Դուք կարծում եք, Հայրիկ, միայն կրթությունը բավակա՞ն կլինի, – հարցրեց Ասլանը: – Բավական չի լինի, – պատասխանեց Հայրիկը: – Ժողովրդի զավակներին ուսում տալով և նրանց միջոցներ չտալով իրանց համար ապրուստ գտնելու, մենք միայն կպատրաստենք ուսումնական թշվառներ: Աղքատությունը այդ ժամանակ ավելի զգալի է լինում, որովհետև որքան ավելանում է մարդու մտավոր զարգացումը, այնքան ավելանում են և նրա կենսական պահանջները: Ռամիկը մի կտոր ցամաք հացով գոհ է մնում, բայց երբ այբ ու բենը մտցրիր նրա գլխում, նա կհասկանա, որ միսը ավելի սնունդ է տալիս: Եվ սև կլինի նրա օրը, եթե միս գտնել չկարողանա: