձի պաշտպանությունը։ Մինչդեռ «հեղափոխականների ստորերկրյա աշխատանքը» լոկ խանգարված երեւակայության հերյուրանքն էր, եւ այն ձայնը, որ լսելիս է եղել գիշերները, կառավարչապետի դիվանատանը պատկանող տպարանի մեքենայի ձայնն է եղել։

Թե ինչ պետք էր սպասել այսքան բացարձակ թշնամական կերպարանք ստացած հարաբերություններից` դժվար չէ գուշակել։ Գնալով պիտի սաստկանար ցարական կառավարության կռիվը հայության դեմ։ Բայց այս ընթացքին խանգարեց 1904թ. սկզբին հանկարծակի պայթած ռուս-ճապոնական պատերազմը։ Գոլիցինը զբաղվեց հայրենասիրական ցույցեր կազմակերպելով։ Ոստիկանության ձեռքով կազմակերպվեցին թափորներ, երթեր. ցուցարարները` մեծագույն մասամբ փողոցային երեխաները, տիրացել էին տրամվային եւ դես ու դեն էին թռչում` «ուռա» կանչելով եւ «Боже, царя храни»146 երգելով։ Բայց, թե որքան անկեղծ էին այդ երգերը, երեւում է նրանից, որ մանավանդ ուշ երեկոները, կենտրոններից հեռու փողոցներում «Боже, царя храни» – ն ընդհատվում էր, եւ նրա փոխարեն բարձրանում էր «Մեր հայրենիք»147 հայերեն երգը։

Շփոթված լինելով Մանջուրիայի դաշտերում մղվող դժբախտ պատերազմով, Գոլիցինը մի քիչ, այսպես ասած, կարգի եկավ, մի քիչ ինքն իրեն զսպեց, եւ հայության դեմ կառավարության կռիվն առժամանակ կանգ առավ։ 1904թ. ամռանը Նիկոլայ Բ-ն իր սիրած սատրապին կանչեց Պետերբուրգ` մշտապես իր տեսադաշտում պահելու համար։ Հայությունը, վերջապես, մի քիչ ազատ շունչ քաշեց։

Եվ այսպես ուրեմն, ռուսական արատավոր կառավարությունն իր ոճրագործ քաղաքականությամբ այն էր միայն առաջացնում, որ կովկասյան հայությանն էլ գցում էր Դաշնակցության գիրկը, համակում էր նրան ֆիդայական-հեղափոխական տրամադրությամբ եւ ամենասուր ազգայնական հակառակությունների որոմներն էր տնկում իրար հարեւան ազգերի սրտերում։ Դաշնակցության ծրագիրը լայնանում էր. մինչ այդ նա կռվի մի ճակատ ուներ իր առջեւ, իսկ այժմ Ռուսաստանը դառնում էր երկրորդ ճակատ։

1903թ. վերջերից առանձին կենդանություն սկսվեց թուրքական ճակատի վրա։ Այս անգամ էլ Դաշնակցությունը (միշտ կրկնող հնչակյան ձեռնարկությունների) ապստամբեցրեց Սասունը։ Նրա խմբապետ Անդրանիկը բավական ժամանակ հաջողությամբ դիմադրեց թուրքական զորքերին։ Այդ ֆիդայական պատերազմի հետ միաժամանակ Դաշնակցությունը կազմեց մի ազգային պատվիրակություն, որ, Խրիմյան կաթողիկոսի ներկայացուցիչ հանդիսանալով, գնաց շրջելու Եվրոպայի մայրաքաղաքները եւ դիվանագիտության գթությունը խնդրելու։ Պատվիրակությունն Ամերիկա էլ անցավ, ամեն տեղ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի խոսքն արավ։ Գործադրված էր ամեն ինչ, որ իբրեւ միջոց կար հայ հեղափոխականի ձեռքին։ Բայց ոչինչ չօգնեց։ Անդրանիկը վերջիվերջո ստիպված թողեց Սասունը եւ հեռացավ։ Հետեւանքն այն եղավ, որ դարձյալ մի 5-6 հազար հայ կոտորվեց Սասունի լեռներում եւ Մուշի դաշտում։ Իսկ աղերսարկու պատվիրակությունը քաղաքավարությամբ ճամփվեց բոլոր մայրաքաղաքներից, չնայած որ «Pro Armenia» – ի եւ ուրիշ հայասիրական շրջանակների պրոպագանդան այդ ժամանակ ավելի եւս գործուն ու եռանդուն էր դարձել։

Քրիստափոր Միքայելյանի ամբողջ ծրագրերը, երեք-չորս տարվա անխոնջ գործունեությունը ջուրն ընկան։ Իր աչքով նա մի անգամ էլ տեսավ, թե ինչպես Եվրոպան դարձյալ դավաճանեց148Հայոց հարցին, բայց, իհարկե, էլի շարունակեց հավատալ այդ իսկ Եվրոպային։ Իր աչքով նա տեսավ իր մի ուրիշ շատ խոշոր ձեռնարկման վիժումը եւս։ Ահագին գումարներ ծախսելով, մեծամեծ պատրաստություններով նա մի շատ նուրբ եւ վարպետ դավադրություն սարքեց, որի զոհը պիտի դառնար սուլթան Համիդը։ Այս մահափորձը տեղի ունեցավ 1904-ի գարնան սկզբին, այն ժամանակ, երբ Անդրանիկը դեռ հաղթական էր Սասունում։ Սելամլըքի արարողությանը149 ներկա լինելու համար Ելդզի պալատ մտավ մի եվրոպացի` շքեղ կառքով, որի մեջ դրված էր դժոխային մեքենա։ Մեքենան վաղաժամ պայթեց, սպանեց մի քանի զինվորի, իսկ Համիդն անվնաս մնաց։ Միքայելյանը, սակայն, չհուսահատվեց, սկսեց պատրաստել մի նոր դավադրություն, որի մեջ ինքն էլ պիտի մասնակցեր իբրեւ գործող տեռորիստ։ Բայց զոհ գնաց Բուլղարիայում փորձեր անելիս պայթած ռումբին։

Դաշնակցությունն իսկը որ որբանում էր` զրկվելով այդպիսի ուժեղ կազմակերպողից եւ հեղափոխական խառնվածքից։ Այնուհետեւ ֆիդայական պատերազմը վերածվեց նախկին մանր խմբային ընդհարումների։ Մի անգամ էլ աղերսարկու պատվիրակություն ուղարկվեց Լա Հեյ150 քաղաքը` եվրոպական դիվանագիտության դռները ծեծելու, բայց այս անգամ էլ, ինչպես միշտ, առանց որեւէ հաջողության։

Հիմա ի՞նչ անել։ Թուրքահայոց հարցը մի կախարդական շրջանակի մեջ էր ընկել եւ պտտվում էր անվերջ ու անհույս։