Դեկտեմբերի ձմեռային առավոտ էր: Քաղաքի արևելյան հորիզոնը ամփոփող լերանց ետևից դեռ նոր ծագել էր արեգակը և բարձրանում էր անամպ և վճիտ երկնակամարի վերա: Սրա ջերմությունից զուրկ ճառագայթների առաջ շողշողում էին տների սրածայր ձյունապատ տանիքները: Բոլոր քաղաքը արդեն յուր սովորական շարժողության մեջ էր:
Այս միջոցին արհեստավորների թաղում վարպետ Սարգսի տունը ներկայացնում էր մի անսովոր կերպարանք: Նրա բակի և տան մեջ խռնված էր խառնիճաղանճ ամբոխ: Այստեղ, այնտեղ երևում էին խաչվառներ, մոմեր, աշտանակներ, որոնք մի տեղից մյուս տեղն էին փոխադրում, լսվում էին բուրվառների շաչյուն, քահանաների հաստ և համոզկեր ձայներ, իսկ սենյակների ներսից ողբ և լաց…
Բայց ի՞նչ է պատահել այստեղ: Մեր երեք հիվանդները նույն գիշերը ավանդել էին իրանց հոգիները մեկը մյուսից մի քանի ժամ հետո: Սարսափելի դժբախտության լուրը մի րոպեում տարածվել էր ամբողջ թաղի մեջ և ժողովել այստեղ ահագին բազմություն: Թե՛ դրացի, թե՛ բարեկամ և թե՛ օտար սարսափով էին լսում հասած դժբախտության մանրամասնությունները և ամենքը այս մի առանձին երկնային պատիժ էին համարում իրանց խրատելու համար աստծուց տրված:
– Մարդիկ մեռնում են, – ասում էին նրանք, – բայց այսպիսի թշվառություն մինչև այսօր տեսած չունեինք: Մայր, աղջիկ և տղա երեքը միասին միևնույն գիշերի մեջ մեռած, ո՞վ է տեսել կամ ո՞վ է լսել… ի՞հարկե սա մի երկնային պատիժ է:
– Ընդհակառա՛կը, մի երկնային բարություն, – պատասխանում էր մի քանիսին վարպետ Սարգիսը, – որովհետև այսպիսով աստված կամեցել է միանգամից ազատել հանգուցյալներին այն անողորմ լութերականի ձեռքից: – Նա խոսում էր ոսկերիչ Գրիգորի մասին, որը մինչև անգամ ոչինչ չգիտեր դեռ յուր ընտանյաց հասած դժբախտության մասին: Նախընթաց գիշերը ոսկերիչը անցրել էր քարոզիչ Ավետիքի տանը և դեռ առավոտը տուն չէր վերադարձել: Իսկ քարոզիչը որովհետև վաղ առավոտ շուկա էր եկել պաշարեղեն գնելու համար, այդտեղ նա լսել էր ոսկերիչի կնոջ և որդկերանց մահը: Այդ լուրը նրա վրա շատ վատ ազդեց: Բայց սառնությամբ և հեռատեսությամբ գործելն յուր սովորություն արած լինելով՝ նա չայլայլվեցավ, այլ իսկույն ևեթ «եղբայրներից» մի քանիսին ղրկեց տուն, Որ Գրիգորին զբաղեցնեն մինչև յուր տուն դառնալը: Հետո մի քանի հոգու համար գնած իրեղենների վերա դարձյալ պաշար ավելացնելով՝ հանձնեց ծառային և պատվիրեց տասն և երկու հյուրերի համար ճաշի պատրաստություն տեսնել: Այս ամենից ետ ինքը շտապեց պաստորին և մյուս «եղբայրներից» մի քանիսին տեսնելու: Մի ժամից ետ նա վերադարձավ ութ հոգի էլ յուր հետ ունենալով: Նա ոսկերիչին հայտնեց, որ այսօր մտադիր է մի փոքր խնջույք սարքել, որովհետև յուր քարոզիչ նշանակելու տասներորդ տարին հենց այդ օրը լրանում է:
– Իսկ վաղը, – ավելացնում էր նա, – քեզ հետ միասին շատ առավոտ պիտի ճանապարհվինք Ծառաձագ գյուղը մեր հոտին վերաբերյալ մի քանի գործերի համար:
Ոսկերիչը գովեց նրա մտադրությունը և պատրաստակամություն հայտնեց յուր կողմից նրան հետևելու:
Քարոզչի անգութ մտադրությունը հետևյալն էր: Նա կամենում էր այդ հնարներով նույն օրը ոսկերիչին զբաղեցնել, այնպես որ նա չկարողանար դուրս գալ և կնոջ ու որդկերանց մահը լսել, իսկ յուր տունը նա համոզված էր, ոսկերիչին փնտրելու համար եկող չէր լինի, հետո վաղ առավոտյան նա պաստորի խորհրդով, ոսկերիչին առած կերթար Ծառաձագ, որ քաղաքից 60 փարսաղ հեռավորություն ուներ: Նա այդտեղ զանազան պատրվակներով ոսկերիչին պիտի ուշացներ մի ամիս, իսկ այդ միջոցում պիտի նախապատրաստեր նրան յուր ընտանյացը հասած դժբախտության գույժը հենց այդ գյուղում առնելու, ըստ որում պաստորի ասելով եթե նույն օրը հայտներ նրան այդ բանը՝ «տիրոջ» հոտի համար կարող էին վնասակար անպատեհություններ տեղի ունենալ:
Բայց պաստորից և քարոզչից նախատեսված հաշիվները «եղբայրներից» մի քանիսը խանգարեցին: Քարոզչի տուն հասնելուց մի քանի ժամ հետո ոսկերիչը պատահմամբ կամեցավ դուրս, գնալ պատշգամբ: Նա դեռ ոտքը պատշգամբը հանող դռանը չէր կոխել, երբ պատշգամբում մի գաղտնի խոսակցության շշուկ զարկավ յուր ականջին: Նա իբր կատակ հետաքրքրվեցավ լռել, ուստի անշարժ յուր տեղը կանգնելով, ականջը ուղղեց դեպի շշնջող կողմը և որոշակի լսեց հետեւյալը.
– Ճշմարի՞տ, որ երեքն էլ վախճանվել են, – հարցնում էր «եղբայրներից» մեկը:
– Այո , թե՛ կինը, թե՛ աղջիկը և թե՛ որդին:
– Երեքն էլ ա՞յս գիշեր, – զարմացմամբ հարցնում էր մի երրորդը:
– Այո, երեքն էլ այս գիշեր:
– Իսկ եղբայր Գրիգորը ոչինչ չգիտե՞:
– Ոչ, նա այս գիշեր այստեղ է անցրել…
Ոսկերիչը այլևս չկարողացավ լսել, նրա գլուխը պտտվեցավ, աչքերը սկսան մթագնել, նա գոչելով դուրս գնաց պատշգամբը,
– Ո՞ւմ համար եք խոսում, այդ ի՞նչ է պատահել, ո՞վ է մեռածը, ինչու՞ ինձանից ծածկում եք, կի՞նս, որդի՞քս…
Նա դողալով և գունաթափ հետզհետե հարցեր էր անում նրանց: Բայց «եղբայրները» հանկարծակի գալով ոչինչ չէին կարողանում պատասխանել նրան, այլ շվարած նայում էին:
Ոսկերիչը գժվածի պես մտավ տուն, նա պատահեց քարոզչին յուր ընդունարանում:
– Այս ի՞նչ են խոսում, Ավետի՛ք, – գոչեց նա դեպի քարոզիչը, ո՞ւր է կինս, ո՞ւր են որդիներս, նրանք մեռել են… տա՛ր ինձ նրանց մոտ, տար ինձ… Դուք ինձ քնացրիք, դուք ինձ ամեն բան մոռացնել տվիք, տա՛ր, ասում եմ, ինձ նրանց մոտ…
Այս ասելով նա բռնի քաշեց քարոզչի թևից և առաջ ձգեց:
– Ի՞նչ ես անում, այ մարդ, սպասիր, ես ոչինչ չգիտեմ, ո՞վ է մեռել…
– Ո՞վ է մեռել, կատաղությամբ գոչեց ոսկերիչը, կինս, որդիքս ասում եմ քեզ… Արի՛, արի՛, տար ինձ նրանց մոտ, ես միայնակ չեմ կարող գնալ…
Ոսկերիչի և քարոզչի ձայների վերա ներս թափվեցան «եղբայրները» և տեսնելով թշվառ մարդու մինչև կատաղության հասած այլայլմունքը՝ խորհուրդ տվին քարոզչին ընկերանալ նրան գեթ մինչև յուր տունը:
Քարոզիչը երկյուղից դողում էր, սակայն հարկ էր տված խորհուրդը ընդունել: Նա և ոսկերիչը դուրս գնացին: Վերջինս պինդ բռնած էր քարոզչի թևից և արագությամբ և հատկլյալ շնչով առաջ էր գնում, միշտ ետևից քարշ տալով ընկերոջ:
Ճանապարհը շատ երկար չէր: Նրանք մտան թե չէ այն փողոցը, որի ծայրում շինված էին ոսկերիչի և յուր դրացի վարպետ Սարգսի տները, և ահա լսվեցան հոգևոր երգեցողության ձայները:
– Կանգնի՛ր այստեղ, – հրամայական ձայնով դարձավ ոսկերիչը դեպի քարոզիչը. և նրա թևից քաշելով յուր հետ կանգնեցրավ մի ցանկապատի տակ:
Երգեցողության ձայները հետզհետե մոտենում էին: Վերջապես փողոցի անկյունից երևացան մոմերը և խաչվառները, ետո երգեցող մանկտին, քահանաները և վերջը խուռն բազմությունը արհեստավորների և մանր վաճառականների, որոնք կրում էին երեք թշվառների դագաղները: Ոսկերիչը այդ ամենը տեսնելուց լայն բացած աչքերով, որոնց մեջ հանկարծահաս թշվառության գույժը ցամաքացրել էր արտասվաց աղբյուրները, անզգայաբար առաջ գնաց դեպի դագաղները: Բայց այստեղ նշմարելով յուր մյուս փոքրիկ որդիներին, որոնք կողկողագին լալիս էին մեկը մոր և մյուսը քրոջ դագաղներից գրկած, իսկույն սոսկալով և սարսափած ետ դարձավ դեպի քարոզիչը և գոչեց.
– Նրանք են, կինս և երեխաներս, դու և ես՝ երկուսս միասին սպանեցինք նրանց…
Այս ասելով նա կանգնեցավ յուր առաջի տեղը, վերցրավ գդակը, նույնը անել տվավ և քարոզչին և սպասում էր հուղարկավորության անցնելուն: Երբ հանդեսը մոտեցավ, նա կրկին խելագարի նման վազեց դեպի դագաղները.
– Այդ ո՞ւր եք տանում իմ կինը և որդիները… թողեք, որ խոսեմ նրանց հետ…:
Այս ասելով նա կամենում էր ընկնել դագաղների վերա, բայց նրան արգելեցին:
– Հեռու, հեռու այստեղից, թշվառական, – սպառնալից դեմքով դարձավ դեպի նա քահանաներից մինը, – այդ անիծյալ ձայնովդ այժմ է՞լ սրանց մահվան հանգստությունն ես կամենում վրդովել:
Ոսկերիչը սրտաբեկ և գունաթափ ետ դարձավ և ցանկապատին հենվելով մրմնջում էր.
– Այո՛, ես անիծյալ եմ… տեր – հայրը իրավունք ունի… ես անիծյալ եմ…
Այս տեսարանը շատ մորմոքիչ ազդեցություն արավ ժողովրդի վերա, նրանցից շատերը խղճահարվում էին ոսկերիչի թշվառ դրության վերա: Բայց կային երիտասարդներ, որոնք չկարողացան ճանաչել նրա հոգու վշտահար դրությունը և կարծեցին թե նա կամենում էր բռնի յուր ննջեցյալները խլել իրանց ձեռքից, ուստի՝ «Մենք դառնալուց քեզ ցույց կտանք, անզգամ», կամացուկ սպառնում էին նրանք՝ առանց այն էլ հարվածի սաստկության տակ կործանված թշվառականին:
Բայց ոսկերիչը լուռ և անզգա էր յուր դեմ ուղղված բոլոր հայացքներին ու սպառնալիքներին: Նա այնքան սպասեց այնտեղ, մինչև որ հուղարկավորությունը անցավ և հետո ապուշ – ապուշ հարցրավ քարոզչին:
– Այս ննջեցյալները ճանաչեցիր դո՞ւ:
– Ճանաչեցի, – ցած ձայնով պատասխանեց նրան քարոզիչը:
– Նրանք իմ կինը, աղջիկս ու որդիքս են, գիտե՞ս:
– Գիտեմ:
– Լավ ուրեմն, տար այժմ ինձ իմ տունը:
Քարոզիչը հնազանդվեցավ: Երբ նրանք հասան տուն, ոսկերիչը դարձավ քարոզչին:
– Այժմ դու կարող ես գնալ:
– Իսկ դո՞ւ, – հարցրավ քարոզիչը:
– Ես պետք է մնամ իմ տանը:
– Իսկ եղբայրների մոտ ե՞րբ կգաս…
«Եղբայրներ» բառը ցնցեց ոսկերիչին ամբողջ մարմնով, նա կատաղությամբ հարձակվեցավ քարոզչի վերա.
– Դու դեռ համարձակվում ես ինձ մոտ այդ անիծյալ անունը կրկնելու, – այս ասելով նա երկու ձեռքով բռնեց քարոզչի մազերից և ուժգին զարկավ մոտ եղող պատին:
Քարոզիչը մի ճիչ արձակեց և գլորվեցավ գետին:
– Այդ դեռ շատ փոքր է, – կատաղությամբ գոչեց ոսկերիչը և վազեց վերցնելու բակի մեջ ընկած որձաքարի բեկորը: Բայց քարոզիչը մի ակնթարթում բարձրացավ ընկած տեղից և բակի ցանկապատի վրայով թռավ փողոց: Ոսկերիչը ետ դարձավ, բայց նրա փախչելու ոտնաձայնը միայն լսեց,
– Ես ուրեմն սատանաների հետ գործ ունեի մինչև այժմ, – ասաց նա և քարը ձգեց գետին: Հետո մի փոքր լռելով շարունակեց ձողացող ձայնով: – Բայց ո՞վ է մեղավորը, ի՞հարկե ես, միմիայն ես, անզգամս: Ի՞նչ ունեի ես այդ դևերի հետ, այդ անգութ, այդ անսիրտ խաբեբաների հետ, ինչու շուտով չճանաչեցի նորանց, ինչո՞ւ խելքս կորցրի, ինչո՞ւ իմ ընտանիքը մոռացա… իմ կինը, իմ զավակները… Հա՛, հու քեզ համար նոր հավա՞տ էիր որոնում, թշվառական, – շարունակում էր նա ինքն իրեն խոսելով, – դու որ մի խեղճ արհեստավոր էիր և իսկապես չգիտեիր, թե որոնք են քո հավատի պակասությունները և որոնք էին ուրիշների առավելությունները: Քո պապերի հավատով դու քեզ բավական երջանիկ չէի՞ր զգում, նորանով քո ընտանիքը բավական բախտավոր չէր. թե՞ կամենում էիր հանկարծ արքայություն մտնել… գնա այժմ, անմիտ, գնա և տես, ո՞ր դժոխքը սորանից ավելի սարսափելի է, ո՞ր դժոխքը սորանից ավելի խիստ հարվածներ կարող էր տալ քեզ…
Այս ասելով նա անխնա հարվածում էր յուր գլուխը: Հետո երերալով նստավ դռան քարի վերա և ընկավ մտածողության մեջ: Երբեմն նա խորը հառաչում էր և յուր լայն բացված ռնգունքներից, ինչպես ծուխ դուրս էր փչում յուր ներսում կրակվող շունչը, երբեմն նա ցնցում էր գլուխը և կատաղաբար շարժում օդի մեջ յուր բռունցքները կարծես յուր առաջ մենամարտողների բանակ ուներ կանգնած, և երբեմն հուսահատ և սրտաբեկ գլուխը խոնարհում էր կուրծքի վերա և այնպես մնում երկար ժամանակ: Վերջապես նա նորեն սկսավ ինքնիրեն շշնջալ.
«Բայց մի՞թե ես մեղավոր եմ. մի՞թե ես գիտությամբ արի այդ ամենը, երբեք: Ես մինչև այժմ էլ չգիտեմ, թե ինչպես եղավ, որ այդ խաբեբաների որոգայթի մեջ բռնվեցա, չգիտեմ ինչպե՞ս եղավ, որ իմ Մարիամին, իմ երեխաներին մոռացա, այո, ես ոչինչ չգիտեմ, այդ ամենը ինձ համար բոլորովին անհասկանալի ձևով կատարվեցան, այո, անհասկանալի, ես ոչինչ չիմացա, ես ոչինչ չզգացի, այդ դևերը ինձ կախարդեցին, այո, ես մեղավոր չեմ…»: Այս ասելով նա լռեց մի փոքր ժամանակ և հետո նորեն սկսավ.
«Բայց ինչպե՞ս թե մեղավոր չեմ, ես չէի որ երբ առաջին անգամ կամենում էի գնալ այն խաբեբա Կարոյի տունը և Մարիամը եկավ ինձ արգելելու, նա բռնեց իմ ձեռքից, նա խնդրում, աղաչում և արտասվում էր, որ ես նրա մոտ գայի, բայց ես, ոհ, ես՝ անզգամս վայրենությամբ մի կողմ բերեցի նրան և դուրս փախա… Ես չէի՞, որ չորս տարի շարունակ տանջեցի նորան արգելելով կատարել յուր հավատո վերաբերյալ պարտավորությունները և վերջապես ես չէի, որ սպանեցի նորան և նորա հետ էլ իմ երկու զավակներին…»:
Այսպես խոսելով նա վեր թռավ նստած տեղից և շարունակեց հուսահատ կատաղությամբ.
«Ո՛չ, ո՛չ, ապրել այսուհետև անկարելի է, և ո՞ւմ համար պիտի ապրեմ. Մարիամը մեռավ և տարավ յուր հետ աղջիկս և որդիս. մնում են երկու փոքրիկներս. թող նոքա էլ թշվառանան… իմ բարեպաշտ հայրը անշուշտ իր գերեզմանում անիծեց ինձ իմ անիրավությանց համար, ուրեմն իմ անունը պիտի ջնջվի. իմ տունը հիմնովին պիտի կործանվի, որպեսզի իմ պատիժը կատարյալ լինի… այո՛, ես արժանի չեմ աստծո արեւը տեսնելու, նորա օդը շնչելու… և ես փոխանակ քարոզչի գլուխը պատին զարկելու, ինչու՞ իմը չեմ զարկում»:
Այս ասելով նա կատաղաբար առաջացավ դեպի դուռը և ձախ երեսով սաստիկ խփվեցավ տան պատին, նրա դեմքը ընդհարվելով քարի հետ պատռվեցավ և քթից սկսավ հոսել հորդ արյուն: «Ոչ, այսպես չի կարելի շուտ մեռնել, այնպես շուտ՝ որ իմ կնոջը և երեխաներին հասնեմ, ես գիտեմ, թե ինչպե՞ս պետք է մեռնել…»: Նա ներս մտավ տուն: Առաջին անգամ նրա աչքին զարկավ նախագավթի մեջ կշեռքի համար կախված չվանը:
«Ահա, – գոչեց նա խելագարվածի պես, – ահա մեռնելու հարմար միջոցը»: Եվ առանց ուշանալու բարձրացավ գավթի անկյունում դրված սնդուկի վերա, քաշեց յուր մոտ առաստաղից կախված չվանը և նրա վերա կրկնածալ հանգույց շինելով՝ անցրավ պարանոցը, «Այժմ ես ձեզ հետ եմ, սիրելիներս»:
Նա թափ տվավ ոտքերին և շրջվելով կախվեցավ օդի մեջ… Երկու անզոր ցնցումներից ետ լրթագույնը պատեց նրա երեսը, բերանից և ռունգերից սկսավ ժայթքիլ խեղդվող արյունը, և մի խուլ հռնդյունից ետ… նա հոգին փչեց…
Հուղարկավորության ժամանակ ոսկերիչին սպառնացող երիտասարդները տուն դառնալով բոլորը միասին վճռեցին գնալ նրա մոտ և երեք զոհերի վրեժը հանել նրանից…
Բայց նրանց զայրութը փոխվեցավ սարսափի, երբ նրան կախված գտան նախագավթի մեջ:
Հայ անհիշաչար հոգևորականությունը առավ բողոքականության չորրորդ և ավելի թշվառ զոհի մարմինը և ամփոփեց յուր ընտանյաց հանգստարանում…
Իսկ մեծապատիվ պաստորը շատ անտարբերությամբ լսեց այդ բոլոր թշվառության պատմությունը և միայն վերջումը բարեհաճեց ասել, որ «ոսկերիչը հիմարություն է արել իրան խեղդելով»:
Ոսկերիչի երկու որդիներին յուր հովանավորության տակ առավ վարպետ Սարգիսը, իսկ նրա ունեցած երեք հազար ռուբլին, որը պաստորի ձեռքով գրկված էր մայրաքաղաքի բանկը շահեցնելու, մինչև այսօր էլ չիմացվեցավ, թե աստծո ո՞ր պաշտոնյայի գրպանը մտավ…
Бесплатно
Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно
О проекте
О подписке