Читать бесплатно книгу «Չհաս է» Մուրացան полностью онлайн — MyBook

Ե

ՄԵԼՔՈՆ-ԱՂԱՅԻ ՄԻԱԿ ՑԱՎԸ

Մինչև նշանակված երկու ժամը լրանալը, պ. Թովմասը կարևոր համարեց շտապել շուկան յուր խանութն ու գործերը աչքե անցնելու, որովհետև վախենում էր, որ յուր բացակայության ժամանակ գործակատարները մի որևէ սխալմունք գործած լինեին: «Գուցե այս գործը չէ հաջողում, ինչո՞ւ համար իսկականը հավանականին զոհենք», – մտածում էր պ. Թովմասը: Բայց փառք աստուծո, ոչինչ դժբախտություն չէր պատահել, ամեն բան յուր տեղն էր:

Նշանակած ժամերը յուր սիրելի խանութի մեջ անցնելուց ետ վերջապես նա բռնեց Մելքոն-աղայի տան ճանապարհը: Բայց որպեսզի գործակատարները չիմանային, թե նա կրկին բացակայում է խանութից, պ. Թովմասը դիտմամբ կամ այս խանութի առաջն էր կանգնում ու խոսակցում, կամ այն խանութի, կամ երրորդի, կամ չորրորդի, մինչև որ անզգալի կերպով դուրս գնաց շուկայից, իսկ գործակատարները կարծում էին, թե նա դեռ շուկայումն է գտնվում և ամեն րոպե կարող էր ներս մտնել խանութ:

Այսպես անելը, իհարկե, հարկավոր էր նրանց զգաստ պահելու համար:

Թեպետ կեսօրից չորս ժամ արդեն անցել էր, բայց արեգակը դեռ այրում էր քաղաքի փողոցներում: Ամեն տեղ անցուդարձը նվազել էր: Շուկայում խանութպաններից ոմանք քաշվել էին խանութների անկյունը և գլուխները դախլի կամ հաշվետետրերի վերա գրած՝ խոր քնով խռմփում էին, ուրիշներն անգործությունից դադրած՝ հավաքվել էին այս ու այն դրացու մոտ և անհոգությամբ զրույց ու կատակներ էին անում, աշխատելով քեսադ առևտրի օրը շուտով մթնացնելու: Սակավ էին այն բախտավորները, որոնց օրվա այդ ժամին հաջողվել էր ձեռք գցել ընկերներից ետ մնացած մի գյուղացի, կամ հեռու թաղերից եկած մի անփորձ տղա, և մի փոքր առևտուր անել, վաճառելով նրան ապրանքի հետ միասին և երդումների մի ամբողջ շարական: Մեծ հրապարակն անգամ, որ քաղաքի միակ բաբախող սիրտն էր, վաղուց անշնչացել էր: Նպարավաճառները էլ չէին լսեցնում իրենց գովասանական անախորժ բացականչությունները և հաղթահարված տիրապետող տոթից, հազիվ մեկ-մեկ ջուր էին սրսկում թառամող վարունգներին, կամ կանաչեղենի թաբախներին: Հարևան մսագործները ահագին փափախով գլուխները եղոտ կշռասեղանի վրա դրած՝ անուշ-անուշ քնում էին, թողնելով ճանճերին շահատակելու մսի կիսանների վերա, որոնք արևի տաքությունից արդեն դեղնել և չորացել էին, քաղաքի կշիռը նույնպես անգործ ընկած էր: Պարոն կշռապահը յուր անկեղծությունը այնտեղ էր հասցրել, որ ծալապատիկ նստել էր կշեռքի լայն թաթերից մեկի վրա և մեծ գավաթով մածնաբրթուշը առջևը դրած՝ ջերմեռանդությամբ ուտում էր, գրգռելով իրեն շրջապատող սակավաթիվ գյուղացիների թե ախորժակը և թե նախանձը:

Ամբողջ քաղաքի մեջ միայն աղա-Մելքոնի պարտեզն էր, որ օրվա այդ տոթագին ժամին զովասուն էր և հովաշունչ էր: Գեղահասակ բարդիները, որոնք բոլորում էին ամբողջ պարտեզը և հողմի յուրաքանչյուր հոսանքից քաղցր շրշյունով ծածանվում էին աջ ու ձախ, բազմամյա ակաթենիները, որոնք երկուստեք հովանավորում էին աղյուսախճի ճեմելիները և իրենց ձյունաթույր ու ողկուզաձև ծաղկեփնջերով, նրանց կանաչազարդ կամարակապը զարդարում, սաղարթախիտ ուռենիները, որոնք շրջաբոլոր եզերում էին ընդարձակ ավազանը և սփռում նրա շատրվանի վերա մի սիրախորժ ստվեր, և վերջապես բազմաթիվ պտղատու ծառերը, որոնք գրավել էին պարտեզի մի ընդարձակ մասը և գունավորել նրան իրենց բազմերանգ պտուղներով, ստեղծում էին այդ արվեստական դարաստանի մեջ մի հովաշունչ և կենսաբեր եղանակ անծանոթ քաղաքի հասարակաստեղծ մարդիկներին:

Պարտեզի թե՛ ծառերը և թե՛ ծաղկածուները արդեն դրված պատրաստ էին և ավազանի սյունաձև շատրվանը կարկաչաձայն դուրս էր թափում յուր զովարար աղբերակը, երբ աղա-Մելքոն Խալաթյանը սիրեցյալ Անիչկային թևն առած՝ ներս մտավ պարտեզ: Կես ավուր քնից և լվացվելուց ետ նա սովորություն ուներ իջնել պարտեզ յուր Անիչկայի հետ թարմ օդ ծծելու և միրգ վայելելու համար:

Չնայելով, որ աղա-Մելքոնի տարիքը վաթսունի մոտ էր, և տիկին Անիչկան միայն տասնևհինգ տարով էր նրանից փոքր, այսուամենայնիվ երկու ամուսինները դեռ երիտասարդական քնքշությամբ ողջագուրում էին իրար, մանավանդ երբ նրանք դրսումն էին գտնվում, կամ մի երրորդ անձնավորություն ներկա էր լինում նրանց սիրակցություններին: Աղա-Մելքոնի համար մեծ զվարճություն, էր ցույց տալ օտարներին (թեպետ նրանք այդ չէին պահանջում), որ ինքը անսահման սիրով կապված է Անիչկայի հետ, և որ առանց նրան աշխարհի բոլոր մեծությունները յուր աչքում արժեք չունեին:

Ինչ տիկին Խալաթյանին է վերաբերում, նա պակաս խանդակաթ չէր դեպի յուր ամուսինը, ամենքը գիտեին, որ նա անձնվեր է Մելքոն Կարլիչին, և ազնիվ տիկինը ոչ միայն այդ բանը չէր ծածկում ոչ ոքից, այլև հայտնում էր ամենքին:

Բամբասասեր մարդիկ, որոնք առհասարակ չեն սիրում իրենց գործերով զբաղվել, կամենում էին հավատացնել, որ երկու ամուսինների մեջ իսկապես սեր ասած բանը չկա, բայց նրանք հաշտ են ապրում, որովհետև ինչ որ գաղտնի հարաբերությունների պատճառով, որոնց մեջ յուրաքանչյուրը յուր սեփական հաճույքն էր որոնում, նրանք պարտավորվել էին փոխադարձ զիջումներ անել իրար:

Ի՞նչ գաղտնի հարաբերություններ էին դրանք, կամ ի՞նչ փոխադարձ զիջումներ, մենք, իհարկե, դրանցով չենք հետաքրքրվում, ավելի լավ է հավատալ, որ մարդիկ բարի են և առաքինի, քան հետամուտ լինել նրանց չարությունները ճանաչելու: Մենք, ահա, գոհունակությամբ տեսնում ենք, թե որքան քաղցր և սիրաժպիտ խոսակցում են իրար հետ երկու ամուսինները, հանդարտ ճեմելով ստվերաշատ ծառերի տակ:

– Նայի՛ր, Անիչկա, նայիր մեր ամբողջ պարտեզին, այս ծաղկածուներին, այս վարդե թփերին, այս սիրուն ճեմելիքներին, ինձ թվում է, թե նրանք այսօր մյուս օրերից ավելի գեղեցիկ և հրապուրիչ են, այնպես չէ՞, – քաղցրությամբ խոսում էր Մելքոն-աղան յուր Անիչկայի հետ շրջեցնելով նրան մերթ ակաթենիների ճեմելիքում, մերթ ծաղկանոցի շուրջը և երբեմն զովազարդ ուռենիների տակ:

– Իհարկե, նրանք օր-օրի վերա գեղեցկանում են, չէ որ երեկվա կոկոնը այսօր պետք է բացվեր և այսօրվա կանաչ պտուղները մի քանի օրից պիտի կարմրին կամ դեղնին, – փիլիսոփայորեն տրամաբանեց Անիչկան:

– Ճիշտ այդպես է: Բայց գիտե՞ս, սիրելիս, ամեն բան մեզ մոտ կատարյալ է. – պալատի նման տուն, Շահզադի վայել պարտեզ, փառավոր ապրելու համար մի՞թե էլ մի ուրիշ բան պակասում է մեզ:

– Իհարկե ոչինչ:

– Ճիշտ այդպես: Եվ այս բոլորը ես քեզ համար պատրաստեցի, իմ անգին թագուհիս, միայն քեզ համար… – Եվ այս ասելով Մելքոն Կարլիչը ամուսնուն թևն առած դուրս եկավ ակաթենիների ճեմելիքից պարտեզի փոքրիկ հրապարակը:

Երկու ամուսինները նստեցին իրենց համար պատրաստած աթոռների վերա, իրենց դեմքերը դարձնելով դեպի պալատանման տունը:

Շուտով երևեցավ փոքրիկ աղախինը, որ սկուտեղի վերա մրգեղեն էր բերում նրանց:

Մելքոն Կարլիչը շտապեց մի շնորհալի ասպետի նման ծառայել տիկին Անիչկային, մաքրելով նրա համար բերած մրգերից ամենաընտիրները:

Բայց հազիվ էին նրանք մի քանի փոխադարձ «համեցեքներ» արել իրար, երբ տան պատշգամբում երևեցավ մի բարձրահասակ, շիկահեր և ծաղկատար երեսով աղջիկ, ձեռքում բռնած ջրով լի աման, որը նա առանց, աջ ու ձախ նայելու շտապելուց շուռ տվավ և մեջը եղած ջուրը շռռ… թափեց գեղեցիկ ածուների վերա:

Մելքոն Կարլիչը վեր թռավ տեղից, իսկ տ. Անիչկան քիչ մնաց, որ վախենար: Շիկահեր աղջիկը տեսնելով նրանց վրդովմունքը, սկսեց քրքիջ դառնալ և ծիծաղել:

– Հիմար, լավ բա՞ն ես արել և դեռ ծիծաղո՞ւմ ես, – ճչաց ներքևից տիկինը, – այստեղ ի՞նչ ջուր թափելու տեղ է:

Բայց շիկահեր աղջիկը փոխանակ նրա նկատողությանը պատասխանելու, թողեց ջրի ամանը վանդակակապի վերա և առաջ անցնելով բացականչեց,

– Ա՛յդ ինչ է, դուք արդեն միրգ եք ուտում, և առանց ինձ հայտնելու… – Այս ասելով նա վազեց սանդուղքներով և մի րոպեում իջավ պարտեզ: Առանց սպասելու, որ իրեն բաժին տային, նա վերցրեց սեղանից մի աման, դարսեց նրա վերա բավականաչափ միրգ և կրկին վազեվազ բարձրացավ պատշգամբը:

Մելքոն Կարլիչի ուրախ տրամադրությունը փոխվեցավ: Նա հոնքերը կիտեց և հեռացրեց իրենից մրգի սեղանը: Տիկինը, իհարկե, ավելորդ համարեց հետևել նրա օրինակին:

– Զարմանալի ջղազգաց ես դու, Մելքոն, արժե միթե տխրել այդ չնչին պատճառի համար, նոր հո չե՞ս ճանաչում քո Նատաշին:

– Եվ դու այս չնչին պատճառ ես համարում, հա, – հարցրեց Մելքոն-աղան գլուխը շարժելով:

– Իհարկե, նա այդպես ծնվել, այդպես էլ մեծացել է, նորից հո չես կարող փոխել նրան:

– Նա այդպես չէր ծնվել, Անիչկա, բայց դու նրան այդպես մեծացրիր, – վշտալի ձայնով նկատեց Մելքոն – աղան:

– Ե՛ս, ես նրան այդպես մեծացրի, ես ուրեմն նրան փչացրի, – վրդովելով հարցրեց Անիչկան:

– Էլ հիմա այդ մասին խոսելու ժամանակը չէ, Անիչկա. ինչ որ եղել է, եղել…

– Չէ, ես կամենում եմ, որ դու ինձ կրկնես քո մեղադրանքը, մի՞թե, ուրեմն, ես եմ փչացրել Նատաշին:

– Չէ, սիրելիս, դու ի՞նչ մեղավոր ես. ես եմ մեղավոր, որ նրան քո հույսով թողեցի:

– Դու էլի նույնն ես կրկնում, անգութ, – ճչաց տիկինը լացի ձայնով, – ուրեմն էլ ավելորդ է, որ ես ապրեմ քեզ մոտ, որովհետև ես փչացնում եմ քո աղջկանը… – Այս ասելով Անիչկան հեռացրեց իրենից մրգի ամանը և սկսեց հեկեկալ:

– Օ, այդ չափազանց է, այդ երեխայություն է, հանդարտվիր. ես կատակ արի. իհարկե, դու ինչ մեղավոր ես, որ Նատաշան այդպես հիմար աղջիկ է. դու հո քո որդու թշնամին չես. – քաղցրությամբ սկսեց ամոքել կնոջ սիրտը Մելքոն-աղան:

– Չէ, այդ առաջին անգամը չէ, – վրդովված խոսեց Անիչկան. – դու մի քանի անգամ էլ միևնույն տեսակ նկատողություններով վիրավորել ես իմ սիրտը, ես եմ հիմարը, որ քո պակասությունների, քո անվայել վարմունքների մասին ոչինչ չեմ խոսում, լռում, պապանձվում եմ. ինչ կանեիր, եթե քո արածներից հենց միայն մեկը լույս աշխարհ հանեի…

Մելքոն-աղան տեսավ, որ մեծ սխալմունք է գործել միջընտանեկան պայմանի դեմ մեղանչելով. ախր չէ որ երկու ամուսիններն էլ իրենց սեփական պակասություններն ունեին և. հենց դրա համար նրանք պարտավորվել էին փոխադարձաբար չտեսնել միմյանց թերությունները: Ինչ իրավունքով, ուրեմն, ինքը այդ նկատողությունը արավ Անիչկային: Այժմ էլ եթե նա սկսեր իրեն հայտնի գործերի մասին նկատողություններ անել, դա խո կատարյալ խայտառակություն կլիներ: Հարկավոր էր, ուրեմն, փակել խնդիրը, ինչ միջոցով էլ որ լիներ:

– Անիչկա, հոգյակս դու մի նեղանար, որ ես երբեմն-երբեմն ակամա սխալմունքներ եմ գործում, ես երբեք էլ քեզ վիրավորելու ցանկություն չեմ ունեցել: Ի՞նչ անեմ, անիծվի Նատաշան. նա այնպես հիմարություն արավ, որ ինձ սաստիկ վրդովեց: Ախար ի՞նչպես կարելի է կեղտոտ ջուրը ծաղիկների ածուի վերա թափել: Այդ բանում, իհարկե, ոչ դու ես մեղավոր և ոչ ես, երբ աստված կամենում է մեկին պատժել նրան այս տեսակ ժառանգ է տալիս: Ուրեմն ներիր ինձ, հոգիս, ներիր, ես ակամա վիրավորեցի քեզ:

Տիկինը լուռ էր և ոչինչ չէր խոսում, բայց նրա ինքնասիրությունը ըստ երևույթին գոհություն էր ստացել ամուսնու զղջումը տեսնելով, երկու մեղմ խոսքեր էլ՝ և Անիչկան կներեր յուր ամուսնուն:

– Դու չես խոսում ինձ հետ, Անիչկա, – քաղցրությամբ կրկնեց Մելքոն – աղան. – Բայց չէ որ ես ներողություն խնդրեցի: Տիկինը ծանրությամբ բարձրացրեց աչքերը, մի ներող հայացք ձգեց յուր ամուսնու վերա և ժպտաց: Այդ նշան էր, որ, ուրեմն, հաշտությունը տեղի ունեցավ: Մելքոն-աղան սեղմեց կնոջ ձեռքը ի նշան շնորհակալության:

– Բայց ի՞նչ պիտի անենք վերջապես այս աղջկան, – կամացուկ ձայնով շշնջաց Անիչկան ամուսնու ականջին, երբ նրանք թև ի թև մտան կրկին ծառուղիների մեջ:

– Այդ աղջկան… այո՛, այդ հարցը ուշադրության արժանի է: Քանի որ Նատաշան մեր տանն է, նա մեզ միշտ կվրդովե. պետք է հնար մտածել մի կերպով նրան ամուսնացնելու:

– Բայց ում հետ ամուսնացնել, ով կհոժարի նրա հետ ամուսնանալու. Գեղեցկությունից գեղեցկություն չունի, շնորհքից՝ շնորհք չունի, խելքն էլ հո՝ աստված տա: Ինչ ասես, որ ես դրա համար չեմ արել, ինչ նեղություն ասես, որ ես չեմ կրել, ռուսերեն սովորեցրել եմ, ֆրանսերեն սովորեցրել եմ, մուզիկ սովորեցրել եմ. լավ հագցրել եմ, լավ ապրեցրել եմ, էլ ի նչ պետք է անեի. երբ որ աստված խելք չէ տվել, ես հո չէի կարող նրա գլխի մեջ զոռով խելք էլ թափել:

– «Երբ դու ինքդ չունիս այդ խելքը, որտեղից կարող էիր նրա գլխի մեջ թափել», – խոսեց ինքը յուր սրտում Մելքոն-աղան և ընկավ մտատանջության մեջ: Նա մտքով թռավ դեպի հեռու անցյալը, դեպի այն բախտավոր օրը, երբ վեց արու զավակներից հետո աշխարհ եկավ Նատալիան, և լցրեց յուր ծնողների ցանկությունը, որ էր՝ աղջիկ ունենալ յոթերորդ զավակը: Եվ այդ օրը ի՞նչ հույսեր, ի՛նչ ոսկի երազներ չուներ Մելքոնը, իբրև բախտավոր հայր: Նա հավատում էր, որ մի օր այդ աղջիկը կռվածաղիկ կդառնա քաղաքի երիտասարդների համար: Հարուստ և գիտնական փեսացուները կվխտան յուր դռներում, և ինքը, իբրև միակ տեր չքնաղագեղ աղջկան, յուր անբռնաբարելի իրավունքով փեսացու կընտրեր նրան, որին ինքը կկամենար, որին յուր սիրտը կսիրեր… Նատալիան հետզհետե մեծանում էր. մի օր նա գեղեցիկ էր ինչպես հրեշտակ, բոլոր տեսնողները հիանում էին նրանով, երանում էին նրա ծնողներին, ամենափառավոր ապագա էին գուշակում նրա համար: Բայց ավա՛ղ, ամեն բան կորավ նրա անփույթ, պճնասեր և միայն ինքը յուրմով զբաղվող մոր շնորհիվ: Երեխան մեծանում էր. հայրը յուր գործերով էր զբաղված, մայրը յուր հագուստներով ու այցելություններով: Չկար մեկը, որ մտածեր ազատելու խեղճ աղջկան նախասահմանյալ հիվանդությունից: Նրա ծաղիկը չհոգացին պատվաստելու և այդ հիվանդությամբ վարակվեցավ նա, երբ ծաղիկը դրացիների տներում կոտորածներ էր անում: Շատ ուշ ճանաչեց տիկինը յուր սխալը, բայց էլ նրան ուղղելու հնար չկար: Մելքոն-աղայի բոլոր ջանքը միայն այն եղավ, որ յուր աղջկանը վերահաս մահից ազատել կարողացավ, բայց խեղճի դեմքը այնքան ծաղկատար, այնքան այլանդակված էր, որ նրա վերա նայել չէր լինում: Այս հանգամանքը բավական էր, որ տիկին Անիչկան բարձիթողի աներ յուր աղջկան:

Կան մի տեսակ մայրեր, որոնց կրծքի տակ՝ ծնողական գթո և գորովի փոխարեն՝ միայն ինքնասիրություն և փառամոլություն է սնանում: Այդպիսիները իրենց զավակների վերա նայում են ինչպես իրենց զարդարանքների վերա, որոնք քանի նոր են և պսպղուն՝ ծառայում են իրենց պարծանքին, բայց հենց որ հնացան, կոտրվեցան, էլ կորցնում են իրենց արժեքը, և նրանք շպրտում են նրանց սնդուկի այն անկյունը, ուր փոշին կամ ցեցը պիտի մաշե նրանց մնացորդը:

Տիկին Անիչկան այդ մայրերից մինն էր: Հենց որ նա յուր Նատաշի դեմքը ծաղկատար տեսավ, էլ սառեցավ նրա մեջ յուր աղջկա համար հոգալու բոլոր եռանդը: Ի՞նչ բան էր այդ այլանդակված աղջիկը, եթե ոչ նախատինք և. ամոթ յուր մոր համար: Նա նրա հետ չէր կարողանում երևալ ո՛չ փողոցում, ո՛չ եկեղեցում, ո՛չ յուր բարեկամների տանը: Տեսնողները պիտի կարծեին, թե Նատաշան յուր աղախինն է և ոչ յուր աղջիկը: Եվ իրավ, ինչպես կարելի էր, որ տիկին Խալաթյանը, այն գեղեցիկ և պճնվող Անիչկան, այդպիսի մի այլանդակ աղջիկ ունենար… Այդ պատճառով նա ընդմիշտ թողեց նրան տան մեջ յուր աղախինների հոգատարության ներքո, որոնք նրանից շինեցին այն, ինչ որ կարող էին. այսինքն մի համառ, ստահակ, բարոյապես և մտավորապես փչացած աղջիկ: Ճշմարիտ է, վերջերում, երբ Մելքոն-աղան սահմանափակեց յուր լայնածավալ գործերի շրջանը, նա առանձին ուշադրություն դարձրեց յուր աղջկա վերա, և համաձայն ընդունած սովորության վարձեց նրա համար ռուսերենի, ֆրանսերենի և մուզիկի վարժուհիներ, և ամեն միջոց գործ դրավ նրան ըստ պատշաճին կրթելու և դաստիարակելու, բայց բոլոր այդ հոգսերը ուշացել էին արդեն: Նատալիան թութակի նման սովորեց մի քանի բան, բայց և այնպես նա մնաց միշտ միևնույն փչացած և կորած աղջիկը… Այս բոլոր անցյալը մի քանի վայրկյանի մեջ մտաբերեց Մելքոն-աղան և ծանր հառաչեց:

– Ինչո՞ւ համար ես հառաչում, – քնքշաբար հարցրեց տանտիկինը, որ դեռ կախված էր նրա թևից և կարծես տեսնում էր յուր ամուսնու մտատանջության առարկան:

– Նրա համար, որ մի քանի վայրկյան առաջ ես ինձ ամենաբախտավոր մարդն էի կարծում աշխարհի մեջ, և չէի մտաբերում իմ այս թշվառ և ողորմելի աղջկան, որի դժբախտության պատճառը մենք ինքներս ենք:

– Էհ, ի՞նչ բանի վերա ես մտածում, արժե՝ միթե այդքան չնչին պատճառի համար տխրել: Մի աղջիկ է. ինչպես որ լինի կամուսնացնենք: Ասենք թե ես ասում եմ տգեղ է, բայց այնքան էլ հո տգեղ չէ, որ տանը մնա: Արհեստավորներն անգամ իրենց կաղ ու կույր աղջկերանց մարդու են տալիս, հիմա ինչ պատահեցավ, որ Մելքոն-աղայի աղջիկը տանը մնա: Եվ վերջապես ի՞նչ է պակսում մեր Նատաշին. գեղեցիկ հասակ, առողջ կազմվածք, սիրուն աչքեր, մի փոքր երեսն է ծաղկատար էլի՛, դա հո մի մեծ պակասություն չէ: Իսկ դրա փոխարեն, որ նա լեզուներ է սովորել, մուզիկ գիտի և էլ ուրիշ չգիտեմ ինչ բաներ, մի՞թե դրանք ոչինչ, ուսում առած աղաները այնքան էլ աղջկա գեղեցկության չեն նայում, այլ նրա գիտությանը:

( Բայց որտեղ են այդ ուսում առած տղաները, որ համաձայնվեն քո աղջկա հետ ամուսնանալու:

– Ամեն տեղ. ա՛յ մեկը հենց իմ հորանց դրացի Սարալյանի եղբոր տղան չէ …

– Որը: Թովմասի եղբոր տղան:

Бесплатно

5 
(2 оценки)

Читать книгу: «Չհաս է»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно