Читать книгу «Անցյալից» онлайн полностью📖 — Գրիգորի Բաբախանյան (Լեո) — MyBook.
image

Զ

1895-ի նոյեմբերին, այն ժամանակ, երբ հայկական կոտորածները նոր էին սկսում ընդհանրանալ վեց դժբախտ վիլայեթներում, բախտն ինձ հաջողեցնում էր ազատվել Բաքվի դժոխք մթնոլորտից, որի մեջ ես ապրել էի երկու եւ կես տարի` իբրեւ խորթ ու օտար մի մարդ, իբրեւ ակամա պանդուխտ` երկնքի այցելության սպասող։ Ոչինչ չէի կարողանում անել այդ չար ու անհոգի երկրում, ոչինչ այնպիսի բան, որ բավարարություն տար իմ հոգեկան պահանջներին։ Գրական աշխատանքը մի կողմ էի նետել, օր ու գիշեր նվիրված էի «Արոր» տպարանին, որ դարձել էր մի խոշոր հիմնարկություն իմ «խոզեինների» համար։ Աշխատանք անելու պահանջով մտրակված` ես կազմում էի օրացույցներ, որոնք սկսել էին արդեն լույս տեսնել եւ լավ տարածում էին գտնում։

Այսպիսի դրության մեջ ինձ համար երկնքի իսկական «այցելություն» էր «Մշակ» լրագրի հրատարակիչ, պրոֆեսոր Անդրեաս Արծրունու108 նամակը, որն առաջարկում էր ինձ մշտական աշխատակցի, խմբագրական քարտուղարի եւ էքսպեդիտորի109 պաշտոն` 1000 ռուբլի տարեկան ռոճիկով։ Իմ «խոզեինները» դրանից մի քիչ ավել էին տալիս, բայց ես թողեցի ամեն ինչ, շտապեցի Թիֆլիս, ուր ոչ միայն գրական կյանքն էր խտացած, այլեւ, եթե կարելի է այսպես ասել, կերտվում էր հայոց ժամանակակից պատմությունը։ Ես մտա այն ժամանակվա գործող երիտասարդության շրջանները, ծանոթացա քաղաքական եւ հեղափոխական տրամադրություններին։

Պետք է ասեմ, որ «Մշակի» խմբագրատան մեջ ես գտա բավական զգաստ եւ լրջմիտ վերաբերմունք դեպի կատարվող սարսափելի դեպքերը։ Խմբագրության գլխավոր ղեկավարն էր Խաչատուր Մալումյանը, որ վերջը դարձավ դաշնակցական գլխավոր շեֆերից մեկը` Է. Ակնունի110 կեղծանվամբ. 1895-ին նա դեռ գունավորված դաշնակցական չէր եւ իր համակրանքներով ավելի դեպի հնչակականությանն էր թեքված, թեեւ «Մշակի» խմբագրությանն ավելի մոտ էին կանգնած Դաշնակցության գլխավորները եւ ամենից շատ` Քրիստափոր Միքայելյանը, որ այն ժամանակ «Новое обозрение»111 թերթի սրբագրիչն էր եւ շատ հաճախ (գրեթե ամեն օր) գալիս էր մեզ մոտ։ Շատ անգամ էին մեր խմբագրատանը վիճաբանություններ սկսվում Թուրքահայաստանի դրության մասին։ Մալումյանը միշտ վրդովված էր, երբ հեղափոխականներից լսում էր, թե Սասունի եւ այլ տեղերի կոտորածները հարկավոր էին, որպեսզի Եվրոպան ճանաչի հայ ժողովրդին, տեղեկանա նրա դատին…

– Կոտորել տալ 100, 200 եւ ավելի հազար մարդ` լոկ մեր փոքրիկ ժողովուրդը ճանաչեցնել տալու համա՞ր, – բացականչում էր Մալումյանը տաքացած, – այս ի՞նչ աշխարհայեցողություն է, ասացե՛ք` խնդրեմ…

Միեւնույն հայացքին էին եւ խմբագիրը` Ալեքսանդր Քալանթարը112 եւ մյուս գլխավոր աշխատակիցը` Հովհ. Տեր-Մարկոսյանը։

Այսօր մեկիկ-մեկիկ վեր հանելով այն ծանր, մղձավանջային օրերի բոլոր անցուդարձերը, ես համակվում եմ այն խոր համոզմունքով, որ երբեք Անգլիան իր բացարձակ հակահայկական արարքներով այնքան ահավոր վնասներ չի պատճառել հայ ժողովրդին, որքան պատճառել է 1895-ի իր ջերմ հայասիրությամբ։ Կատարվում էր ճիշտ այն, ինչ հանճարեղ պարզությամբ ներկայացրել է Կռիլովն իր «Կատու եւ խոհարար» առակի մեջ։ Աբդուլ-Համիդի հրամանով ջարդվում էին հայերը հազարներով, բյուրերով, իսկ փառահեղ լորդ Սոլսբերին Բրիտանական մեծ կղզու փառահեղ առանձնությունից ճառերով, սոսկ միմիայն ճառերով էր հանդիմանում սուլթանին, սպառնալիքներ կարդում ամենախիստ դարձվածքներով, ուղղակի ասում, թե եկել հասել է Օսմանյան կայսրության վերջը։ Այս սպառնալիքներն այնքան ցնցող էին եւ մահաբեր, որ Լոնդոնի թուրքական դեսպանը հանկարծամահ եղավ. ինչպես գրում էին թերթերը` հենց սոլսբերիական խոսքերի ազդեցությունից։ Անգլիան ոտքի էր կանգնել մի մարդու պես։

Ամենօրյա մամուլի էջերը լցվում էին հարյուրավոր հայանպաստ միտինգների մանրամասն նկարագրություններով։ Անգլիայի վարչապետը, այսպիսով, իր հակասուլթանական հոխորտանքների մեջ ամուր ու հաստատ կերպով հենվում էր երկրի` կազմակերպված ու միացած հասարակական կարծիքի վրա։ Իսկ Աբդուլ-Համի՞դը… «հուզվում էր եւ ուտում» կռիլովյան կատվի նման։ Նրա մոտ, Բոսֆորի ափերին, կային հզորներ, որոնք փսփսում էին նրա ականջին «Massacrez, Majeste, Massacrez»։ Եվ կոտորածները շարունակվում էին։ Սուլթանն այնպես վարպետորեն էր տանում իր մեծ դահճապետի դերը, որ նույնիսկ վախեցածի կերպարանք էր ընդունել եւ ինքնագիր նամակ ուղարկել Սոլսբերիին` այնտեղ գրելով, թե ինքը վճռել է իր վավերացրած ռեֆորմներն անպատճառ մտցնել ասիական նահանգներում։ Անողորմ, արյունոտ ծաղր… Իսկ Սոլսբերին, մի խեղճացած սուլթան երեւակայելով իր առջեւ, ավելի եւս խստացնում էր իր սպառնալիքները ճառերի, լոկ ճառերի մեջ։

Եվ հակաճառողները մեր վեճերի մեջ մեզ ասում էին.

– Չե՞ք տեսնում` Անգլիան չափազանց առաջ է գնացել, որպեսզի կարողանա մտածել նահանջի մասին։ Դրված է նրա պետական պատվի հարցը, Անգլիան երբեք թույլ չի տա, որ իր պատիվը ոտնահարվի, այն էլ այնպիսի մի ողորմելի հակառակորդի կողմից, որպիսին թուրքաց սուլթանն է։

Մթնոլորտն ամբողջովին այսպիսի գաղափարներով էր տոգորված։ Հայությունը (խոսքս իհարկե այն հայության մասին է, որ ապրում էր Հայաստանի արյունոտ հողերից հեռու) իրեն զգում էր համաշխարհային քաղաքականության կենտրոն, թեեւ օրն օրին նրան հարվածում էին մեկը մյուսից զարհուրելի տեղեկություններ, որոնք գալիս էին Թուրքահայաստանից, բայց եւ այդ մղձավանջային տագնապի մեջ էլ նրան օրորում էին երազները, որոնք հյուսվում էին ամեն տեսակ պատահականություններից։ Մի օր հեռագիր եկավ Օդեսայից, թե անգլիական նավատորմը ռմբակոծում է Կ.Պոլիսը։ Անկարելի է նկարագրել այդ լուրի գործած տպավորությունը։ Որքա՜ն հրճվանք, որպիսի՜ ինքնաբավականություն։ Դարերով կուտակված վիշտն էր վերանում, կրած տառապանքների, միլիոնավոր զոհերի վրեժն էր լուծվում։

Բայց երազները շուտ գունատվեցան… Սու՛տ էր Կ.Պոլսի ռմբակոծումը, սու՛տ էր եւ այն, թե Անգլիայի համար պետական պատվի հարց էր դարձել Հայոց հարցը։ Ի՜նչ պատիվ, ի՜նչ բան։ Սոլսբերին Աբդուլ-Համիդի կատաղությունն անհունորեն գրգռելուց հետո նահանջի ճամփան բռնեց` առանց դժվարություններ զգալու։ Նա առաջարկեց հավաքական ճնշում գործ դնել սուլթանի վրա, բայց Ռուսաստանը, նրան հետեւելով` եւ Ֆրանսիան ընդդիմացան այդ առաջարկին։ Այն ժամանակ Սոլսբերին հայտարարեց, թե Անգլիան միայնակ ոչինչ չի կարող անել, թե բրիտանական զրահակիրները չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները։ Նրան պատասխանեցին, թե այդ բանի կարիքը չկա, քանի որ անգլիական կառավարությունը դեռ շատ միջոցներ ունի իր ձեռքում` մենակ գործելու համար։ Գլադստոնն ասաց, թե բավական կլինի նույնիսկ դժգոհության, անբավականության մի ցույց, օրինակ, եթե անգլիական դեսպանը ետ կանչվի Կ.Պոլսից, դիվանագիտական հարաբերությունները խզվեն Անգլիայի եւ Թուրքիայի միջեւ։

Հայերը լքված էին ամենատմարդի եղանակով։ Լքված էին այնպիսի ժամանակ, երբ դեռ լողում էին իրենց արյան մեջ, եւ երբ սովն ու հիվանդություններն էին գալիս թուրքական յաթաղանի թողած պակասը լրացնելու։ Սոլսբերին շահագործել էր հայի արյան լճերը, եւ, այնուհետեւ, նրա համար գոյություն չունեին հայն ու Հայկական հարցը։ Նա ետ քաշվեց, լռեց, կարծես` ոչինչ չէր էլ արել. եւ այնուհետեւ ոչինչ խոսք ու մտածություն նրա խոսքերին հավատացած, նրա խոսքերին զոհված ժողովրդի մասին։ Աբդուլ-Համիդի կատարյալ կարգադրության տակ էր թողնվում նրա այդ միամիտ, հավատացող զոհը։

Եվ արդար լինելու համար հարցնենք` իսկ ո՞վ չէր շահագործում հայի արյունը։ Գերմանիա՞ն արդյոք։ Վիլհելմն այնքան մոտեցել էր սուլթանին, որ Գերմանիայում արդեն գրականություն էլ էր կազմում հայկական ջարդերն արդարացնելու համար։ Եվ երբ կոտորածների միջոցին Լոնդոնից Գերմանիա գնաց մի հայ բողոքական պրոֆեսոր` հայ բյուրավոր որբերի համար լոկ ողորմություն հավաքելու նպատակով, գերմանական ոստիկանությունը պարտավորեցրեց նրան 24 ժամվա ընթացքում հեռանալ գերմանական սահմաններից։ Նողկալի տեսարան ի ցույց հանեց եւ Եվրոպայի բուրժուական մամուլը Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում։ Իր վաճառվող, պոռնիկ հոգին նա ծախում էր թուրքական ոսկիներին եւ չարախոսությունների կույտեր էր բարձում Հայաստանի աշխատավոր ժողովրդի վրա։ Ես չեմ կարող լռության տալ եւ մի ուրիշ նողկալի պատկեր. կաթոլիկ մի քահանա, Շարմտան անունով, հանդես եկավ Փարիզում իբրեւ քրիստոնեական սիրո քարոզիչ եւ, իր «բարձր» հոգու հոգս դարձնելով կոտորածներից ազատված հայերին մի կտոր զգեստ եւ մի կտոր հաց տալը, հօգուտ հայերի եռանդուն կերպով հանգանակություն կատարեց։ Վերջն ի՞նչ պատահի, որ լավ լինի։ Այդ Շարմտանն իր հավաքած փողերն ուղարկեց Վան, ուր նրա գործակալները ողորմելի փշրանքներ տվեցին միայն այն մերկ ու քաղցած հայերին, որոնք համաձայնեցին կաթոլիկ դառնալ։ Սկսվել էր հոգիների մի ընդարձակ առ ու ծախ։ Նշանակված էր սակագին` հոգուն երկու ֆրանկ։ Եվ իրեն «հայր» կոչող Շարմտանը կոչեր էր հրատարակում Փարիզում` հորդորելով «բարի կաթոլիկներին», որ ամեն մեկը չմոռանա երկու ֆրանկ մտցնել` մի «հերձվածող» հայի հոգի գնելու եւ Հռոմի պապի ոտների տակ դնելու համար…

Ես «Մշակի» մեջ վարում էի մամուլի բաժինը։ Եվ քանի անգամ, բերելով այսպիսի քստմնելի փաստեր, ավելացնում էի իմ կողմից՝ «Էլի փա՛ռք թուրքին»…

1894-1896թթ. սպանդանոցը չափազանց խրատական պիտի լիներ մի ժողովրդի համար, որ զգում է իր չարն ու բարին, այսինքն` հասկանում է այն հանգամանքները, որոնց մեջ ինքն ապրում է, եւ ուժերի այն փոխհարաբերությունները, որոնց երկաթե օրենքն է տիրում իր վրա։

Սակայն խրատվեցի՞նք մենք։ Ամենեւին։

Եվ ահա էլի փաստ։ Մի նոր, ավելի հանդուգն ցույց Կ.Պոլսում` պետությունների ուշադրությունը գրավելու համար։ Կարելի էլ չէր ասել, թե Սոլսբերիի տմարդի փախուստից տարիներ էին անցել, եւ մենք մոռացել էինք նրան։ Ո՛չ, այդ փախուստից ընդամենը մի քանի ամիս էր անցել, փախուստի հետեւանքները դեռ մեզ շարունակում էին խեղդել իրենց սար ծանրությամբ, եւ մենք նոր մի փորձի առջեւ էինք կանգնած։ 1896-ի օգոստոսին տեղի ունեցավ դեպքը, որը կոչվեց Բանկ-Օտոմանի դեպք։

Ուշ երեկո էր, երբ ստացվեց հեռագրական գործակալության հեռագիրն այդ դեպքի մասին։ Ես թարգմանեցի, տարա տպարան ու այնտեղ երկար մնացի, մինչեւ որ շարեցին, սրբագրեցին, մտցրին արդեն պատրաստ համարի մեջ։ Լուսաբացին էր, որ հազիվ ազատվեցի գործից եւ գնում էի տուն` հանգստանալու։ Հանդիպում եմ Քրիստափոր Միքայելյանին, որ նույնպես նոր էր վերջացրել «Новое обозрение» – ի սրբագրությունը։ Քայլում ենք ամայի փողոցներում, մեր խոսքն, իհարկե, օրվա խոշոր եղելությունն էր։ Ոչ այն, որ հենց այդ միջոցին Նիկոլայ ցարն իր մինիստր Լոբանով-Ռոստովսկու հետ գնացել էր Ավստրիա` Արեւելյան հարցի113 վերաբերմամբ Ֆրանց-Իոսիֆ կայսրի կառավարության հետ համաձայնություն կայացնելու համար, այլ այն, որ տեղի էր ունեցել Կ.Պոլսում եւ որի նկարագրությունը պարունակող հեռագիրը ես զետեղել էի «Մշակի» առաջին երեսում ցիցերո114 տառերով։ Տպավորությունը մեզ` երկու առաջին ընթերցողներիս վրա խիստ է։ Մի քանի հոգի հայեր, ռումբերով զինված, մտել են օսմանյան բանկի շինության մեջ, տիրացել են միջազգային կապիտալի այդ խոշոր մթերանոցին` դուրս քշելով ծառայողներին ու պահապաններին։ Ի՞նչ դուրս կգա այս աննախընթաց հանդուգն գործից։

Ես դատողություններ եմ անում, իսկ Քրիստափորի միտքը սավառնում է ուրիշ կետի վրա։ Նրա հեղափոխական խառնվածքն արդեն լավ ըմբռնել է, որ գործը հոյակապ է։ Բայց այդ չէ նրան զբաղեցնողը, այլ այն հարցը, թե ո՞վ է կատարել բանկի գրավումը։ Հնչակյաննե՞րն արդյոք, թե՞ դաշնակցականները։ Կարծես սա միեւնույն չէ հայ հեղափոխության տեսակետից։ Քրիստափորը կուսակցական հարցերի մեջ մի նեղսիրտ աղանդավոր էր։ Հնչակյանների մասին խոսում էր արհամարհանքով։

Հեռագիրը չէր բացատրում այս հանգամանքը։ Նա շարունակ գործ էր ածում «հեղափոխական հայեր» դարձվածքը` առանց, իհարկե, իմանալու, թե դրանով որքան է գրգռում դաշնակցական շեֆի անբավականությունը։ Այս անորոշությունն անփոփոխ մնաց հեռագրերի մեջ հետեւյալ օրերին էլ։ Բանկի գրավման հետեւանքով Կ.Պոլսում հայերի մեծ կոտորած էր սկսվել` երկրորդը մի տարվա մեջ, եւ այս երկրորդի զոհերն անհամեմատ շատ էին առաջինից, մոտ 6 հազար մարդ։ Քրիստափոր Միքայելյանն ամեն առավոտ գալիս էր ինձ մոտ` «Մշակի» խմբագրատուն։ Դաշնակցական կոմիտեն տեղեկություններ չուներ, եւ Միքայելյանը գալիս էր ինձանից իմանալու, թե չկա՞ն նամակներ «Մշակի» թղթակիցներից։ Մի քանի օր շարունակ մենք էլ առանց տեղեկությունների էինք։ «Ախպե՛ր, մեռա, դե մի բան ասա, էլի՜», – այսպիսի խոսքերով էր ամեն անգամ Քրիստափորը դիմում ինձ` նստելով կողքիս, բազմոցի վրա եւ սեղմվելով ինձ։ Ես նայում էի նրա համակրելի, գունատ դեմքին եւ զարմանում ինքս իմ մեջ։ Այս զարհուրելի ժողովրդական դժբախտությունը, հազարավոր դիակներ, ո՜վ գիտե վաղը քանի՜-քանի հազարները պիտի նորից պառկեն գյուղական Հայաստանում, իսկ այս ֆիզիկապես թույլ կազմված (նա կաղ էր), բնությամբ շատ բարի ու խաղաղ մարդը շարունակ եւ միալար այն բանով էր հետաքրքրվում, թե ովքեր են այդ արյունոտ, ողբերգական շարժման հեղինակները։

Մե՞նք, թե՞ նրանք։ Կարծեք` սպորտի հարց էր այդ եւ ոչ թե մի ամբողջ ժողովրդի գլխին պայթած արյունոտ փոթորկի հարց։

Եվ վերջապես, մի օր նա իմացավ ինձանից, որ Բանկ-Օտոմանի հերոսները դաշնակցականներ էին։ Տրապիզոնից մեզ ուղարկել էին այն դիմումը, որ արել էր Կ.Պոլսի դաշնակցական կոմիտեն եվրոպական դեսպաններին` հայտնելով նրանց, թե Բանկ-Օտոմանի գրավումն իր գործն է եւ նպատակ ունի հարկադրելու, որ վերջ տրվի հայ ժողովրդի տանջանքներին` ծրագրված ռեֆորմները իրագործելու միջոցով։ Հակառակ դեպքում կոմիտեն սպառնում էր ոչնչացնել բանկի բոլոր հարստությունները։

Կասկած ուրեմն չկար։ Քրիստափորս այլակերպվեց ուրախությունից, գրկեց ինձ, նրա գունատ դեմքի վրա կարմրություն երեւաց, եւ հափշտակելով խմորատիպ դիմումը` դուրս գնաց կաղին տալով։

Իսկ տեղեկությունները գնալով առատանում էին։ «Մշակի» թղթակիցները Կ.Պոլսից ավստրիական փոստով ամեն օր մի քանի հատ մանրամասն եւ ընդարձակ նկարագրություններ էին ուղարկում, որոնք, սակայն, չէին տպագրվում գրաքննչական արգելքների պատճառով։ Քրիստափորը գալիս էր ամեն օր, ժամերով խորասուզվում էր այդ անտիպ նյութերի ընթերցանության մեջ։ Հիշում եմ` նրան ոգեւորեց մանավանդ մի նամակ, որի մեջ թղթակիցն ասում էր, թե մի ֆրանսիացի հիացել էր հայկական այս հեղափոխության վրա եւ ասել, թե անգամ ֆրանսիացիները` հեղափոխական արվեստի մեջ վարպետները, այդպիսի գործ կատարած չունեն։ Իր այս ոգեւորությունը դաշնակցական շեֆն արտահայտում էր բուռն կերպով։ Իմ առաջ կանգնած էր հեղափոխական ռոմանտիզմի կատարյալ մարմնացումը։

Լավ, շատ լավ։ Բանկը վերցված է, ոչ ոք այդպիսի գործ չի կատարել, ընդունենք այն իսկ, թե ոչ ոք այնուհետեւ էլ, «մինչեւ ի կատարած աշխարհի», չպիտի կարողանա այդպիսի բան կատարել։ Հետո՞։ Ի՞նչ իմաստ կա այդ արտակարգ հերոսության մեջ։

Մեզ բացատրում էին իմաստը։ Եվրոպական կապիտալիզմը, ասում էին, իրեն վտանգված տեսնելով իր տիրապետության ամենագլխավոր դիրքերից մեկում, այդ վտանգը իրենից հեռու պահելու համար, կհարկադրի սուլթանին բավարարություն տալ հայ ժողովրդի պահանջներին։ Այստեղ ահա, հեղափոխական հերոսության միջից իր տխմար գլուխն էր դուրս բերում այն ողորմելի մտայնությունը, որ առաջին անգամ ձեւակերպվել էր հնչակականության մեջ Գում-Գափուի ցույցի միջոցին։ Ես արդեն խոսել եմ նրա մասին վերեւում եւ այստեղ կուզեի միայն հիշեցնել, թե որքան տկար էր, ինքնուրույնությունից որքան զուրկ էր հայ հեղափոխական միտքը։ 1890 թվին եվրոպական կապիտալն իր հանգստության պահպանությունը հայ հեղափոխականներին չէր հանձնել, այլ սուլթան Համիդին։ Եվ Համիդը բանկի դեպքին պատասխանեց Կ.Պոլսի ջարդով, որ այս անգամ համարյա ոչ մի ազդեցություն չարեց եվրոպական դիվանագիտության վրա։ Կոտորածի մյուս օրը, երբ Կ.Պոլսի փողոցները դեռ կարմրած էին հայի արյունից, Վիլհելմ կայսրը Աբդուլ-Համիդին ընծա ուղարկեց իր պատկերը` զարդարված թանկագին քարերով։

Ահա՛ ինչ էր անում եվրոպական կապիտալը։ Որքան հայ հեղափոխությունը վախեր էր պատրաստում նրա համար, այնքան ավելի պինդ էր նա Համիդին սեղմում իր սրտին։

Իսկ ի՞նչ շահեցին հայ հեղափոխականները – խաբված հերոսների փառքը միայն։ Բանկ-Օտոմանի մեջ ամրացած դաշնակցականների հետ դեսպանների անունից բանակցություններ սկսեց ռուսական դեսպանության թարգման Մակսիմովը։ Նա հավատիացրեց սրանց, թե դեսպանները խոստանում են անպատճառ ռեֆորմներն իրագործել տալ, եթե միայն իրենք համաձայնեն դուրս գալ բանկից։ Խոստացան, որ նրանց բոլորին հնարավորություն կտրվի առանց որեւէ վնասի հեռանալ Կ.Պոլսից։ Հեղափոխականները համաձայնություն տվեցին, եւ Մակսիմովը նրանց տարավ նավ նստեցնելու, որ գնան Մարսել։ Ամերիկայի «Հայք» թերթի մեջ էլ այն ժամանակ կարդացի անգլիական լրագրերից վերցրած տեղեկություն, թե Մակսիմովը վերջին րոպեին, հրաժեշտ տալով գնացող հեղափոխականներին, ասել է նրանց. «Այժմ ինձ թույլ տվեք, պարոննե՛ր, ասելու, որ դուք էշ եք»։

Էշացնող ռուս դիվանագետը հաղթանակով վերադարձավ իր գործին, իսկ եվրոպական կապիտալի վրա ձեռք բարձրացնող միամիտներին մնում էր փքվել «Բանկի հերոս» տիտղոսով։ Հետեւյալ ամառը նրանցից մեկի հետ ինձ ծանոթացրեց Քրիստափոր Միքայելյանը` Մուշտայիտ այգում։ Նստեցինք թեյ խմելու, եւ ես այնքան հերոսին չէի դիտում, որքան դաշնակցական շեֆին, որի համար հերոսը մի կատարյալ պաշտամունք էր դարձել։

Պաշտում էին։ Բայց ինչի՞ համար… Ի՞նչ էր ստացել հայ ժողովուրդը Բանկ-Օտոմանի գրավումից, եթե ոչ միմիայն վեց հազար դիակներ։ Օգուտը լիաբար ստացել էր Վիլհելմը` իր հավատարիմ հպատակ բանկիրների բերանը գցելով Բաղդադի երկաթուղու նման մի չաղ պատառ։

1
...
...
17