Читать бесплатно книгу «Պատմվածքներ» Մուրացան полностью онлайн — MyBook

Զ
ՊԱՏԵՐ – ՍԻՄՈՆԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Փորձված մարդիկներից շատերը մեծ նշանակություն են տալիս նախազգացմանը, խորհրդավոր բաներ պատմելով նրա մասին: Ճշմարտությո՞ւն են դրանք, թե՞ նախապաշարման արգասիք, չգիտեմ, միայն ես առհասարակ շատ չեմ հավատացել նրան և՝ այդ օրը նախազգացման նշանակությունը հերքող մի փորձ տեսի ինձ վերա: Ինչպես գիտեք ես պարտեզի մեջ առաջին անգամ պատեր – Սիմոնին նշմարելով, նախազգամամբ մի ատելություն և հակակրություն զգացի դեպի նրան, և խոստովանում եմ, որ ինքս էլ մեծ նշանակություն տվի նույն րոպեին իմ մեջ ներշնչված այդ տրամադրությանը, բայց ընկերուհիներիս հետ տուն հասնելով իսկույն ևեթ փոխվեցավ իմ մեջ նրա մասին ունեցած գաղափարս:

Դահլիճի դռնից ներս մտա թե չէ, պատեր – Սիմոնը այնպիսի մի հանդիսավոր ընդունելություն արավ ինձ, որ կարծես դրանով պատրաստվում էր յուր տասնամյա պանդխտութեն են վերադարձած հարազատ որդուն գրկելու:

– O՛, իմ սիրելի բարեկամ, վերջապես ձեզ էլ տեսնում եմ այստեղ, – բացականչեց նա, – որքան գոհ եմ. և եթե գիտենայիք, թե երեկվանից դեսը որքան շատ ցանկացել եմ ձեզ հետ տեսնվելու…

Այս անսպաս մտերմական խոսքերով, (որոնց նպատակը ես չգիտեի) մոտեցավ ինձ պատվելին և ջերմ – ջերմ սեղմեց իմ ձեռքը: Ապա դառնալով քրոջս, խորին հարգանքով ողջունեց նրան համեստությամբ թույլտվություն խնդրելով՝ որ շնորհավորե նրան յուր եղբոր գալուստը:

Քույրս մատույց պատվելիին յուր անկեղծ շնորհակալությունը ընդ նմին և ուրախություն հայտնելով, որ նա բարեհաճել էր յուր այցելությամբ իրենց քաղաքը պատվելու:

Բանից երևաց, որ պատվելին այս փոքրիկ քաղաքի բոլոր հայ ընտանիքներից սիրված մի անձնավորություն էր, բացի նորատի աղջիկներից, որոնք, ինչպես ինձ օրիորդ Մարանջյանը ասաց, շատ չէին ախորժում նրա հոգևորական զգացմունքներով տոգորված կավալերությունից, որը նա ի դեպ և տարադեպ առաջարկում էր նրանց:

Սեղանը արդեն պատրաստ էր և մենք պետք է ճաշի նստեինք:

– Դուք, անշո՞ւշտ, կներեք մեզ, տիկիննե՞ր և պարոննե՞ր, – ասաց պատեր-Սիմոնը հրավիրյալներին, – որ մենք երկու նորեկ հյուրերս միասին նստենք:

Այս ասելով նա բռնեց իմ ձեռքից և տարավ նստեցրեց ինձ յուր համար պատրաստված բազկաթոռի կողքին:

Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին և ամեն ոք յուր շրջապատով սկսեց զբաղվիլ, պատեր-Սիմոնը շարունակեց խոսել ինձ հետ, բայց այնպես կամացուկ որ, մեր դրացիներից ոչ ոք նրան լսել չէր կարող:

– Գիտե՞ք, սիրելիս, երբ ես այսօր ձեզ առաջին անգամ մեր օրիորդների հետ տեսա, մի փոքր վախեցա. դուք մի վիրավորվիր այս խոսքից, խնդրեմ, բայց խոստովանեցեք, որ կարող էի վախենալ:

– Ինչո՞ւ համար, պատվելի՞, – զարմացմամբ հարցրի ես:

– Ա, դուք խո չե՞ք մոռացել երեկվա պատմությունը: Ես որքան էլ որ անբնական դրության մեջ էի, այսուամենայնիվ լավ հիշում եմ, որ ձեզ հետ շատ անվայել վարվեցա: Ես հազար անգամ ներողություն եմ խնդրում:

– Թողեք, աղաչում եմ. այդքան փոքրոգի մարդ մի կարծեք ինձ, – պատասխանեցի ես, – դուք ինձ ոչնչով չեք վիրավորել, Ինչո՞ւ համար եք ներողություն խնդրում:

– Օ՛, ինչպե՞ս չէ. մի հարգելի երիտասարդի առաջ նստել արբած դրության մեջ… անտեղի կատակներ անել… սա իհարկե անվայել բան է իմ աստիճանի համար, դուք ինձ պետք է ներեք…

Այս խոսքերից հետ պատվելին խոնարհեց աչքերը և այնպիսի մի արտահայտություն տվավ յուր երեսին, որ ես կամա ակամա մի խորին պատկառանք զգացի դեպի նրա համեստ և իրավամբ հոգևոր անձնավորությունը:

– Ես երեկվա անցքերից ոչինչ չեմ հիշում, պատվելի, և շատ խնդրում եմ, որ չանհանգստանաք իզուր տեղը. դրանով արդարև դուք ինձ վիրավորում եք: Ես ինքս երիտասարդ մարդ եմ և սիրում եմ ուրախ բնավորությունները: Մի՞թե դուք այդքան ծանրաչքով կնայեիք ինձ վերա եթե ուրախության ժամանակ ինձ արբած տեսնեիք:

– Երբե՛ք, երբե՛ք, սիրելիս: Ես բծախնդրությունը չեմ սիրում:

– Ուրեմն միևնույնը կարծեք և ինձ. մանավանդ որ ես հին սերունդին չեմ պատկանում:

– Այո՛, այդ վերջին հանգամանքը չպետք էր մոռանալ, – հարեց պատվելին և յուր անձեռոցի ծայրը սկսավ ամրացնել օձիքի մեջ: Ապա դառնալով դեպի ինձ շշնջաց ավելի ցած ձայնով.

– Բայց դուք գիտե՞ք, թե ես ինչու համար էի ասում, թե` «վախեցա երբ ձեզ մեր օրիորդների հետ տեսա»:

– Ո՞ չ, ես այդ կամենում էի հարցնել ձեզանից:

– Այ թե ինչո՞ւ համար: Դուք չեք ճանաչում այստեղի աղջկերանց: Համեստությունը նրանց համար անծանոթ բան է: Ինձ տեսնելով նրանք կարող էին կատակաբանել իմ մասին, իբրև թե ձեզ զվարճացնելու համար, և դուք կարող էիք երեկվան իմ դրությունը անգիտությամբ նկարագրել նրանց առաջ: Այդ իհարկե լավ չէր լինիլ: Նրանք կսկսեին հազար ու մի բաներ ավելացնելով ձեր խոսածների վրա տարածել քաղաքում:

– Բնա՛վ, բնա՛վ, և ո՛չ իսկ մի բառ հիշված է ձեր մասին, – ասացի ես, – անհոգ եղեք, և թե նրանք խոսեին անգամ, ես դարձյալ չէի ինձ թեթևացնիլ այնքան, որ ընկերանայի նրանց:

– Կեցջի՛ք, խելոք երիտասարդ եք. դուք կատարելապես գրավեցիք իմ համակրությունը, – գովեց ինձ պատվելին և գոհ սրտով ձեռք առավ ստամոքսի բարերար գործիքները:

Ես նկատեցի, որ մեր բոլոր խոսակցության ժամանակ Մարգարիտան դիտում էր մեզ և յուր հետաքրքիր հայացքով կարծես ուզում էր թափանցել մեր սրտի խոսքերը, իմանալու համար, թե ինչ ընդհանուր միտք կարող էր զբաղեցնել ինձ և պատեր-Սիմոնին:

Այս հանգամանքը ինձ չափից դուրս հետաքրքրեց, մանավանդ որ սկզբումն էլ նա կասկածոտ հարցեր էր անում ինձ պատերի վերաբերությամբ, ուստի վճռեցի այդ մասին անպատճառ մի բացատրություն խնդրել օրիորդից, երբ մենք միայնակ կլինեինք:

Բայց պ. Լուսինյանը նկատում էր, որ յուր հյուրերը վանական միաբանության վայել լռություն են պահպանում սեղանի վերա, ուստի սկսավ մեղադրել պատեր-Սիմոնին, որ նա չԷ մտածում ժամ առաջ այդ մեծ չարիքի առաջը առնելու:

– Մեր շիշերը բողոքում են ձեր դեմ, պատվելի, – ասաց նա, – կամ դուք հանձն առեք սեղանապետությունը և կամ հանձնեցեք այն այս երիտասարդներից մեկին:

– Ներեցե՛ք, ես չգիտեի, թե ինձ է վերապահված կարգադրելու իրավունքը, – պատասխանեց պատվելին, – բայց որովհետև դուք ինձ եք տալիս այդ պատիվը, ուստի ես էլ իմ կողմից սեղանապետության պաշտոնը հանձնում եմ մեր ամենասիրելի բարեկամ Բյուրատյանին:

Բոլոր հրավիրյալները նայեցին ինձ վերա: Նրանցից շատերը սկսան ծափահարել, շնորհավորելով իմ ընտրությունը: Բայց և մի քանի ինձ անծանոթ երիտասարդներ խոժոռեցին իրենց դեմքերը, որոնք այսուամենայնիվ կրկին զվարթացան, երբ ես բացե ի բաց մերժեցի ընդունել այդ պատիվը՝ իբրև կառավարելու անընդունակ և անսովոր, այնուհետև խոսելու ասպարեզը բացված լինելով սկսան մի քանի ընտրելիներ առաջարկել և վերջնական ընտրությունը մնաց կոկիկ հագնված մի երիտասարդ վաճառականի վերա, որը նստած էր օրիորդների խմբին շատ մոտիկ և զբաղված էր յուր դրացուհիների հետ հաճոյախոսություններ անելով:

Конец ознакомительного фрагмента.

Бесплатно

5 
(2 оценки)

Читать книгу: «Պատմվածքներ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно