Читать книгу «Անցյալից» онлайн полностью📖 — Գրիգորի Բաբախանյան (Լեո) — MyBook.
image

Քաղաքական ետնաբեմում թաքնված այս իրողությունը նկատելի չէր հանդիսատեսներին, ուստի թվում էր, թե երեք պետությունների միջամտությունը շատ ամուր է եւ կլինի միանգամայն արգասավոր։ Եվ այս լավատեսությունը շատ հեղինակավոր էր դառնում հանգամանքների բերումով։ Սասունի հյուպատոսական հանձնաժողովը, չնայած թուրք կառավարության գործադրած բոլոր ջանք ու հնարքներին, ապացուցեց այդ կառավարության մեղավորությունը, կատարված մեծամեծ խժդժությունները։ Երեք կառավարությունները Կ.Պոլսի իրենց դեսպաններին հրամանագրում էին` միասին մշակել ռեֆորմների ծրագիր եւ առաջարկել սուլթանին, որ հաստատի այն եւ գործադրի հայաբնակ վեց նահանգներում։ Դեսպանների մշակած ծրագիրը թուրքաց կառավարությանը հանձնվեց 1895-ի մայիսին, եւ այս պատճառով այն ստացավ Մայիսյան ռեֆորմներ101 անունը։ Այդ թուղթն անհուն հրճվանքի առարկա դարձավ հայ ազգասիրության համար։ Վերջապե՜ս։ Վախճան էին ստանում թուրքահայ աշխատավոր ժողովրդի դարավոր տառապանքները։ Մարդիկ իրար շնորհավորում էին, իրար հետ համբուրվում։

Մայիսյան ռեֆորմները բավական համեստ վարչական մի ինքնավարություն էին ներկայացնում, որի բոլոր հոդվածները վերցված էին Թուրքիայում գոյություն ունեցող օրենքներից, այնպես որ, հայերի համար իսկապես որեւէ նոր, աննախընթաց դրություն, նոր իրավական կարգ չէր ստեղծվում։ Հեռու լինելով անջատական հնարավորություններ ստեղծելու կարելիությունից, դրանք իսկապես կարող էին վերանորոգման եւ վերածնության կոչել ոչ միայն հայերին, այլեւ նրանց հետ ապրող քրդերին եւ թուրքերին, որովհետեւ այս ազգային փոքրամասնությունների իրավունքները լիովին ընդունված էին, այնպես որ կիսավայրենի քուրդը պիտի նստեր հայի հետ գավառական եւ նահանգական ժողովներում ու պիտի վճիռ տար կրթական եւ կուլտուրական բարձր շահերին նվիրված հիմնարկությունների մասին։

Բայց եւ այնպես, թուրք կառավարությունը, հավատարիմ մնալով իր վաղեմի սովորությանը, գործադրում էր ձգձգումների քաղաքականությունը, մինչեւ որ թուլանար ու եղծվեր պետությունների համաձայնությունը։ Նրա այս ակնկալությունը հետզհետե սկսում էր իրականանալ։ Ռուսաստանը, արտաքին գործերի մինիստր Լոբանով-Ռոստովսկու102 ղեկավարությամբ, նահանջի ճանապարհներ էր որոնում։ Խրիմյան կաթողիկոսին, որ ճանապարհվել էր Պետերբուրգ, հարկադրեցին երկար սպասել Նոր Նախիջեւանում, մինչեւ որ ցարը բարեհաճեց ընդունել նրան։ Այսպես էր արվում, որպեսզի թուրքաց սուլթանը համոզվի, թե այդ ճանապարհորդությունը քաղաքական նշանակություն չունի եւ կապված չէ հայերի կոտորածի հետ։ Ցարական բյուրոկրատներին, բացի դրանից, վրդովեցնում էր այն ագիտացիան, որ թուրքահայերի օգտին Անգլիայում մղում էր Ռուսաստանի հայությունը։ Թիֆլիսի հայերը ուղերձներ եւ ընծաներ էին ուղարկում Գլադստոնին, մինչդեռ ոչ մի դիմում չէին անում ռուս կառավարությանը։

Սասունից Թիֆլիս բերվեց Անուշ անունով մի կին, որն ուղարկվեց Լոնդոն եւ, ի ցույց հանվելու համար, նստեցվեց Գլադստոնի կողքին` իբրեւ կենդանի պատկեր` իր լուռ ու մունջ վկայությամբ հաստատելու մեծ ծերունու ասածները։ Խրիմյան կաթողիկոսը ձեռնունայն վերադաձավ Պետերբուրգից, իսկ Լոբանով-Ռոստովսկին, որ դիվանագետի մի քանի կեղծ ժպիտներ էր նվիրել նրան, իր քաղաքականության նշանաբանը դարձրեց` «Հայաստանն առանց հայերի»։ Մարդակեր ցարիզմին Հայաստանի հողը հարկավոր էր, շատ հարկավոր էր, բայց հայ ժողովուրդը բոլորովին հարկավոր չէր։ Այսպես էր մի բռնակալի կամ նրա ստրուկ պնակալեզի քմահաճույքը, որից ամբողջ ժողովուրդներ էին ոչնչանում, անհետ կորչում։

Ազատական (լիբերալ) Անգլիան էր հայերի անկեղծ բարեկամը համարվում։ Բայց այս բնագավառում էլ երեւան էին գալիս նշաններ, որոնք ցույց էին տալիս, թե, անշուշտ, ցնորամիտներ են նրանք, ովքեր կարծում են, թե քաղաքագիտության մեջ բացի կոպիտ եւ եսամոլ հաշիվներից կա ուրիշ որեւէ սրբություն։ Լորդ Ռոզբերին, քանի դեռ հարցը թղթե պահանջներ անելուն էր վերաբերում, համաձայն էր Գլադստոնի հետ, բայց երբ բանը եկավ հասավ այն աստիճանին, որ պետք էր հարկադրել սուլթանին, որ նա կատարի այդ թղթե պահանջները, Ռոզբերին հրաժարվեց Գլադստոնի առաջարկած ստիպողական միջոցները գործադրելուց ու մի ճառ արտասանեց պառլամենտում, որով ոչնչացրեց իր գործադրած բոլոր հայանպաստ ջանքերը։ Նա, իհարկե, նույնքան իրավացի էր իր տեսակետի մեջ (թե այլ է թուղթը եւ այլ է ստիպմունքը), որքան [որ] իրավացի էր Գլադստոնը 1880 թվին` ճիշտ նույնանման հանգամանքների մեջ։ Բայց անգլիական հայասիրությունն ուրիշ հրաշք էլ ուներ իր մեջ։ Ռոզբերիի կառավարությունը հեռացավ գործերից, նրա տեղը բռնեց Սոլսբերիի կառավարությունը։ Եվ ո՜վ սքանչելիք. Սոլսբերին, որ Կիպրոսի դաշնագիր էր հնարել Բեռլինում, Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածն էր այլանդակել, որ ջնջել էր Հայաստան անունը եւ այն փոխարինել Քուրդիստան անունով, այժմ հանդես էր գալիս իբրեւ ջերմ պաշտպան Հայոց հարցի…

Սա շատ պարզ ցույց էր տալիս, որ արտաքին հրահասուն ջերմության տակ իբրեւ իրական հիմք փռված էր վաճառականի որոշ հաշիվների սառցակույտը։ Թե՛ 1880-ին` Գլադստոնի ժամանակ, եւ թե՛ 15 տարի անցած՝ Ռոզբերիի ու Սոլսբերիի ժամանակ Անգլիայի ցավն ու հոգսն ասիական Թուրքիայի խորքերում տանջանքների մեջ գալարվող մի բուռ ժողովուրդը չէր, այլ միշտ միեւնույն, կյանքի եւ մահվան նշանակություն ունեցող հարցը` Անգլիայի տիրապետությունը Եգիպտոսում։ Ինչպես 15 տարի առաջ, այնպես էլ այժմ, Հայոց հարցը անգլիական ազատամիտների եւ պահպանողականների ձեռքով շահագործվում էր իբրեւ միջոց սուլթանին ստիպելու, վախեցնելու եւ այդպիսով նրանից նոր զիջումներ ստանալու Եգիպտոսի վերաբերմամբ։ Տարբերվում էին միայն շահագործման միջոցները։ 1880թ. հայ ժողովուրդը դեռ ապրում էր, թեեւ տանջանքներով։ Իսկ 1894-1895-ին նա այլեւս ապրող ժողովուրդ չէր, այլ մորթվող։ Եվ նրա լճացած արյունն էր, որ չափով-կշռով կանոնավորապես վաճառվում էր Կ.Պոլսում, Պետերբուրգում, Բեռլինում, Լոնդոնում ու Փարիզում։

Իսկ հայ երազասուն հեղափոխությունն այդ միջոցին կրկնապատկում էր իր անարժեք եռանդը։ 1895-ի ամբողջ ամառն անցավ անհայտության մեջ։ Չգիտեին` պիտի ընդունի՞ սուլթանը Մայիսյան ռեֆորմները, թե՞ ոչ։ Գրագրությունները դեսպանների եւ թուրքաց կառավարության միջեւ դեռ չէին վերջացել։ Եվ ահա Հնչակյան կուսակցությունը կորցնում է իր համբերությունը։ Նա չափազանց անթույլատրելի գտավ սուլթանի դանդաղկոտությունը եւ որոշեց ստիպել նրան, որ շուտ ստորագրի ռեֆորմները։ Չէր մոռացվել անցյալի փառքը. հինգ տարի առաջ Գում-Գափուի ցույցն էր, այժմ` 1890-ի հուլիսյան օրերին մի ուրիշ ցույց պիտի լիներ։ Հիշում եմ տարիներ հետո տեղի ունեցած մի լրագրական վեճ` թուրքահայ հայտնի գրող Լեւոն Բաշալյանի եւ հնչակյան հին հեղափոխական Ռ[ուբեն] Խանազատի103 մեջ այն դերի մասին, որ ռուսահայերը կատարել են վերջին տասնամյակների ընթացքում թուրքահայերի ճակատագրի մեջ։ Այդտեղից ես իմացա, որ հնչակյան այս երկրորդ պոլսական ցույցը ծրագրել էին գլխավորապես ռուսահայերը, որոնք միաժամանակ հոգ էին տարել, որ իրենք խառնված չլինեն ցույցի մեջ եւ չվնասվեն։ Բաշալյանն ասում էր, որ ցույցը կազմակերպելու համար Կ.Պոլիս գնաց Խանազատը։ Ամեն ինչ որոշվեց, նշանակվեց ցույցը սկսելու օրն ու ժամը։ Բայց դրա նախօրյակին, Խանազատն անհետացավ Կ.Պոլսից` թողնելով, որ թուրքահայերը պատասխան տան իր հղացած գործի համար։

Եվ այդ պատասխանը զարհուրելի եղավ։

Ցույցը տեղի ունեցավ 1895-ի սեպտեմբերի վերջին օրը։ Այն պիտի սկսվեր դարձյալ Գում-Գափուի պատրիարքական եկեղեցուց։ Որոշված էր, որ այն խաղաղ, անզեն լինի։ Բազմությունը պիտի եկեղեցուց գնար Բ.Դուռը եւ այնտեղ պիտի ուղերձ տար, որի մեջ պահանջվեր անհապաղ ընդունել եւ վավերացնել երեք պետությունների մշակած ռեֆորմները։ Ցույցն այս անգամ ստանալու էր «Բաբը-Ալիի ցույց» անունը։ Անգլիական պաշտոնական հաղորդագրությունների մեջ նա որակված է «Հիմար ցույց» անունով։ Պատրիարք Իզմիրլյանն104, ինչպես ասված է այդ հաղորդագրությունների մեջ, հնչակյաններին երկար համոզել էր ցույց չանել, հավատացրել էր, թե ռեֆորմների գործն ապահովված է, եւ երեք պետությունները թույլ չեն տա, որ սուլթանի համառությունը հաղթանակի։ Պետք էր միայն սպասել մի քիչ էլ։ Սակայն հնչակյանները խիստ կերպով մերժեցին այդ զգաստացնող առաջարկությունը։ «Շատ ենք սպասել»` աղաղակեցին նրանք ցասկոտ հեգնությամբ։ Եվ գնացին։ Թուրք ոստիկանությունը կտրեց ցուցարարների ճանապարհը։ Եվ այն ժամանակ «անզեն» հայտարարված ցույցը դիմադրության դիմեց։ Լսվեցին ատրճանակների կրակոցներ։ Ոստիկանությունը եւ զորքերը կրակ բաց արին։

Բայց այս բոլորը դեռ նորություն չէր։ Նորությունն այն էր, որ այս կռիվը դարձավ ազդանշան մի վաղօրոք պատրաստված եւ ծրագրված ընդհանուր արյունահեղության։ Գում-Գափուի ցույցն ավանդությունների կարգն էր անցել։ Այժմ Աբդուլ-Համիդը հեղափոխականներին չէր միայն պատժում, այլ անխտիր բոլոր հայերին։ Եվ Կ.Պոլսում, դեսպանների քթի տակ տեղի ունեցավ մի կազմակերպված կոտորած։ Հայաբնակ թաղերը լցվեցին սարսափներով, եւ ազգաբնակչությունը խելագարված դես ու դեն փախավ։

Սա մի արյունոտ նախատոնակ էր այն քստմնելի, պատմության մեջ շնականության (ցինիզմի) կողմից իր նմանը չունեցող մի զավեշտի, որ եվրոպական մեծ պետությունների աշխատակցությամբ արյունռուշտ սուլթանիզմը գալիս էր քաղաքակիրթ կոչված մարդկության առաջ խաղալու։ Կ.Պոլսի այդ արյունոտ օրերին էր, որ Աբդուլ-Համիդը վավերացրեց Մայիսյան ռեֆորմները եւ դրանց իրագործումը գավառներում հանձնարարեց Շաքիր-փաշային։ Փաշան ճանապարհվեց ասիական նահանգները եւ ամեն տեղ մտցրեց ռեֆորմները, այսինքն` հայերի զանգվածային կոտորածներ սարքեց։ Կանոնավոր կազմակերպված մի ոճիր, որ սուլթանական հրամանով գնում էր զբոսնելու հայաբնակ գավառներում եւ նրանց բոլոր անկյուններն արյունով լցնելու։ Այսպիսով կոտորածները Կ.Պոլսից անցան Տրապիզոն, այնտեղից Էրզրում եւ երկրի խորքերը, մինչեւ իսկ Փոքր Ասիայի քաղաքներն ու գյուղերը։

Երեք դեսպանները, սուլթանից ստանալով իրենց մշակած ռեֆորմների վավերացումը, իրենց գործը վերջացած համարեցին։ Համաձայնություն այլեւս չմնաց։ Ցարական կառավարությունն այլեւս ավելորդ էր համարում թզենու տերեւով ծածկել իր լպիրշ մերկությունը։ Մինչ այդ նա սուլթանին ծածուկ խրախուսել էր դիմադրել Անգլիայի պահանջներին Հայկական հարցի մեջ, իսկ այժմ խրախուսում էր նրան կոտորել հայերին։ Ռուս հրապարակախոսներից մեկը (Ամֆիտեատրով105) այս մասին գրած ունի բացարձակորեն։ Նա գրում էր, թե ռուսաց դեսպան Նելիդովը շարունակ ասելիս է եղել Աբդուլ-Համիդին «Massacrez, Majeste, Massacrez»106։ Այս բացարձակ մեղադրանքը չեն հերքել ո՛չ Նելիդովը, ո՛չ Նիկոլայի կառավարությունը։ Նույնիսկ եթե հերքեին էլ, դարձյալ կմնային բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են ցարի եւ սուլթանի գործակցությունը 1895-1896 թվերի կոտորածների մեջ, որոնց զոհ գնացին մոտ 300 հազար հայեր։

Գլադստոնն իր հրապարակային ճառերի մեջ Աբդուլ-Համիդին անվանեց մարդասպան, բայց ավելացրեց, թե նրանից պակաս չէ ռուսաց ցարը, որ իր երիտասարդության հասակն արատավորեց հայ ժողովրդի արյան գետերով։ 1895-ին, մինչ Թուրքահայաստանն արյունողող էր լինում, Կովկասի ռուսական բանտերը լցվում էին հայ մտավորականությամբ. խուզարկվում էին տները, կալանավորվում էին դաշնակցականներն էլ, հնչակյաններն էլ։ Բայց դաշնակցականներին համեմատաբար մեղմ էին վերաբերվում, որովհետեւ նրանք դեռ խոշոր հեղափոխական գործեր չէին կատարել եւ բացի դրանից՝ հնչակյանների նման սոցիալիստներ չէին համարվում։ Խիստ պատիժների ենթարկվեցին մասնավորապես հնչակյանները։ Նրանց մեղադրում էին, թե նրանք ապստամբություն են տարածում Ռուսաստանին բարեկամ պետության մեջ։ Այսպիսով, Թիֆլիսից Ռուսաստան աքսորվեցին այնպիսի «վտանգավոր հեղափոխական սոցիալիստներ», ինչպիսիք էին Շիրվանզադեն, Ղազարոս Աղայանը, Սեւ Սանդրոն եւ ուրիշները։

Ռուսական ցարիզմի հալածանքն այդ տխուր ու արյունոտ ժամանակներում այն աստիճանի հիմարության հասավ, որ երբ հայոց կաթողիկոսը կարգադրեց եկեղեցիներում հոգեհանգիստներ կատարել Թուրքիայում խողքաղված հայերի համար եւ աղոթքներ կարդալ, որ երկինքը փրկե կորչող հայ ժողովրդին, կովկասյան բարձր իշխանությունը, հանձին ռուսական «քրիստոսասեր» բանակի զորավար Շերեմետեւի, արգելեց դժբախտների ձեռքին մնացած այդ միակ, թշվառ ցույցերն էլ։ Բացի այդ, ավելի եւս բնորոշ փաստ։ Խրիմյան կաթողիկոսը մի ստրկական աղերսագրով դիմեց «առ սրբազան տերն» Նիկոլայ Երկրորդին եւ աղաչեց-պաղատեց նրան հանուն Քրիստոսի, հանուն Աստծո, ի սեր եկեղեցու եւ բոլոր սրբերի ու սրբազանների` ազատել իր դժբախտ ժողովրդի վերջին մնացորդները բնաջնջումից։

Բայց ի՞նչ ստացավ «աստծո օծյալը»։ Լոբանով-Ռոստովսկին հայոց ծերունի կղերապետին պատասխանեց, թե Թուրքիայում հայերն են, որ ապստամբում են սուլթանի դեմ եւ հարձակումներ գործում թուրք ժողովրդի վրա, որ եւ ստիպված է ինքն իրեն պաշտպանել։ Եվ ցարի անարգ ծառան խորհուրդ էր տալիս, որ կաթողիկոսն իբրեւ հոգեւոր պետ` թղթեր ուղարկի Թուրքիայի հայերին, խրատի, որ նրանք խելոք կենան, հնազանդվեն թուրքական իշխանությանը։ Որպեսզի շեշտված լինի ցարա-սուլթանական սրտակցությունն այն ահռելի ոճիրների մեջ, որոնք այդ իսկ րոպեին ցնցում էին ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը, ես պիտի ասեմ, որ միաժամանակ ճիշտ միեւնույն բովանդակությամբ պահանջ ստանում էր Կ.Պոլսի հայոց պատրիարքը թուրքական կառավարությունից։

Այսպիսին էր Ռուսաստանը` մի արյունռուշտ բռնակալություն, որ երբեք հաշիվ ու համար չի տվել իր արած գազանությունների վերաբերմամբ։ Նրա դաշնակիցն էր հանրապետական Ֆրանսիան, որ այդ ժամանակ կամավորապես ինքն իրեն լակեյ էր գրել ցարական սպասին եւ հոգով-մտքով տարված ցարականությունը շոյելու, իր սրտին կպցնելու, իր միլիարդներով, իր պերճանքներով հմայելու ու այդ կերպով դաշնակցությունը ամուր պահելու մտքով` ենթարկվում էր Լոբանով-Ռոստովսկու կամքին ու ցուցմունքներին, մանավանդ որ ինքն էլ շատ հաշիվներ ուներ Թուրքիայի մեջ եւ մանավանդ Եգիպտոսում, ուր նրա առջեւ մրցակցի դերում ժայռացած էր Անգլիան։ Ֆրանսիական արտաքին գործերի մինիստր Հանոտոն107 այնքան ջերմեռանդ թուրքասիրություն էր ցույց տալիս, որ այն սարսափելի ժամանակներում, երբ ամբողջ աշխարհը զզվանք էր արտահայտում մինչեւ գլուխը հայի արյան մեջ թաղված Աբդուլ-Համիդի վերաբերմամբ, նա` այդ լուսավորյալ ֆրանկը, այժմ ֆրանսիական ակադեմիայի անդամ, ընդունեց սուլթանի ուղարկած շքանշանը եւ ֆրանսիական մամուլի մի մասից ստացավ «Հանոտո-փաշա» հեգնական հորջորջումը։

Մնում էր Անգլիան։ Նրա վրա էր ամբողջ հայությունը դրել իր հույսը։ Լորդ Սոլսբերին գործում էր եռանդով, անվերապահորեն հօգուտ հայերի եւ ընդդեմ սուլթան Համիդի։ Երեւույթներն այնքան պարզ ու պերճախոս էին, որ առաջին նվագներում ներելի էր նույնիսկ հավատալն ու խաբվելը։ Բոլորովին զարմանալի չէ, որ հավատում էին ամենքը եւ ամենից շատ, իհարկե, հայ հեղափոխական կազմակերպությունները, որոնք փառավորապես ապացուցված էին համարում իրենց ծրագրային կենտրոնական միտքը` հայկական հալածանքների ու կոտորածների միջոցով առաջ բերել եվրոպական միջամտություն։ Թեեւ այդ միջամտության հետեւանքով Թուրքաhայաստանը սպանդանոցի էր փոխարկվել եւ ամայացել. բայց եւ այնպես, հայ հեղափոխականները պատրաստ էին դեռ ուրիշ մնացորդներ էլ զոհել եվրոպական սկսված միջամտությունը կայուն եւ գործուն դրության մեջ պահելու համար։

1
...
...
17