Читать бесплатно книгу «Մթնաձոր» Ակսել Բակունց полностью онлайн — MyBook

ՀԱՆԱՎԱՆՔ

Նախարարն անցավ Քասախ գետի ափով և այնտեղ, ուր գետը խոր անդունդի մեջ վշշում է, պղտոր ալիքները զարկում ժայռերին, քերում ժայռերը, հունը և ավելի խոր թաղվում ժայռերի մեջ, – բարձր ժայռերի գլխով անցավ նախարարը և որոշեց կառուցել մի հոյակապ տաճար:

Գուցե այդպես չի եղել, գուցե եպիսկոպոս է անցել և ցանկացել Քասախի ափին տեսնել մի վանք, որ խոյանա տիրակալ` քարափի գլխին, պատուհանները նայեն ձորին, գետի ալիքներին, փրփրոտ սահանքներին, և կամարների տակ դպիրները կարդան շարական ու սաղմոս, ծլնգան զանգերը, և վանահայրն աղոթքի մեջ մոռանա աշխարհը, նախարարի հարճին…

Հանավանքի քարերը չեն պատմում այդ մասին:

Բայց քարերի վրա գրեր կան այն մասին, որ Հանավանքը հնձաններ է ունեցել, խաղողի այգի, ձիթահան ու ջաղաց, որ իշխանները «հոգու փրկության» համար գյուղեր են նվիրել վանքին` արջառներով գեր, անտառներ` երեներով լի, գյուղեր և գյուղերում` հեթանոս ռամիկ: Հանավանքի քարերի վրա հիշված է այդ մասին:

Քարափի գլխով նախարարը յոթերորդ դարում անցավ և երբ իր կամքը հայտնեց համհարդներին, նա չմտածեց, որ դարեր հետո միայն Քասախը պիտի մնա, ժայռերը ձորի և շինականը ռամիկ, որ իր շալակով կրեց հսկա քարերը Հանավանքի:

Դարեր անցան, շինականը բազմացավ, և այնտեղ, որտեղ անտառներ կային, անտառներում երեներ, մնացին քարեր, փափուկ հողեր, որովհետև շինականին լավաշ հաց էր հարկավոր:

Ցամաքեց գետինը չբեր կնոջ արգանդի պես: Առուներից հիշողություն մնաց և փոքրիկ ձորակներ, ձորակիների մասին ավանդություն հին օրերից, թե կար ժամանակ, երբ ձորով փրփուր առուներ էին անցնում, անտառում պախրան կռանում էր` առվակից ջուր խմում:

Շինականը շատացավ, իշխանական անտառի ծառերը դարձան մարագի գերան, մարագները վառվեցին, բնակչությունը պահվեց քարանձավներում, և երբ արևը դարձյալ շողաց խաղաղ կամարի վրա, շինականը դուրս եկավ քարանձավից, ցորենը ծլեց փափուկ հողում, և գետնափոր տներում ձմռան ցուրտ գիշերներին շինականը դարձյալ շատացավ:

Երբ առուների ջուրը պակասեց, կացնահար եղան վերջին վազերը, թմբերը հավասարվեցին, հնձանները պարապ թողին: Անձրև եկավ, ձյուն ու քամի, անձրևը ծեծեց հնձանի պատերը, և հնձանները հավասարվեցին հողին, ինչպես խաղողի այգում թմբերը:

Հնձաններից էլ մնաց հիշողություն, ինչպես յոթերորդ դարու նախարարից:

Հանավանքի կտուրի վրա փշեր բուսան, փշերը հնադարյան կրաշաղախը ճեղքեցին, քարերը տեղահան արին, և ժաժքի մի գիշեր գմբեթը փլվեց, քարերն ընկան Քասախի մեջ, գետը փրփրաց և ծածկեց քարերը, ուր դարեր առաջ շինականը պոկել էր, իր մեջքի վրա վերև բարձրացրել:

Լուսաբացին պառավ կանայք ավելի ջերմեռանդ համբուրեցին վանքի ծխից սևացած քարերը, այծերը մկկացին և ճարպիկ ոստյունով ընկած քարերի վրայով բարձրացան վանքի կտուրը, կտուրին բուսած թփերը կրծելու:

Տարիներ անցան: Գյուղը տղի պես փակչել էր հայրենի հանդին: Կուչ էր գալիս, երբ հարվածում էին, մտնում էր պատյանի մեջ, որպես խխունջ, երբ լորձունքոտ շոշափուկները դիպչում էին տհաճ իրի` խանի սարվազին, սինոդի տուրքին, պրիստավի կնուտին:

Կուչ եկած ապրում էր գյուղը Հանավանքի պարիսպների տակ, անջուր հողերում հաճար ցանում, հաճարի բլիթներ ուտում, լղար եզան աղբից հարդախառն աթար շինում, աթարը ծեփում ուրարտական պարիսպների քարերին և հեթանոս պապերի դագաղ-կարասներում պահում աղած վարունգ:

* * *

Հերու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը, Հանավանքում մի շինական, որի պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, Հանավանքից մի շինական հերու գարունքին աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա:

Շինականը ման եկավ վանքի չորս կողմն ընկած քարերին, նայեց սրբատաշ քարերին և մտքում դրեց կալ ու մարագ շինել վանքի քարերից, հողակտորն էլ` բոստան: Եվ երբ կռացավ նայեց ձորին` տեսնելու, թե ճամփա կա՞ ձորից կժերով ջուր առնելու ամռան շոգին կալվորի համար, – երբ նայեց ձորին, նա չիմացավ, որ յոթերորդ դարու նախարարն էլ այդտեղ, քարափի վրա ցանկացավ տեսնել վանքը կամարակապ, նա չիմացավ, որ վանահայրն այդ քարափից նայել է Քասախի պղտոր ալիքներին և կարոտել նախարարի հարճին, կարոտել և կարդացել սաղմոս:

Հով էր քարափի գլխին, շինականին հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ: Եվ ինչքան ցա՜վ է, որ հնում պարիսպներ են կառուցել վանքի շուրջը: Հրևանի այծերը չեն գա, բոստանի կանաչը չեն կրծի: Պարիսպների ետև, կալ ու մարագի կողքին, տուն կշինի քարափի գլխին և կապրի`հարևանի աչքից հեռու պարիսպների ետևում:

Տանը, երեկոյան, մտմտաց մեկ էլ, ծանր ու թեթև արեց ցերեկվա իր ցանկությունը և հարմար գտավ: Հարկավոր համարեց հենց մյուս օրը ծառեր տնկել, բոստանը փորել, պարսպի փլված տեղում մի դուռ կախել, որ այծերը չկրծեն բոստանի կանաչը:

Շինականն ամենից առաջ բոստանատեղը պատեց: Քարեր շատ, նախշերով քարեր` նռով ու ողկույզներով, քարեր` քամուց, արևից գիրը տեղ-տեղ խանգարված քարեր: Ինչ որ ձեռն ընկավ, առավ պատը շարեց, ուրարտական մի պարիսպ, մարդաբոյ շարեց, բահն առավ, սկսեց փորել: Հողի տակից կղմինդրի կտորներ էին դուրս գալիս, ջարդված կարասի, քարեր: Բահով շպրտեց ջարդված կարասին, քարերից մաքրեց բոստանատեղը և ավելորդ քարերը գլորեց ձորից ցած:

Իրիկնադեմին քարի վրա նստեց, ծխեց: Ձորից հով էր գալիս և շոյում քրտնած ճակատը: Ծխեց, նայեց վանքի կիսավեր պատերին, խաչքարերին: Շինականին ավելորդ թվաց հին Հանավանքը: Ի՜նչ լավ բոստան կլիներ, սեխ ու ձմերուկ, քանի՜ հարյուր տարի դինջացել է Հանավանքի հողը:

Լիներ, նորից մի ժաժք լիներ, ինչպես առաջ, և եղածն էլ թափեր ձորը, մոռացվեր վանքի տեղը: Դուրս կգար իր բոստանից, պարիսպը կընդարձակեր, վանքի տեղն էլ կմաքրեր, իր սահմանի մեջ կառներ և կողքի հին դամբարանները, քարերը կիսով չափ թաղված հողի մեջ, գիրն անընթեռնելի:

Կառներ իր սահմանի մեջ և իշխանական գերեզմանների վրա կցաներ սոխ ու սխտոր, ծիրանի կտնկեր և ծիրանու արմատները կիջնեին ներքև, կմտնեին իշխանական ոսկրների մեջ, և ոսկրները համեղ ծիրան կտային:

Վանքը շվաք չէր գցի իր բոստանի վրա…

Շինականի վրա գյուղում թոնթորացին, խոսք եղավ Հանավանքում, թե չպիտի թողնեն, որ բոստան անի, տեղը հնուտ է, սրբավայր: Խոսք եղավ և այն մասին, որ գյուղում բոստանատեղ չկա: Շինականը բախտավոր է, հարմար հող է ճարել: Թոնթորացին, հետո լռեցին:

Շինականի կինը հավան չէր մարդու արածին, բայց չբողոքեց: Առավոտը կանուխ գնաց, համբուրեց խաչքարերը, երկու բարակ, իր մատների պես բարակ ու դեղին մոմեր վառեց, չոքեց` աղոթքի, բայց ոտնաձայն լսեց, հեռացավ:

Ժամհարն էր, եկավ վանքի մի անկյունում դարսած խոտից մի խուրձ տանելու: Վանքի դռանը վառած մոմ ժամհարը վաղուց չէր տեսել: Հանգցրեց մոմերը, գրպանը դրեց: Երեկոյան գոմում տավարին ապուռ տալիս պետք կգար:

* * *

Ձմեռը բիբարով տոլման ավելի համեղ էր շինականի համար: Ուտում էր, մեծ պատառներ կուլ տալիս և ամանը մեկնում կնոջը:

– Թե կա, մի քիչ էլ գցի…

Բիբարը կծում էր լեզուն, տաքանում էր ստամոքսը, և դուր էր գալիս վանքատեղի բոստանի բիբարը: Եվ ոչ մի վանահայր անցած դարերում ձմռան օրերին չի ստացել այնքան խաղաղ հաճույք, ինչքան շինականը` իր ցանած բիբարը բերանում:

Երբեմն գնում էր տնկած ծառերին նայում: Մի քանի տարի էլ՝ կալ ու մարագը կլինի, և ամռան շոգին, կալից բեզարած կպառկի ծառի ոտքի տակ: Ձորից հովը կբերի Քասախի ալիքների սառնությունը, միրգը կհասնի ամռան արևի տակ:

Բայց այդպես չեղավ, մրգերը չհասան:

Թուղթ եկավ, մեջը գրած, որ Հանավանքը հնուտ է, արգելվում է վարուցանքս անել, ծառ տնկել, քարերը տանել տնատեղի համար:

Գարունքին, երբ հերվա պես ձյունը հալվեց Արայի լեռան փեշերից, եկան հողերը բաժին անելու: Քարակույտեր դրին հնուտ հողերի և գյուղի սահմանի վրա: Բոստանի ծառերը հանեցին:

Եվ այն, ինչ միտք էր արել հերու գարունքին, քարափի գլխից Քասախին նայելիս, կալն ու մարագը և տունը պարիսպների ետև, այդ ամենը շինականին հալվող ձյունի պես թվաց:

Կախված դուռը կրանկահան արեց, հանեց:

Այծերն էլի բարձրացան կիսախարխուլ պատերի գլխին բուսած մացառները կրծելու: Քարից քար էին ցատկոտում: Եվ երբ այդ շաղախի մի կտոր վայր էր ընկնում, արձագանքը զրնգում էր կամարների տակ, աղավնիները թռչում էին, օդում պտույտներ անում և իջնում նորից:

Շինականը երբ կրնկահան արեց դուռը, նայեց Հանավանքին: Ավելորդ թվաց նրան վանքը քարափի գլխին և համեղ` բոստանի բիբարը…

ԳՅՈՒԼԲԱՀԱՐԻ ՀԱՄԱՐ

Կա մի գյուղ` քսան երդիկով, անունը Դրմբոն: Առավոտ ծեգին քսան երդիկից ծուխ է բարձրանում, կրակը թանով ապուրն է տաքացնում:

Դրմբոնը ձորեր ունի դրնգան, սրածայր քերծեր, մի-մի շիշ փափախ, և ձորում դրնգան էշի զռռոցը զիլ արձագանք է տալիս` դմբ-դմբ դրնգան: Եվ երբ ձորերում արձաքանքը մի ապառաժից մյուսն է խփում, այծերը քարի ծերպին նոսր մացառի կանաչ տերևները չեն ուտում, խլշած նայում են ներքև, ձորի անդունդին և մկկում:

Կա մի գյուղ` Դրմբոն, ճանապարհից հեռու, առանց դպրոցի, Դրմբոնում մի տերտեր` տեր Մարուքը խնուսցի: Երբ «փաշայի» գաղթականության ալիքը պղտոր, տարիներ առաջ լափին տվեց Դրմբոնի ձորերին և հեռացավ, պղտոր ալիքը դրնգան ձորերում թողեց մի տաշեղ`խնուսցի տեր մարուքին:

Պատահել է ճիշտ այնպես, ինչպես մանկական հեքիաթումն է գրված. «Երկինքը փուլ եկավ, մի կտորն էլ պոչիս ընկավ»: Եվ այդ կտորը տեր մարուքն էր, որ ընկավ Դրմբոնի պոչին:

Մի ամիս, երկու ամիս հիվանդանում է տեր Մարուքը, հետո տեղը լայնացնում, դառնում Դրմբոնի ծխատեր քահանա: «Մենք քեզ հոտ, դու մեզ հովիվ», ասում են դրմբոնցիք: Տեր Մարուքը երջանիկ օրերում է ապրում, խժռում, ինչպես թրթուրը կաղամբի համեղ տերևը, անդաստանով, պատարագով լղարած կողերը ճարպակալում:

Դրմբոնում կա մի կին ` Գյուլբահարն այրի, երկու որբատեր, տունը` մեկը քսան երդիկից, տեր Մարուքի քսան ծխից, – տունը գյուղի ծայրին: Գյուլբահարը` մարդաթող, Գյուլբահարը`«գարնան ծաղիկ»: Եթե ապրեր Թլկուրանցին Դրմբոնում, Գյուլբահարի համար երևի կասեր.

– Գենա բահար, այլվի բահար, —

– Այլվի կուտան սիրո խաբար…

Թլկուրանցու փոխարեն տեր Մարուքն է մտքում ասում, թե ի՜նչ փափուկ միս ունի Գյուլբահարն այրի: Ճարպոտում է տերտերը, եռում է արյունը երակներում, և զատկին մասունք տալիս նրա ձեռքը կամացուկ շոյում է Գյուլբահարի թշերը:

Մի տարի, երկու տարի: Գյուլբահարն է տերտերի փոխնորդը լվանում, փարաջան կարկատում: Փոխնորդը թևի տակ Գյուլբահարի մոտ գնալիս տերտերը մութին է սպասում, գիշերին` անլուսին:

Մեկ, երկու. հոգևոր հորդորը դառնում է մարմնավոր, և ամեն անգամ, Գյուլբահարի տնից վերադառնալիս, տեր Մարուքն ավելի ախորժով է սղալում միրուքը, մեջն սպիտակած, շրթունքները ծպպացնում: Այդպես հանգստանում է ճանճը, սեղանի վրա մոռացված շաքարի կտորը լիզելուց հետո:

* * *

Մի օր էլ Դրմբոն կոմսոմոլ մի տղա եկավ, ասեց, խոսեց, դրմբոնցի ջահելները խմբով ճամփա դրին նրան: Մյուս օրն արդեն կոմսոմոլը Դրմբոնում բջիջ ուներ:

Գյուղն առաջ էլ դժգոհ էր տեր Մարուքի Գյուլբահարի մոտ գնալուց: Դժգոհությունը խուլ էր: Դրմբոնը չէր հավատում, թե քահանան անդաստանից բացի Գյուլբահարի համն էլ գիտե:

Դրմբոնը նահապետական, վագոնի երեսը չտեսած, Դրմբոնը` առանց երկաթ գութանի, կոմսոմոլն էլ հին ադաթով, պապական նամուսով: Մի հարց, որպես սյուն, ցցվում է ջահելների առաջ:

– Մեր գյուղի պատիվը գաղթական տերտերն էսպես ոտնատակ տա՞… Այ նրա կարգին, ճակատի մեռոնին…

Դրնգում է կոմսոմոլը, արձագանք են տալիս լուսավորչական ծերերը: Յախշին` Դրմբոնի նախագահը, գործի է անցնում, հետևում են, պայման անում տեր Մարուքին բռնելու:

Զգույշ է տեր Մարուքը, զուսպ է, բայց սենյակի մթության մեջ ցանկությունները հաճելի «ելանեն, լեռնանան և իջանան, դաշտանան»…

Չի լինում, չի դիմանում: Մի գիշեր էլ, «տաքության մեջ» հարևանի երեխին ուղարկում է Գյուլբահարին կանչելու, տերտերի մրսած մեջքին գավաթներ փակցնելու: Երեխան Գյուլբահարին է կանչում, հետո ծլկվում Յախշու մոտ:

Վառվում է տերտերի տան կավե ճրագը, Գյուլբահարն իր ձեռքով է կախում կարպետը պատուհանից և երբ հանգցնում է կավե ճրագը, Յախշին կապում է դռան ռիզան:

Ասես արջ է թաթը կոխել ծառի փչակում բուն դրած մեղվանոցում: Այդպես աղմկում է Դրմբոնը գիշերով, կանայք կտուրներից չանչ են անում Գյուլբահարին, մոթալ փափախներիտակ հարյուր աչք է պեծին տալիս, մթնում մահակները շարժում:

Տեր Մարուքը` մթին սենյակում, թակարդ ընկած արջի պես մռռում է, խաչակնքում երեսին, իսկ դուրսը` գարնան վարար հեղեղի պես վշշում է Դրմբոնը, աղմուկից զրնգում են ձորերը…

– Այ ժողովուրդ կարգին խնայեք … – Մուխսին է կանչում, գեղի ալևորներից` հարգով, պատվով:

Յախշին ետ է տալիս ամբոխին աղմկող, մինչև լուսաբաց պահակ է դնում տերտերի դռան: Եվ միչև լուսաբաց օջախի մոտ ջահելները խոսում են, պլան քաշում, թե ինչ անեն տեր Մարուքին:

Առավոտյան գյուղի մեյդանում,կաղնու շվաքի տակ, ուր ամռան շոգին նախրից ետ արած հորթերն են դինջանում, կաղնու շվաքի տակ, գեղական ժողովը որոշում է տեր Մարուքին գյուղից հանել:

Երեք օր բերնեբերան, ձորերի արձագանքի պես, գիշերվա լուրն է տարածվում: Խոսում են մոտիկ, հեռու հարևանները: Մեկը թե`

– Գնացի, որ երդը ծածկեմ, տեսա տերտերի տանը ճրագը հանգած: Երդից կռացա, փսփսոց էր գալիս, իմացա, որ տերտերը Գյուլբահարի հետ պոռնիկություն է անում: Էդ միջոցին Յախշին գցում է ռիզան:

Մի ուրիշը պատմությունն ավելի է ծաղկեցնում.

– Վազեվազ գնացի տերտերի տունը և հեռվից տեսա, որ տերտերը դուռը ծեծում է. նաև տեսա, որ մի շվաք տան աջի կողքով անցավ դեպի վերև…

* * *

Մի օր էլ թուղթ եկավ Յախշու անունով, դատարանն էր կանչում: Ո՞վ էր սովորեցրել տեր Մարուքին գործը դատարանին տալ:

Էլի ժողով, էլի աղմուկ քարի գլխին ցինի բնի պես թառած Դրմբոնում:

– Սաղ գեղով վկա ենք, տեր Մարուքին հանենք մեր գյուղից…

Եվ քարվանը շարժվում է դատարան, ճանապարհին` աղմկելով, խոսքը մեկ անելով, մահակներով:

Դրմբոնը դատարանի կարգին ծանոթ չէ դեռ: Եվ երբ քարվանը ներս մտավ, Մուխսին, որ գիշերվա աղմուկին կանչել էր, թե կարգին խնայեք, Մուխսին տեսավ տեր Մարուքին դատարանի անկյունում, նստարանի վրա կուչ եկած: Եվ Մուխսին, թե`

– Բա ես քո տեղն ա՜, տերտեր, – ասաց և սկսեց պատերից կախված նկարներին նայել:

Դատարանի լուսավոր սենյակի պատերին խառնիխուռն նկարներ են փակցրած: Ահա մի պլակատ` կաթնարտելի մասին, թևավոր մի ուղտ, օդի ոլորտում թռչում է, տակը տպած « Կորչի իմպերիալիստական պատերազմը»: Այդպես տպել են, բայց «պատերազմի» վրան դատարանի ցրիչը փակցրել է «դատարանը» և ստացվել է «Կորչի իմպերիալիստական դատարանը»:

Դրմբոցիք նայում էին պատի նախշերին, Մուխսին բոթում էր Յախշուն – տես, ինչ նախշուն կով ա էն…

Դատավորը մեղադրականը կարդաց, և երբ Յախշին ասաց, թե չհասկացանք, դատավորը բացատրեց, որ խորհուրդը մեղադրվում է ինքնագլուխ և ապօրինի բանտարկության համար: Մի կուժ սառ ջուր թափվեց Մուխսու գլխին, և նա շշմածի պես նայեց պատերին, դատավորին, կոշտացած մատներով փափախը ճմռթեց, ինքն իրեն հարցրեց, թե`

– Էս ո՞նց ա, տեր Մարուքը գեղի պատիվը թափեց, հիմա Յախշին ա մեղավո՞ր…

Եվ երբ դատավորը Յախշուն հարցրեց, թե մեղավոր է ճանաչում իրեն, Մուխսին առաջ ընկավ.

– Մեղավորը տերտերն ա…

Յախշին խոսեց, Մուխսին, դրմբոցիք: Մեկն ասաց, թե գյուղի կանայք են դրդել, որ Գյուլբահարի գլխին այդ խաղն անեն, թե չէ`

– Մենք էլ կսովորենք նրանից:

Այդպես են ասել դրմբոնի կանայքը:

– Գյուլբահարն ինչպիսի՞ կին է, վարքի կողմից մաքու՞ր է, թե ոչ, – հարցնում է դատավորը:

Դրմբոնցի մեկը, արծվաքիթ, քթում խոսող, տեղից կանչում է`

– Գյուլբահարին իսկի կարողանու՞մ ենք պահել. ետ տալ ետ ճանապարհից:

Մի ուրիշը, որ խոսելիս ձեռքերը կրծքին է խաչում և խոնարհ գլուխ տալիս, մի իսկական դրմբոնցի, դատավորի հարցին, թե` առաջ էլ է՞ տեսել Գյուլբահարին տերտերի մոտ, – պատասխանում է.

– Մի անգամ եմ տեսել:

– Ի՞նչ էր անում…

– Չեմ կարա ասի, լեզուս պատ չի տա ասեմ:

– Ուրիշին հո չե՞ս ասել դրա մասին:

Бесплатно

5 
(2 оценки)

Читать книгу: «Մթնաձոր»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно