Читать бесплатно книгу «Պատմվածքներ» Մուրացան полностью онлайн — MyBook

Դ

Մի կիրակի առավոտ քարոզիչ Ավետիքը եկավ ոսկերիչի տունը և հայտնեց նրան, որ իրանց գլխավոր պաստորը Տփխիսից եկել է, ուստի ինքն էլ մյուս բոլոր «եղբայրների» հետ պիտի պատրաստվի նրա տեսության գնալու: Ոսկերիչ Գրիգորը նախ երկյուղ հայտնեց յուր տգիտությամբ մեծապատիվ պաստորի առաջ երևալու, բայց երբ Ավետիքը հարևանցի կերպով ծանոթացրավ նրան պաստորի անձնավորության հետ, հայտնելով, որ նա ինքը իսկ այս քաղաքացի է և հայտնի դպիր Ղազարի տղան է, որին յուր հայրը մանկության ժամանակ մի քանի ոսկով ծախել էր նեմենցներին, որոնց մոտ նա մնալով ուսել էր «տիրոջ խոսքը» և ստացել այս մեծ պաշտոնը, և թե նա բոլոր «եղբայրների» հետ իրանց հասկացած լեզվով պիտի խոսի, այն ժամանակ ոսկերիչը սիրտ առավ և հագնելով յուր պահեստի հագուստները, ընկերացավ քարոզչին: Վերջինս նրան առաջնորդեց յուր տունը, ուր հավաքված էին բոլոր «եղբայրները»: Իսկ այստեղից նրանք բոլորը միասին գնացին և ներկայացան մեծապատիվ պաստորին:

Քարոզիչ Ավետիքը պաստորին ծանոթացրավ «եղբայրներից» յուրաքանչյուրի հետ, համառոտ ծանոթություններ տալով նրանց անցյալի և ներկայի վերա, և հետո ներկայացրավ յուր եռամյա գործունեության հաշիվը: Այս հաշվից պաստորը բավականությամբ տեսավ, որ քարոզիչ Ավետիքը այդ ոչ շատ երկար ժամանակամիջոցում կարողացել էր երեսուն և երկու հոգի լուսավորչական հայերից դարձնել ավետարանականության: Միայն շատ չախորժեց տեսնելով, որ ներկայացրած տոմարի մեջ քսանյոթ հոգի պարտական էին կենտրոնական սնդուկին բավական նշանավոր գումարներ: Օրինակ, բազազ Հարությունը՝ 1200 ռ., նրա աներձագ Հովակիմը 1400 ռ., մուշտակագործ Ալեքսանը՝ 1000 ռ., ոսկերիչ Կարապետը (մեր ծանոթ Կարոն)՝ 1500 ռ., ոսկերիչ Սիմոնը՝ 900 ռուբլի: Սրանք բոլորը ստացել էին կանխիկ դրամ իրանց անհրաժեշտ պիտոյից համար:

Այնուհետև գալիս էին երկրորդական ճանապարհներով պարտապանները:

– Հյուսն Մաթեոսի տունը հրապարակական աճուրդից ազատելու և նրա պարտատերերը գոհացնելու համար ծախսված էր 1100 ռուբլի:

– Նրա արհեստակից Սարգսին ձիու գողության մեջ բռնված լինելուն պատճառով 18 ամսվա բանտարկությունից ազատելու և ձիատերը գոհացնելու համար 160 ռուբլի:

– Նախկին առևտրական փականագործ Հովհաննեսին յուր կինը և որդիները յուր ուղղափառ դավանության դարձնելուն համար ընծա 300 ռուբլի, այլև նրա կնոջը և որդոց մի – մի ձեռք հագուստ, արժեքը 120 ռուբլի:

– Գրագիր Դանիելի համար սեղանապետի պաշտոն ձեռք բերելու համար երկու անձանց բարեխոսությունը վաստակելու համար նվեր 250 ռուբլի, այլև նոր տարվա օրը նույն անձիքների համար ընծա երկու գլուխ շաքար և երկու գլուխ թեյ, 14 ռ. 40 կոպեկ:

– Փողհար Ասրիբեկի չհաս պսակը հաջողեցնելու համար նվեր 300 ռ.: Եվ հետո այդ երկուսին ավետարանականություն ընդունելու համար նվեր մի միահարկ տուն, արժողությամբ 490 ռուբլի:

Սրանից հետո նշանակված էին մանր պարտապանների անունները կամ փոքր գումարով արված նվերները: Սրանք այնքան աննշան էին, որ երկար թվումն մասանց անել ավելորդ է, կհիշենք միայն մի քանիսը: Օրինակ, Ծառաձագ գյուղացի Կարապետին նվիրված էր 26 ռուբլու արժողությամբ մի էշ, խառատ Հովսեփին 90 ռուբլու արժողությամբ հյուսնի գործիքներ, Բալլու գյուղացի Մկրտչին փոխ տված էր 60 ռուբլի, երկու ջրաղացի քարեր գնելու համար, այսպես իմացիր և մնացածները:

Ներկա եղող երեսուն և երկու հոգուց միայն հինգ հոգի կային, որոնք «եղբայրություն» էին ընդունել առանց որևէ նյութական նպաստ ընդունելու: Դրանցից մինը ոսկերիչ Գրիգորն էր:

Պարոն պաստորը այս վերջիններին առավել մեծարանքով ընդունեց և ամեն տեսակ հարգանաց և գովեստի արժանի հայտարարեց նրանց:

Հետո նա սկսավ խոսել մի բավական ընդարձակ ճառ, որի մեջ գլխավորապես ձգտում էր հասկացնել «եղբայրներին» թե նրանք ինչ մեծ և աստվածահաճո գործի են իրենց ավետարանականություն ընդունելով, և թե որքան նեղություններ և վշտեր պետք է կրեն իրանց այդ ընտրած ճանապարհով անհողդողդ առաջ գնալու համար, թե որքան դժվարությանց պիտի հանդիպին և թե որպիսի բարոյական ուժ պիտի գործ դնեն այդ դժվարությանց հաղթելու համար:

«Դուք, – ասում էր պաստորը, – բախտավոր եք նրանով, որ առաջինն եք այդ լուսավոր ճանապարհի վերա ոտք դնողները: Դուք կանչված եք նրա դժվարությունները հաղթելու և մաքրելու ձեր ապագա սերունդի համար: Այդ իսկ պատճառով էլ դուք առավելապես պիտի վարձատրվիք երկրում առաջին նահատակների փառավոր անունը և երկնքում «տիրոջ» արքայությունը ժառանգելով: Բայց որովհետև ձեզանից մի քանիսը, ինչպես մեր քարոզիչ եղբայրը ինձ հայտնեց դեռ ձեր ընտանիքը ձեր լուսավոր ճանապարհի վերա հանելու չեք հաջողած, այդ պատճառով ձեր զոհաբերությունը կատարյալ չէ: Դուք կամ չպիտի ապրիք այդ ընտանիքում, որ հեթանոս է, կամ եթե ապրում եք այդ հեթանոսներին էլ պիտի աշխատեք առաջնորդել դեպի փրկության ճանապարհը: Ես գիտեմ, այդ բանի համար դուք առաջին անգամ, ինչպես ասեցի կհանդիպեք դժվարությունների, դուք կբազմացնեք ձեր թշնամիները, կգրգռեք ձեր դեմ ձեր բարեկամների ատելությունը, ազգականների արհամարհանքը, դուք կհարուցանեք ձեր ընտանյաց մեջ խռովություն, անհամաձայնություն և շատ անգամ կռիվ: Բայց այս բոլորը ձեզ չպետք է վհատեցնեն: Դուք չպետք է կորցնենք ձեր արիությունը այլ միմիայն անձանձիր աշխատեք: Մի օր դուք ուրախությամբ կտեսնեք, որ վերջապես հասաք ձեր սուրբ և վսեմ նպատակին: Մի օր դուք հպարտությամբ կտեսնեք, որ ձեզանից յուրաքանչյուրը մի – մի ընտանիք և այնուհետև մի ամբողջ սերունդ հեթանոսությունից դարձնելու պատճառ եղաք, և այն ժամանակ ձեր հոգիները համարձակ կդիմեն դեպի նրան, որ կանչում է, «Եկեք իմ հոր օրհնածներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը»:

Այս և սրա նման շատ բաներ երկար խոսում էր պարոն պաստորը, և երբ յուր ճառը վերջացրավ, նա հարցրավ ներկա եղողների կարծիքը յուր ճառի մի քանի կետերի վերաբերմամբ: Բոլորը իհարկե պաստորի հայտնած մտքերի հետ համաձայն էին: Միայն ոսկերիչ Գրիգորը թույլատվություն խնդրեց իմանալու, թե արդյոք իբրև բացառություն իրեն չի ներվիլ, որ ինքը յուր համար ավետարանական մնա, իսկ իր կնոջը և երեխաներին թույլ տա իրանց մինչև այժմ դավանած կրոնը պաշտելու:

– Մենք հեզության աշակերտներ ենք, – համոզիչ եղանակով պատասխանեց պաստորը, – և ոչ ոքի չենք կարող ստիպել, որ նա զոռով մեր աշակերտը լինի: Բայց ով որ մի անգամ մեր «եղբայրության» մեջ է մտնում, նա պետք է մարդասեր լինի, և չկամենա, որ մարդկանց հոգիները կորչին: Դուք էլ, որ մեր սիրելի «եղբայրներից» եք նույն հոգով պետք է վառվիք, այսինքն պետք է աշխատեք որքան կարող եք, մոլորյալ հոգիները փրկելու, և ոչ թե թույլ տաք, որ նրանք կորչին և գեհենի բաժին դառնան: Այս ամենը գիտենալուց ետ, ձեր կամքից է կախված – թողնել ձեր ընտանիքը մոլորության մեջ կամ դարձնել նրանց ուղիղ ճանապարհ: Բայց և այնպես, – ավելացրավ պաստորը, – դուք, որ առանց շահախնդրության մտել եք մեր «եղբայրության» մեջ (որովհետև պաստորը փորձով գիտեր, որ այդ տեսակ հավատափոխները հազվագյուտ էին), դուք չպետք է արատավորեք ձեր անբիծ անունը, թույլ գտնվելով այն մեծ գործի մեջ, որի համար կանչված եք «տիրոջ» կամքով: Եթե դուք թշնամի չեք այդ ընտանիքին, ուրեմն գործով պիտի ցույց տաք ձեր բարեկամությունը, փրկելով նրանց բոլորի հոգիները անդառնալի կորստից:

Պաստորի խոսքերը խորը ներգործեցին ոսկերիչի վերա, և նա բոլորի վկայությամբ խոստացավ «չարատավորել յուր անբիծ անունը»: Սրանից հետո պաստորը հրավիրեց «եղբայրներին» աստծուն աղոթելու: Այս ընտանեական հանդեսն էլ վերջացնելուց ետ յուրաքանչյուրը քաշվեցավ յուր տունը:

Ճանապարհին քարոզիչ Ավետիքը, Կարոն և Գրիգորը միասին էին գալիս, որովհետև նրանց ճանապարհը մեկ էր:

– Գրիգոր եղբայր, – խոսեց Ավետիքը, – դու լավ ըմբռնեցիր պաստորի միտքը:

– Այո, որքան կարողացա, – պատասխանեց Գրիգորը, – նա ասում էր, որ ես պետք է աշխատեմ իմ ընտանիքն էլ մեր հավատին դարձնելու:

– Ապրիս, ճիշտ այդպես է: Այժմ ի՞նչ ես կարծում, պիտի կարողանաս թե ոչ:

– Մեծ դժվարություն եմ տեսնում այդ ձեռնարկությանս մեջ, հետևապես սկզբից ոչինչ հաստատ բան չեմ կարող խոստանալ:

– Ի՞նչ դժվարություն պետք է լինի, եղբայր, – մեջ մտավ Կարոն, – քո կինը իմ կնոջից ավելի պինդ հայ չէր կարող լինի, բայց ես նրան մոմի պես կակղացրի: Այստեղ հարկավոր է առնական հաստատակամություն: Եթե ունիս ուրեմն կամքդ կատարված է:

– Սխալվում ես, ոչ թե յուր այլ «տիրոջ» կամքը, – նկատեց քարոզիչը: – Իսկ եղբայր Գրիգորը այդ առնական հաստատակամությունը ունի, ես գիտեմ, երբ նա մտադրվեցավ մի բան անելու արգելքները նրա համար նշանակություն չունին:

– Ես միայն իմ ունեցած ուժս գործ կդնեմ, թե ինչպես կհաջողվի աստված գիտե:

– Այո՛, ուժ պետք է գործ դնել, – ավելացրավ Կարոն, – կինը միայն ուժի առաջ է հաղթվում: Ես մի քսան անգամ ծեծել եմ կնոջս մինչև նրան ճանապարհի եմ բերել:

– Ոչ, առաջ քաղցրությամբ և սիրով, – նկատեց քարոզիչը և լռեց, թողնելով որ խոսքի մնացորդ բառերը, «իսկ հետո ուժով և փայտով» իրենք իրանց հասկացվեն, որովհետև քարոզիչը զգուշացնում էր յուր «սեր և խաղաղություն» քարոզող մտքերին դավաճանող բառեր արտասանել, – Իսկ ձեր այդ գործը, – մի փոքր լռությունից հետո շարունակեց նա, – մեծ պարծանք կարող է բերել մեր «եղբայրներին» և գլխավորապես մեր պաստորին, որը յուր բոլոր ճիգը գործ է դնում մեր պատիվը և անունը բարձր պահելու բոլոր Եվրոպայի և Ամերիկայի միսիոներական և ավետարանական ընկերությունների առաջ: Վերջին բառերը առանձին հեշտահարությամբ էր արտասանում քարոզիչը, ոչ թե նրա համար որ նրանք մի որևէ նշանակություն ունեին, այլ որպեսզի Գրիգորի վերա նրան անծանոթ այդ բառերով ավելի մեծ ներգործություն աներ:

– Կաշխատեմ, – անվստահ ձայնով պատասխանեց Գրիգորը քարոզչին և նրա ձեռքը սեղմելով ուղղվեցավ դեպի յուր տան ճանապարհը:

– Իսկ մենք կհուսանք, – վստահ ձայնով նրա ետևից ավելացրավ քարոզիչը և հեռացավ Կարոյի հետ:

Ե

Ճաշի ժամանակ էր, երբ Գրիգորը տուն հասավ, նա ճանապարհին արդեն մտածել էր ինչ պիտի խոսեր յուր կնոջ հետ: Ներս մտնելու ժամանակ երեխաներից երկու փոքրիկները, որոնք սենյակում խաղում էին, հայրին տեսնելով դադարեցրին իրանց խաղը և կամենում էին դուրս գնալ: Գրիգորի սառն հարաբերությունները յուր կնոջ հետ երեխաներին էլ սառեցրել էին իրանից, ուստի երբ ինքը տուն էր մտնում, նրանք հեռանում էին հոր ներկայությունից իրենց ազատելու համար: Բայց այս անգամ հայրը նրանց թույլ չտվեց դուրս գնալու: Նա ծիծաղերես բռնեց նրանց ձեռքերից և յուր մոտ նստեցնելով սկսավ նախկին քնքշությամբ ողջագուրել նրանց: Երեխաները զարմացած աչքերով նայում էին մերթ հորը և մերթ միմյանց երեսին, և կարծես այդ անմռունչ հայացքներով կամենում էին հարցնել, թե արդյոք այս մարդը իրանց հայրը չէ՞ր:

Այս միջոցին ներս մտավ և՛ Մարիամը: Սա էլ ոչ սակավ զարմացավ յուր ամուսնու այս անսովոր փոփոխության վերա: Մի ամբողջ տարի էր, որ ժպիտը նրա երեսից անհետացել էր, որ նա չէր գգվել յուր երեխաներին և յուր կնոջը կողմնակի ճանապարհներով պատմելու համար, անտարբեր և սառն էր մնում դեպի այն բոլորը, որոնք մի համեստ ընտանեաց միակ երջանկությունն են կազմում: Մարիամը մի քանի րոպե կանգ առավ դռան մեջ և չէր վստահանում առաջ գնալ: Մի տեսակ անհանգստացնող ուրախություն, որից դեռ չէր բաժանվում խաբված լինելու երկյուղը բռնել էր նրան: Սրա սիրտը անընդհատ տրոփում էր… Վերջապես Գրիգորը նրան տեսավ:

– Այդ դու ես, Մարիամ, – դարձավ դեպի նրան քաղցրությամբ, – ինչու դրսումն ես կանգնել, մոտ արի քեզ հետ խոսելիք ունիմ:

Մարիամը մոտեցավ, բայց նրա յուրաքանչյուր քայլը մեքենայական էր: Նա հասավ ամուսնու մոտ նստեց աթոռի վրա:

– Փոքրիկներս, դուք գնացեք մյուս սենյակում խաղալու, – դարձավ Գրիգորը երեխաներին, – ճաշի ժամանակ մենք ձեզ կկանչենք:

Երեխաները հնազանդվեցան և դուրս գնացին:

– Ինչո՞ւ տխուր ես, Մարիա՛մ, – առաջին անգամ լռությունը ընդհատեց Գրիգորը:

– Ի՞նչ ունիմ ուրախանալու, – տխրությամբ պատասխանեց Մարիամը:

– Իրավունք ունիս, Մարիամ, – շարունակեց ամուսինը, – Բայց հիշո՞ւմ ես դու այն օրերը, որ մի տարի առաջ մենք անցուցանում էինք:

– Այո, այն երջանիկ օրերը ես չեմ մոռանում, – պատասխանեց Մարիամը խորը հառաչելով, – այն օրերը, որոնց ես կորցրել եմ և որոնց ես միշտ արտասվոք եմ մտաբերում:

Վերջին խոսքերի հետ արտասված երկու խոշոր կաթիլներ գլորվեցան նրա թորշոմած այտերի վերա:

– Այժմ, Մարիամ, ես կամենում եմ այդ օրերը կրկին դարձնել քեզ, ես էլ փափագում եմ իմ տան խաղաղությունը:

– Ախ, ո՞ւր էր մի փափագեիր այդ խաղաղությունը, ու՞ր է դարձրու ինձ իմ ամուսինը – իմ Գրիգորը… Ախ, եթե կարողանայիր ըմբռնել թե որքան տանջվել եմ ես, որքան արտասվել… Որբ՝ իմ մանուկ հասակից, միշտ զուրկ ծնող ունեցող որդիների ուրախությունից, այս հարկի տակ մտնելուց հետո միայն քո մեջ եմ գտել իմ առաջին ուրախությունը, իմ երջանկությունը, իմ կյանքը, և նրանից բաժանվելը, մահ էր ինձ համար, իսկ դու բաժանեցիր ինձ իմ ուրախություններից:

Այս խոսքերի հետ Մարիամը սկսավ դառնապես արտասվել:

– Բայց գիտե՞ս, սիրելի Մարիա՛մ, մեր տան խաղաղությունը, մեր անցյալ երջանիկ օրերը միմիայն ինձանով չպիտի վերադառնան, դու էլ պետք է օգնես ինձ, մենք երկուսս համակամ և համամիտ պիտի գործենք:

– Ինչ որ ինձ վերաբերվում է, ես պատրաստ եմ ամեն բանի համար, միայն դու եղիր առաջվանը, Գրիգո՛ր, միայն դու երեկոները ժպիտը երեսիդ մտիր տուն, և այդ երեկոները, մեր տնտեսության միակ ժամերը, քո ընտանյաց մեջ անցրու, գգվիր քո զավակներին առաջվա պես, ուրախացիր նրանցով, ուրախացրո՛ւ նրանց և այդ բոլորի հետ միասին մխիթարիր քո ամուսնուն: Մի ամբողջ տարի է, սկսված այն դժբախտ օրից երբ այդ անկոչ հյուրին մեր տան մեջ ընդունեցիր (նա խոսում էր քարոզիչ Ավետիքի մասին), մենք այլևս միմյանց չենք ճանաչում: Դու սառն և անտարբեր ես դեպի քո կինը և քո զավակները և մենք բոլորս՝ դեպի քեզ: Տեսնում ես, բոլորիս դեմքն էլ վշտահար, բոլորիս սիրտն էլ կոտրված, մեր ամբողջ տունը քայքայման մեջ, բայց ինչո՞ւ համար այս ամենը և մինչև ե՞րբ այսպես…

Գրիգորը տեսնում էր, որ չէր կարողանում անտարբերությամբ լսել կնոջ խոսքերը: Նրա դողացող և սրտաշարժ ձայնը թափանցում էր յուր սրտի խորքերը, նրա աղաչավոր և արտասվալից աչքերը կարծես շանթեր էին թափում յուր երեսին, նա իրեն զգում էր հաղթահարելու մոտ… Բայց այս հանգամանքը նպաստավոր չէր յուր նպատակին, ուստի կնոջ հուզմունքը և անհաջող սկսված խոսակցությունը առ ժամն դադարեցնելու համար, ասաց.

– Մարիամ, անցյալը հիշելուց և նրա վերա խոսելուց դադարենք: Մենք պետք է հաշտ լինենք, այս վճռված է, բայց թե ի՞նչ պայմաններով, այդ մասին դեռ պետք է խոսեմ քեզ հետ: Այժմ գնա դու ճաշ բեր մեզ համար, եթե պատրաստ է, ես սաստիկ քաղցած եմ, իսկ դրանից, ետ մենք շատ կարող ենք խոսել:

– Շատ լավ, – ասաց Մարիամը և ուրախությամբ դուրս գնաց սենյակից:

Մառանի դռան մոտ նա պատահեց Մանիշակին: Նա զարմացավ յուր մորը մի անսովոր ուրախության մեջ տեսնելով:

– Ի՞նչ է պատահել քեզ, մայրիկ, – անհանգստությամբ հարցրավ նա:

– Վերջապես աստված խղճում է մեզ, զավակս, – ասաց նա գրկելով գեղեցիկ աղջկանը, – նա քո հոր սիրտը և գութը շարժեց, վերջապես նա մեզ հետ հաշտվում է:

– Աստված, որքան ուրախ եմ, մայրիկս, ուրեմն այսուհետև մեր տանը կռիվներ չեն լինիլ, այնպես չէ՞:

– Իհարկե, դստրիկս:

– Օ՛հ չգիտես, մայրիկս, թե որքան քեզնից ծածուկ լաց էի լինում յուրաքանչյուր անգամ, երբ հայրս քեզ հետ կռվում էր:

– Խե՛ղճ աղջիկ, ի՛հարկե, լաց կլինեիր:

– Մայրի՛կ, ուրեմն հայրս այլևս լութերական չէ, այնպես չէ՞ :

«Լութերական» բառը լսելուց մայրը մի րոպեական սարսուռ զգաց ամբողջ մարմնի մեջ. նա չկարողացավ յուր դրստեր հարցին ուղղակի պատասխանել:

– Լավ, այդ մասին հետո, – ասաց նրան, աշխատելով հեռանալ նորանից, – առայժմ դու գնա սեղանը պատրաստիր, իսկ ես իջնում եմ խոհանոցը, հայրդ քաղցած է, պետք է ճաշ տալ նրան…

Այս ասելով նա սանդուղքից ցած իջավ, իսկ Մանիշակը գնաց սեղանը պատրաստելու:

Բայց այնտեղ Գրիգորին տանջում էին ուրիշ մտածմունքներ: Նա չգիտեր, թե ի՞նչ հնարներով պետք է կարողանար համոզել յուր կնոջը՝ յուր նոր հավատը ընդունելու: Նրա աչքի առջևից դեռ չէին հեռացել Մարիամի վշտահար դեմքը, նրա արտասվող աչքերը, նա դեռ լսում էր նրա աղաչավոր ձայնը…

«Բայց ինչու՞ համար այս ամենը, – զարմացմամբ հարցնում էր ինքն իրեն նա, – ինչու՞ կորցնել իմ կնոջը, իմ երեխաներին, իմ տան խաղաղությունը… Այս բոլորը որքան և ուրիշների համար փոքր բաներ լինեին այսուամենայնիվ նրանք կազմում էին իմ տան կատարյալ երջանկությունը: Բայց մի՞թե այսուհետև ես չեմ կարող դառնալ իմ առաջի դրությանը, մի՞թե չեմ կարող բոլորը մոռանալ և ճանաչել միմիայն իմ ընտանիքը…»:

Այս խորհրդածություններից ետ նա լռեց և նորեն ընկավ մտախոհության մեջ: Հազար և մի տեսակ մտածմունքներ պաշարել էին նրան: Նա տարուբերվում էր, երբեմն թեքվելով ի նպաստ յուր կնոջ և մերթ հակառակ: Նրա հոգին այնպես խռովվել և միտքը այնպես շփոթվել էր, որ երկար ժամանակ չէր կարողանում մի վճռական քայլ անելու: Երկար այս տարտամ դրության մեջ մնալուց հետո, վերջապես նա մտաբերեց պաստորին արած յուր հանդիսավոր խոստումը, քարոզչի ճանապարհին յուր հետ խոսածները, և բարձրանալով աթոռից բացականչեց. – «Ոչ, այս կատարյալ խայտառակություն կլինի, ես հրապարակապես խոստացա այն մարդուն «չարատավորել իմ անբիծ անունը», և ես կկատարեմ իմ խոստումը: Այլապես ինձ անհնար կլինի հրապարակ ելնեք այն բազմաթիվ մարդկանց հետ, որոնք այնտեղ վկա էին իմ խոստմանը: Այստեղ կորչում է իմ առտնին երջանկությունը, իսկ այնտեղ իմ անունը, վերջինը առավել արժանի է պաշտպանության»:

Այս հասարակ արհեստավորի մեջ այնքան բուռն էր պատվասիրության զգացմունքը, որ նա յուր անփոխարինելի երջանկությունը գիտակցաբար զոհում էր նրան, որովհետև արել էր մի խոստում և պիտի անպատճառ կատարեր նրան, այլապես նա իրեն կենդանի մեռյալ էր համարում: Խե՛ղճ մարդ, բայց դու չգիտեիր, որ նույնիսկ այդ քեզ որսացող և քեզնից խոստում առնող քարոզիչները հարյուր անգամ ավելի ստոր էին քեզնից այն զգացմանց մեջ, որոնց դու պաշտում էիր քո տգիտությամբ հանդերձ: Եվ թշվառությունն այն է, որ այդ ուռկանավորների ձեռքում դու պատվասիրության զոհերի վերջինը չէիր լինելու:

Գրիգորը յուր տարաբախտ վճիռը տվել էր արդեն, երբ Մանիշակը ներս մտավ և ճաշի հրավիրեց նրան: Նա առանց այլևայլության հետևեց յուր դստերը, մտադրված լինելով և ոչ մի դեպքում չհաղթահարվիլ յուր կնոջից:

Այսօր սեղանը բոլորել էին ընտանյաց բոլոր անդամները: Մարիամը գտնվում էր կատարյալ ուրախության մեջ: Նա մի համեմատություն էր անում այս և յուր անցյալ օրերի մեջ և հրճվում էր տեսնելով նրանցում շատ մոտ նմանություն: Նրա գորովը և խանդաղատանքը րոպե առ րոպե աճում էին թե յուր ամուսնու և թե՛ որդկերանց վերա: Նա այժմ զգում էր, որ մայր և ամուսին էր: Սեղանի վերա, ամբողջ ճաշի ժամանակ նա գրեթե ոչինչ չկերավ, այլ կերակուրները հրամեցնում էր կամ ամուսնուն կամ երեխաներին:

Գրիգորը նույնպես յուր կողմից իրեն ուրախ էր ձևացնում: Նա երբեմն – երբեմն կատակներ էր անում և ծիծաղում երեխաների հետ, թեպետ բռնի, իսկ երեխաները անընդհատ շաղակրատում էին: Մի խաբուսիկ և վայրկյանական ուրախություն բոլոր գերդաստանի վերա կենդանություն էր բերել…

Երբ ճաշը վերջացավ, երեխաները դուրս գնացին խաղալու, իսկ Մանիշակը զբաղված էր սեղանը հավաքելով: Այդ ժամանակ Գրիգորը Մարիամի հետ առանձնացավ իր սենյակը:

Մի քանի կցկտուր խոսքերից ետ Գրիգորը դարձավ կնոջը հետևյալ խոսքերով.

– Այսպես սիրով և խաղաղ ապրիլ լավ է, այնպես չէ, Մարիամ:

– Եվ դեռ հարցնո՞ւմ ես, – պատասխանեց Մարիամը: – Ի՞նչ էր երեկ մեր տան դրությունը և ի՞նչ է այսօր, էլ ի՞նչ հարկ կա ասելու, որ պետք է ամեն բան զոհենք միմիայն մեր տան այս խաղաղ դրությունը պահպանել կարողանալու համար:

– Շատ գեղեցիկ, մի երկու ժամ առաջ միևնույն բանն էիր ասում, և ես ավելացնում էի, որ մեր դրության բարվոքումը որքան ինձանից, նույնչափ էլ քեզանից է կախված: Եվ դու խոստացար ամեն բան անել, ինչ որ քեզ էր վերաբերվում:

– Այո՛, այժմ էլ խոստանում եմ:

– Լավ ուրեմն, լսիր, գիտես, որ մենք միմիայն մեր մարմնի համար չենք ապրում, այլ մեր ստեղծող «տիրոջ» կամքն է և մեր էլ գլխավոր ցանկությունը պետք է լինի, որ մեր հոգու փրկության համար էլ ապրինք:

– Գիտեմ:

– Գիտե՛ս, որ մենք այս աշխարհ եկել ենք ոչ թե մեծ վայելչություններ քաշելու, այլ որքան ժամանակ ունինք աշխատելու մեր հոգևոր փրկության և հավիտենական կյանքին արժանանալու համար:

– Գիտեմ:

– Գիտե՛ս որ մեր հոգու փրկությունը ձեռք բերելու և հավիտենական կյանքին արժանանալու համար, էլ մենք պետք է այս աշխարհում դիմանանք ամեն տեսակ նեղության, զրկողությանց և չարչարանց, պետք է շատ անգամ մոռանանք մեր ազգականներին, մեր սիրելիներին և մինչև անգամ մեր անձը: Որովհետև տերն ասում է. «Ով որ չի թողնիլ յուր հորը, մորը, կնոջը և որդիքներին, և յուր խաչը չի վերցնիլ և գալ իմ ետևից, նա ինձ արժանի չէ»:

– Գիտեմ, և այս խոսքերը ես շատ անգամ լսել եմ եկեղեցում:

– Գիտե՞ս նույնպես, որ այդ հոգու փրկություն ձեռք բերելը կամ հավիտենական կյանքին արժանանալը ճշմարիտ հավատով պետք է լինի:

– Ի՞հարկե, հապա թուրքի հավատով չէ՞ լինելու:

– Այդպես է, թուրքի հավատով չէ լինելու, բայց այն հավատովն էլ չէ լինելու, որը մի տարի առաջ ես ունեի, և որը մինչև այսօր էլ դու ունիս:

Մարիամի դեմքը մռայլվեցավ, մի տխրեցուցիչ կասկած պատեց նրա սիրտը, որը անհանգստությամբ սկսել էր արդեն տրոփել: Նա անվստահ ձայնով դարձավ ամուսնուն.

– Ճշմարիտն ասած, ես այստեղ քեզ չեմ հասկանում:

– Ուրեմն լավ չլսեցիր: Ես քեզ ասում եմ՝ այն հավատը, ինչ որ ես ունեի առաջ և որը այժմ դու ունիս՝ նա քո հոգին փրկել և քեզ հավիտենական կյանքին արժանացնել չէ կարող, նա ընդհակառակը այդ հոգին կկորցնե և դժոխքի կրակին կմատնե:

– Բայց ինչո՞ւ համար:

1
...
...
12

Бесплатно

5 
(2 оценки)

Читать книгу: «Պատմվածքներ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно