Ջոլոները բոլորը զինվորված մարդիկ են. նրանց կանայք, աղջիկներն մինչև անգամ զենք են կրում: Նրանք հասկացել են, թե առանց սրի մեր դարում չի կարելի գլուխ պահել: Հրեշտակները միայն չեն կրում, որովհետև պաշտպանելու ոչինչ չունեն. բայց նրանք էլ հարկավորված միջոցում զինավորվում են…
Դժբա՜խտ է այն ազգը և մի՜շտ դժբախտ կմնա, որ օտարի օգնությանը կարոտ կլինի: Ոչ ոք իր հոր հոգու համար մեզ չի օգնիլ. նա պետք է տասը բան առնե մեզանից, որ մի բան տա: «Ողորմություն խնդրողի երեսը միշտ սև կլինի և քսակը դատարկ»: Մարդ պետք է իր սեփական աշխատությամբ և իր ուժովը ոտքի կանգնե: Օտարի օգնությունը նման է մի նեցուկի, որը հենց որ ետ քաշեցիր, կտեսնես, դարձյալ ցած կընկնի նրա վրա հենված առարկան…
Կրկնում եմ, հայը ընդունակ է կրթության, որովհետև նա քրիստոնյա է, որովհետև նա ունի հարուստ լեզու և ճոխ, բազմակողմանի գրականություն. նա ունի պատմական անցյալ: Մի քրեական հանցանք է դա մարդկության դեմ, թողնել մի այսպիսի ազգություն, որ բարոյապես, մտավորապես և ֆիզիկապես ոչնչանա վայրենի քրդի ու թուրքի լծի տակ:
Քո նպատակը շատ մասնավոր է, – ասաց Ասլանը, – սրանով շատ չես օգնի «ընդհանուր գործին»: Եթե այստեղ լիներ մեր ընկեր Կարոն, նա գուցե կհամաձայնվեր քեզ հետ, բայց ես համարում եմ այդ մանուկ սրտի բորբոքում և ավելի ոչինչ:
Եվ այսպես, մենք միայն պիտի ցավենք, որ մեր մեջ հայտնվում են անպիտան մարդիկ, բայց դատապարտել նրանց չենք կարող, որովհետև մեր հասարակությունը իր փտած կազմակերպությամբ ինքն է ծնել այն մարդիկներին: Եվ եթե մենք ցանկանում ենք, որ չարագործությունը բառնանք, պետք է աշխատենք նախ ուղղել հասարակության վատ կազմակերպությունը, և այն ժամանակ նրա անդամները բոլորը լավ մարդիկ կլինեն:
Քեռի պետրոսները, տեր թոդիկները, – շարունակեց նա, – ժողովրդի անհարազատ որդիքն են. նրանք կտրված են ընդհանրությունից, որովհետև իրանց եսական շահերին են ծառայում: Նրանց թիվը փոքր չէ, և ավելի ցավալին այն է, որ նրանք ժողովրդի առաջնորդող մասն են կազմում: Ահա այստեղ է մեր դժբախտությունը: