Читать бесплатно книгу «Մթնաձոր» Ակսել Բակունց полностью онлайн — MyBook

ՎԱՆԴՈՒՆՑ ԲԱԴԻՆ

Գյուղում բոլորն էլ ճանաչում էին Վանդունց Բադուն, գիտեին, որ նրա տունը վերի հանդը տանող ճամփի վրա է, ջաղացներին չհասած, Աթանանց մեծ ընկուզենու մոտ:

Բադին գյուղի տավարածն էր: Ամենից կանուխ նա էր զարթնում, նրա ձայնն էր հնչում գյուղի փողոցներում:

– Տավարը տարա հե՜յ, ա' խալխը, ետանաք ոչ…

Գյուղացիք այնքան էին վարժ նրա կանչին, որքան աքլորի կանչին: Շատ անգամ ժամանակ որոշելու համար ասում էին, թե՝

– Բադին հալա տավարը տարել չէր, որ ես հանդումն էի, – կամ թե՝

– Հենց Բադին մի բերան կանչեց թե չէ, վեր թռա տեղից:

Բադին ինքն էլ չէր հիշում, թե քանի տարվա տավարած էր: Նա հենց այն գիտեր, որ խոլերի տարին իրեն զինվոր էին կանչել, մնացել էր գյուղում: Այն ժամանակ Աթանանց ընկուզենու մոտ ջաղաց դեռ չկար:

Ոչ ոք գյուղի հանդն ու սարը Բադուց լավ չգիտեր: Անթիվ անգամ նա չափչփել էր նախրի հետ սար ու ձոր: Նախիրն էլ էր լավ ճանաչում, գիտեր, թե այս կովն ումն է, թե չալ կովը երբ է սուբահ մնացել, քանի ծին ունի, թե Քարամենց եզան պոզն ինչու է կոտրած:

Ամեն անգամ նախիրը գյուղից քշելիս հերիք էր մի անգամ նայեր, որ կարողանար որոշել, թե նախրից որ կովն է պակաս:

Երբ երեկոյան նախիրը գյուղ էր դառնում, աղբյուրի մոտով անցնելիս Բադին էր, որ հարս ու աղջիկներին կշտամբում էր, թե`

– Պղնձաքարի սարում ավելուկը կանաչել ա, Սանդ աղբյուրի մոտ մոշը հասել…

Նախիրը գյուղում ցրելուց հետո, իրիկնապահին, Բադին փայտին հենած մեկ էլ ետ էր դառնում տուն, Աթանանց մեծ ընկուզենու մոտ:

Տանը կինն էր և միակ որդին, որ հասնում էր ջահել տունկի պես:

Բադու կինը, իր պես զառամած մի պառավ, ընթրիք եփելու ժամանակը գիտեր: Տարիների ընթացքում ամեն ինչ, ամեն օր կրկնվել էր այնքան նման իրար, որ շարժումները մեքենայացել էին:

Երբ անիվի պես ճռնչում էր դուռը, և ներս էր մտնում Բադին, մահակը դնում շեմքին ու հարցնում կնոջը.

– Հաթամի աղջիկ, հորթին ջրե՞լ ես…

Հաթամի աղջիկը իր կինն էր. հնուց սովորույթ ուներ նա կնոջն այդպես կանչելու: Այդ սովորույթը մնացել էր այնպես հաստատ, ինչպես հարևան հաստաբուն ընկուզենին:

Հաթամի աղջկա պատասխանն էլ միշտ նույնն էր.

– Բա չեմ ջրե՜լ…

Հետո Բադին բեզարած մարդու տնքոցով շեմքի մոտ տրեխներն էր հանում, թափ տալիս և շտկում առավոտվա համար: Իսկ կինը օջախին էր նայում կամ ճրագի պատրույգը շտկում և մաքուր ավլած գետնին փռում թաղիքը հնամաշ:

Ապա համեստ ընթրիք՝ պանիր-հաց, եթե լիներ՝ տաք կերակուր, հանդից բերած կանաչեղեն, երբեմն էլ հարևանի ուղարկած մի ազիզ կերակուր, որ տարին մի անգամ կեփվեր Բադու օջախում:

Բադու որդին՝ Հաբուդը, հասել էր այնքան, որ օգնում էր հորը: Սակայն Բադին չէր ուզում, որ Հաբուդը հոր փեշակը սովորի:

– Թող գրաճանաչ լինի, որ հետո գերեզմանս չանիծի:

– Կմեծանա, կպսակեմ, տուն ու տեղ կլինի, մի փեշակի ծայր կբռնի, հացի կտիրանա: Ես էլ ծերության օրերում իր ջրերն ընկած կապրեմ, ոտքերս կդինջանան սար ու քոլ չափելուց:

* * *

Նահապետական վարք ու բարք ուներ Բադին, միամիտ էր և արդար: Նա ուզում էր, որ իր որդին էլ այդ ճամփով գնա, հյուրասեր լինի, ադաթ սիրող, մեծին հարգող, գյուղամիջում շենք – շնորհքով մի մարդ:

Մի անգամ էլ հանդում, մի զրույցից հետո, Հաբուդը հորը հարց տվավ, թե`

– Ապեր, էդ ինչի՞ցն ա, որ մեր նախրում Իսանանք ինը կով ունեն, իսկ մենք՝ մի կով:

Բադին ժպտաց քթի տակ:

– Բա դու նրանց թա՞յ մարդ ես: Հերդ մի տավարած, իսկ Իսանանց ողորմած հոգի Զաքի ապերը պատվով, կայքով մարդ էր: Գեղը որ մի մեծավոր գար, նրանց տանը վեր կգար: Զաքի ապերը մովրովի ժամանակ մեդալ էր ստացել: Դե տղերքն էլ խելոք են եղել, հոր թողած մեկը երկու են արել:

Տարին բոլոր Բադի ապերը պահում էր Իսանանց ինը կովը, դրա համար ստանում մի սոմար ցորեն, երեք գրվանքա շաքար, որ իրենց չէր հերիքում, և մի քիչ էլ փող:

Հաբուդը չէր սիրում, որ հայրն ամեն ամիս տնետուն պտտում էր, տավարածի բաժին հավաքում կամ թե կալին, մի պարկ ուսին, ման էր գալիս կալերում և իր բաժին ցորենն առնում: Պատվին էր դիպչում, երբ հոր տեղակ ինքն էր ընկնում դռնեդուռ, հաց կամ դրամ հավաքում:

Ամեն անգամ Իսանանց խանութը մտնելիս` միջնակ ախպերը մի տեսակ ծաղրով ասում էր Հաբուդին.

– Ամիսը ե՞րբ թամամեց, որ եկար, – կամ թե`

– Քանի՞ շաբաթ ա քո ամիսը…

Երբեք Հաբուդը չէր կարողանում հաշիվը կանոնավոր ստանալ: Կամ ասում էին, թե ստանալիք չկա, կամ էլ, շատ որ համառում էր Հաբուդը, Իսանանց ախպերը բարկանում էր նրա վրա և ասում.

– Դու ինչացո՞ւ ես, հերդ կգա, նրա հետ հաշիվ կանենք:

Հաբուդը գիտեր, որ հայրը խոնարհ մարդ է, լեզուն կարճ: Ինչ որ ասեին, համաձայն էր, մենակ թե համփա մարդկանց խաթրին չկպչեր:

– Ունևոր են, մենք էլ նրանց շվաքում կապրենք:

Այսպես էր ասում Վանդունց Բադին, ստացած կոպեկները տալիս Հաթամի աղջկան, որ պահի: Մի օր պետք կգար, Հաբուդի հարսանիք կար, ապագայում տուն տեղ ունենալ կար:

– Հասնում ա հա՜, զատ չի մնացել, – ասում էր երբեմն Բադին իր կնոջն, ու երկուսով կարոտով նայում էին Հաբուդին:

– Թե սաղ մնամ, եկող աշունք հարսանիք եմ անելու:

Հաթամի աղջիկն ասում էր, որ գյուղում սազ աղջիկ չկա, որ պիտի հարևան գյուղից աղջիկ ուզի, տրտնջում էր, թե բան ու գործից ազատ չի լինում, որ մի գնա, տեսնի` ում աղջիկն է հարմար:

– Դու որ կարենաս, էս աշունք, քոչը սարովն անցնելիս, մի քիչ բուրդ առ, մանեմ, համ էլ քոլքից մի ձեռք տեղաշոր կապեմ:

Երկու պառավ խելք-խելքի մտածում էին գալիքի մասին, երբ տանն աղմուկ կլինի, եկող-գնացող, խարխուլ խրճիթը կլսի մանկան ուրախ ճիչ:

Երբեմն էլ զրուցում էին, թե ինչ արհեստի դնեն Հաբուղին: Մայրն ուզում էր, որ նա գյուղական գրագիր դառնա կամ ծառայի պրիստավի մոտ, իսկ Բադին արհեստի էր կողմնակից:

– Հարամ հացը թող իմ սուփրիս չլինի, – ասում էր նա: Վանդունց Բադին գիտեր, որ պիսիրը կաշառք է ուտում, գյուղում նրանից շատ են դժգոհ, չէր ուզում, որ իր մահից հետո իրեն անիծեն:

Հաբուդն էլ համաձայն էր հոր հետ, նա էլ չէր սիրում պիսիր Ավանին, որ որսկան շան պես հոտոտում էր, թե որտեղից կարող է պլոկել, երկու խոսք գրելու համար մի հավ առնել:

Պիսիր Ավանը Իսանանց հետ շատ մոտ էր, գնալ-գալ էր անում միշտ և շատ անգամ էլ հենց նրանց խանութում էր գործերը դրստում:

Բայց Հաբուդը թաքուն մի ուրիշ միտք էր անում. գնալ Բաքու, արհեստ սովորել: Շատ անգամ էր հանգ անում հորից խնդրելու, բայց բերանը չէր զորում մի բան ասելու:

Նա ուզում էր աշխարհ տեսնել, ինչպես ասում էր նրա ընկերը, որ Բաքվում էր աշխատել և հիվանդ լինելու համար տուն եկել: Նրանք երկուսով նստում էին ժամերով տան կտուրին, ընկերը պատմում էր, թե ինչքան ուժով է մաշինը, թե մի բան կա, որ դարձնես, ճրագը կվառես առանց կրակի, թե ինչպես են նավթ հանում հորից և էլ հազար ու մի բան:

Հաբուդը լսում էր ուշադիր, զգում մի անզուսպ ցանկություն՝ տեսնել այդ ամենը: Բայց հենց որ տուն էր գալիս, հանգչում էր կրակը բորբոք, հաշտվում էր գյուղում արհեստ սովորելու մտքին:

Մի օր էլ հոր հետ միասին դուրգար Դավիթի մոտ գնացին՝ խերով – բարով Հաբուդին նրա մոտ թողնելու համար: Ուստան մի քիչ չեմ ու չում արավ, վերջը խոստացավ երկու տարում արհեստին վարժեցնել:

Իրիկունն ուստան եկավ Վանդունց տուն, կերան, խմեցին, դարդ դարդի տվին և այդ օրից դարձան սերտ բարեկամ:

… Կես գիշերից անց էր. չէր քնել ոչ Բադին, ոչ Հաթամի աղջիկը: Միտք էին անում էգուցվա մասին գոհ ու բախտավոր: Նրանց կողքին մուշ-մուշ քնել էր Հաբուդը՝ նեղ օրերի ապավենը միակ:

* * *

Մի առավոտ էլ գյուղում անսովոր իրարանցում ընկավ: Գզիրը կտուրից կտուր կանչում էր զիլ ձայնով:

– Ա՛ խալխը, հե՜յ, թագավորի հրաման ա, ով որ սալդաթ ա էլել, պիտի հավաքվի քաղաքում, կռիվ ա Գերմանու հետ…

Քաղաքից եկողները պատմում էին, որ ամեն տեղ մեծ թղթեր կա պատերին փակցրած, փողոցներում մարդիկ իրար տեսնելիս կռվի մասին են խոսում, շատ զինվոր պիտի հավաքեն, կռիվը շատ տերությունների մեջ է, աշխարհս խառնվելու է իրար:

Գյուղացիք խմբերով հավաքվում էին դուքանի առաջ. գրագետ մեկը սկսում էր լրագիր կարդալ, լսում էր գյուղը անծանոթ անուններ ու վայրեր, քաղաքներ ու տերություններ և բնազդով զգում, որ թանկություն պիտի լինի, մեծ կոտորոծ ու զրկանք:

Իսանանց տանուտեր ախպերն ասում էր, որ կռիվը օգուտ է ժողովրդին, որ ռուսի թագավորի թախտը հաստատ է, ժողովուրդը շատ, և որ շուտով Գերմանի թագավորը հաղթվելու է:

– Սրան Ռուսեթ են ասում, մի տուտը հեն ա Սիբիր, մեկէլը Հնդստան. բա իսկի իսան կարա դիմանա՞ …

Ալևորներից ոմանք պատմում էին, որ «Եփրեմերդին» այդպես է ասում, գրված է, որ յոթ տերություն իրար պիտի խառնվեն, հացը պիտի թանկանա, թագավորի խարջը շատանա:

Ամենից շատ պիսիրն էր ուրախ: Նրա շուրջն ստեղծվում էր գյուղի զոռբաների տղերքից դեզերտիրների մի խմբակ: Նրանք կաշառում էին, չափաբերականը կեղծում, իրենց տեղ ուրիշին ուղարկում, որ իրենք գյուղում մնան, ինչ ուզեն անեն: Մանր հաշիվների ու հին վրեժների հատուցման լայն ասպարեզ էր բացվել գյուղում:

Քաղաքի պատերից կպցրած թղթերը հուզել էին ճահիճն այն խաղաղ, ուր ամեն ինչ առաջ մերվել էր, և կարծես թե գայլի հետ գառն էր ապրում:

* * *

Հաբուդն արդեն նկատում էր գյուղում եղած փափոխությունը: Իսանանց դուքանում ներկերը թանկացել էին, ճոթ ու կտորը պակաս էր երևում, իսկ շաքարը կրակի գին ուներ:

Իսանանց տղերքը ճոթը պահում էին իրենց տանը, որ հետո ծախեն:

– Ճամփեքը փակվել ա. էս ներկերը Գերմանու ապրանք ա, էլ ե՞րբ կճարես դու էսպես ապրանք:

Հաբուդի աչքի գրողը գյուղի պիսիրն էր: Մի անգամ պիսիրը Խաչումենց հարսին, որ գնացել էր ամուսնուն նամակ գրել տալու, փիս խոսք էր ասել, ձեռ տվել, հարսն էլ լացակումած հեռացել էր նրա մոտից:

Գյուղում այդ լուրն իսկույն տարածվեց: Մի քանի հոգի ուզում էին պիսիրի հախից գալ, բայց տանուտերը սպառնաց.

– Սիբիր կքշեմ նրան, ով կհամարձակվի գեղում խառնակչություն անել: Դուք գիտե՞ք, թե ինչ տարի ա էս տարին:

Պիսիրը Հաբուդի աչքում է՛լ ավելի ընկավ, դարձավ գեղի վատ մարդը, գեղի արյուն խմողը: Իսկ Իսանանց դուքանը նա էլ չէր գնում, տանն էլ շաքարով թեյ չէին խմում:

Իսանանց մեծ ախպերն ասել էր, թե գյուղից տավարածի տղան էլ որ սալդաթ գնա, ամեն ինչ լավ կլինի:

Վանդունց Բադին հանդից էր խոսում, թե վանքի ձորում խոտը թազնել է, ագին ծաղիկ կովը պիտի ծնի, վերի հանդի կամուրջը փլվել է: Երբեմն էլ պատերազմի մասին Հաբուդից էր հարցնում.

– Հաբուդ, բա էդ գերմանը խաչապաշտ չի՞:

– Խաչապաշտ ա:

– Բա ո՞նց ա միացել թուրքի հետ: Աստուած դա ընդունել չի:

Հաբուդը ժպտում էր հոր միամտության վրա, մտաբերում Իսանանց տղոցը, պիսիրին և նրանց, որոնք հեռավոր դիրքերում կռվում են, ոտ ու ձեռից զրկվում, ցրտից սառչում, թագավորից խաչ ստանում:

Ինչո՞ւ համար այդպես եղավ: Ինչո՞ւ Իսանանց տնից մի զինվոր չկա, իսկ Խաչումենց Բախշու երեք տղան էլ կռվում են: Ինչո՞ւ է թանկանում շաքարը, էն ինչո՞ւ քաղաքում ժողովներ են անում, փող հավաքում, էն ո՞նց եղավ, որ վարժապետ Մինասը խումբ կազմեց, գնաց Վան, իսկ գաղթական ժողովուրդը կոտորվում էր սովից, ցրտից:

Մտածում էր Հաբուդը, և նրա անտաշ միտքը մեծ ցավով ճգնում էր պատասխան տալ, հաղթել արգելքներին, պահված գաղտնիքների դռները բանալ:

* * *

Մի օր էլ գզիր Զաքին եկավ Վանդունց Բադու տունը` Աթանանց մեծ ընկուզենու տակ…

– Բարի օր, Հաթամի աղջիկ…

– Հը՛, Զաքի, խե՜ր ըլնի:

Խեր ա, բա խեր չի՞, տղադ որ գա, ասի էգուց քաղաք գնա, սալդաթ են կանչում:

Ասես մի մեծ քարով խփեցին Հաթամի աղջկա գլխին. ծնկները դողացին, աչքերը շաշվեցին, ու հենց դռան շեմքին վեր ընկավ:

Իրիկունը տավարածի տունը սգատան էր նման, ոչ հաց, ոչ սովորական զրույց: Բադին օջախի մոտ նստել, թրջած տրեխներն էր չորացնում ու միտք անում:

– Բա ո՞նց ա լինելու…

Բադին ամեն ինչ կարող էր սպասել, բայց այդ բանին` երբեք: Հաթամի աղջիկը ցնորվածի պես էր: Նստել էր Հաբուդի մոտ, նայում էր նրան, նայում անկշտում, անլեզու անասունի պես ու միտք անում: Հաբուդը պառկել էր խսրի վրա, մտածում էր, թե ինչպես պիտի ապրեն ալևոր հայրն ու մայրը, եթե ինքը հեռանա:

Այդ իրիկուն ամբողջ գեղի ցավն ասես թառել էր Վանդունց տան գլխին: Մտքերը – ծա՜նր, անպատասխան, որ որոճում էին երեքն էլ խրճիթի խավարի մեջ, տապլտկում տեղաշորի մեջ, մեկը` տնքում, մյուսը` հառաչում ու լալիս, մե՜ղմ, զսպված հեծկլտանքով:

* * *

Մյուս օրը Հաբուդը առավոտ կանուխ քաղաք գնաց: Հաթամի աղջիկը այդ օրը մոռացավ Բդու թաշկինակի մեջ հաց կապել: Բադին էլ չէր նայում, թե տավարը ուր է գնում, կուշտ է, թե սոված: Նա միայն որդու մասին էր մտածում:

– Յարաբ չափսում պիտի գա՜, թե ոչ…

Կար մի րոպե, որ Բադին ցանկացավ Հաբուդին կաղ կամ կռնատ տեսնել, որ տանը մնար: Բայց հետո ինքն էլ սոսկաց այդ մտքից և հուսահատ աչքերը երկինք ուղղեց:

– Աստված, քո ստեղծած խեղճն եմ, դու մի ճար արա:

Վանդունց Բադին մատաղ խաստացավ, եթե որդին զորակոչից ազատվեր: Բայց այդպես չեղավ: Հաբուդը չափսում եկավ, ու նրան էլ գրեցին նորակոչների ցանկում:

Ընկերների հետ տուն եկավ Հաբուդը, որ մյուս օրը նորից քաղաք վերադառնա, իսկ այնտեղից էլ` ուր ուղարկեն: Հաբուդն ուրախ էր, որ քաղաքներ պիտի տեսնի, լեզու սովորի: Բայց հենց որ աչքի առաջ կանգնում էին պառավ ծնողները, ուրախությունն իսկույն չքանում էր, որպես թեթև շամանդաղ:

Չափսի ժամանակ Իսանանց մեծ ախպերն ու պիսիրն իրար հետ փսփսում էին: Չլինի՞ թե նրանք մի բան խաղացին նրա գլխին: Եվ դառն ատելությունը ալիքի պես բարձրացավ նրա հոգում դեպի պիսիրը, որ Օհանի հարսին ձեռք էր տվել, որ նամակ գրելու համար հավ ու ճուտ էր ուզում, դեպի Իսանանք ու նրանց պես համփա մարդիկ:

Չար լուրը շուտ էր տուն հասել: Հաթամի աղջիկը շիվար, ձեռքը ծոցին` որդուց չէր հեռանում, ձեռքը մի բանի չէր կարողանում տալ, դատարկ էր թվում չորս կողմը, ասես հեղեղը քշել, տարել էր ամեն ինչ…

Հապա Հաբուդի հարսա՞նիքը:

– Հաբո՛ւդ, կռիվը հեռու ա՞ մեր մահալից, – հազիվ զորեց հարցնել մայրը:

Որդին ժպտաց. ի՞նչ ասեր: Ի՞նչ գիտեր մայրը, և ինչպե՞ս հասկանար նա, որ աշխարհը խառնվել է իրար, ու որդին հազար վերստից ավել պիտի գնա, անցնի քաղաքներ ու հասնի այնտեղ, ուր թոփի ձենից մարդու ականջ է խլանում:

Իրիկունը Բադին տուն եկավ: Նա իսկույն հասկացավ ու միայն կարողացավ ասել.

– Հաբուդ, քե մատաղ, բա մենք…

Կեսգիշերից անց էր, ոչ ոք չէր քնել: Հաթամի աղջիկը որդու կապոցն էր պատրաստում` գուլպա ու թաշկինակ, միրգ ու գաթա: Ամեն մի իր ձեռք առնելիս չգիտեր, թե ուր դնի. արցունք էր, վարար ջրի պես հոսում էր:

Բադին ինքն իրեն սիրտ էր տալիս.

– Թագավորի ծառայություն ա, հնար չկա: Թագավորի հողից ո՞ւր պիտի փախչես:

– Հաբուդ, քեզ լավ պահի, շատ ջահելություն չանես: Օտար երկիր ա, կռիվ ա, ո՞վ ա գիտում ինչ կարող ա պատահի: Ուշքդ տանը պահի, նամակ ուղարկի. հալբաթ մի տեղով մեզ մի լուս կհասնի:

Ու ինքն իրեն, քթի տակ խոսում էր Բադին` օջախի մոտ, գլուխը կախ, թաց տրեխները ձեռքին: Հազար ու մի միտք գալիս-անցնում էր նրա գլխով, սրտի խորքից թառանչ էր ելնում, և անարցունք աչքերը ճպճպում էին, որպես մարմրուն ճրագներ:

Մյուս օրը Հաբուդը գնաց:

Бесплатно

5 
(2 оценки)

Читать книгу: «Մթնաձոր»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно