Читать бесплатно книгу «Մատեան Ողբերգութեան» Գրիգոր Նարեկացի полностью онлайн — MyBook

ԲԱՆ ԺԶ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Եւ արդ, դո՛ւ միայն Աստուած երկնաւոր, բարձրեալ, բարեգործ.
Քոնն են զօրութիւնն ու ներողութիւնը,
Քոնն են բժշկութիւնն ու առատութիւնը,
Քոնն են պարգեւներն ու շնորհները ձրի,
Քոնն են քաւութիւնն ու պաշտպանութիւնը,
Քոնն են հնարքներն անիմանալի,
Քոնն են հրաշքներն անգտնելի,
Քոնն են չափերն անչափելի,
Դո՛ւ ես սկիզբն ու վերջը:
Սրտմտութեան խաւարը երբէք չի ստուերում լոյսը քո ողորմութեան,
Քանզի լինելով ինքդ մտքից վեր` զերծ ես դու նաեւ որեւէ ախտից:
Պատկեր ես դու անպարագիր` անկշռելի որքանութեամբ,
Ո՜վ անչափութիւն փառաց լայնութեան,
Անսահմանափակ ընդարձակութիւն հատու զօրութեան,
Անամփոփելի առաւելութիւն,
Անտկարանալի բարերարութիւն գթութեան:
Դու մահուան ստուերն, ըստ մարգարէի, այգաբացի ես փոխում,
Ինքնակամ իջար տարտարոսը դու` արգելուածների բանտն ստորերկրեայ,
Ուր աղօթքների դուռն անգամ փակ էր ամուր կողպեքով,
Խլելով նրանից այնտեղ վտարուած հոգիների կողոպուտը ողջ,
Յաղթական խօսքիդ հրամայող սրով
Սատակիչ մահուան կապը կտրեցիր
Եւ փարատեցիր երկիւղը մեղքի:
Դարձի՛ր այժըմ ինձ, որ տագնապում եմ տղմոտ իմ գուբի զնդանում խորունկ,
Մեղքի շղթայով ամուր կապկապուած
Եւ բանսարկուի նետի սլաքով խոցուած կարեվեր:
 

Բ

 
Դու Տէ՜ր բարերար, բացարձակ բարի, լո՜յս խաւարի մէջ,
Օրհնութեան դու գանձ, ողորմած, գթած, մարդասէր, կարող,
Զօրեղ, անպատում, անքնին, անճառ,
Դու` յո՜յժ ձեռնհաս, ըստ սուրբ Յակոբի.
Հնարաւորութիւն միշտ դիւրապատրաստ` ամէն անհնար բաների դէպքում,
Մեղքի խռիւներն սպառող կրա՛կ,
Կիզանուտ ճաճանչ դու ընդհանրական եւ մեծախորհուրդ թափանցողութեամբ:
Յիշի՛ր ինձ, օրհնեալ, քո ողորմութեամբ եւ ո՛չ ըստ իրաւունքի,
Ներողութեամբ քո եւ ո՛չ պատժելով,
Երկայնամտութեամբ եւ ոչ թէ հաւաստի համոզուածութեամբ:
Եթէ կամենաս կշռել ծանրութիւնն իմ մեղքերի,
Արա՛ քաղցրութեամբ քո մարդասէրի եւ ո՛չ արդարութեամբ.
Քանզի ըստ առաջին պայմանի` շա՜տ են թեթեւ նրանք,
Իսկ ըստ վերջինի` սաստիկ ծանրակիր:
 

Գ

 
Արդ, մօտեցիր ինձ, ո՜վ դու բարութիւն,
Ինչպէս բուժելու համար մօտեցար քո դէմ ելնողի ականջին,
Մահուան խռովիչ հողմը հեռացրու մեղաւորիցս,
Որ հանգչի իմ մէջ խաղաղութեան մեծազօր Հոգիդ:
Փա՜ռք քեզ ամէնուր, ամէն բանի մէջ յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ ԺԷ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Աղաչում եմ քեզ` վտանգուած, վշտոտ ու տխրաթախիծ տառապանքներով լի հոգիների խնամակալիդ,
Մի՛ աւելացնիր ցաւն իմ հեծութեան եւ մի՜ խոցիր ինձ` վիրաւորուածիս,
Մի՛ դատապարտիր պատժուածիս եւ մի՛ տանջիր չարչարուածիս,
Մի՛ գանակոծիր հարուածեալիս, մի՛ գլորիր ընկածիս,
Մի՛ կործանիր սայթաքեալիս, մի՛ հեռացնիր հեռացուածիս,
Մի՛ ամաչեցնի պատկառեալիս, մի՛ տարագրիր հալածուածիս,
Մի՛ կշտամբիր խրտնածիս, մի՛ խորտակիր ջախջախուածիս,
Մի՛ խռովիր վրդովեալիս, մի՛ ալեկոծիր փոթորկուածիս,
Մի՛ սասանիր դղրդուածիս, մի՛ շփոթիր մրրկեալիս,
Մի՛ կեղեքիր գիշատուածիս, մի՛ ջախջախիր փշրուածիս,
Մի՛ հոշոտիր մորմոքեալիս, մի՛ կուրացնի խաւարածիս,
Մի՛ զարհուրեցնիր ապշահարիս, մի՛ խորովիր խարշատուածիս,
Մի՛ մահացնիր հիւանդիս, մի՛ ծանրաբեռնիր տկարիս,
Մի՛ աւելացնիր անուր` կարկամած թիկունքիս,
Մի՛ բարդիր ողբեր դառն հեծեծանքիս,
Մի՛ ուժգնօրէն վարվիր հողիս հետ,
Մի՛ սաստկապէս` մոխրիս հետ,
Մի՛ անաչառօրէն` ստեղծուածիս հետ,
Մի՛ ահարկութեամբ` փոշուս հետ:
 

Բ

 
Մի՛ խստութեամբ ընդհարուիր մեծդ փոքրիս հետ,
Լոյսդ` ստուերիս հետ,
Բնութեամբ բարիդ` ի բնէ չարիս հետ,
Ողկոյզդ օրհնութեան` անիծեալ պտղիս հետ,
Քաղցրութիւնդ ճշմարիտ` համակ դառնութեանս հետ,
Փառաւորեալդ անփոփոխ` իսպառ անարգիս հետ,
Կենաց նշխարդ` կաւեղէն զանգուածիս հետ,
Տէրերի Տէրդ` երկրային տիղմիս հետ,
Աննուազ լիութիւնդ` չքաւոր ստրուկիս հետ,
Անկապուտ ճոխութիւնդ` անպատսպար տառապեալիս հետ,
Անկարօտ բարութիւնդ` ամենաթշուառ աղքատիս հետ:
Քանզի ո՞վ է նա, որ առաւօտեան լոյսին հասնելով`
Կտարակուսի, թէ խաւարի մէջ կարող է ընկնել,
Կամ մօտ լինելով կեանքին` մահանալ,
Կամ ազատութեան` եւ բռնութեան ենթարկուել,
Կամ շնորհին` եւ դատապարտուել,
Կամ փրկութեան` եւ մատնուել,
Կամ նորոգման` եւ քայքայուել,
Կամ օրհնութեան` եւ տարագրուել,
Կամ բժշկութեան` եւ վիրաւորուել,
Կամ լիութեան` եւ նուազել,
Կամ առատ հացի` եւ քաղցել,
Կամ հոսող գետերի` եւ պապակել,
Կամ մայրական գթութեան` եւ նրանից նենգուել,
Կամ աստուածային խնամող աջիդ` եւ տառապել:
 

Գ

 
Արդ բորոտութեամբ մարմնի սաստկապէս վարակուածի հետ
Ե՛ս էլ վշտահար հոգովըս ահա պաղատում եմ քեզ.
"Տէ՛ր, եթէ ուզես` կարող ես ինձ մաքրել":
Մշտագիշեր խարխափումներով տանջուող կոյրերի հետ
Հառաչում եմ ձայնով մեծակական.
Ոչ թէ անուանում եմ քեզ Դաւթի որդի,
Այլ աստուածային էութեան իբրեւ ծնունդ եմ դաւանում քեզ.
Ոչ միայն կոչում եմ Ռաբբի,
Որ պատուանուն է իսկութիւնը գիտենալ կարծող վարդապետների,
Այլեւ հաւատում եմ քեզ, որպէս Տիրոջ երկնի եւ երկրի:
Ոչ միայն մօտից ձեռքդ երկարելով, ո՜վ դու բարեգութ
Աստուած մերձաւոր,
Այլեւ վստահ եմ, թէ մեծ միջոցով նոյնիսկ ինձանից հեռու լինելով`
Խօսքդ կարող է բուժել թշուառիս:
Կամեցողութեանդ եւ ողորմութեանդ միջեւ անջրպետ չեմ դնում երբէք,
Որ երկմտութիւն է նշանակում տարակուսելի,
Այլ համոզուած եմ, թէ կկամենաս որպէս բարեգութ
Եւ կկարենաս որպէս Արարիչ.
Ասա՛ խօսքովդ, եւ ես կբուժուեմ:
Հարիւրապետի հաւատքին եւ ե՛ս կլինեմ լծորդ.
Ոչ միայն մօտիկ տարածութիւնից, խորանից խորան`
Զօրաւոր ես դու տալու յարութիւն եւ բժշկութիւն,
Այլեւ երկնքում բազմելով նոյնիսկ,
Ստորեւ, երկրի վրայ բովանդակ դու սքանչելի հրաշքներ ես գործում,
Որոնց փոխարէն հատուցանելու ես ոչինչ չունեմ:
 

Դ

 
Շնորհիր եւ ինձ, ինչպէս որ պոռնիկին ընդունելիս
Վճռեցիր խօսքիդ դատակնիքով հինգ հարիւր դենար պարտքը շնորհել,
Աստուա՜ծ բարութեանց եւ Տէ՜ր երանութեանց:
Որքան շատ բաշխես, այնքան աւելի՛ կփառաւորուես.
Որքան որ շատ տաս, այնքան կսիրուես.
Եւ աւելին ողորմելով` դո՛ւ էլ կրկնակի կբարգաւաճես.
Այսքան բարիքներիդ համար իրաւամբ գովւում ես դու.
Ամէն բանի տէր լինելով հանդերձ` մեզ հաւասար ես ցոյց տալիս դու քեզ.
Եւ դու, որ ունես ամէն ինչ առատ` մեր ունեցածին արժէք ես տալիս.
Քո պարգեւների փոխարէն անճառ` մերն իբրեւ վճար ես ընդունում դու.
Երկրայինի տեղ անվախճանի տալն ես արժանի գտնում.
Մեծ համարելով մերը` վեհօրէն գոհանում ես դու.
Չե՜ս մեծամտի, երբ քո տուածի փոխարէն դոյզն-ինչ փառաւորուես:
Նո՜յն գթութիւնդ ցոյց տուր նաեւ ինձ` յոյժ մեղապարտիս,
Որ երբ թուարկեմ քո պարգեւների երախտիքը ես`
Նոյն չափով սիրելդ էլ չմոռանամ:
Ամէն բանի մէջ քեզ փա՜ռք յաւիտեան. ամէն:
 

ԲԱՆ ԺԸ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Արդ, ես ծնունդս մեղքի եւ մահացու երկունքի որդիս,
Արդարեւ պարտաւոր եմ մի օրուայ մէջ բիւր քանքարների տոյժը հատուցել:
Սակայն ոչ թէ մարդկային մտքի փոքրութեան համեմատ եմ ես ներումն հայցում,
Այլ փրկչիդ` Յիսուս Քրիստոսի աննուազելի լիութեան չափով եմ պաղատում մարդասիրութիւն:
Չկայի երբեմն, եւ ստեղծեցիր,
Ես աղաչեցի, եւ դու գոյացրիր,
Դեռ աշխարհ չեկած` տեսար դու ինձ,
Չէի յայտնուել, եւ դու գթացիր,
Չէի խնդրել ես` խնամարկեցիր,
Չէի բարձրացրել ձեռքս` նայեցիր,
Չէի պաղատել` եւ ողորմեցիր,
Չէի ձայն հանել, եւ դու լսեցիր,
Չէի հառաչել` եւ ունկնդրեցիր,
Գիտէիր, թէ ինչ կպատահի ինձ, եւ չանտեսեցիր,
Նախատես աչքով քո նկատեցիր չարագործութիւնը պատժապարտիս եւ յօրինեցիր ինձ:
 

Բ

 
Եւ արդ, ես, որ քո ստեղծածն եմ, քեզանով փրկուած
Եւ այնքան խնամօտ սիրովդ հոգացուած, -
Արա՛ դու այնպէս, որ չարահնար մեղքերի հարուածն ինձ դէպի կորուստ չտանի իսպառ:
Թող յամառութեան մառախուղը իմ` քո ներողութեան լոյսին չյաղթի,
Եւ ոչ էլ սրտիս կարծրութիւնը` քո երկայնամիտ համբերութեանը,
Եւ կամ մսեղէն այս մահկանացուն` քո լրութեանն ամենակատար,
Ոչ էլ նիւթեղէն տկարութիւնս իմ` քո բարձրութեանն անպարտելի:
 

Գ

 
Ահա՛, կարկամած բազուկն իմ հոգու կարկառում եմ ես քո անուամբ, հզօ՛ր,
Արա՛ այն առողջ, ինչպէս էր առաջ,
Երբ դրախտի փափկութեան մէջ կենաց պտուղն էի քաղում ես:
Ախտաւոր կնոջ նման կաշկանդուած, գոսացած ձեռքով,
Գլխիկոր, շուար եւ անուղղելի մեղքերով կքած թշուառ իմ հոգին
Սատանայական ամուր կապանքով ակնկոր, ահա,
Չի նայում վերեւ, որ քո երկնայնոց ողջոյնը չառնէ:
Խոնարհուիր վրաս, միայն ողորմած, եւ բարձրացրու ինձ`
Գետնահար ընկած ծառս բանաւոր.
Բարեվայելուչ կեանքով վերստին ծաղկեցրո՛ւ չորացեալիս,
Ըստ աստուածաբանութեան սուրբ մարգարէի:
 

Դ

 
Ինչպէս ի ծնէ լուսազուրկ մի կոյր` չունեմ տեսողութիւն,
Որ կարողանամ տեսնել արարչիդ դէմքն ու պաղատեմ,
Հզօ՛ր բարեգութ, դու միա՜յն պաշտպան,
Քո անճառ սիրոյ հոգածու, ակնարկն ինձ դարձընելով`
Շնչաւոր, խօսուն քո անօթի մէջ անէութիւնից լո՜յս գոյացրու դու:
Տասներկու տարուայ ախտով տառապած, տանջահար, տխուր
Կնոջ նման ես մեղքի արեան մէջ ողողւում եմ, տե՛ս.
Անմատոյց լոյսով քո պարածածկուած` նայիր բարձունքից,
Ուր չկայ քղանցք ձեռագործ վերարկուի, որին ես դիպչեմ,
Բայց ամէնուրեք տարածուած են քո հրաշքներն հզօր:
 

Ե

 
Մեղսոտ կնոջ պէս պատժապարտս ես
Օծման իւղով չէ, որ մօտենում եմ կենսաձիր ոտքիդ,
Կաթիլներն աչքիս գլխիս վարսերով բերելով ընծա, -
Այլ հաւատս անբիծ` իմ բազուկների վերամբարձումով, ստոյգ դաւանմամբ,
Հոգու ողջոյնով եւ փակ շուրթերով երկրպագելով:
Եւ աղբերահոս արցունքներիս հետ խառնելով նաեւ հեծեծանք, ահա,
Բժշկութիւն եմ աղերսում հոգուս:
 

Զ

 
Գոյութիւնն հոգուս` մեղկութեամբ լուծուած եւ քայքայուած է մեղքերով համակ,
Եւ մարմնիս շինուածքը իրենց վրայ վերցնող ոտքերս,
Որոնք քայլում են կաղալով տխեղծ ու խիստ անհաստատ,
Եւ որոնց չարը արգելք է լինում մտնելու ուղիղ -
Դէպի կենսաթիռ պտղաբեր ծառը տանող ճամփի մէջ, -
Զօրացրո՛ւ դարձեալ, ո՜վ ամենազօր, քանզի դո՛ւ միայն կարող ես փրկել:
Քո ստեղծած լեզուս, որով քեզ էի փառաբանում միշտ,
Ամրափակ խցմամբ կապեց, համրացրեց հողմը բանսարկուի:
Զգայուն հոգուդ մեծ ողորմութեամբ,
Ինչպէս բուժեցիր Աւետարանում յիշատակուածին,
Հրաշափառօրէն շնորհիր եւ ի՛նձ Բանդ կենդանի,
Որպէսզի ես էլ խօսեմ անսայթաք:
 

Է

 
Ախտով վարակուած` մեղքի մահիճն եմ ընկել ես, ինչպէս կենդանի մեռեալ.
Ի լուր ողբագին հեծեծանքներիս եւ թշուառութեանն իմ կարեկցելով,
Ո՜վ դու բարերար Որդի Աստծոյ,
Քո օրհնաբանուած աչքերի ցողով ինձ ոտքի՛ հանիր կրկին կենդանի,
Ինչպէս սիրելուդ` անշարժ ու անշունչ մեռելութիւնից:
Ստոյգ անօրէն եմ տարակուսեալ` մեղքի գուբն ընկած.
Ձեռքըդ ինձ տալով, արե՜ւ անստուեր,
Որդիդ բարձրեալի,
Քո ճաճանչափայլ լոյսի՛ն հանիր ինձ:
 

Ը

 
Ինչպէս աղեխարշ թշուառ ճիչերով, մատների տխուր տատանումներով
Կուրծքը ծեծելով, արցունք թափելով, տխրամած դէմքի տուայտանքներով
Իր միամօրիկ որդուն ողբացող Նայինի այրին, -
Ես էլ սրտագին, սաստիկ հեծութեամբ պաղատում եմ քեզ,
Տո՛ւր յուսահատիս քաջալերութիւն քո մխիթարիչ եւ գթոտ խօսքով,
Ասելով եւ ինձ, ո՜վ բարեբանեալ ստեղծիչ աշխարհի,
Թէ` "Մի՛ լար այդպէս սաստիկ ողբալի".
Որպէսզի կրկին կենդանացած այն պատանու հետ,
Որ սփոփեց վիշտն իրեն ծնող մօր,
Ես էլ քեզանով իմ ամենապարտ հոգին ընդունեմ վերանորոգուած:
 
1
...
...
10

Бесплатно

5 
(7 оценок)

Читать книгу: «Մատեան Ողբերգութեան»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно