Читать бесплатно книгу «Մթնաձոր» Ակսել Բակունց полностью онлайн — MyBook

«ԽԱՂԼԱՑԱՎ»

Տարօրինակ թվաց զուռնայի կանչը զիլ և դհոլի աղմուկն ընդհատ աշնան արևուտ ցերեկին, բլրի լանջին արևոտ արած գյուղում:

Հարսանիք չէր և ոչ կերուխում կամ կնունք: Այդպես չի փչում զուռնան ուռած թշերով, մի աչքը միշտ կիսախուփ զուռնաչին երբ պարն է զլում, թնդում:

Առաջին պահ դժվար էր որոշել, թե ո՞ր գետնափոր խրճիթումն են նվագում: Երբ զարմացած հարցմունք արի ծանոթ գեղականից, նախ չուզեց ասի, ապա մատը դիմացի տունն ուղղեց և ասաց.

– Տասն օր ա էսպես խաղում ա, գիշեր-ցերեկ…

Դիմացի տունը՝ կտուրը խոնարհած, մի քիչ թեք ընկած տուն էր, կտրին աթարի դեզ՝ շիշ փափախի պես, դեզի մոտ դեղին դդումի մի շարք: Փողոցին նայող միակ պատուհանը ներսից շորով էր ծածկած:

Զուռնան նվագում էր ներսում, դմբում էր դհոլը, ինչ-որ մարդիկ ոտքերը գետնով էին տալիս սենյակի սալաքարին: Փակ էր դուռը տան, բակում օքմին չէր երևում: Եվ եթե մեկն անցնում էր փողոցով, շորով ծածկած պատուհանի առաջ չէր կանգնում, զուռնայի նվագը չէր լսում, այլ արագաքայլ էր անում:

Եվ` ծանոթ գեղականն իմ հեռացավ մի քիչ, նստեց փողոցում ընկած գերանի վրա, շփեց ճակատն ու ասաց, թե`

– Հայվանի ադաթ ա մեզանում էդ խաղը, խաղլացավը…

Չկարողացա իմանալ, թե ինչ ցավ է. բռնում է հանկարծ, ասում են, շատ միտք անելուց, հանկարծակի կորստից կամ հրճվանքից անչափ: Հիվանդի ոսկորները ցավում են:

– Ցավը որդի պես, սաղ ջանով ման ա գալիս… Մին ծունկն ա ծակում, մեկ էլ փախնում սրտի տակ: Պետք ա էդ որդին սպանեն:

Եվ սպանում են «խաղլացավով»: Կիսամութ սենյակում նստոտում են վարձովի լալկան կանայք, հիվանդը նստում է նրանց մոտ: Լալիս են կանայք վարձկան, սուգ անում, մղկտում, և հիվանդի սիրտը թուլանում է, մարելու պես լինում, մեկ էլ ծլունգ լինում ընդոստ, սկսում պարել՝ խելագարի ցատկումներով անմիտ, գետնովն է տալիս իրեն, մարմինը կոտրատում և պարում, պարում ժամերով: Քրտնում է, փրփրում, բայց թնդում է պարը: Սենյակի անկյունում նստած զուռնաչին զլում է զուռնան, դհոլը դմբում է արագ, նվագն ասես թե ոսկրի մեջ է մտնում, և մարմինը՝ դհոլի դմբոցի հետ վեր-վեր է թռչում, ֆուտբոլի գնդակի պես:

Այսպես սկսվում է և երկու օր տևում: Նվագում են գիշեր-ցերեկ, հոգնած զուռնաչուն ուրիշն է փոխարինում, դարձյալ զլում զուռնան, դհոլին խփում, և հիվանդը պարում է, մինչև ուշաթափ լինի: Հիվանդին պառկեցնում են անկողնում, մի քիչ դադար առնում և հետո նորից սկսում:

Եթե երկու օրում չի լավանում, եթե հիվանդը դարձյալ գանգատվում է «որդի» ծակոցից, խաղալը շարունակում են, այս անգամ ավելի վայրենի, ավելի անիմաստ ու այլանդակ:

Զուռնի լայն բերանը մոտեցնում են հիվանդի ականջին, մեկը ձախ, մյուսը աջ, սկսում են փչել, ինչքան թոքերը կարող են շունչ պահել: Դհոլն էլ դնում են հիվանդի գլխին և փայտե կոպալներով հարվածում դհոլի պինդ քաշած կաշուն: Ինչքան ուժ ունեն, փչում են զուռնան, դհոլին կոպալները կարկտի պես են վեր թափում:

Հիվանդը ցնցվում է ցավից, հնչյուններից անախորժ, ոտքի է ելնում և նորից սկսում պարել: Այդ ժամանակ է, որ ներս են մտնում երկու ուժեղ տղամարդ, և սկսվում է «խաղալու ցավի» զարհուրելին:

Հիվանդին գետնով են տալիս, ոտնահարում, փափուկ մսից քաշում, թևերից բռնում, ձգում, հրում մի պատից մյուսը, աքացի տալիս, երակներից բռնում, քաշում, մատները կոտրատում…

– Սաղ մարդը մի սհաթ էլ չի դիմանա էդ չարչարանքին, – ասում էր ծանոթ գեղականն իմ: Իրեն էլ են կանչել, մի անգամ էլ ինքն է գնացել մարմինը ջարդելու:

– Էն մեջքի ճիլերից որ քաշում էի, ասում էի, թե հրես միսը պտի պոկվի… Ամա իրեն ցավ չի թվում…

Եվ ձեռքի բութն ու ցուցամատը կեռացրեց այնպես, ասես ցինի կտուց լինի:

* * *

Շատերից եմ հարցրել «խաղալու ցավի» մասին: Բոլորն էլ նույնն են ասում: Հիվանդին ջարդում են, տղամարդիկ աքացի են տալիս, կռները կոտրատում են, մարմինը կապտում է, արյուն է գալիս, բայց իբր թե հիվանդը ծպուտ չի հանում, «դուր է գալիս»:

Բեզարում են տղամարդիկ, հոգնում են կռները, քրտնում են սենյակի կիսամութում, ուր շնչելու էլ օդ չկա, որովհետև դուռ և պատուհան պինդ ծածկած է: Հոգնածին ուրիշ զույգ է փոխարինում, զուռնան էլի զլում է, վարձկան կանայք անկյունի մութում ձեն-ձենի են տալիս, լալիս, երեսները չանգռոտում, իսկ հիվանդը պարում է կամ տղամարդիկ գլորում են նրան, գետնով քարշ տալիս և միշտ աշխատում «որդը որսալ»:

Այդպես օրեր են տևում, գիշեր-ցերեկ անընդհատ, մինչև հիվանդը կամ լավանում է, կամ մեռնում: Պարից բեզարած, ջարդուփշուր մարմնով պառկում է անկողնում, դադարում է զուռնան, կանայք էլ չեն լալիս, և երբ հանգստի ժամը երկար է թվում, մեկը կանանցից մոտենում է հիվանդին, տեսնի` շնչո՞ւմ է դեռ…

* * *

– Հերու մեր գյուզում երեք հարս էին «խաղլացավով» հիվանդ… Մինն էլ երեխով էր, – պատմում էր ծանոթն իմ, փողոցի գերանին նստած. իսկ մի քիչ հեռու պատուհանը ներսից շորով ծածկած սենյակում զուռնան էր նվագում՝ միալար, ձանձրալի:

– Երկուսը լավացան, էն մինը երեխան փչացրեց, հիմի էլ ջան չունի…

Սովորաբար աշնան են սկսում բժշկել, «որդը» ցուրտն ընկնելուն պես սկսում է շարժվել, վերքեր են դուրս գալիս: Գյուղում պառավ կանայք կան, գիտեն, որ այդ «խաղալու ցավ» է: Եվ ահա սկսում են պատրաստություն տեսնել, մոտիկ գյուղից զուռնա-դհոլ կանչել, երկու կամ երեք «դաստա», որ իրար փոխարինեն:

Ես չկարողացա ստուգել, թե ինչքան են ստանում զուռնաչին ու դհոլչին: Խորհրդի նախագահի ասելով՝ օրական ութ ռուբլիով են պայմանավորվել: Շատ սազանդար չի դիմանում, չի համաձայնվում նվագել, թեկուզ բարձր գնով: Նոր սովորած զուռնաչիները միշտ էլ ուրախությամբ են համաձայնվում. սովորել կարող են, որովհետև նրանցից շնորհքով նվագ չի պահանջվում, այլ դարբնոցի փուքսի պես թոքեր:

– Օտարությունից ա եկել էս կինը, որ հրեն խաղում ա: Քաղաքներում չեն կարողացել օգնություն անել… Ինչքան երևելի բժիշկների մոտ են տարել, բոլորն էլ ասել են, թե «չխոտկա» յա, բժշկվիլ չի, հայրենիք տարեք… Հիմի էստեղ բժշկվում ա:

Երբ ես աչքիս տակով նայեցի խոսակցիս մազակալած դեմքին, ականջներին՝ մեջը մի-մի մալանչ բուրդ, – չկարողացա իմանալ, հեգնում է, թե՞ համոզված է, որ «էստեղ բժշկվում ա»…

«Խաղալու ցավ» – ով մեծ մասամբ կանայք են բռնվում, քիչ դեպքում՝ տղամարդիկ: Այդ օրվա հիվանդն իր երկու որդուն զոհ էր տվել մի դժբախտ պատահարի, ցավից դարձել մտազբաղ, շատացել է հոգսը, և «որդը սրտում բուն ա դրել»:

– Ինքը ջահել ա, համա որ տեսնես, էն ճիպոտը քեզ օրինակ: Մաշվա՜ծ, դեղնա՜ծ, սերկևիլի կճեպ:

Հարցրի նրան, թե ինչպես է հիվանդը դիմանում այդքան անասելի չարչարանքի, ինչպես է, որ շունչը չի տալիս:

– Տվող էլ ա լինում, առանց էդ չի… Դուր ա գալիս զուռնի հավեն, զուռնի ձենը ոսկորի մեջ ա մտնում, ոնց որ ջուրը պլտում ա, ինքն էլ էդ ցավից թռնում ա:

Իբր թե հենց առաջին օրը հիվանդը ջոկվում է: Եթե զուռնի նվագը նրան դուր է գալիս, լալկան կանայք իրենց սուգով, երգերով կարողանում են նրա աչքից արցունք քամել, եթե խաղը կռներն է ընկնում, ուրեմն նա «խաղլացավ» ունի, պառավները ճիշտ դիագնոզ են դրել, զուռնաչուն և կռները կոտրատող տղամարդկանց է մնում բժշկել:

Հիվանդին ուտելիք քիչ են տալիս. մի կտոր չոր հաց, մի գավաթ ջուր:

– Պետք ա սոված մնա, որ էն «որդը» դուրս գա: Առաջ «խաղլացավը» ավելի խայտառակ միջոցով են բժշկել: Եղել է զուռնան, անվերջ քաշկռտուքը, կանանց շիվանը, բայց մխացող աթարն էլ է եղել, շան չորացած կղկղանքը մխացող աթարի վրա:

Ուշաթափ հիվանդը պառկելիս է եղել վերմակի տակ, գլուխը ծածկել են վերմակով և մխացող աթարը՝ որպես բուրվառ, վրան կնդրուկ՝ կղկղանք, վերմակի տակ դրել կնոջ քթի առաջ, մինչև շնչահեղձ, թունավորված հիվանդը ջղային ցնցումներ է արել, վերմակը դեն շպրտել, ծառս եղել, որպեսզի զուռնի տակ պարի երիցս նզովված «ջազբանդ»…

Հիմա մխացող աթարը մոռացված է, բայց խաղալը մնում է, օր ու գիշեր, զուռնով, դհոլով, կիսամութ սենյակում, քաղցած, հյուծված հիվանդի խելագար ցատկումներով «խաղլացավը» մնում է դեռ մեր խուլ, յոթը սարի ետևում պահված գյուղերում, որպես «հայվանի ադաթ»:

– Էսօր տասներկու օր ա խաղում ա… Երեք դաստա սազանդար են կանչել, հլա «որդը» շարժվում ա…

Վեր կացանք, ծանոթ գեղականիս հետ անցանք շորով ծածկած պատուհանի առաջ: Սենյակից լսվում էր զուռնի ձայնը միալա՜ր, ձանձրալի, դմբում էր դհոլը, և անկարգ, մերթ թույլ, մերթ ուժեղ ոտնաձայներ էին լսվում սենյակից, ասես դագանակով խփում էին հատակի սալքարերին…

ԶՈՐԲԱՆ

Տունը գյուղի ծայրին է, ճանապարհի կողքին: Եթե գյուղը ման գաք, էլ ուրիշ ներկած դարպաս չեք ճարի: Կապույտ ներկ միայն նրա հաստ ու ամուր դարպասի վրա կա:

Եվ եթե բաց են դռները, փողոցից կարելի է տեսնել բակն ու տան սրահը:

Բակում բացօթյա մի արհեստանոց կա: Մեծ ու փոքր մուրճեր, սղոցներ, պայտարի գործիքներ, անիվների օղեր, սռնիներ, նոր քաշած տախտակների կույտ, կլպած գերաններ, որ չորանում են արևի տակ:

Ամեն օր մի քանի բանվոր է աշխատեցնում: Մեկը ցեխապատ է անում, նոր գոմի պատերը շարում, մյուսը քար է տաշում, իսկ ինքն էլ իր որդիների հետ լուսաբացից մինչև արևմուտ աշխատում է:

Իզուր չէ, որ գյուղում եթե մեկը լավ աշխատող է, ասում են՝

– Զորբա Օսեփի ճանկն ընկնի, մի շաբաթ էլ չի դիմանա:

Ինքն էլ է աշխատում և արհեստավորին շուտ-շուտ ձեն տալիս.

– Հը՛, քեզ մատաղ, օրը պրծավ, հա՜, շուտ արա, էս շարքն էլ պատի, իրիկունը արաղ կտամ:

Վարձը կալին է տալու ցորենով: Իսկ մինչ այդ եղածից բաժին է հանում: Եթե մի ծուռ գերան իրեն պետք չի, տալիս է արհեստավորին, տանի խանգարված կտուրի գերանը փոխի: Կալին հաշվից դուրս է գալու:

Բակի անկյունում զինվորական մի խոհանոց կա՝ կաթսան ժանգոտած, խողովակը ծուռ:

Մորեխի տարին մի փութ կորեկով է առել: Մտքում դրել է կաթսան հարմարեցնել արաղ քաշելու, իսկ մնացած երկաթեղենը ծախել:

Խոհանոցի մոտ ընկած է երկանիվ մի սայլ, կռիվներից մնացած: Կարգի է բերել, ներկել և գործ է ածում, երբեմն էլ քրեհով տալիս:

Տան կից պարտեզն է, գյուղի ամենալավ պարտեզը, ծառերը շարեշար, զանազան տեսակի, պատվաստած: Միայն նրա այգում կան պատվաստած ծառեր:

Պարտեզի մոտ բանջարանոցը, որի մի անկյունում մեղուների տասներկու արկղ կա կարգով շարած:

Конец ознакомительного фрагмента.

Бесплатно

5 
(2 оценки)

Читать книгу: «Մթնաձոր»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно