Աստուած բարերար, հզօր, ահաւոր,
Շնորհատո՛ւ, բարի, դու Հա՜յր ողորմած.
Անունըդ անգամ քո մեծութիւնն ու գթութիւնը եւ քո մտերմութիւնն է աւետարանում,
Քաղցր ես դժնիների եւ անգոհների համար.
Քեզ հետ Որդիդ էլ նման է միշտ քեզ, ձեռքիդ պէս նրա ձեռքն էլ զօրեղ,
Անժամանակ տէրութեամբ ահեղ` քո արարչութեամբ ինքն էլ բարձրացած:
Նաեւ սուրբ Հոգին քո ճշմարտութեան` բխելով քեզնից անսպառօրէն,
Իբր աստուածային կատարեալ իսկութիւն եւ էութիւն մշտնջենական,
Ըստ ամենայնի հաւասար է քեզ եւ իշխանութեամբ` փառակից Որդուդ:
Երրեակ անձնաւորութիւն` համակ անքնին,
Յատուկ առանձնացումով տրոհուած անձեր,
Բայց միաւորուած համազուգութեամբ,
Նոյնագոյ բնութեամբ տիրապէս, անշփոթ եւ անանջրպետ
Միեւնոյն կամքով եւ գործակցութեամբ,
Ոչ մէկը միւսից աւագագոյն չէ,
Եւ ոչ էլ մի ակնթարթ նոյնիսկ մէկ-միւսից նուազ երբեւիցէ,
Այլ իբրեւ պատճառ երկնային սիրոյ անստուեր լոյսի, յայտնուած մեր մէջ,
Սրբասացութեան միակ պսակով` անսկզբնաբար աստուածաբանուած:
Քանզի արդարեւ բարձրաձայն այս խոստովանութիւնը երեք փառատրեան այդ դաւանութեան`
Պետրոսին հաւատքի վէմ կոչուելու երանութեան արժանացրեց -
Դատապարտեալիս մեղաւոր հոգին բարեհրաման քո ակնարկութեամբ,
Ո՜վ դու, որ փնտրում ես գերեալիս, հրաշանորոգ թո՛ղ արդարացնե:
Զի քոնն են թէեւ պարգեւներն ու ողորմութիւնները,
Բայց դու ո՛չ այնքան քո պարգեւներով, որքան ողորմութեամբ ես հռչակուած.
Քանզի երկրորդը քո փառքն է աւելացնում,
Իսկ առաջինն առաքինական գործի է յայտարար.
Զի պարգեւները փոխարինութիւն են ծառայութեան դիմաց,
Իսկ ողորմութիւնը` բարերարութիւն մեղաւորիս:
Եւ արդ, մարդկային գործերը թող որ չգերազանցե՜ն իրենց զօրութեամբ քո շնորհներին, գթառա՜տ Աստուած,
Եթէ մինչեւ իսկ անցաւոր բնութեան օրէնքներից էլ վեր լինեն նրանք.
Այլ յաղթող հանդիսանալով քո երկայնամտութիւնը,
Երկրածինների ընթացքը երբէք չհաւասարուի՜ թող քո գործերին:
Քանզի եւ նրանք, որ օրէնքների մաքրութեամբ իրենց պարծենում էին,
Քո արդարութեան լոյսը երբ ծագեց, -
Որ նոր օրէնքի ճշմարտութիւնն էր ծանուցանում, -
Հրեաներն հետին անձկութեամբ լքուած ու նուաստացած,
Աւելի քան տարագիրներն ողորմելի` մարդասիրութեանդ կարօտ եղան:
Եւ քանզի ամենայն ինչ հնարաւոր է քեզ, բարերա՛ր,
Լսի՛ր ողբաձայն պաղատանքներս, որ ուղղում եմ քեզ.
Ողորմիր, փրկիր եւ մարդասիրիր, զի երկայնամիտ ես դու,
Եւ քոնն են քաղցրութիւն, փրկութիւն եւ քաւութիւն եւ փառք
Բոլոր հաւիտեան ապրող ազգերից. ամէն:
Պաղատում եմ քեզ, լոյսի՛ ճառագայթ, արքա՛ երկնաւոր,
Գովեալ անապատում, եւ անճառ որդիդ դու մեծ Աստծոյ.
Ականջ դիր դարձեալ եւ այժըմ ահա,
Բարձրեալ, բարեգութ, կեանքի ապաւեն,
Վիրաւորեալիս նուազաձայն հառաչանքներին:
Չի խօսուած երբէք, թէ քեզ աղաչեց աւազակներից խողխողուածը,
Քանզի կարկամած էր.
Ոչ էլ պաղատանքի ձայն արձակեց քո ետեւից,
Քանզի անկռինչ էր.
Կամ մատների շարժումով աղէտն ու վտանգը յայտնեց տեսողիդ,
Քանզի խորտակուած էր.
Ոչ էլ ողբագին արցունքներով լի աչքերը տնկեց բարերարիդ,
Քանզի վնասապարտ էր.
Եւ կամ միջնորդի բարեխօսութեամբ ողորմածիդ կամքը սիրաշահեց,
Քանզի լքուած էր.
Ոչ էլ ջախջախուած մարմնի արիւնով ներկուած հագուստները ցոյց տալով քեզ`
Գթածիդ սիրտը ճմլեց, քանզի յուսահատ էր.
Ոչ էլ հաստատուն ծնկներով` իբրեւ ոտքի գարշապարով` չընթացաւ,
Քանզի անկանգնելի էր.
Զի կիսամեռ ասել կենդանուն` հեռու չէ այնքան մեռելութիւնից:
Մանաւանդ որ խօսքով քո խրատուելուց,
Ողորմութեամբդ բարերարուելուց
Եւ քո փառքով լուսաւորուելուց յետոյ էլ դեռ,
Ոչ միայն չդադարեց քեզ հակառակ ընթացք բռնելուց,
Այլեւ չենթարկուելով, գլուխ բարձրացրած` իր թշնամեաց կողմն անցաւ
Եւ նրանց հետ մէկտեղ դաշն կնքած միաբանեց քեզ ատողների հետ:
Իսկ դու, բազմապարգեւ բարերար, անոխակալ եւ ամենափրկիչ,
Ոչ միայն չյիշեցիր մեղքերն այդ չարագործի,
Այլեւ ոչ իսկ խօսքով յանդիմանեցիր.
Չոտնահարեցիր ընկածին, այլ կարեկցաբար մօտենալով նրան,
Ծայրագոյն խնամք ցուցաբերեցիր:
Քահանայապէս, ըստ ահարոնեան տկար օրէնքի, -
Որ զօրաւոր է մահ գործելու մէջ,
Դատապարտիչ անէծքներով եւ բռնալիր քարաձգութեամբ, -
Դու չփութացիր վիրաւորուածին խորտակելու.
Եւ ոչ էլ, ինչպէս ղեւտական առաջնորդն այն թերապաշտօն,
Որը երկուսի միջեւ իբրեւ բաժանող անջրպետ`
Հնի լրումն էր եւ սկիզբը նորի,
Եւ որ հոգեզուրկ ապաշխարութեան հրաւիրակ հանդիսացաւ, -
Վիրաւորեալի տագնապը տեսար.
Որ չլինի թէ արմատակտուր տապարի օրինակով
Քո մէջ չարատանջ մահուան պաշտօնը նկատելով`
Սատակի գալիք փորձութիւններին դեռեւս չենթարկուած.
Այլ պահպանանուն ասորեստանցի հեթանոսներին,
Որոնք ստացան իրենց օրէնքը հրեաներից
Ու պահեցին միշտ, մինչդեռ նրանք մոռացան, -
Կցորդուելով` մեր բնութեամբ խառնուած մարմնիդ վերարկուով,
Օտար ազգերին էլ ազատութեան աւետիս համբաւեցիր
Եւ աստուածային քո ներգործութեամբ անապական` ձեռք երկարելով`
Մահացու կերպով մեղանչած մարդուն կանգնեցրիր դարձեալ իր սերունդներով:
Տխրաբեկ սիրտն ուրախացրիր եւ վհատեալին յուսադրեցիր,
Եւ թշուառին զուարթացրիր դարձեալ.
Աւազանի կենարար օծմամբ եւ բաժակով լոյսի` լցրիր.
Նորոգեցիր հացով քո երկնային` արարչական մարմնով.
Երջանիկների եւ ընտիրների վերակացութեամբ
Խնամարկեցիր ու փայփայեցիր ու դարմանեցիր,
Եւ հանդարտընթաց գրաստի խնամքին յանձնելով նրան`
Անփորձ պահեցիր, մինչեւ հանեցիր յարկը լուսեղէն:
Առաջին եւ երկրորդ կենդանատու կտակարանների միջնորդութեամբ դարման տարար դու մարդասիրաբար:
Եւ, ինչպէս երբեմն Մովսէսին թեւատարած արծուի պէս ընդունեցիր
Եւ բարի երկրի խաղաղ հանգստին առաջնորդեցիր,
Հրամայելով վարդապետներին` խօսքի կերակրով սնել նրան:
Եւ արդ, դու, որ ողջ առաւելագոյն լոյսդ բարութեան
Ամէն բանի մէջ բովանդակապէս հրաշագործեցիր,
Ցրուողի գանձը սեփականելով` քո ստացուածքը վերադարձրիր քեզ, -
Ինձ էլ ապրեցրու, մեղքերի պարտքերն իմ մաքրելով,
Ո՜վ դու, որ պարգեւում ես ձրի եւ հանպատրաստից,
Շնորհիր եւ ի՛նձ քաւութիւն ու բժշկութիւն,
Բարեգո՜ւթ, զօրեղ, անքնին, անեղծ, ահաւոր,
Օրհնեալ միշտ, յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Արդ, նոյն ցաւագին հեծեծանքներով վշտահար սրտիս
Եւ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով,
Այս անգամ դարձեա՛լ միեւնոյն ոճով դիմելով ես քեզ,
Ամենապարգեւ քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու:
Պաղատում եմ իբրեւ մեռեալ` կենդանի անմահ Աստծուդ,
Փառքիդ հանդէպ իմ անարգութիւնը խոստովանելով,
Ինչպէս եւ քո բարութիւնն իմ չարութեան դիմաց.
Որոնցով յաղթուեցի ինքս, քան թէ բուժուեցի,
Ամաչեցի, քան թէ համարձակուեցի,
Ուխտակորոյսս ես եւ աւանդամոռաց:
Այն ոչխարի պէս, որին օրինակ է բերում առակն երկրորդ,
Ես էլ ծայրայեղ չափով մատնուած անզգայութեան
Ու մոլորուելով անմարդաբնակ լեռներում` երկար,
Եւ դեւերի հետ գազանաբարոյ վայրի կուռքերի մէջ թափառելով,
Առանց թեկուզ փոքր-ինչ հօտին մօտենալու, -
Չունէի լեզու, որով պատմէի ցաւերն իմ տանջող,
Ոչ էլ ձեռք, որի շարժուձեւերով համրերն են իրենց մտքերը յայտնում:
Իսկ դու, միա՜յն գովեալդ, սկսած նախնի սերունդներից մինչեւ այսօր,
Գտնելով եւ ինձ` մեղաւորիս էլ մոլորութեան մէջ անլոյս ու անել,
Ըստ գոչման առ քեզ մաղթանք երգողի,
Քո խնամարկու կամքի տեսչութեամբ
Հովիւ կոչուեցիր.
Ոչ միայն հոգ տարար, այլեւ փնտրեցիր,
Եւ, ո՜վ հրաշագործ, ոչ միայն գտար, այլեւ անճառելի բարերարութեամբ
Վերցրիր սիրով դու կենդանարար քո ուսի վրայ,
Եւ քո երկնային զօրաց հետ մէկտեղ`
Քո հայրենական ժառանգութեան մէջ դասեցիր ինձ:
Եւ արդ, դու հզօ՜ր, կենարար, օրհնեալ, այցելու գթած եւ մի՛շտ ողորմած,
Դու, որ ընդունեցիր նրանց` անաղերսներին այն անլեզու,
Որոնցից մէկը մահացու խոցուած` չարչարւում էր խիստ,
Միւսն անբանների անզգայութեամբ
Փախել էր դէպի հեռու ամայի վայրեր անբնակ,
Եւ վտարանդի, շուար ու վհատ` բառաչում էր խեղճ, անիմաստօրէն, -
Քո աստուածային բարեխնամութեամբ տիեզերահրաշ
Ցոյց տուեցիր դու հոգածութիւնդ թշուառութեան մէջ կորածի հանդէպ, -
Յայտնիր արդ եւ ի՛նձ գթութիւնդ խոր եւ բարիքներիդ յորդումներն առատ,
Ինձ, որ վեր բերուած օրինակներից շատ աւելի եմ եղել անօրէն.
Ինձ, որ մահապարտ եմ բազմօրինակ.
Ինձ, որ բարութեան քաղցր խառնուրդում` յատուկ համ եմ չար.
Ինձ, որ արժանի եմ անդամներիս հատմանն արդարեւ,
Ինձ, համաճարակ, ախտով վարակուած վիրաւոր հոգուս.
Ինձ, որ անզգայ անասուններին եմ հաւասարուել
Եւ օտարացել իմաստունների ընտանութիւնից.
Ինձ, որ նման չեմ բնութեամբ ինձ պէս բանականներին:
Եթէ մի օրինակ ունենայի, ես կասէի.
Թէ նմանակից ունենայի` կպատմէի.
Թէ հանգունակից ունենայի` կխօսէի.
Թէ ինձ հաւասարն ունենայի` կգրէի.
Թէ նոյն բանը անողն ունենայի` ցոյց կտայի.
Թէ ինձ համեմատն ունենայի` կիմացնէի.
Թէ անցեալում լիներ` կսփոփուէի,
Թէ ներկայումս` կյուսայի:
Սակայն, քանի որ ոչ նմանս ունեմ, ոչ էլ օրինակ,
Ուստի դո՛ւ միայն կարող ես քաւել ու բժշկել ինձ եւ կենսագործել,
Կենդանարարդ բոլոր մեռելների եւ նորոգո՛ղդ տիեզերաց:
Զի եթէ երջանիկ, սուրբ ու սրատես
Դաւթի գործած չարիքներն ու
Անօրէնութիւնները գլխից աւելի վեր բարձրացած էին,
Եւ մեղքերն ու յանցանքները դժուարակիր բեռների նման ծանրացած սաստիկ,
Յապա ուրեմն իմ սխալմունքներն աւելի են, քան
Տիեզերասոյզ, ամենասպառ ծովի ջրակուտակ հեղեղի յորդութիւնը
Ու անցնում են բոլոր լեռների կատարներից:
Բայց թող որ փչէ քաղցրաշունչ քամիդ, -
Ինչպէս այդ եղաւ Նոյի ժամանակ, -
Որ լեռներն անգամ կարող է հալել,
Ցամաքեցնելու բազմակոհակ ջրակոյտն իմ երկրակործան յանցանքների
Ու լեռնակարկառ բարձրութեամբ դիզուած մեղքերն իմ բոլոր:
Եւ արդ, համառօտ քո խօսքով հզօր,
Եւ ամենակարող հնարաւորութեամբ կարճ դատաստանիդ,
Ըստ մարգարէի, քաւութեան մի ելք ցոյց տուր ինձ`
Անօրէնութեան մէջ ընդերկար մոլորեալիս:
Եւ դու, ներելով յամառութիւնն իմ,
Ո՜վ երկայնամիտ, ողորմած, օրհնեալ,
Շնորհի՛ր ինձ կատարեալ թողութիւն եւ բարեգործիր ճշմարտապէս,
Ջնջի՛ր բոլորովին` անվճարելի պարտքերիս արժանահատոյց տոկոսների տոյժը տաժանակիր:
Չէ՞ որ դու չունես ցասումնալից սիրտ ու բարկութիւն բորբոք,
Ինչպէս նաեւ չկան քո մէջ նենգութիւններ եւ նշաններ մթութեան,
Քանզի դու կեանք ես կամենում եւ լոյս,
Դու մահ չստեղծեցիր եւ, ըստ Դաւթի ու Սողոմոնի,
Մարդու կորուստը քեզ ուրախութիւն չի պատճառում:
Քո բարեվիճակ կանոնների մէջ դու մեծագոյն պայման սահմանեցիր մարդկանց համար`
Չարութիւնը չարութեամբ չփոխարինել,
Այլ մի օրուայ մէջ եօթանասունեօթ անգամ գործած մեղքերը նոյնիսկ ներել պատգամեցիր մեզ,
Մեզ, որ ի բնէ հակամետ ենք միշտ ի յայտ բերելու բիւր ու անհամար չարութեան բծեր,
Որոնք աճում են ու միշտ նորոգւում
Մեր ամէն տեսակ փշեր բուսցնող բնութեան դաշտում`
Համաձայն անսուտ քո վկայութեան,
Թէ` "Մարդու միտքը իր մանկութիւնից տրամադիր է չարիք գործելու":
Քո Կենաց բանի աւետարանիչ
Յովհաննէսն անգամ,
Որը մաքուր էր կատարելապէս,
Նա ինքը` որպէս հասարակութեան բնութեան լծակից,
Ամբողջովին արդարացած` քո ճշմարտութիւնը հաստատեց իմ ստութեան հանդէպ:
"Եթէ ասենք, որ ոչ մի մեղք չունենք, – ասում է նա, -
Սուտ դուրս բերած կլինենք նրան":
Արդ, կատարուած է խօսքդ խնկելի
Եւ լիովին ստոյգ արդարացուած`
Իմ մոլորութեան խիստ դժնդակ անիրաւութեան հանդէպ:
Ուստի խնայի՛ր ինձ ողորմութեամբ, քաղցրահա՜մ աղբիւր,
Դո՛ւ միայն օրհնեալ յաւիտեանս. ամէն:
Бесплатно
Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно
О проекте
О подписке