Իսկ եթե պատահում էր, որ գրագիրները վճռում էին անողոք մնալ և Միկիթի կույր բախտից դատարանում ծխող խնդրատու չէր գտնվում, այդ ժամանակ նա դիմում էր դատարանի ծառային, որ հոժարությամբ առաջարկում էր Միկիթին յուր ծխաքարշն ու մախորկայի քսակը: Բայց ինչ վերաբերում էր փող հավաքելուն, այդ բանի համար Միկիթն ուներ ավելի առատ աղբյուրներ: Բացի յուր պաշտոնը, որ նա կատարում էր ամենայն խղճով և ճշտությամբ, նա մյուս կողմից էլ դատարան հաճախողների, կամ այլ անձանց համար պատրաստում էր զանազան խնդրագրեր, զեկուցումներ, պատճեններ և այլ այս տեսակ աշխատություններ, որոնց համար և առատությամբ վարձատրում էին նրան: Միկիթը գնի անհամաձայնության պատճառով երբեք չէր հեռացնում իրենից և ոչ մի խնդրատուի: Նա կանոն էր դրել յուր համար, վերցնել ինչ էլ որ կտային, շատ լիներ այդ տվածը թե քիչ, համապատասխաներ յուր աշխատությանը թե ոչ. որովհետև նա համոզված էր, որ ավելի լավ էր ստանալ մի բան, քան ոչինչ: Նրա ընկերները, ընդհակառակն, մի գործ շինելու համար ամբողջ ժամերով սակարկություն էին անում և վերջ ի վերջո չհամաձայնելով իրեն դիմող խնդրարկուի հետ, հեռացնում էին նրան իրենցից: Այդպիսի ժամանակները Միկիթը աչքից չէր փախցնում ոչ որին, թեկուզ ինքը ուրիշ շատ գործերով էլ զբաղված լիներ: Հենց որ խնդրարկուներից մինը գնի հետ չհամաձայնվելով հեռանում էր յուր ընկերներից, նա կամացուկ հետևում էր նրան, և նախասենյակի մեջ պատահելով առաջարկում էր նրան յուր ծառայությունը, ինչ գնով էլ որ նա կցանկանար: Համաձայնությունը կայանում էր և Միկիթը, յուր ընկերներից գաղտնի, շինում էր խնայող խնդրարկուի գործը և գաղտնի էլ ստանում վարձատրությունը: Շատ անգամ էլ նա փողով շինում էր յուր ծույլ ընկերների գործը, իսկ հաճախ՝ նա նրանց փոխարեն օրապահություն էր անում, կանխիկ ստանալով նրանցից այդ նեղության համար մի կամ երկու ռուբլի: Այսպիսով, ամբողջ շաբաթվա մեջ Միկիթը օրապահ էր կանգնում գրեթե երեք կամ չորս օր և այս կամավոր բանտարկությունը ոչ միայն չէր ձանձրացնում նրան, այլև մի ներքին ու հոգեկան զվարճություն էր պատճառում, մանավանդ երբ նա մտածում էր, թե դրա համար նա փող է ստացել: Այդ միջոցը մյուս կողմից էլ օգնում էր նրան ժամանակ վաստակելու և կողմնակի խնդրարկություններից վերցրած աշխատությունները հանգստությամբ պատրաստելու:
Մի տարին դեռ նոր էր լրացել Միկիթի դատարան մտնելու՝ օրից, երբ հանկարծ հայտնվեցավ, որ նա այնքան փող ունի, որ կարող է 20, 30 կամ 50 ռուբլով պարտք տալ ցանկացողներին: Հարկ չկա ասելու, որ դատարանի ծառայողները պատրաստ էին ամեն տեսակ պայմաններ ընդունելու, եթե միայն կարևոր միջոցին կարողանային մի քանի տասնյակ, ռուբլի պարտք վերցնել նրանից: Եվ ահա մեր հացթուխի տղան բանում է դատարանի մեջ վաշխառության մի գաղտնի բյուրո: Նա յուր ծառայակիցներից գրավ էր ստանում ժամացույցներ, մատանիներ և ուրիշ ամեն տեսակ ոսկեղեն ու արծաթեղեն իրեղեններ, իսկ նրանց արժեքի կես մասի փոխարեն նա նրանց փող էր պարտք տալիս, հարյուրին 20, 30 և երբեմն 50 տոկոսով: Քիչ ժամանակի մեջ դատարանի բոլոր ստոր ծառայողները Միկիթի հետ կապված էին առևտրական կապերով և ինչպես վարձված ստրուկներ, նրանցից յուրաքանչյուրը ամեն ամսվա վերջում տալիս էր նրան մի որոշ հարկ:
Բայց սրանով չպիտի վերջանա, իհարկե, Միկիթի գործունեությունը: Դեռ նրան մնում էր մի ուրիշ մեծ գործ, որ գլուխ բերելու համար նրան հարկավոր էր գործ դնել թե խորամանկություն և թե մեծ աշխատություն: Այդ այն էր, որ Միկիթը դեռ մի հասարակ գրագիր էր, իսկ այդ պաշտոնը ինքնըստինքյան մի ստոր պաշտոն էր այնպիսի մարդու համար, որպիսին Միկիթն էր, որի ճաշակը գնալով զարգանում էր և ախորժակը բացվում: Մի օր նրա բոլոր ցանկությունը կայանում էր նրանում, որ եթե ոչ սեղանապետի օգնական, գոնե գրագրապետ լիներ: Բայց այսօր, որ նա յուր, աշխատասիրության շնորհիվ հենց այդ պաշտոնումն էր, ցանկանում էր ոչ թե սեղանապետ, այլ մինչև անգամ և ատենադպիր լինել: Եվ այն օրից սկսած, որ նա եկավ այն համոզմունքին, թե չկա մի արգելք, որ անընդհատ աշխատության առաջ կարողանա կանգուն մնալ, Միկիթը էլ հանգստություն չուներ: Գրագրապետ կարգվելու օրից դեռ չէր անցել մի տարի, երբ նա սեղանապետի օգնականի պաշտոն ստացավ: Բայց նրա բախտի անիվը կանգ չպիտի առներ այդտեղ: Մի քանի ծանրակշիռ գործերում Միկիթի ցույց տված առաջադիմությունը գրավեց դատավորի ուշադրությունը և հետևյալ տարին նա սեղանապետության պաշտոնը հանձնեց նրան:
Փոքրիկ քաղաքների մեջ, ինչպիսին Միկիթի ծննդավայրն էր, մարդիկ շատ շուտ են անվանի դառնում, մինչև անգամ դատարանի սպասավորը, որի գոյությունը մայրաքաղաքներում չեն նկատում, առանձին հարգանք է վայելում այստեղ, կան մարդիկ, որոնք մինչև անգամ հավատում են, թե դատարանում հաջողություն ձեռք բերելու համար առաջին անգամ սպասավորի իշխանությանը պետք է հարգել… Կարծիք չկա, ուրեմն, որ այսպիսի տեղը Միկիթի նման մարդը, որ հանկարծ սեղանապետության աստիճանին էր հասել, շատ ավելի մեծ հարգանքի և պատիվների պիտի արժանանար: Եվ ահա ժողովուրդը, որ դյուրապատրաստ է ամեն մի փքված ուժ աստվածացնելու և բուն աստվածները կործանելու, հացթուխի տղա Միկիթին բեկ պատվանունն է շնորհում, որը, երևի հենց այդ պատվանունից քաջալերված, երկու, տարուց ետ դատարանի ատենադպրի պաշտոնին տիրացավ:
Այնուհետև մարդիկ իրար գլուխ էին պատռում Միկիթի-բեկի ծանոթությունը և բարեկամությունը վաստակելու համար, բայց նա յուր այդ փառքի մեծության ժամանակ անգամ չէր մոռանում յուր խիստ սկզբունքը, որ էր – չարժանացնել ոչ ոքի յուր բարեկամությանը առանց արժանավոր վարձատրության:
Միայն մեր ծանոթ պ. Թովմասը առանձին հարգանք էր վայելում Միկիթ-բեկից, որովհետև նա էլ յուր հերթում մեծ ակնածությամբ էր վերաբերվում դեպի վերջինս: Թովմասը Միկիթ-բեկին ճանաչում էր նրա մանկության հասակից և հիացմամբ հետևել էր նրա աստիճանաբար առաջադիմության: Երբ Միկիթ-բեկը հասավ ատենադպրության պաշտոնին, պ. Թովմասը բացականչեց. – «Ահա՛ մի մեծ մարդ…», – և այնուհետև Միկիթ-բեկը պ. Թովմասի իդեալն էր. նա միշտ նրան էր դիմում, երբ հարկավոր էր լինում մի որևէ դատաստանական գործի վերաբերմամբ խորհուրդ հարցնել և կամ մի պաշտոնական անձի հետ հարաբերության մեջ մտնել: Այն չափազանց խնայասեր վաճառականը, որ նույնիսկ յուր օրինավոր ապրուստի համար դժվարանում էր փող ծախսելու, միշտ բաց ուներ յուր քսակը Միկիթ-բեկի համար: Թովմասը նրան իրավունք էր տալիս օգտվելու այդ քսակից որքան և ինչպես ցանկանում էր նա. բայց Միկիթ-բեկը պահպանում էր, իհարկե, յուր արժանապատվության կշիռը և միայն առատությամբ օգտվում էր այն ժամանակ, երբ ինքը համոզված էր լինում, թե մի մեծ գործ է շինել Թովմասի համար:
ՄԻԿԻԹ-ԲԵԿԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է
Բավական ճաշակով բացված սեղանի չորս կողմը անցուդարձ էր անում պ. Թովմասը, խորասուզված մտածմունքների մեջ: Սիգոյի հաղորդած նորությունը նրան հանգստություն չէր տալիս: Մանավանդ մինչև այդ օրը կապալների գոյության մասին չմտածելը Թովմասին շատ էր նեղացնում. նա հավատացած էր, որ եթե երկու տարի առաջ գոնե այդ մասին հոգացած լիներ, այսօր յուր հարստությամբ կգերազանցեր Մելքոն աղային: Բայց յուր կույր բախտից, այդ ոսկեծին գործի համար, ոչ ոք չէր հիշեցրել նրան: Հենց այդ զրկանքի մեծությունն էր պատճառը, որ Միկիթ-բեկի ուշանալը տխրության ամպեր էր հավաքել Թովմասի ճակատին և րոպեները ժամերի պես էին անցնում նրա համար: Սպասելուց ավելի վատթար բան չկա, բայց վատթարագույն է, երբ մարդ սպասում է բախտի հետ կապ ունեցող գործերի համար: Թովմասը այդ վատթարագույն դրության մեջ էր և յուր ամբողջ տան մեջ նա մի անկյուն չէր գտնում, ուր կարողանար հանգիստ շունչ քաշեր:
Վերջապես դռան հնչակը քաշեցին՝ Թովմասը սրտատրոփ դուրս վազեց պատշգամբը և որքան մեծ եղավ նրա ուրախությունը, երբ տեսավ Միկիթ-բեկին, որ յուր կարճահասակ և գեր ու կլորիկ մարմնով ծանրաշունչ բարձրանում էր սանդուղքների վերա:
– Ձեր մոտ ամեն բան լավ է, բացի այս սանդուղքները, որոնք ինձ չափազանց հոգնեցնում են, – տանուտիրական վստահությամբ նկատեց Միկիթ-բեկը, երբ հասավ փոքրիկ պատշգամբին, ուր ժպտադեմ սպասում էր նրան պ. Թովմասը:
– Այո, այո, նա խիստ զառիվեր է. անիծյալ լինի ուստա Սարգիսը, ես դեռ շինելու ժամանակ նրան ստիպեցի քանդել և ուղղել, բայց նա չլսեց, – պատասխանեց իսկույն Թովմասը և ապա սիրալիր բարեկամությամբ ողջունելով Միկիթ-բեկին, առաջնորդեց դեպի սեղանատունը:
– Ես ձեզ ուղղակի այստեղ եմ բերում նրա համար, որ արդեն ճաշի ժամանակն է, – բացատրեց Թովմասը և ամենից լավ բազկաթոռը հրամեցրեց յուր հյուրին, որ շնորհքով բացված սեղանը ու փայլուն շշերով գինիները տեսնելուց ետ, արդեն հոգեկան հափշտակության մեջ էր մտել:
– Այո, պ. Թովմաս, այո, ժամը երկուսից ետ էլ ոչ մի սենյակ ինձ չէ գրավում, սեղանատունը այդ ժամանակ ամենասիրելին է ինձ համար, – ծիծաղելով նկատեց Միկիթ-բեկը և նստելով առաջարկած բազկաթոռի վերա՝ սկսավ ոլորել յուր փոքրիկ ընչանցքի ծայրերը, որոնց հովանավորում էր հայկական մի փառավոր քիթ: Նրա կարմիր ու կայտառ երեսի վերա արտափայլում էր այդ րոպեին մի այնպիսի զվարթություն, որ ունենում են միայն երեխաները, երբ հայրը նրանց համար խաղալիքներ է բերում և կամ անուշ մրգեղեններ: Յուր խորամանկ և երբեմն ծիծաղկոտ աչքերը, որոնց մեջ պ. Թովմասը մեծ խելք էր նշմարում, նա անդադար հածում էր սեղանի մակերևույթի վերա, ուր կարգով շարված էին նախաճաշի համեղ և բազմատեսակ բաժինները:
Թովմասը նստավ սեղանի վերա և առաջարկեց հյուրին վայելելու աստուծո տվածը:
– Այսուամենայնիվ դուք բավական զարգացած ճաշակ ունիք, – նկատեց Թովմասին Միկիթ-բեկը՝ առաջ քաշելով յուր բազկաթոռը, – այս քանիերորդ անգամն է, որ ես ձեր տանը միշտ փառավոր եմ տեսնում սեղանը: Եվ պետք է խոստովանել, որ ես միայն ձեր տանն եմ ախորժակով ճաշում, որովհետև դուք գիտեք ուտելու համար ծախսել: Լավ ուտելն էլ մի աստվածատուր շնորհք է, – ավելացրեց Միկիթ-բեկը դարդակելով ռոմի բաժակը և յուր պատառաքաղը ոգևորությամբ դեպի զուրգելի պնակը ուղղելով:
– Իհարկե լավ ուտելն էլ մի շնորհք է, – հաստատեց Թովմասը Միկիթ-բեկի կարծիքը. – ով որ լավ ուտել չգիտե, նա անշուշտ լավ գործելն էլ չգիտե:
– Օ՛, ես չեմ կարող տանել այդ տեսակ մարդկերանց. նստել սեղանի վերա և գոնե մի ամբողջ ժամ չուտել, այդ անհասկանալի է ինձ համար, և վերջապես ինչո՛ւ համար ենք ապրում մենք, չէ որ աստված այն բոլոր բարիքները մեզ համար է ստեղծել:
– Իհարկե, իհարկե:
– Այո՛, ես սիրում եմ մանավանդ երբ կերակուրները բազմատեսակ են, իսկ բաժինները առողջ ու առատ:
– Կարծեմ այդպես բոլորն են սիրում:
– Սխալվում եք, ես հարուստ մարդիկ գիտեմ, որոնք պարապում են միմիայն փող դիզելով, իսկ ստամոքսի համար այնքան են մտածում, որքան իրենց թշնամու համար: Իմ կարծիքով դա անօրենություն է. չէ որ մարդու միակ բարերարը յուր ստամոքսն է, և մի՞թե կարելի է անուշադիր թողնել մարմնի այն հրաշակերտ մասը, որ մեզ սնունդ և կյանք է տալիս:
– Իհարկե ոչ:
– Բայց կան մարդիկ, որոնք ձեզ նման չեն մտածում, նրանք ստամոքսի վերա նայում են ինչպես մի վնասակար արարածի վերա, որ անդադար սպառնում է իրենց նյութական կարողությանը, և եթե հնար լիներ, նրանք ուրախությամբ կհեռացնեին նրան իրենց մարմնից:
– Իսկ ես էլ կարծում եմ, որ ստամոքսի վերա այնքան մեծ ուշադրություն չպետք է դարձնել, – վերջապես հայտնեց յուր կարծիքը պ. Թովմասը, – օրական մի, կամ շատ-շատ երկու անգամ կարելի է կերակրել նրան, և այն էլ մինչև անգամ ցամաք հացով: Ստամոքսն այդ համեստ կերակրով էլ կարծեմ մեզ բավական սնունդ կտա:
– Օ, մի ասեք, մի՛ ասեք, – բացականչեց Միկիթ-բեկը. – բավական հիմար պետք է լինի մարդ, որ փլավ ուտելու կարողություն և ախորժակ ունենա ու ինքը ցամաք հացով կշտանա: Ես բոլորովին ընդդեմ եմ ձեր կարծիքին և եթե գիտենայի, թե դուք ներքին կերպով համաձայն չեք ինձ հետ, ես կհրաժարվեի երկրորդ անգամ ձեր տանը ճաշելուց: – Խնդրեմ, խնդրեմ, իմ հայտնած միտքը լոկ մի կարծիք էր, – վախեցած խոսեց պ. Թովմասը, – իհարկե ես համաձայն եմ ձեզ հետ…
– Այո՛, և եթե դուք ինձ չափ զարգացած լինեիք և կարողանայիք գրքեր ու լրագրեր կարդալ, այն ժամանակ կիմանայինք, թե լուսավորյալ երկրներում որքան շատ և որքա՛ն բազմատեսակ են ուտում: Որովհետև նրանք հասկանում են, որ ստամոքսը մեր բոլոր մյուս գործարանների թագավորն է, եթե այդ գործարանները եռանդով չաշխատեն, և բավականաչափ հարկ չտան իրենց թագավորին, նա կթուլանա, և էլ ուժ չունենալով յուր երկիրը կառավարելու, կթողնե նրան, իսկ ստամոքսի թշնամին, որ մահն է, անտեր գտնելով յուր հակառակորդի երկիրը, կտիրե նրան, այսինքն մեր մարմնին:
Միկիթ-բեկի այս նորագույն վարդապետությունը, որ մինչև ճաշի վերջը շարունակեցավ, պ. Թովմասը լսում էր ակամա ուշադրությամբ, առանց հայտնել կարողանալու յուր դժգոհությունը: Բայց երբ հազիվ վերջին բաժինն էլ վայելեցին և ծառան ներս բերավ մրգեղենի սկուտեղը, Թովմասը էլ ավելորդ համարեց ավելի սպասել: Ամբողջ երկու ժամ էր, ինչ հաշվի կամ գործի մասին բան չէր խոսվում յուր սեղանի վերա և այդ բանը ավելի քան ընդդեմ էր յուր սրբազան սկզբունքներին:
– Միկիթ-բեկ, թողնենք առայժմ ստամոքսի խնդիրը, – վերջապես նկատեց պ. Թովմասը, – ես մի կարևոր գործ ունիմ և կամենում եմ նրա մասին մի խորհուրդ հարցնել ձեզանից:
– Հրամայեցեք, խնդրեմ:
– Ասում են, որ զորքի մեծավորի տանը այս առաջիկա շաբաթ մեծ աճուրդ պիտի լինի, զորքի հացը, միսը ու խմելիքը կապալով տալու համար, ճշմարիտ է արդյոք, այս տեսակ բաները դուք կիմանաք:
– Ճշմարիտ է, աճուրդ պիտի լինի: Բայց դուք ինչու համար եք հետաքրքրվում նրանով:
– Ես կամենում եմ այդ կապալը վերցնել:
– Ի՞նչ, միթե կամենում եք միանգամից Մելքոն-աղայի հացը կտրացնել, – ծիծաղելով նկատեց Միկիթ-բեկը:
– Այդքան ուժ չունիմ, բայց կարծում եմ, որ այդ գործում մի մասնավոր օգուտ կմնա մեզ: Դուք էլ գիտեք, որ այժմյան առևտուրներում շահ չէ մնացել և իզուր մշակություն ենք անում:
– Լավ եք մտածել, և եթե ինձանից խորհուրդ եք հարցնում, ես էլ խորհուրդ կտամ, որ այդ կապալը վերցնեք:
– Բայց այդ ձեզանով պիտի լինի, Միկիթ-բեկ, առանց ձեր օգնության ես ոչինչ անել չեմ կարող:
– Ինչպե՞ս:
– Այնպես, որ այդ կապալը վերցնելու համար ես ճանապարհներ չգիտեմ, այդ ճանապարհները դուք պետք է ցույց տաք ինձ:
Միկիթ-բեկը կամաց-կամաց ետ քաշվեցավ սեղանից, ձգվեցավ բազկաթոռի մեջ և լուրջ ու խորախորհուրդ կերպարանք առնելով՝ ձեռքը դրավ ճակատի վերա և սկսավ մտածել:
Պ. Թովմասը անթարթ աչքերով դիտում էր յուր իդեալի իմաստուն կերպարանքը և նրա դեմքի մկանունքների ամեն մի շարժմունքից ցանկանում էր գուշակություններ անել: Բայց ավաղ, բախտը նրան զրկել էր այդ մեծ շնորհքից, նա զգում էր, թե այդ րոպեին որքան երևելի մտքեր ու խորհուրդներ էին զբաղեցնում յուր Միկիթ-բեկի հանճարեղ գլուխը, և սակայն ինքը չէր կարողանում գուշակել նրանց ինչ լինելը: Իրեն մնում էր միայն հիանալ նրա ճակատի խորախորհուրդ կնճիռներով և սպասել նրա պատգամին:
Վերջապես Միկիթ-բեկը խոսեց,
– Այդ կապալը վերցնել հեշտ է, բոլոր աձանց հետ ես կարող եմ խոսել, իսկ կարևոր թղթերը ես ինքս կպատրաստեմ: Բայց մեծ դժվարությունը նրանումն է, որ կարողանայինք ուրիշ ցանկացողներին ետ կանգնեցնել իրենց դիտավորությունից, այսինքն աճուրդի օրը այդպիսիները կամ ձեռնպահ մնային և կամ այնպիսի գներ առաջարկեին, որ կապալը իրենց վերա չմնար:
– Ամեն բան դուք պետք է անեք, Միկիթ-բեկ, ես ոչինչ անել չեմ կարող:
Միկիթ-բեկը կրկին մտածմունքների մեջ խորասուզվեցավ և Թովմասը կրկին սկսավ հիանալ նրա ճակատի կնճիռներով:
– Իմ կարծիքով միայն չորս հոգիներ կան, որոնք անպատճառ կմասնակցեն այդ աճուրդին. – սթափվելով յուր մտածմունքներից, կրկին խոսեց Միկիթ-բեկը, – առաջինը Մելքոն-աղան է, երկրորդը՝ բազազ Սարգիսը, երրորդը՝ Ամիրի տղան, չորրորդը՝ ձուկ Ավետիսը: Դրանցից այս վերջին երեքը իմ մարդիկներս են. և երեքն էլ առանձին առանձին ինձ պետք է դիմեն իրենց առաջարկության թղթերը գրել տալու համար, որովհետև նրանցից ոչ մեկը չգիտե, թե մյուսն էլ իմ բարեկամն է: Ուրեմն նրանց թղթերի հետ ինչ խաղ խաղալը ես կիմանամ: Մնում է Մելքոն-աղան, որին ես մոտենալ չեմ կարող, որովհետև նա ունի յուր սեփական փաստաբանը, որին դիմում է կարևոր միջոցին: Նրան այս գործից հեռու պահել կարելի է միայն խնդրելով: Նա յուր կյանքում շատ կապալներ է վերցրել և շատ էլ մեծ փողեր է աշխատել, եթե դուք հանձն առնեք գնալ և նրան խնդրեք, որ այս անգամ ձեռնպահ մնա այս կապալից, նա կարող է հարգել ձեր խնդիրը: Հակառակ դեպքում կարող եք նրան խոստանալ և առանձին գոհացում: Եթե կարողանաք ետ կանգնեցնել նրան այս կապալից, ես խոստանում եմ կապալը անպատճառ վերցնեք ձեզ համար:
– Կերթամ, կխնդրեմ, կաղաչեմ, – ոգևորությամբ բացականչեց Թովմասը, – կերթամ հենց այս րոպեին, եթե, կհրամայեք:
– Գնացեք մի երկու ժամից ետ, երբ նա արդեն քնից վերկացած կլինի: Վաղը դատարանը արձակվելուց ետ՝ ես կրկին կգամ ձեզ մոտ: Եթե մի ուրախ լուր բերած կլինիք, ես կմնամ ձեզ մոտ ճաշելու և միասին կխորհրդակցենք գործի մնացյալ կետերի համար, – ասաց Միկիթ-բեկը, և ապա շնորհակալություն անելով Թովմասին նրա հյուրասիրության համար դուրս գնաց:
Պ. Թովմասը ճանապարհ դրավ նրան մինչև սանդուղքների վերջը:
О проекте
О подписке