Читать книгу «Անցյալից» онлайн полностью📖 — Գրիգորի Բաբախանյան (Լեո) — MyBook.
image

Դ

Ռուս-ճապոնական պատերազմը 1904թ. ամռանը մի շարք խայտառակ պարտություններ բերեց Նիկոլայ ցարի զենքին։ Ինքնակալական Ռուսաստանը թե՛ Արեւելքում եւ թե՛ Արեւմուտքում անպարտելի եւ անհեթեթ հսկայի համբավ ուներ։ Այժմ ստացվեց, որ դա մի դատարկ հեքիաթ է եղել։ Իր ամբարտավանության մեջ ցարիզմը ծաղր ու ծանակի առարկա դարձավ ոչ միայն մեծերի եւ ուժեղների, այլեւ մանավանդ փոքրերի ու տկարների համար։

Հայ ժողովուրդը, պետք է ասել առանց վերապահումների, հրճվում էր ռուսական պարտություններից։ Սա նկատելի էր ամեն տեղ եւ մանավանդ Կովկասյան հանքային ջրերում, ուր ես էլ բժշկվում էի 1904 թվին։ Այս հրճվանքը նկատում էին ռուս բյուրոկրատները եւ հաշվի էին առնում։ Պետք էր տեսնել, թե ինչեր էին կատարվում Պյատիգորսկի եւ Էսենտուկիի բուլվարներում օրը երկու անգամ, երբ դուրս էին գալիս առավոտյան եւ երեկոյան հեռագրերը։ Դրանք ծախող երեխաները վազում էին եւ բարձր բղավում նոր ստացած տեղեկությունների բովանդակությունը, որ պատմում էր ռուս զորքի պարտությունների մասին։ Վրդովված գեներալները, սպաները եւ չինովնիկները բարկանում էին հեռագրավաճառների վրա, երբեմն նույնիսկ խփում էին եւ հրամայում լռել. բայց մի քիչ հեռու լրագրավաճառների վրա թափվում էր հետաքրքրվողների մի ամբողջ բազմություն, եւ լրագրերի կույտերը մի ակնթարթում անցնում էին գնողներին, որոնք երկար շարքերով նստոտում էին նստարանների վրա եւ խորասուզվում ընթերցանության մեջ։ Բավականություն, նույնիսկ ուրախություն, ահա՛ ինչ կարելի էր կարդալ այդ ընթերցող հասարակության դեմքերին։ Օտարացի հանգամանք։ Կարծեք թե մի թշնամի երկրում էինք։

Բայց մի՞թե կարելի է ասել, թե միմիայն հայերն էին հրճվողները։ Ո՛չ, այսպիսի բան երբեք չի կարելի ասել։ Հայերը հրճվողներից մեկն էին, ուրիշ ոչինչ։ Իսկ հրճվողները բոլոր այն տարրերն էին` առանց լեզվի, սեռի, հասարակական դիրքի եւ քաղաքական դավանության խտրության, որոնք դժգոհ էին ցարիզմից, համարում էին նրան չարիք եւ դժբախտություն ժողովրդի բարօրության տեսակետից։

Եվ ուրախացնողը միայն ճապոնական զենքը չէր։ Ես շատ լավ եմ հիշում, թե կուրորտային հասարակությունն ինչպիսի պայծառ եւ զվարթ ժպիտներով ընդունեց մի ամառային սիրուն առավոտ Պլեւեի սպանության լուրը։ Մի կատարյալ տոնական տրամադրության մեջ էին ինտելիգենտ շրջանները, բայց այդ տրամադրությունը տխուր արտահայտություն զգեցավ, երբ միեւնույն օրը հեռագիրը գուժեց, թե վախճանվել է Անտոն Չեխովը` ռուսական մթնշաղի այդ մեծաքանքար երգիչը։

Պլեւեն իր հետ տանում էր ռուսական միապետության վերջին հենարանը։ Ցարիզմը ջախջախվում էր։ Աշնանը եկավ Սվյատոպոլկ-Միրսկին151, որ թեեւ ժանդարմների շեֆ էր, բայց ռեժիմի մեջ բերեց մի բարեփոխություն, որ պաշտոնականի152 շողոքորթներն անվանեցին «գարուն»։ Մամուլն ուրանում153 էր, համեմատական հովեր էին փչում, բանվորական զանգվածները սկսեցին հզոր շարժումներ։ Այդ շարժումները ծայր առան նաեւ կովկասյան իրականության մեջ` Բաքվում։ 1905-ի հունվարի 9-ի արյունոտ օրը Պետերբուրգում` զայրույթի եւ վրեժի հրային ալիքներ տարածեցին ամեն տեղ, եւ Կովկասի ժողովուրդներն աշխատանքի, պրոլետարական համերաշխության զգացմունքներով միացած` պատրաստվեցին դուրս գալ տիրողների եւ կեղեքիչների դեմ։ Մինչ այդ հալածական միացման նոր սկզբունքներն արդեն բացորոշ արտահայտվում էին բանվորական գործադուլների եւ ցույցերի մեջ։

Տեսնում էր այդ բանը ռուսական բյուրոկրատիան եւ շտապում բաժանումներով ջլատել, իր համար անվնաս դարձնել ուռճացող շարժումը։ Դրա համար նա վերանորոգեց իր պատերազմը հայերի դեմ, որ առժամանակ կանգնեցրել էր ճապոնական պատերազմը։ Գոլիցինը գործի մեջ չէր, բայց ինքը` գործը, լավ սարքված էր։ Ցարիզմն իր զորքերը չէր ուղարկում հայերի դեմ, այլ բարձրացնում էր թուրք անգիտակից ժողովրդին, դրդում էր հարձակվել հայերի վրա, կոտորել նրանց, թալանել նրանց գույքը։ Այս դրդումը միանգամայն վկայված է շատ թուրքերի բերանով։ Հաստատված է նույնպես, որ ինքը` կառավարությունն էր զենք բաժանում թուրքերին։ 1905-ի փետրվարին սկսվեցին, այսպես անվանված, հայ-թուրքական ընդհարումները։ Բայց ավելի ճիշտ կլիներ անվանել հայ-թուրքական պատերազմը. մի պատերազմ, որ տարի ու կեսից ավելի տեւեց եւ արյունով ու ավերակներով լցրեց Արեւելյան Անդրկովկասի այն բոլոր տեղերը, ուր հայ ու թուրք միասին էին ապրում։ Հանկարծ, միանգամայն անսպասելիորեն առաջ եկավ ու անշարժորեն հաստատվեց այդ դրությունը։

Թուրքերը հարձակվում էին, սպանում, իսկ հայերը կա՛մ պաշտպանվում էին, կա՛մ` իրենք էլ հարձակվում, սպանում ու կրակում. իսկ «խեղճ» ցարական կառավարությունը հայտարարում էր իրեն միանգամայն թույլ, միանգամայն անկարող այդ անկարգությունները զսպելու, այդ փոխադարձ կատաղի թշնամությունը կանգնեցնելու համար։ Առաջին իսկ օրերից Բաքվի նահանգապետ [Միխայիլ] Նակաշիձեն154այս շատ զարմանալի «ճշմարտության» մունետիկը դարձավ։ Շրջելով Բաքվի` պատերազմական դաշտ դարձած փողոցներում` նա տեսնում էր դիակներ, այրվող տներ, թալանված գույքերի կույտեր եւ բարեհոգ ժպիտով հայտարարում էր, թե զորք չունի, զորություն չունի, թող կռվողներն իրենք իրար հետ հաշտվեն։

Բայց մարդիկ տեսնում էին, որ ցարական կառավարությունը զորքեր ունի, այն էլ` բավականաչափ, միայն թե այդ զորքերին հրամայված էր անտարբեր հանդիսատեսի դիրք բռնել, ոչ մի միջամտություն չանել155։ Իզուր էին դիմում, խնդրում, որ զենք գործադրվի, որ երկու կողմերից էլ հանցավորներ բռնվեն եւ կախաղան հանվեն։ Միշտ միեւնույն պատասխանը Նակաշիձեի կողմից` կառավարությունը թույլ է, ոչինչ չի կարող անել։ Եվ հրացանով զինված ռուս զինվորների առջեւ մորթվում էին խաղաղ ու անզեն քաղաքացիները, իսկ նա միայն նայում էր։

Ռուս բյուրոկրատիայի պաշտոնական հայտարարությունների երկու մասն էլ բացարձակ սուտ էր։ Այստեղ երեւում էր, որ ռուսական չինովնիկությունը սաստիկ գրգռված էր այն տեռորիստական գործողությունների դեմ, որոնք կատարվում էին հայ հեղափոխականների ձեռքով, եւ նրանց զոհն էին դառնում պետական պաշտոնյաները։ Սա միանգամայն հասկանալի բացատրություն էր եւ պարզապես նշանակում էր, թե թուրքերի միջոցով ցարական կառավարությունը պատերազմում էր հայ հեղափոխականների, ասել է՝ գլխավորապես դաշնակցականների դեմ։ Արդեն տեսանք, որ հենց ինքը` այդ կառավարող բյուրոկրատիան էր, որ իր ապուշ հայահալած քաղաքականությամբ բարձրացրեց Դաշնակցությանն իր անկումից, ժողովրդականություն տվեց, հետեւաբար` ուժեղացրեց նրան։ Դաշնակցականներն օգուտ քաղելով այդ հանգամանքից` սկսեցին բռնանալ ռուսահայ իրականության վրա, քանի որ այստեղ էլ, ինչպես եւ Թուրքիայում, սկսել էին կատարել «փրկիչների» դեր։ Ֆիդայականությունն իր շտաբներն էր հիմնել Կովկասի այլեւայլ կողմերում, զինվորություն էր կազմել, զինական պահեստներ ուներ։ Լինելով մեծ մասամբ չաշխատող, բայց վայելող մի տարր` ֆիդայիները մեր կովկասյան խաղաղ կյանքի մեջ էլ գոռոզ տերեր դարձան, պահանջկոտ, կռվարար։ Այս փաստը շատ գրգռիչ նշանակություն ունեցավ հարեւան ժողովուրդների եւ առավելապես թուրքերի համար։ Բաքվի փետրվարյան ջարդին նախորդեցին մի քանի այդպիսի գրգռիչ միջադեպեր, որոնց մեջ գլխավոր գործիչները դաշնակցականներն էին։

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում եւ այն հարցը, թե ինչպես էին թուրք ղեկավարող տարրերը պատճառաբանում իրենց հանկարծակի բռնկված թշնամությունը հայերի դեմ։ Այս մասին եղան մի շարք հայտարարություններ, եւ հայտարարություններ այնպիսի իմաստով, որից ցարիզմը կարող էր ամենայն հաճությամբ ուռչել։ Եթե ուշադրություն դարձնեք 1903-1904թթ. դեպքերի վրա, ձեզ չի կարող չզարմացնել այն հանգամանքը, որ թուրք կալվածատիրությունը, միացած թուրք բուրժուազիայի հետ, հեռագրերով շարունակ հավատարիմ հպատակության ցույցեր էր անում Նիկոլային։ Այդ հեռագրերը հաճախանում էին մանավանդ այն ժամանակ, երբ հայերի ըմբոստացումը սաստկանում էր եկեղեցական կալվածքների գրավման առիթով։

Սա մի ամբողջ քաղաքականություն էր` նրբահյուս, արեւելյան։ Թուրք հրամայող տարրերը շատ լավ գիտեին, որ հայերը շատ հեշտ կհասկանան այդ հպատակական ցույցերի միտքը։ Ուստի նրանց էլ քնեցնում էին ուրիշ կերպով։ Էջմիածնից խլած կալվածները Երեւանում տրվում էին աճուրդով։ Հայերն, իհարկե, չգնացին աճուրդին։ Թուրքերն էլ չգնացին` հայտարարելով, թե չեն ուզում օգտվել հափշտակված կալվածներից։ Սա արդեն դառնում էր համերաշխության եւ եղբայրության մի հոյակապ ցույց։ Ռուս չինովնիկները շտապեցին առնել այդ վտանգավոր հնարավորության առաջը։ Եվ ահա, հետեւյալ տարին նույն թուրքերը հարձակվեցին հայերի վրա, կոտորեցին։ Եվ երբ նրանց հարցնում էին, թե ի՞նչն է պատճառը, նրանք տալիս էին այսպիսի պատասխան. «Մենք նահապետական ժողովուրդ ենք, պահպանում ենք մեր հին ավանդույթը։ Մենք չենք կարող ապրել առանց կայսրության, իսկ մեր հարեւան հայերը հեղափոխականներ են` նոր գաղափարներով տարված, եւ ուզում են ոչնչացնել կայսրությունը։ Մենք հենց այդ պատճառով ենք ոտքի ելել մեր ամենաողորմած կայսրին պաշտպանելու համար»։

Ռուսական բյուրոկրատիան ոչ միայն հավատում էր այս բանին, այլեւ ինքն էր արծարծում նման հասկացողություններ թե՛ թուրք եւ թե՛ ռուս զանգվածների մեջ։ Չէ՞ որ հենց այս տեսակ վերաբերմունքի վրա էր խարսխված ռուսական քաղաքականությունը` հենվել թուրք ավանդապահ եւ հետամնաց տարրերի վրա։ Սակայն սա մի թշվառ կարճատեսություն էր, մի կույր հավատ, մի ինքնախաբեություն։ Ընդամենը մի 10-15 տարուց հետո, համաշխարհային պատերազմի եւ նրանից ծնված մեծ հեղափոխության ժամանակ էր, որ ապացուցվեց, թե հավատարիմ հպատակության ցույցերը կատակերգություններ էին եղել ցարականներին խաբելու համար։ Եվ եթե այնքան հեշտությամբ կալվածատիրական դասակարգը գործիք դարձավ ռուս բյուրոկրատիայի ձեռքին եւ գնաց հայերի դեմ, դա արդյունք էր այն նոր նացիոնալիստական շարժման, որ ծավալվում էր թուրք եւ առհասարակ մահմեդական ազգաբնակչության մեջ` օսմանյան գործակալների ձեռքով։ Աբդուլ-Համիդի ձեռնարկած համաիսլամական պրոպագանդան մի գործ էր, որ հաջողվում էր լավագույն կերպով եւ որի հուշարձանն էր Հիջազի երկաթուղին` կառուցված բացառապես մահմեդականների փողերով։

Այսօր այլեւս գաղտնիք չէ, որ մի ամբողջ մեծ ու եռանդուն շարժում էր այդ գործը։ Պրոպագանդան մտավ ամեն երկիր, ուր մահմեդական ժողովուրդ էր ապրում։ Բոլոր այդ ժողովուրդները` Անդրկովկասի թուրքերը, Դաղստանի լեռնցիները, Ղրիմի եւ Կազանի թաթարները, Թուրքեստանի սարթերը156 եւ այլն, եւ այլն, դաստիարակվում էին օսմանյան գրականության վրա, որ միության ընդհանուր կապն ու շաղախն էր հանդիսանում եւ որ սովորեցնում էր ամենքին միանալ Թուրքիայի կանաչ դրոշի տակ։ Այս շարժման տեսակետից հայերը հանդիսանում էին ընդհանուր թշնամիներ, քանի որ հայերի ջանքն էր` թուլացնել, ջլատել Թուրքիան։

Конец ознакомительного фрагмента.