Ինքը Բեկը Մխիթար սպարապետի և Ներսես սրբազանի հետ գնացին Որոտնա բերդի վրա: Մելիք-Փարսադանին, Ավթանդիլ գնդապետին և Պապ զորապետին ուղարկեցին դեպի Գենվազի կողմերը: Մեղրին տիրելու համար: Իսկ Թորոս իշխանին ուղարկեցին դեպի մեր կողմը:
Երբ Դավիթ բեկը հայտնվեցավ, Սյունյաց աշխարհի պետերից երկու մարդ միայն չմիացան նրա հետ. մեկը Տաթևի մելիք Դավիթ ուրացողը, մյուսը, Արծվանիկի մելիք Ֆրանգյուլ ուրացողը: Երկուսն էլ Ֆաթալի խանի գործիքները, նրա չար արբանյակներն էին:
Ծերունի իմամը իր դերվիշի հրաշալի մաջուններով աշխատում էր վերադարձնել իր մանկությունը, որ մելիքի գեղեցիկ աղջկա ամուսինը դառնա: Բայց մաջունները չօգնեցին, իմամը մեռավ, և օրիորդը թեև ազատվելով փտած ծերուկի կինը լինելուց, բայց նրա հայրը Ֆաթալ խանի հետ իր հարաբերությունները միշտ բարեկամական պահելու համար, իր աղջկան տվեց նրա եղբայր Աղասի խանին: Դրանով նրա աստիճանը բարձրացավ, բացի մելիքությունից, ստացավ խանի մոտ նազիրի պաշտոնը:
Ընթերցողը հիշում է, որ մելիք Ֆրանգյուլը Բարգյուշատի կառավարությունը ստանալու համար, Չալաբիան կոչված թյուրք ցեղի իմամի մոտ ընդունեց մահմեդականություն և իր աղջիկը խոստացավ նրան կնության տալ: Իմամի միջնորդությամբ Ֆաթալի խանից ստացավ նա Բարգյուշատի մելիքությունը:
Տեսնո՞ւմ եք այս ամրոցի ավերակները, որ երևում են ձորի մյուս կողմում. – դրանք մի ժամանակ շեն էին և պատկանում էին հենց այդ դավաճանին: Երբ նրան սպանեցին, ամրոցն էլ քանդեցին: – Ովքե՞ր քանդեցին:
Դա մելիք Ֆրանգյուլ դավաճանի գերեզմանն է. հենց այստեղ սպանեցին նրան, այստեղ էլ թաղեցին: Նրա դիակը թույլ չտվեցին թաղել հասարակաց հանգստարանում, ննջեցյալների հանգիստը չպղծելու համար:
Ոչ ոք այնքան չէ վնասել հայոց հայրենիքին, որքան մեր արյունակից դավաճանները, որոնք մեզ թողնելով, անցան թշնամու կողմը: Ինչի՞ց է այդ: Դժվար է հասկանալ, բայց դժբախտաբար այդպես է…