Читать бесплатно книгу «Մթնաձոր» Ակսել Բակունց полностью онлайн — MyBook

Տարան, ճամփա դրին մինչև գյուղի վերջը, ասացին, լաց եղան, համբուրեցին հազար անգամ ու մենակ վերադարձան իրենց խարխուլ խրճիթը` Աթանանց մեծ ընկուզենու մոտ:

Գյուղի տավարն այդ օրն առաջին անգամ ուշ գնաց հանդ: Տավարն էլ էր մոլորվել, ցաք ու ցրիվ բառաչում էր Վանդունց տան մոտերքում:

* * *

Անցան ամիսներ:

Հաբուդից նամակ էր գալիս: Նրան ճակատ էին ուղարկել, մի անգամ վիրավորվել էր ոտից, պառկել էր լազարեթում, լավացել, ու նորից դիրքերն էին ճամփել:

Նամակների մեջ Հաբուդը գանգատվում էր: Գրում էր, որ զորքը սոված է, շոր չունեն, ամեն շաբաթ մի դիրքից մյուսն են ուղարկում, հաշտության ոչ մի լուր չկա: Մի անգամ էլ նա գրել էր, թե շուտով արձակուրդ է ստանալու, տուն պիտի գա:

Ծնողների ուրախությունն անսահման էր: Հաթամի աղջիկն այդ նամակը ստանալու մյուս օրը գնաց Իսանանց արտը քաղհանելու: Նամակն Իսանանք էին ստանում, նրանք էլ կարդում էին ու պատասխան գրում:

Հաթամի աղջիկը դրա փոխարեն երկու օր առավոտից իրիկուն անվարձ քաղհանեց Իսանանց արտը:

Հաբուդը գրում էր, թե թանկություն է, զորքը մի քանի տեղ կոտրատել է խանութները: Էլ ուրիշ շատ բան էր գրել նա. հայրը չէր հասկանում, թե ինչու է այդպես: Պիսիրն ու Իսանանց մեծ ախպերը զայրանում էին: Մի նամակի մեջ էլ Հաբուդը գրել էր, թե` ախպեր, «մենք ինչո՞ւ պիտի կռվենք գերմանացու հետ, մեր ի՞նչ հաշիվն ա»:

– Հայվան, քեզ սալդաթ են ուղարկել, էլ գլխիդ ի՞նչ ես զոռ տալիս, – ասաց Իսանանց տղան նամակը կարդալիս:

Մի օր էլ քաղաքից լուր բերին, թե հեռագիր է ստացվել, որ զորքը հեղափոխություն է գցել, թագավորին թախտից վեր են բերել: Գյուղը նախ չհավատաց. Տանուտերը, պիսիրը, նույնիսկ գզիր Զաքին գեղամիջում բոլորին էլ ասում էին, թե այդ լուրը սուտ է: Իսկ տեր – Գևորգը, որ սաղմոս ու շարական անգիր գիտեր, համոզում էր, թե առանց չոբան ոչխար չի լինի, ժողովրդին մի գլուխ է հարկավոր, խառնակիչ մարդիկ են այդ լուրերը տարածում, գերմանի ագենտները:

Մի երկու օր անց քաղաքից երկու մարդ եկան, թևերին կարմիր շորի մի կտոր կապած: Մեկը վարժապետ Մինասն էր, մյուսն էլ մի ջահել տղա: Վարժապետ Մինասին գյուղացիք ճանաչում էին:

Վարժապետն սկսեց ճառ ասել, թե էլ թագավոր չկա, հիմա ազատություն է, հողը պիտի գյուղացուն տալ, ժողովուրդը սոված է, դրա համար էլ պիտի ջարդել գերմանացուն, կռիվ մինչև վերջ: Ջահել տղան էլ խոսեց, հետո ընտրություն արին:

Իսանանց մեծ տղան, Խաչումենց Օհանը և տանուտերը դառան կոմիտե: Ժողովրդից մի մարդ ասաց, թե տանուտերին չեն ուզում, արնախում մարդ է, բայց գզիր Զաքին աչքերը նրա վրա այնպես ոլորեց, որ խեղճի լեղին ցամաքեց: Տեր – Գևորգը վկայեց, որ տանուտերը խղճով մարդ է, ժողովրդին կարեկից ու հոգատար:

Ժողովից հետո նոր կոմիտեն, տերտերը, վարժապետ Մինասը, ջահել տղան, պիսիրը, գզիր Զաքին և էլի ուրիշ մի քանի հոգի Իսանանց տանը ճաշ արին, կերան-խմեցին, երեկոյան դեմ վարժապետն ու ջահել տղան մի քիչ կոնծած` վերադարձան քաղաք:

Հաթամի աղջիկն այդ ամենը պատմեց ամուսնուն: Վանդունց Բադին նախ չհավատաց, թե ջրի խաբար է, ապա ինքն իրեն սիրտ տալ սկսեց.

– Կարող ա կռվին վերջ տան, Հաբուդը տուն գա:

Հաթամի աղջիկը բան չէր հասկանում այդ ամենից: Նրա ականջին էր հասնում անկապ խաբարներ, լսում էր անհասկանալի խոսքեր: Քաղաքի մեծավորին բռնել են, բանտ նստացրել, հիմա էլ նորից պիտի սալդաթ հավաքեն. մահ կամ ազատություն: Թագավոր չկա, համա կռիվ կա:

Գյուղի կոմիտեն գործի էր անցել: Իսանանք իրենց խանութի ապրանքն սկսել էին ավելի թանկ ծախել, ոսկի էին գանձում, պարտքի դիմաց ցորեն ու պանիր հավաքում, ուղարկում քաղաք:

Վարժապետ Մինասը մի անգամ էլ եկավ, ժողով արեց, խոսեց դաշնակցության մասին, մենշևիկին ուշունց տվավ և ասաց, թե ով դաշնակցական չի, նա հայ չի: Գեղը տեղով մի ձայն տվավ, գրագետները մի թուղթ ստորագրեցին, որ պիսիրն ու վարժապետն էին կազմել:

Վարժապետ Մինասն ասաց, որ շուտով գալու են հողերը չափեն, հարուստից խլեն, աղքատին տան, չունևորին ճոթ ու կտոր են տալու, ամեն գյուղում մի կապերատիվ պիտի բացվի, ամեն գյուղում երկու բժիշկ, երեք ուսուցիչ պիտի լինեն, – միայն թե հարկավոր է ձայն տալ դաշնակցականի ցուցակին, որ գնան, մեր ցավերը պաշտպանեն ամենամեծ ժողովում, որտեղ Ռուսաստանի բոլոր ազգերը պիտի հավաքվեն:

Գյուղացիք արին այն, ինչ որ ասում էր վարժապետ Մինասը: Նրանք ավելի շուտ Իսանանց մեծ ախպորն էին լսում, ուշադիր նրա աչքերին նայում. ո՜վ կարար նրա դեմ խոսել, նրա խոսքից դուրս գալ: Մեկը նրան ցորեն էր պարտ, մյուսը մի քանի արշին կտոր պիտի առներ խանութից, մի գրվանքա շաքար, – ո՞վ էր գժվել նրան հակառակ գնար:

Հաբուդից շարունակ նամակ էր գալիս: Նա ուրախ էր, որ թագավոր էլ չկա, բայց գրում էր, թե այդ քիչ է, պիտի այնպես անել, որ ամեն մարդ իր հալալ քրտինքն ուտի: Հաբուդն ուրիշ շատ բան էր գրում նամակում, բայց Իսանանց տղան հորը չէր կարդում:

– Տղադ սարսաղացել ա, Բադի ապեր, խելքը գլխից թռել ա:

Վանդունց Բադին երբեք չէր հավատա, թե Հաբուդը խելքը տանուլ կտա: Նա գիտեր, որ որդին աչքաբաց տղա է, ո՞վ գիտե ինչ հաշիվ ուներ Իսանանց տղան Հաբուդի հետ: Նա հենց էն գլխից նրան չէր սիրում:

Հաբուդը գրում էր, որ ինքը մի պոլկի կոմիտե է դառել, որ իրենց պոլկն էլ կռիվ չի ուզում: Իրիկունը գոլիս էր տուն, Հաթամի աղջկա հետ խոսում, հարցուփորձ անում, թե գյուղում ի՞նչ են ասում: Մի իրիկուն էլ Բադին թե`

– Հաթամի աղջիկ, լսե՞լ ես, որ ասում են, թե մեր Հաբուդը բալշևիկ ա դառել:

– Ի՞նչ…

– Բալշևիկ. Իսանանց տղան էր ասում: Բալշևիկն էն ա էլի, որ ուզում ա հարուստ քյասիբ խառնի իրար, հավասարացնի:

* * *

Անցավ մի ամիս էլ:

Մի օր էլ Հաբուդը տուն եկավ, առանց առաջուց հայտնելու:

Հենց երեկոյան դեմ, երբ մութ էր արդեն, ներս մտավ նա, շինելը ուսին, հաղթանդամ, բեղ ու միրուքով մի տղամարդ:

Վանդունց Բադու խրճիթն իր հիմնելու օրից այնքան ուրախություն երբեք չէր տեսել: Հարցուփորձ, գրկախառնումի արցունք և ուրախություն անչափ:

Հաբուդը հայտնեց ծնողներին, որ էլ զինվոր չպիտի գնա, էլ չի ուզում կռվել:

– Թող մի քիչ էլ Իսանանց տղերքը կռվեն:

Երկու տարվա բացակայությունից հետո, անհամար քաղաքներ թափառելուց հոգնած` Հաբուդը հանգիստ պառկեց հայրենի խրճիթում, խսրի վրա, պառավ մոր կողքին:

* * *

Մյուս օրը գյուղում ամենքն իմացան, որ Վանդունց Հաբուդը տուն է եկել:

Շատերն ուրախացան, Հաթամի աղջկան շտապեցին աչքալույս տալ: Բայց Իսանանց տղան ու պիսիրը, մինչև անգամ գզիր Զաքին չուրախացան:

Իսանանց տղան նրանց ասում էր, որ Հաբուդը բալշևիկ է դառել, նա գյուղում խառնակչություն պիտի անի, ջուրը պիտի պղտորի: Եվ գզիր Զաքուն անմիջապես հանձնարարվեց հետևել, թե ում հետ է լինում Հաբուդը, ուր է գնում, ինչ է անում:

Առիթը շուտով ներկայացավ:

Գյուղում մի ժողովի ժամանակ, որին ներկա էր և վարժապետ Մինասը` քաղաքի կոմիտեն, Հաբուդը մի քանի խոսք ասեց Իսանանց տղի հասցեին:

Ժողով էին արել, որ տուրք նշանակեն քաղաքի կոմիտեի համար: Վարժապետ Մինասը ճառ էր ասում, թե հեղափոխությունը վտանգվում է, գերմանացիք կաշառք են տվել բալշևիկներին, որ ռուսաց զորքը քանդեն: Հարկավոր է բանակը զորացնել, կյանքը զոհել հայրենիքի համար:

– Մեկը ես` պատրաստ եմ, երբ ինձ հրամայեն, թողնել տուն ու տեղ, գործ ու պաշտոն, գնալ կամավոր:

Այսպես էր ասում վարժապետ Մինասը և ճառում, կոկորդը պատռում, կուրծք ծեծում, ձեռքերը քամու ջաղացի թևերի պես շարժում օդի մեջ:

Իսանանց մեծ տղան էլ խոսեց, թե պետք է ազգային տուրքը տալ, այդ սուրբ պարտք է և ավելացրեց, որ խառնակիչ մարդկանց էլ գեղի միջից պիտի հեռացնել: Գյուղում մի քանի դեզերտիր տղերք կան, որոնց պիտի բռնել և քաղաք ուղարկել, թող թշնամու դեմ կռիվ գնան:

– Իսկ դո՞ւ երբ պիտի գնաս, – տեղից կանչեց Հաբուդը, որ մինչ այդ գլուխը կախ լսում էր և զայրույթից շրթունքը կրծոտում:

– Ձենդ, շան լակոտ, – որոտաց էն կողմից պիսիրը ու գզիրին աչքով արեց, որ վրա պրծնի: Եվ մի քանի տղերք, պիսիրի մարդիկ, վրա պրծան, որ ծեծեն, բայց Հաբուդն իզուր չէր մնացել ճակատում: Մի երկու հատ աջ ուձախ խփելուց հետո գյուղացիք միջամտեցին և հեռացրին ախոյաններին:

Հաբուդը հեռացավ ժողովից, տուն գնաց, մորը հանգստացրեց և գիշերով, երկու հավատարիմ ընկերոջ հետ դուրս եկավ տնից դեպի քաղաք, մորը պատվիրելով, որ ոչ մի մարդու բան չասի, ինքը գալու է էգուց:

Այդ դեպքը Վանդունց Բադու վրա վատ ազդեց: Նա զայրացավ նրանց դեմ, որոնք օրը ցերեկով ժողովրդի մեջ համարձակվել են իր որդուն ձեռք տալ: Իսանանց տղան այդ օրից նրա աչքի փուշը դառավ:

Մյուս օրը, երբ տավարը հանդ էր տանում, նա ուզեց իր որդու երեկվա ախոյանների կովերը ջոկի տավարից, բայց խիղճը չտվավ. անլեզու անասունն ի՞նչ մեղք ունի:

Տավարը քշելիս Բադին լուռ միտք էր անում, թե ի՛նչու Հաբուդը գնաց քաղաք, ի՛նչ թղթեր էր, որ բերել էր նա իր հետ հեռու դիրքերից, ի՛նչու նա դժգոհ էր գյուղի կարգերից և հակառակ վարժապետ Մինասին:

Հաջորդ օրը Հաբուդը տուն եկավ, մի կտոր հաց կերավ ու սկսեց գրել:

– Հաբուդ, հերիք ա գրես, աչքդ գիրը կտանի, – ասում էր մայրը կեսգիշերին, իսկ Հաբուդը շարունակում էր գրել, ջնջել: Լույսը բացվելու մոտ էր, երբ նա թղթերը ծալեց, դրեց ծոցում և մահակն առավ, ուզում էր դուրս գալ:

– Ո՞ւր, բալաս…

– Հրես կգամ. գնում եմ քաղաք, գործ ունեմ, իրիկունը կգամ:

Բադին խնդրեց, թե մութ է, չար վախտ է, հազար թշնամի կա, սպասի, լուսով գնա: Հաբուդը մտիկ չարեց:

– Բան չկա, խամ հո չեմ ես ճամփեքից, – ասաց ու դուռը ծածկեց:

Մյուս օրը երեկոյան դեմ գյուղում լուր տարածվեց, թե քաղաքում խառնակություն է եղել, բալշևիկները զորքի հետ միասին վրա են տվել, կոմիտեի շենքը ջարդել, ժողովուրդն սկսել է խանութները թալանել: Հետո բալշևիկներին շրջապատել են, խմբի տղերքը վրա են տվել բալշևիկի կոմիտեի վրա և բոլորին բանտարկել:

Վանդունց Բադին և Հաթամի աղջիկն անհամբեր սպասում էին Հաբուդի վերադարձին: Մի քար լռություն կար խրճիթի ներսում, նրանց սրտերում, և ոչ ոք չէր զորում հարցնել մյուսին, թե գուցե մի փորձանք է պատահել:

Հաբուդը չեկավ: Առավոտ կանուխ իմացան, որ նրան էլ են բանտարկել:

– Բա՜, տեսաք էն շան թուլան. մեր սաղ մահալում վարժապետ Մինասի նման խելոք մարդ չկա, իսկ Վանդունց Հաբուդը` տավարածի տղան, նրան հավան չի, – այսպես էր ասում Իսանանց տղան, չարախինդ և ինքնագոհ, առավոտյան, երբ գյուղացիք հավաքվել էին նրա խանութի առաջ:

– Դե հիմա տեսեք թանկություն ով ա գցում, ե՞ս, թե՞ նա: Մեզ հավան չէր, ա՛ խալխը, դե դուք դատավոր եղեք, – կեղծ անմեղությամբ դիմում էր նա գյուղացիներին:

Եվ հենց նույն օրը չթի գինը մեկին երկու թանկացավ:

* * *

Վանդունց Բադին այդ օրը տավարը չտարավ, գնաց գեղամեջ ու խեղճ-խեղճ հայտնեց, որ քաղաք է գնում իմանալու, թե ի՛նչ եղավ որդին:

– Էն ա բերդումը նստած, ի՞նչ ես դարդոտում, ա՛յ պառավ, – ասաց գզիր Զաքին:

Մի քանի հոգի խղճացին նրան, և իրենք տարան տավարը գյուղի:

Շատ տարիներ առաջ էր Բադին քաղաք գնացել: Նա հիշում էր, որ քաղաքին չհասած Խաչի աղենց քարվանսարան կա: Կգնա, հարցուփորձով կիմանա:

Բայց դեռ գյուղից դուրս չեկած, Բադին իմացավ, որ քարվանսարան էլ է վառվել, որովհետև բալշևիկի ձիաններն այնտեղ են կապված եղել:

Ո՞ւմ մոտ գնալ. հենց ուղիղ վարժապետ Մինասի մոտ: Մեծ մարդ է, քաղաքում կոմիտե: Կպատմի նրան, ձեռ ու ոտը կպաչի, գուցե Հաբուդին ազատեն:

Բադին քանի քաղաքին էր մոտենում, այնքան ավելի էր զգում, որ ծնկները դողում են, ոտքերը դժվար են առաջ գնում: Մի երկու տեղ կանգնեց, փափախով ճակատի քրտինքը սրբեց, շունչ առավ ու նորից շարունակեց ճանապարհը:

Ահա և քարվանսարան: Գերանները դեռ մխում են, սևացած պատերն են մնացել միայն: Հենց քաղաք մտնելուն պես Բադին փողոցում տեսավ մեկին, որ թևին կարմիր շոր ուներ կապած: Ուժ արեց և ոտները քաշ տալով մոտեցավ նրան, խոր գլուխ տվեց:

– Վարժապետ Մինասի կանցելարը ի՞նչ տեղ ա, – հարցրեց:

– Ի՞նչ ես անում…

– Խնդիրք ունեմ, փորձանք է եկել գլխիս…

Եվ աչքերում արցունք, Բադին սկսեց պատմել որդու մասին լսածը:

– Հըմ… – արեց մարդը, մատով ցույց տվեց սպիտակ մի շենք, որ այնքան էլ հեռու չէր:

Բադին այդ շենքին մոտեցավ, բայց ներս չթողին, ասին` էգուց կգաս:

– Ախր ես ալևոր եմ, տավարն անտեր ա մնացել, բա իմ որդուց մի խաբար չիմանա՞մ, – ասեց ու նստեց շեմքին, սալահատակի վրա:

Չռած աչքերով նայում էր չորս կողմ, անցուդարձ անողներին, լսում աղմուկը փողոցի, մտքի մեջ` Հաթամի աղջիկը, աչքերը լացակումած, տավարն անտեր, և Հաբուդը, որ մի կտոր շիկացած ածուխ էր դարձել, խանձում էր սիրտը, անասելի ցավ պատճառում նրան:

Շենքի ներսից մի մարդ դուրս եկավ, նայեց Բադուն:

– Դու ի՞նչ ես շնթռկել այստեղ…

– Աղա, ես Վանդունց Բադին եմ, տավարած…

– Վանդո՜ւնց, – հարցրեց մարդը զարմացած:

Բադին սիրտ առավ, սկսեց իր ցավը պատմել նրան: Մարդը լսեց, ունքերը կիտեց, ապա Բադու խոսքը թերի թողեց, մոտեցավ դռնապանին, կանչեց նրան մի անկյուն, ականջին ինչ-որ բան ասաց, ապա արագ-արագ հեռացավ, ծռվեց դեպի մյուս փողոցը:

Բադին զգաց, որ մի ծանր հարված պիտի իջնի իր գլխին, կանգնեց մի ակնթարթ, ապա մոտեցավ դռնապանին:

– Քե մատաղ, ի՞նչ ասեց աղեն…

Դռնապանը երեսը մի կողմ շրջեց, շրթունքը սեղմեց, ապա հանկարծ կռացավ և Բադու ականջին արագ ասաց.

– Որդուդ բերդում կրակել են էս գիշեր…

Դռնապանը հեռացավ: Բադին մի պահ ասես քարացավ: Հետո հանկարծ մռնչաց ցավից` որպես գազան վիրավոր, և արցունքի երկու շիթ գլորվեցին խորշոմած այտերի վրայով:

Բադին վազեց բերդի կողմը, շփոթվեց քաղաքի փողոցներում ու չգտավ բերդը…

Նրան ասացին, որ էլ ուշ է, իզուր է արդեն: Եվ գլուխը կախ ետ դարձավ նա եկած ճամփով` մենակ ու ձեռնունայն:

Էլ ոչ ոք չկար, ամեն ինչ կորավ:

Բադին հազիվ կարողացավ մինչև քարվանսարան հասնել, ընկավ հենց ճամփի վրա, մի քարի մոտ: Գյուղացիք իմացան, եկան ու նրան գյուղ տարան:

* * *

Գյուղի գլխով շատ բան անցավ:

Բալշևիկը նորից եկավ, և վարժապետ Մինասը Թավրիզի ճամփան բռնեց, բայց Արազի մյուս ափին մեռավ:

Բալշևիկը գյուղ եկավ, ճամփեքը բացվեցին: Իսանանց դուքանը դարձավ խրճիթ-ընթերցարան: Իսանանց մեծ ախպերը պիսիրի հետ փախավ Պարսկաստան, և այն օրից մինչև հիմա խաբար չկա նրանց մասին:

Գզիր Զաքին էլ փախավ մոտիկ անտառը և էլ գյուղը չեկավ: Գյուղացիք չգիտեին, թե ինչ եղավ նրա դին: Հերու էր, որ երեխեքը անտառում ցախ ժողովելիս մարդու ոսկորներ գտան մի քոլի տակ: Շատերն ասում են, թե գզիր Զաքու ոսկորներն են:

Վերի հանդը տանող ճամփի վրա, ջրաղացներին չհասած, Աթանանց մեծ ընկուզենու տակ Վանդունց Բադու տունն է: Բադին էլ՛ տավար չի պահում: Տանը ոչ ոք չունի: Հաթամի աղջիկը որդու մահից հետո երկար չապրեց: Վանդունց Բադին մնաց մենակ, իր հին տնակի մեջ:

Նրա աչքերը լավ չեն տեսնում, ջրակալել են: Ամեն օր շալակով սրա-նրա համար անտառից մի քիչ ցախ է բերում` մի փոր հացի համար, իր կյանքի վերջին օրերն է ապրում:

Երբեմն էլ անտառում ցախ հավաքելիս, երբ մի քիչ ծանր է լինում շալակը, իրեն-իրեն թոնթորում է Բադին.

– Աստված, քեզ ի՞նչ ասեմ, որ ինձ տեսար, նրան առար:

Իրիկունը տուն է դառնում մենակ, օջախի մեջ մի երկու կտոր աթար նետում և մեկնվում խսրի վրա…

Իսկ դրսում, առաջվա պես Աթանանց մեծ ընկուզենին մեղմորեն օրորում է իր ճյուղերը Վանդունց խարխուլ խրճիթի վրա…

Бесплатно

5 
(2 оценки)

Читать книгу: «Մթնաձոր»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно