Читать бесплатно книгу «Մթնաձոր» Ակսել Բակունց полностью онлайн — MyBook

ՄԻՐՀԱՎ

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ: Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համարել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը:

Աշուն էր, տերևաթափով, արևի նվաղ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառների ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը: Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնհարվում էր քամու առաջ: Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն: Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը:

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում: Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում: Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ:

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը:

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին: Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը:

Չորացած ոստերի և ցողունների մի կապ ժողովել էր, դրել մոտը: Եվ հոգնությունից հանգստանում էր, աչքը հեռու սարերին: Նստել էր ու միտք էր անում` ականջը սիմինդրի տերևների խշշոցին:

Աշնան արևը ջերմացնում էր նրան. ձորի խաղաղությունը դուրեկան էր: Ծառերին փաթաթված վազերն օրորվում էին քամուց, Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև: Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ:

Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից: Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե՞ մի ուրիշ ձեռք:

Աշնան խաղաղ օրերին նրան հաճելի էր և՛ սիմինդրի տերևների խշշոցը, և՛ վազերի օրորը, և՛ հնձանի դռնակի երգը:

Այդպես մի անգամ էլ, շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը: Էլի արև օր էր: Հնձանի ստվերում ուռենու կողովների մեջ սև խաղողը շողշողում էր:

Ներսը` քարե տաշտի մեջ, Դիլան դային, մինչև ծնկները բաց ոտներով, ճմլում էր խաղողը, և արնագույն շիրան քարե տաշտից ծորում էր կավե կարասը:

Հնձանը շոգ էր: Ճմլում էր խաղողը, ինքն իրեն դնդնում կայտառ մի երգ, և քրտինքի կաթիլները գլորվում էին, ընկնում շիրայի մեջ: Երիտասարդ էր այն ժամանակ. երակներում արյունը եռում էր իբրև թունդ գինի:

Դռան ձայնին Դիլանը գլուխը դուրս հանեց: Այգում ոչ ոք չկար: Ու հանկարծ, երբ սիմինդրի մարգերում երևաց գլխի զառ կապույտ մանդիլը, ինքը պահվեց դռան հետևը:

Կարծես հավք էր թաքնվել անտառի մթին խորշում: Ապա վիզը երկարեց, ինչպես կաքավը դեղնած արտերում խշշյուն լսելուց, և մի ջահել կին դուրս եկավ սիմինդրի խիտ արտից: Դուրս եկավ ճոճեց բարակ մարմինը, որպես եղեգ և կաքվի մանր քայլերով սորաց դեպի հնձանը:

Սոնան էր, զառ մանդիլով նորահարսը, լույս ատամներով այն աղջիկը, որ այնպես զրնգան ծիծաղում էր, երբ առվակի մեջ կախում էր սպիտակ սրունքները, իսկ դրացու տղան` Դիլանը, ջուր էր ցնցղում նրա ողկույզի պես գանգուր մազերին:

Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին: Դռան մոտ զրնգացին Սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները, և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով:

Հանկարծ տեսավ նրան, ցնցվեց, ոստյուն արեցդեպի հետ, բայց մի կրակված ձեռք փակեց հնձանի դռնակը:

– Բաղը մարդ կգա, Դիլան, – դողալով խնդրեց նա:

Ու չիմացավ գինուցն էր, թե հնձանն էր տաք, – Դիլան դային չիմացավ:

Սոնայի ականջին շշնջաց.

– Կաց, անխիղճ…

Շշնջաց ու պինդ-պինդ փաթաթվեց նրան: Այնքան դուրեկան էր նրա շույը վեր չարած, լաջվարդ հալավի հոտը, այնքան տաք էր հնձանը:

Սոնան օձ պես կեռումեռ արեց, փորձեց ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրեց, խոստացավ:

Որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը, և մեջքը խոնհարեց… Անիմաստ մաքառումից հոգնած, հարսը սրտաբուխ նրան ընծայեց իր մարմինը, որպես անարատ զոհ: Եվ նա ագահ համբուրեց հարսի կարմիր լար շրթունքը, անհագուրդ հիացավ ոսկեդեղձան հյուսերով, որ ծփում և խշշում էին լուսեղեն լանջի վրա:

Հետո թևը ջարդած հավքի պես Սոնան ամաչկոտ դուրս թռավ հնձանից, մի անգամ էլ շորորաց այգու շողոտ խոտերի վրա և ներսը թողեց լաջվարդ շապիկի բույրը:

Իսկ զրնգան սուրմաները կայտառ կոհակների նման ծափ էին զարկում:

* * *

Նրանք մանկության ընկերներ էին, և նրանց սերը էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը: Առուների ափին, այգիներում, դաշտերից խուրձ կրելիս, ամառվա լուսնյակ գիշերներին խոտի դեզի մոտ, – ամեն տեղ այդ սերը ծիծեռնակի պես ճռվողում էր , մինչև հասունացան նրանք, և մի օր էլ մեծատուն հարևանի շեմքով ներս մտավ Սոնան, հարսի քողը երեսին, քողի տակ արցունքից կարմրած աչքերը` պայծառ, որպես լեռնային ծովակ:

Հարսանիքից չորս ամիս հետո պատահմամբ հանդիպել էին իրար այգիների ճանապարհին: Դիլանը նրան կանգնեցրել, հարցրել էր հալը, Սոնան թախիծով թոթվել էր ուսը և արագ հեռացել:

Հանդիպումը բորբոքել էր նրան, բայց առաջվա նման մոտիկ լինելու ցանկությունը, իբրև խոր երկնքում նազով ճախրող թռչուն, երբեք չէր իջնում նրա շեմքին:

Ու հանկարծ այդ հավքը թառեց նրա ուսին…

Ինչու՞ եկավ այգին, արդյոք Սոնան մանկության առվակի ջրե՞րն էր կարոտել, թե՞ պատահմամբ մոտեցավ հնձանի դռնակին` մտածելով, որ ներսն էլ ամայի է, ինչպես այգում: Դիլան դային մինչև վերջը չիմացավ այդ:

Մի քանի անգամ մոտեցավ, կամեցավ նրա հետ խոսել, բայց Սոնան խույս տվեց:

– Թո՛ղ, Դիլան, գնա քեզ համար…

Եվ էլ իրար չտեսան:

* * *

Դիլան դային միայն գիշերը տուն գնաց: Ամբողջ օրը թափառել էր ձորում, եղել էր հարևանի այգու շրջակայքում, աղբյուրն էր գնացել, փողոցի անկյունում կանգնել էր, բայց ոչ մի տեղ Սոնային չէր տեսել:

Լուսնյակ գիշեր էր, երկինքն անամպ: Փչում էր գիշերվա հովը: Դիլան դային պառկեց դեզի գլխին, նոր հարած խոտերի վրա ու քոնը չտարավ:

Հազարավոր չորացած ծաղիկներ բուրում էին խոտի խուրձերի միջից, և լուսնյակ գիշերով նրան այնպես էր թվում, ասես այդ նույն դեզի վրա պառկել է Սոնան և խուրձերի մեջ թողել լաջվարդի բույրը:

Լուսաբացին հալվեցին աստղերը, գիշերվա լազուրը գունատվեց: Երբ ծաղիկներն արթնացան գիշերվա նիրհից, և ցողը շողշողուն կաթիլներ շարեց նարնջագույն քարերի վրա, – արևի առաջին շողերի հետ, գյուղի դիմաց, դեղնած արտերում զարթնեց կաքավը – Կա՛խ-կղա, շա՛խ-կղա…

Լսվում էր կաքավի թավ երգը: Ավելի վերև, անտառի խորքից, կանչում էր միրհավը:

Դիլան դային վեր կացավ, ուսը գցեց կայծքարով հրացանը և երեսը դարձրեց դեպի սարալանջի անտառը, որտեղից կանրում էր միրհավը:

Սիրտ չուներ իջնելու այգին, տեսնելու հնձանը:

Քայլում էր Դիլան դային շաղոտ խոտերի միջով, հնձած արտերն էր կոխ տալիս, ոսկեգույն ծղնոտները և գլուխը կախ բարձրանում դեպի անտառը` արահետի կեռմաններով և թփերի միջով:

Ահա ճամփի եզրին` մասրենու պառավ թուփը, նրա մոտ տափակ քարը, որի վրա հովիվներն այժմ էլ աղ են ցանում ոչխարի համար… խուրձ էին կրում միասին` ինքը, Սոնան: Արևը խանձել էր աղջկա երեսը, ոսկեդեղձան հյուսերի ծայրը: Դեղին ծղնոտի փշրանքներ կային մազերի արանքում:

Կալից ձիերը քաշում էին, հսնում այդ քարին և ձիերը կանգնացնում: Ինքը բարձրացնում էր Սոնային ձիու վրա, հետո իր ձին նստում և գնում արտերը խուրձի:

Մի անգամ էլ Սոնան խնդրեց, որ միասին նստեն: Ու մի ձին հետքից քաշեցին: Առջևը Սոնան էր նստել, հետևում ինքը: Մի ձեռքով սանձն էր պահում, մյուսով գրկել էր նրա բարակ մարմինը: Աղջկա ծամերը քսվում էին նրա երեսին:

Իսկ մյուս առավոտը, երբ այդ քարին հասան, և ինքն առաջարկեց նորից միասին մի ձիու նստեն, Սոնան հայտնեց, որ մայրը հանդիմանել է իրեն և խստիվ պատվիրել առանձին նստելու…

– Ինչու՞:

– Ամոթ է, – ասաց աղջիկը արդար ժպիտով:

Դիլան դային մոտեցավ մի դեզի, ձեռքը կոխեց խուրձերի մեջ և տաքություն զգաց: Կեծացել էին խուրձերը, գիշերվա խոնավությունից հասկերը տմկել էին:

Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց կայծքարով հրացանին, միտք արեց: Սոնան այստեղ մի ամառ քաղհան էր անում, կռանում էր ցորենների վրա, մատները փուշ էին մտնում: Սոնան հնձվորի համար հաց էր բերում, քրտնում էր արևի տակ և քրտինքից շապիկը փակչում էր լանջին:

Լինե՜ր, այնպես լիներ, որ ինքը հնձվոր լիներ, նրանց արտը հնձեր, Սոնան հաց բերեր իրեն, շապիկը քրտներ և քրտնած նստեր կողքին:

Ետ նայեց Դիլան դային, եկած ճանապարհին նայեց: Մարդ չկար. աշնան մերկ դաշտերն էին: ու միայն մասրենու կարմիր թփերն էին, և փայլուն մասուրները դեղնած տերևների արանքում:

Հանկարծ մի թփի ետևը լսվեց կաքավի ձայնը.

– Կա՛խ-կղա, շա՛խ-կղա…

Դիլան դային զգույշ քայլերով, կուզեկուզ մոտեցավ թփերին: Հնձած արտերում կաքավները հավաքում էին ընկած հատիկները, կտցահարում թափված հասկերը: Մեկը չէր, շատ էին: ցատկոտում էին, օրորում գեր մարմինները: Գարնան երկու ճուտեր մի հասկի համար կռվում էին` կտուց կտուցի:

Դիլան դային չոքեց, նշան բռնեց: Մի գեր կաքավ սպիատկ վիզը ձգեց, սկասեց չորս կողմը նայել: Մյուսները լռեցին, տապ արին ծղնոտների մեջ: Քամին խշշացրեց թփերը, ինչպես Սոնան` սիմինդրի երկար ցողունները… Ու խշշոցը կաքավներին հասավ թե չէ, իսկույն փռռալով մի քանի հանգույց արին օդում, իջան արև առած արտերի վրա:

Ճանապարհը շարունակեց: Քանի գնում թփերն ավելի էին շատանում, արտերի մեջ երևում էին հատուկենտ կաղիններ` ծռված, կռացած, կայծակից խանձված: Ասես պահապաններ էին կանգնել անտառի և արտերի սահմանում:

Արահետը բարակում էր: Վերջին արտերն էին կոխ տալիս: Անտառից հովը փչեց նրա դեմքին, ռունգերն ագահորեն ծծեցին անտառի խոնավ ու զով օդը:

* * *

Անտառը ծանոթ էր նրան, գիտեր, թե որտեղ է սիրումսիրում բուն դնել ու կանչել միրհավը, մթին անտառների ոսկեփետուր թռչունը:

Անատսռի մեջ մամռոտ ժայռեր կային, արջաբներ, քամուց ընկած դարավոր կաղնիներ, որոնց վրա սունկերը շար էին ընկել: Ծառերի կիսաչոր ճղները մամռոտել էին, և կիսախավարի մեջ կարծես հետին ոտքերի վրա բրդոտ արջռր էին կանգնած:

Ժայռերին չհասած` դիմացից լսվեց հրացանի պայթյուն:

Աղմուկից դրնգաց անտառը, դեղին տերևներից ցողի խոշեոր կաթիլները մետաղի ծանրությամբ ընկան խազալի վրա: Մթնկա խորշում թփրտաց գիշերահավը:

Ո՞վ պիտի լիներ: Կայծքարով հրացանի ձայն չէր: Իսկ գյուղում ուրիշ բերդան չկար:

– Տեսնես ո՞վ է որս անում, – մտածեց նա:

Տերևները խշշացին: Դիլան դային տապ արավ, պահվեց քարի ետևը: Միրհավն էր, հանգիստ քուջուջ անելով փոխում էր արնագույն տոտիկները և կտուցով քրքրում լորենու փափուկ տերևները:

Դիլան դային թաքստոցից գլուխը հանեց նշանի, հրացանի փողը երկարեց քարի վրա: Բայց հանկարծ թռավ միրհավը, հետքից մի ուրիշը, ապա երրորդը, չորրորդը…

Զգույշ է միրհավը, դժվար է նրան խփել: Երբեմն այնքան մոտ է գալիս, ահա ուզում ես կրակել, բայց մի թեթև խշշոցից, նույնիսկ որսորդի խոր շնչառությունից, – բացում է թևերը, թռչում գնդակից արագ, ծղրտում, պտույտներ անում թանձր սաղարթի վրա և անձայն իջնում մի ուրիշ տեղ: Զգույշ է միրհավը, քուջուջ անելիս ձգում է վիզը, աջ ու ձախ կռանում և ապա նորից երկարում վիզը, չորս կողմը նայում:

Դիլան դային թաքստոցից դուրս եկավ, ճանապաչհը շարունակեց: Արդեն անտառի խորքն էր, տեղ-տեղ ծառերն անանց պատնեշ էին կազմել: Տերևները հարյուրավոր տարիներ թափվել էին իրար վրա, արևերես չէին տեսել ու չէին փտել: Ծառերի բները թաղնել էին տերևների կույտի մեջ, և ճյուղերը թխսամոր թևերի նման փռել ստվերում բուսած կապույտ սունկերի վրա:

Դիլան դային կոխ էր տալիս չորացած տերևները, թաղվում, ինչպես հարդի շեղջի մեջ, սայթաքում և ճղներից բռնելով ճանապարհը շարունակում:

Հասավ աղբյուրը, կռացավ, կուխտ խմեց: Քիչ հետո իջավ լորենիների ձորը:

Ներքև, քարերի վրա, այնքան շատ միրհավ կար… Արևը տաքացրել էր մամռոտ քարերը, ոսկեփետուր միրհավը, թևերին սև պուտեր, թռչում էր քարից քար, կանչում, կտցահարում հարևանին, էգի շուրջը պտույտներ անում:

Նշան բռնեց: Երբ քարը կայծ տվավ և կայծից բռնկվեց վառոդը, հրացանի փողից բոց ու մուխ ելավ, ձորերը որոտացին ահավոր արձաքանքով, ձորից թռան միրհավները` թևերը լայն, փափուկ բմբուլով, թևերը փռած աշնան արևի ոսկե շողերի տակ:

Միայն մեկը թպրտաց, մամռոտ քարից վայր ընկավ թփուտների մեջ:

Դիլան դային վրա վազեց և վազելիս նկատեց, որ մի սպիտակ շուն, լեզուն հանած, ցատկեց թփուտների կողմը: Որսկան շան շունչն ու Դիլան դայու ձեռքերը միասին ձգվեցին դեպի արնոտ միրհավը:

Նրա մատները դիպան դեղին բմբուլներին, բայց վիրավոր միրհավը հանկարծ թևին տվեց, թռավ վեր: Երկու փետուր օրորալով վայր ընկան, աշնան դեղին տերևների նման:

Դիլան դային ափսոսանքով նայում էր արնոտ միրհավի ետևից, երբ հանկարծ, շատ մոտիկ լսեց ոտնաձայն: Հետ նայեց, աչքերը զարմանքից լայնացան,և հրացանը բնազդմամբ ձեռքից վայր սահեց ծառի ետևը: Անտառապահն էր, աչքերը` կաս-կարմիր ածուխ…

Մոտեցավ, բղավեց, և մինչև ուշքի կգար, նար մտրակը օդը ճեղքելով չափեց Դիալն դայու ուսը, մինչև թիակների ոսկորը,մրմուռը ծակծկեց, ինչպես եղինջի հարվածը բաց մսերի վրա:

Անտառապահը հարվածում էր նրան և զայրանում, որ Դիլան դային փախցրել էր նրա զարկած միրհավը:

Անտառապահի որսկան շունը մեկ նայում էր տիրոջը, մեկ Դիլան դայուն, մռռում էր, պոչը գետնով տալիս, մեկ բերանը բաց` հուզմունքից հորանջում, մեկ էլ անհանգիստ հոտոտում թփերը, որտեղ քիչ առաջ թպրտում էր արնոտ միրհավը:

Անակնակալ հանդիպումը նրան շշմեցրեց… Նրանք արդեն հեռացել էին, երբ Դիլան դային ուծքի եկավ, նայեց նրանց հետևից, մտաբերեց շան կարմիր երախը…

Դիլան դային նստեց քարի վրա: Ցավից նրա դեմքը կծկվում էր: Մեջքը կարծես շիկացած շամփուրներով խանձել էին, աչքի տակը հարվածից տաքացել էր: Երկար միտք արեց Դիլան դային, աչքի միրհավի երկու փետուրներին: Մի անհուն դառնություն և կսկիծ ավերեց նրա չքնաղ օրը:

… Արևը խաղում էր մայրամուտի ամպերի հետ: Անտառում լռություն էր: Միրհավը թռել էր հեռու… Մամռոտ քարի վրա երկու փետուր էր ընկած, դեղնագույն-սև պուտերով, իսկ թփի չոր ճյուղերին` արյան կաթիլներ:

Դիլան դային ձորով իջավ ներքև:

Երբեմն երազ էր թվում միրհավը, բայց մտրակի տեղերը մրմնջում էին, աչքի տակ ցավ էր զգում, ոտքերը թեթև դողում էին:

Սեղմել էր հրացանի տաք փողը, ինչպես միրհավի մարմինը, որին միայն մի վայրկյան շոշափեց և մատների ծայրով զգաց, որ բմբուլը փափուկ է: Միրհավի մարմինը` տաք բմբուլ, ինչպես Սոնայի մարմինը լաջվարդ շապիկի մեջ:

Տուն չգնաց: Քարքարոտ արահետով իջավ այգին: Ճռնչաց հնձանի դռնակը, ներս մտավ, մեկնվեց քարե հատակի վրա:

Երբ առավոտյան արևի շողքը հնձանի դռնակի ճեղքով փայլեց ներսում, Դիլան դային զարթնեց, տրորեց աչքերը և աչքի տակ ցավ զգաց: Ուռուցքը չէր անցել:

Այդ օրը նա քարե տաշտում ավելի զայրացած էր ճմլում սև խաղողը և չէր զգում, թե ինչպես քրտինքը գլորվում է ճակատից, կաթում պղտոր գինու մեջ:

* * *

Աշուն էր, պայծառ աշուն…

Հնձանի առաջ նստել էր Դիլան դային, գլուխը խոնհարել կրծքին ու միտք էր անում արևի տակ` անցած-գնացած օրերի մասին:

Այդ աշնան հաջորդ ամառը Սոնան մեռավ երեխայի վրա, և լաց լացին նրա մայրը, ամուսինը, բարեկամները: Ուրիշ աղջիկ գնաց նրա տեղը, Դիլան դային էլ կին առավ, բայց հիշողության մեջ հավիտյան անջինջ մնաց Սոնան, հնձանը, լաջվարդ շապիկը, արծաթե սուրմաները:

Դիմացի բլրակի լանջին գերեզմանատունն է: Սոնայի գերեզմանաքարի վրա մամուռ կա, գրերը վաղուց լցվել են հողով, քարը թեքվել է մի կողքի վրա և թաղվել հողի մեջ:

Սոնային լաջվարդ շապիկով թաղեցին: Արդեն վաղուց փտել է լաջվարդն էլ, ոսկե մամուռի նման մարմինն էլ…

Քանի աշուն էր անցել այն օրից, – համարք չունի: Գիտի, որ ինքը զառամել է արդեն, քայլելիս հենվում է փայտին, աչքը չի տարբերում աշնան անտառի գույները, ականջը սուր չէ մանրիկ ոտնաձայն լսելու:

Հնձանի առաջ խոխոջալով հոսում էր առվակը, գիշեր-ցերեկ ջուրն աղմկում էր, ջրի անվախճան և անքննելի զրույցն անում մամուռներին, քարերին …

Դիլան դային առվակի կողմը նայեց, ժպտաց: Նրա հիշողության խավար անդնդում բոցկլտաց այն օրը, ինչպես միայնակ աստղը մթին երկնքում: Այն օրը, երբ Սոնան սրունքները կախել էր առվակի վրա և ծիծաղում էր…

Ապա միտքը սահեց, արահետով անցավ դեպի անտառը:

Միրհավ կար անտառում, թռավ արնակոլոլ, երկու փետուր թողեց փափուկ մամուռների վրա: Միրհավի պես էր Սոնան, աչքերը խաղողի սև հատիկներ, – տարիներ առաջ, մի արևոտ աշնան, երբ իր ջլուտ ոտքերը պղնձաքրի ծանրությամբ ճմլում էին խաղողը, և անապակ գինին շիթ առ շիթ ծորում էր մատների արանքով…

Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր:

… Դիլան դային վեր կացավ, հետ քաշեց հնձանի դուռը, երկաթե փակն ամրացրեց, մինչև մյուս գարուն: Ապա կռացավ, դժվարությամբ շալակեց չորացած ոստերի և ցողունների կապը և հոգնած ոտքերը ծերունու հուշիկ քայլերով փոխեց դեպի այգու դուռը:

Այգում էլ ոչ ոք չմնաց:

Միայն իրիկվա հովից խշշում էին սիմինդրի կոշտացած ցողունները. չորացած տերևներն անհանգիստ խմբվում էին այս ու այն անկյունում, թպրտում հուսահատ և անմռունչ պառկում սև գուբի մեջ:

1
...
...
10

Бесплатно

5 
(2 оценки)

Читать книгу: «Մթնաձոր»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно