Читать бесплатно книгу «ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)» Լևոն Ադյան полностью онлайн — MyBook







–Ինչ չի հաջողվում գնել ոսկով՝ կարելի է նվաճել քաղցր խոսքով£ Դու, հավանորեն, այս նշանաբանով ես առաջնորդվում, չէ՞£

–Ասենք թե,– մարտական տեսքով նետեց Մուշեղը£

–Անօգուտ է, Մուշեղ, այդ նշանաբանն ունի իր բացառությունը՝ ինձ վրա չի ներգործում£

–Դրա համար էլ չե՞ս պատասխանում իմ նամակին£

–Ի՞նչ նամակ£

–Մեր դասարանցի Սաթիկն էր բերել£

–Ես քո նամակը չեմ կարդացել£

–Ուրեմն արժանի չես համարել®

–Հաշվիր, որ այդպես է£

–Շնորհակալություն,– քմծիծաղ տվեց Մուշեղը£– Դու գիտե՞ս, թե մի խելոք մարդ ինչ է ասել այդ առթիվ£ Նա ասել է. «Դու քո վերելքի ճանապարհին մարդկանց հետ այդքան դաժան մի եղիր. նրանց հետ դու կհանդիպես նաև ցած իջնելիս»£ Լավ է, չէ՞, ասված£

Անահիտին միշտ էլ բարկացնում էր Մուշեղի այդ խոսելաձևը՝ արտահայտվել փքուն ու խորիմաստ, և ամենագլխավորը՝ ուրիշների խոսքերով£

–Լավ է ասված, միայն թե չհասկացա՝ դա ի՞նչ կապ ունի ինձ հետ£

–Ոչինչ, Անահիտ, հետո կհասկանաս,– բազմանշանակ խոստացավ Մուշեղը£

Անահիտը հանկարծակի կանգ առավ և, շրջվելով Մուշեղի կողմն ու միաժամանակ գիտակցելով, որ հետո պիտի փոշմանի արածների համար, հուզմունքից շնչահեղձվելով, անակնկալ կերպով ասաց.

–Դու հո լավ գիտես Կարենին£ Մեր դասարանցի Կարենին£

Մուշեղն ինքնաբերաբար գլխով արեց, զարմանքով նայելով աղջկա թեթևակի գունատված դեմքին£

–Ասենք թե® գիտեմ®

–Այ, եթե նա գրեր® Նրանից, միայն նրանից կուզենայի նամակ ստանալ® Ինչպիսին էլ որ լիներ այդ նամակը՝ թեկուզ վիրավորական, թեկուզ® միայն թե գրված լիներ նրա ձեռքով®

Անսպասելի նորությամբ շշմած՝ Մուշեղը չէր համարձակվում տեղից շարժվել£ Թողնելով նրան կանգնած, Անահիտը, թանձր մազերը ծածանելով ուսերին, քարե սանդուխքներով վազեց վեր և մտավ կիսամութ միջանցք£ Նա վազելով անցավ միջանցքով՝ հետզհետե ընտելանալով մթությանը, և, ասես հետապնդում էին, նուրբ ռունգերով արագ շնչելով օդը, ներս մտավ դասարան£ Նա հայացքով փնտրելով գտավ Կարենին և վճռականորեն մոտեցավ նրան£ Կարենն իր նստարանին նստած ինչ-որ քրքրված գիրք էր կարդում£

–Այդ ի՞նչ գիրք ես կարդում, Կարեն,– հարցրեց Անահիտը£

Կարենն աչքերը կտրեց գրքից, զարմանքով նայեց նրան£

–Լրտեսների մասին է£

–Հետաքրքի՞ր է£

–Դեռ չգիտեմ, նոր եմ սկսել£

Նրա ուշադիր հայացքի ներքո Անահիտը՝ արտասվելու աստիճան հուզված, շիկնանքից այրվելով, չգիտես ինչու, փորձեց բացել իր հին պայուսակը£ Բայց կողպեքը, հակառակի պես, չէր բացվում, ըստ երևույթին, փչացել էր£ Եվ Անահիտը, վհատության պոռթկումով բռնված, հանկարծ, ինքն անգամ սարսափելով սեփական խոսքերից, ասաց.

–Գիտե՞ս, ես կուզենայի, որ վերադառնային այն հին ու երանելի ժամանակները, երբ աղջիկն ինքն էր սեր խոստովանում տղային, և դա անպատվություն չէր համարվում® Բայց ոչ, ես դա չէի ուզենա, որովհետև այդ հին ժամանակներում չէիր լինի դու®

Հիմա, տարիներ հետո, աշնանային լուսնյակ ու ցուրտ գիշերվա մեջ մեն-միայնակ կանգնած, Անահիտը մտածում էր այն հեռավոր, արդեն անդարձ օրերի մասին, և նրա համար ամոթալի ու միևնույն ժամանակ հաճելի էր վերհիշել իր այսպես ասած երեխայական արարմունքը, որին, ամենայն հավանականությամբ, մղեց նրան մի քանի րոպե առաջ Մուշեղի հետ տեղի ունեցած կարճատև խոսակցությունը£ Զարմանալին այն էր, որ Կարենն իսկույն հասկացավ նրան£ Նա մի քիչ գունատվեց, հետո ժպտաց, ինչպես նա է ընդունակ ժպտալու՝ միայն աչքերով£

Անահիտը մինչև այսօր էլ չի կարողանում մոռանալ, թե ինչպես այդ րոպեին հոգու վրայից անսպասելիորեն չքացավ լարվածությունը, ձեռքն ակամայից ընկավ նստարանին, նրա ամբողջ էությունը համակեց տարօրինակ, ընդարմացնող նվաղկոտությունը, որից արցունքներն իրենք իրենց լցվում էին աչքերը£ Եվ նա թերևս լաց լիներ, բայց այդ պահին Կարենի ձեռքը զգույշ իջավ նրա ձեռքին և թեթևակի սեղմեց նրա մատների ծայրերը£ Անահիտը խոնարհեց կրակի պես այրվող դեմքը, բայց ձեռքը ետ չքաշեց£ Արցունքներ չկային նրա աչքերում, բայց սիրտն այպես էր բաբախում, ասես ուր որ է պիտի դուրս թռչեր կրծքից£

Անահիտը ջրի ծորակի տակ լցրեց ջրամանը և թաց, սառը ջրամանը ձեռքին գնաց դեպի տուն£ Տուն մտնելիս նա ինչ-որ հռնդյուն լսեց, կանգ առավ£ Նրան թվաց՝ ավտոմեքենայի ձայն էր£ Բայց ավտոմեքենայի ձայն չէր դա. բարձր, սարերից ու լեռներից էլ շատ բարձր, աստղազարդ երկնքի միջով ինչ-որ օդանավ էր անցնում՝ կարմիր լույս արձակելով£ Անահիտը ներս մտավ, ջրամանը դրեց սեղանին, իր նախկին տեղը£ Նրա աչքը կրկին ընկավ խմբային նկարին£ Նկարում ինքն ու Կարենը իրարից հեռու են, իսկ այն ժամանակ անբաժան էին£ Անահիտն իրեն ամենաերջանիկ աղջիկն էր համարում արար աշխարհում£ Նրա էության յուրաքանչյուր բջիջ պարուրված էր այդ զգացմունքով£ Երեկոները նա պառկում էր քնելու այդ բերկրալից, շարունակ իրեն զարմացնող զգացումով, և մտածում էր գալիք օրվա մասին, որը նույպես սկսվելու էր նույն արբեցնող հուզմունքով£ Անահիտի սիրտն ու հոգին, ինչպես նորահաս գինու ոսկյա թաս, պռնկե-պռունկ լցված էր ցնծուն երջանկությամբ£ Նա նույնիսկ ջանում էր քայլել հանդարտ ու սահուն քայլվածքով, ասես վախենալով թափթփել այդ արբեցնող գինին£ Անահիտն առավոտներն արթնանում էր վաղ, մինչև արևը դուրս կգար, արթնանում էր ինչ-որ բանի մասին իրար հետ տաք վիճող ճնճղուկների անհանգիստ ճռվողյունից, միառժամանակ անխոհ ժպիտով նայում էր նրանց, հետո փակում աչքերը և մտածում Կարենի մասին՝ հիշողության մեջ հերթով վերակենդանացնելով երեկ երեկոյան նրա հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթը£ Հետո անկողնուց ելնում, դուրս էր գալիս պատշգամբ և այդպես վարդագույն թափանցիկ գիշերանոցով, բարակ մեջքն ի վար թափած շողշողուն, ասես ոսկեջրով լվացած թանձր մազերով, երկար կանգնում, կկոցված աչքերով դիտում էր այդ մեծ, տաք ու բարի աշխարհը, որը շռայլորեն նրան էր հղում վաղ լուսաբացի իր մաքրամաքուր կապույտ լույսը£ Իսկ հետո ներքևում, Մատուռի ձորում ընդհատումներով սկսում էր դայլայլել դեղձանիկը£ Անահիտն արագ նախաճաշում, կարգի էր բերում մազերը, և վերցնելով պղնձե կուժը, վազում էր դուրս, չմոռանալով, իհարկե, զգուշացնել մորը.

–Մամա, ես գնացի ջրի£

–Շուտ վերադարձիր, քննության ես պատրաստվում,– իր հերթին ահազանգում է մայրը£

Ձորում, կամրջից վեր, ուռենիների տակ փոքրիկ մի աղբյուր կար, որ մամռոտ քարերի մեջ գիշեր ու զօր ցածրաձայն երգում էր, այդպես երգելով էլ անցնում էր մի քանի տասնյակ մետր ճանապարհը, ու նորից կորչում՝ անհայտ ու անանուն£ Այստեղ, այս աղբյուրի մոտ էին նրանք մշտապես հանդիպում£ Գյուղում ուրիշ աղբյուր կար՝ երեք ծորակով, վարար£ Տարին չորս բոլոր մարդաշատ էր լինում այստեղ. կանայք կժերով ու դույլերով ջուր են վերցնում, լվանում են իրենց նախշուն կարպետները, տղամարդիկ ջրում են իրենց ձիերին, այստեղ են գալիս դատարկ, դնգդնգան տակառներով սայլերը՝ ջուր տանելու հնձվորներին ու ծխախոտագործներին£ Իսկ սրա, մամռոտ քարերի մեջ կամացուկ երգող այս անանուն աղբյուրի համար, որի սառնորակ ջրերը, հազիվ մի քանի մետր վազելով՝ կորչում են ընկուզենիների տակ, կուժկոտրուկի դեղնագույն ծաղիկների մեջ, միակ մխիթարությունն ասես այն է, որ ճապկի ճիպոտի պես ճկուն, խաղացկուն իրանով մի սիրուն աղջիկ ու բարձրահասակ, սև հոնքերի տակից սևեռուն նայող լրջախոհ մի տղա համարյա ամեն օր գալիս են իր մոտ, իրեն են վստահում իրենց սերը, իր ներկայությամբ երկար զրուցում են՝ շարունակ շիկնելով ու չհամարձակվելով նայել իրար, խոսում են կամացուկ, և ինքը հասկանում է, իհարկե, որ սիրո մասին չի կարելի բարձր խոսել£ Եվ գուցե դրա համար է, որ անհայտ ու անանուն աղբյուրը՝ մոռացված աստծուց ու մարդկանցից, իր կարճ ճանապարհն անցնում է ուրախ երգելով, ինչպես ոսկեթև թիթեռ, որն ամբողջ օրը թրվռում, անհոգ պարում է, չիմանալով, որ այս մեծ ու լույս աշխարհում ընդամենը մի օրվա կյանք ունի ինքը£ Անահիտը կուժը դնում էր աղբյուրի տակ, և, մինչև այն կլցվեր ջրով, Կարենի հետ ձեռք-ձեռքի ձորն ի վեր խորանում էին անտառի մեջ, երբեմն ծաղիկներ փնջում, երբեմն նստում գետակի մոտ՝ ունկնդրելով նրա երգը£ Գետակը գալիս էր լեռներից, նա իր հետ բերում էր լեռների հովը, այդ սառը, շնկշնկան հովը նրանց էր հասցնում բարձր լեռների կրծքին ծվարած ծաղիկների բուրմունքը, և Անահիտը չգիտեր, չէր կարողանում հասկանալ՝ ծաղիկների բուրմունքի՞ց էր արբում, թե՞ նրանից, որ Կարենն այդքան մոտ է նստած իրեն£

Անահիտն այդ օրը չի մոռանա երբեք£ Չի կարողանա մոռանալ£ Ավարտական առաջին քննությունից հետո, դպրոցից տուն գնալու ճանապարհին, Անահիտը, առանց նախապես պայմանավորվելու, հանկարծ կամրջի մոտ թեքվեց դեպի ձորը և չնայելով ետ, ձորն ի վեր վազեց դեպի ծանոթ աղբյուրը՝ իր ետևից տանելով Կարենին£ Հասնելով աղբյուրին, նա մեջքով հենվեց սպիտակավուն հաճարենիներից մեկի բնին և, վազելուց շունչը կտրվելով, սկսեց նայել Կարենին£

Կարենը Անահիտին չէր նայում, նա մի պահ նայեց երկնքի խորքը մխրճված հաճարկենուն, որի տակ կանգնած էր Անահիտը, և, գրպանից հանելով դանակը, սկսեց ինչ-որ բան փորագրել սպիտակավուն ծառաբնին£ Անահիտը գլուխը թեքել, հետաքրքրությամբ նայում էր ու ժպտում£ Քրտինքի կաթիլները ճակատին՝ Կարենը ջանասիրությամբ փորագրեց իրենց անունների սկզբնատառերը. ''Կ+Ա= սեր'', և, իր արածից գոհ ու երջանիկ, հաղթական նայեց Անահիտին£ Անահիտը շարունակում էր ժպտալ՝ ձյունասպիտակ ատամներով սեղմելով շուրթերը£ Կարենը նայեց նրան և, մի կողմ նետելով դանակը, արագորեն մոտեցավ Անահիտին և փութկոտ մի շարժումով գրկելով նրա տաք ու հնազանդ մեջքը, հուզմունքից շնչահեղձվելով, բերանով արագ գտավ նրա այրվող շուրթերը£

Անահիտը, դեռևս մեջքով սեղմված ծառաբնին և անուժ դիմադրելու Կարենի մոլուցքին, դանդաղորեն սահեց ցած՝ ասես տենդի մեջ՝ հառաչելով ու տնքալով£ «Միթե՞ հնարավոր է ապրել առանց քեզ»,-շշնջում էր Կարենը, անհագորեն շնչելով նրա աղջկական բույրն ու մոլեգնաբար համբուրելով հրագույն շուրթերը, թախծանուշ ջինջ աչքերը, դեմքը, մազերը®

Այդպես շերունակվեց մինչև հունիսի վերջը£ Արդեն հանձնել էին վերջին քննությունը, պատրաստվում էին ավարտակական երեկույթին£ Աղջիկներն իրենց համար տոնական զգեստներ էին կարում, տղաներն ամբողջ օրն անց էին կացնում դպրոցում՝ նախապատրաստելով այն նոր ուսումնական տարվան. սպիտակացնում էին դասասենյակների պատերը, նստարանները ներկում, լվանում ապակիները– վաղուց ի վեր այդպիսի ավանդույթ կար դպրոցում՝ շրջանավարտները պարտավոր էին իրենց ուժերով վերանորոգել դպրոցական շենքը, և, ինչպես էստաֆետ, հաջորդ սերնդին հանձնել այն կազմ ու պատրաստ£

Անահիտն ամեն երեկո, վերջացնելով տան աշխատանքները, գնում էր դպրոց՝ իմանալու, թե ինչպես են գնում տղաների գործերը£ Մյուս աղջիկները նույնպես գալիս էին£ Պետք էր, օգնում էին, չէ՝ պարզապես զրուցում էին՝ բազմազանություն մտցնելով տղաների աշխատանքային առօրյայի մեջ£ Հետո բաժանվում էին, և նրանց աշխույժ ձայները երկար ժամանակ հնչում էին գյուղական կիսամութ փողոցներում£

Այդպիսի մի օր Անահիտն ուշացած եկավ դպրոց£ Նա Կարենին տեսավ հեռվից. ուսուցչանոցի դուռը հանել, ռանդայով տաշում էր£

–Բարև,– մոտենալով ասաց Անահիտը՝ զարմանքով նայելով նրան£

–Փեղկերից մեկը կիպ չի նստում շրջանակի մեջ, ստիպված տաշում եմ£

–Դու հյուսնությո՞ւն էլ ես կարողանում անել£

–Քիչ-քիչ սովորում եմ,– քմծիծաղ տվեց Կարենը£– Գուցե պետք եկավ®

Անահիտին թվաց՝ ինչ-որ անուրախ բան կար այդ քմծիծաղի մեջ£ Նա ուշադրությամբ զննեց Կարենին՝ ձգտելով բռնել նրա հայացքը, բայց դա Անահիտին չհաջողվեց£ Կարենն աշխատում էր չնայել նրան, ձևացնելով, թե չափազանց կլանված է աշխատանքով£

Անահիտը, զուտ կանացիական հոտառությամբ, ներըմբռնողաբար հասկացավ. ինչ-որ բան է պատահել, և այդ ինչ-որ բանը կապված է իր հետ£ Բայց ի՞նչ£ Նա տենդորեն միտքը բերեց իր յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր ասած խոսքը, բայց դրանց մեջ այնպիսի մի բան չգտավ, որ վիրավորեր կամ վշտացներ Կարենին£ Եվ այդ պահից մի աղոտ տագնապ սողոսկեց սիրտը£ Հարցնել այդ մասին Կարենին, չհամարձակվեց. գիտեր՝ եթե չի ասում, ուրեմն անօգուտ է հարցուփորձը, չի ասի£

Պարզապես հարկավոր է համբերությամբ զինվել և սպասել£ Եվ Անահիտը ամբողջ երեկոն սպասեց՝ անդադրում հոգով շրջելով միջանցքներում ու բռնազբոսիկ ժպիտով պատասխանելով աղջիկների և տղաների ուրախ կատակներին£

Բանալիները հանձնելով տնտեսվար Աշոտին, տղաներն ու աղջիկները դուրս եկան դպրոցից£ Չգիտես ինչու, Անահիտին այնպես թվաց, թե այսօր ինքն ու Կարենը երկար չեն մնա իրար հետ, շուտ կբաժանվեն£ Ինչո՞ւ հանկարծ այդպես թվաց՝ Անահիտը չհասկացավ£ Բաժանվելով ընդհանուր խմբից, նրանք լուռ, առանց մի խոսքի, սպիտակին տվող ճանապարհով քայլեցին դեպի տուն£ Խախտելով լռությունը, Կարենը, իբր ի միջի այլոց, ասաց, որ ավարտական երեկույթից անմիջապես հետո գնալու է Ղազախստան, Կուստանայի մարզ՝ քեռու մոտ£ Անահիտն այնպես հանկարծակի կանգ առավ, ասես մթության մեջ դեմ առավ պատի£

–Ինչպե՞ս® Ղազախստա՞ն£ Դու ինձ թողնում ես մենա՞կ£

–Այդպես է պետք, Անահիտ£

–Իսկ ե՞ս£ Ես ի՞նչ պիտի անեմ առանց քեզ£

–Կտխրես մի քանի ամիս£

–Քեզ համար հեշտ է ասել՝ «Կտխրես®»£ Ես առանց քեզ կմեռնեմ այստեղ£

–Ես պետք է գնամ® Անպայման պետք է գնամ£ Այլապես®

–Այլապես ի՞նչ,– արագ վրա բերեց Անահիտը£– Դու ինձնից մի թաքցրու ոչինչ£ Դու այլևս չես սիրում ինձ, չէ՞®

–Ոչ, սիրում եմ, Անահիտ, հենց նրա համար եմ գնում, որովհետև սիրում եմ®£– Նա քիչ լռեց, հետո ավելացրեց մտամփոփ£– Ամեն ինչ ինչքան հեշտ կլիներ, եթե չսիրեի քեզ® Եթե այդպես լիներ, ես ոչ մի տեղ էլ չէի գնա®

Դառն ու օտարոտի հնչեցին Կարենի բառերը£ Անահիտը լարվեց, տագնապով դիտելով Կարենի դեմքն ու ջանալով կռահել, թե որտեղի՞ց է գալիս այս դառը մորմոքը, սակայն մթան մեջ ոչինչ տեսնել չկարողացավ՝ բացի իր համար անսահման թանկ դիմագծերից£

–Աստված իմ, դու այդ ինչե՞ր ես ասում, Կարեն,– մի տեսակ փոխված ձայնով մրմնջաց Անահիտը£ -Ես ոչինչ հասկանալ չեմ կարողանում£ Ի՞նչ է պատահել£

–Մի անհանգստանա, ամեն ինչ լավ կլինի,– ասաց Կարենը, քնքշորեն սեղմելով նրա թևը՝ արմունկից քիչ վերև£– Ամենից շատը՝ կես տարի, և մենք ազատ կլինենք, ինչպես®

–Դու զարմացնում ես ինձ, Կարեն,– ընդհատեց Անահիտը£– Մի՞թե մենք հիմա ազատ չենք£ Միթե՞ որևէ մեկը խանգարում է մեզ£

–Ոչ, իհարկե, բայց կուզենայի, որ բոլորովին ազատ լինենք®– արտաբերեց Կարենը թեթևակի դողացող ձայնով և, ասես ցանկանալով ազատվել նրանից, անմիջապես շտապեցրեց£– Դե լավ, գնա, ուշ է արդեն£ Բարի գիշեր£– Կարենը, առանց ետ նայելու, քայլեց կիսամութ փողոցով£

«Աստված իմ, այս ի՞նչ է կատարվում ինձ հետ,– արցունքից խեղդվելով շշնջում էր Անահիտը, նայելով ծայրեծայր սևակնած երկնքին£ Նա ամեն ինչ թաքցնում է ինձնից£ Գուցե ուրիշի է սիրում,– մտածում էր նա հուսաբեկ,– գուցե ուրիշի է սիրում ու չի ուզում այդ մասին ասել ինձ»£ Մտքերը նրան հանգիստ չէին տալիս£ Սրտում իրարամերժ հարցեր էին ծնվում, սակայն բոլոր այդ հարցերն այդպես էլ մնում էին անպատասխան£ Մի բան պարզ էր սակայն. սև ամպեր էին կուտակվում նրանց սիրո վրա£

®Կարենը, իհարկե, Անահիտից որոշ բաներ թաքցրել էր, և թաքցրել էր ոչ միայն նրա համար, որ վախենում էր ցավ պատճառել նրան, այլ որ ինքը Կարենն էլ դեռևս մի կարգին չէր կարողանում ըմբռնել պատահածի իմաստը£

Երեկոյան` դպրոց ճանապարհվելուց մի քանի րոպե առաջ, հայրը կանգնեցրեց նրան դարպասի մոտ£

–Արի այստեղ,– ասաց նա, -քեզ հետ խոսելու բան ունեմ£

Հոր խոսելու տոնը, իր բավականին անզուսպ բնավորության համեմատ՝ չափազանց մեղմ, զգաստացրեց Կարենին£

–Էդ ո՞ւր ես գնում,– հարցրեց հայրը՝ գրպանից հանելով «Բելամորկանալի» ճմրթված տուփը£– Էլի դպրո՞ց ես գնում£

–Այո, ավարտական երեկույթի ենք պատրաստվում£

–Չափազանց երկար եք պատրաստվում դուք էդ երեկույթին,– ասաց հայրը և, վառելով գլանակն ու աչքի մեկը կկոցելով՝ ծուխը բաց թողեց վեր£

–Բայց դպրոցն էլ փոքր դպրոց չի,– ժպտաց Կարենը, կռահելով, որ դպրոցի մասին հայրը հենց այնպես, ի միջի այլոց ասաց, իսկ գլխավորը դեռ առջևում է£ Եվ Կարենը ներքուստ շտկվեց՝ պատրաստ ամեն մի անակնկալի£

–Էդ ճիշտ է,– համաձայնվեց հայրը£– Ինչ ճիշտ է, ճիշտ է£– Նա, առանց շտապելու, ծխախոտի ծուխը ներս քաշեց, հետո գլխի թեթևակի շարժումով ցույց տվեց անցած ձմեռվանից մնացած կոճղը£– Նստիր, գործ ունեմ քեզ հետ£

Կարենը նստեց կոճղին, հոր դիմաց, նրա դեմքն ասես իսկույն քար կտրեց£

–Ի՞նչ գործ է£

–Ուրեմն էսպես է բանը, տղաս, ինձ էնքան էլ դուր չի գալիս, որ քեզ ամեն օր տեսնում են էդ® անունն ինչ է®Սուրենի աղջկա հետ£

–Անահիտ է անունը,– հուշեց Կարենը£– Իսկ նա ի՞նչ է արել քեզ£

Հայրը մթնեց, դժգոհ նետեց ծխուկը և կրունկով տրորելով այն, բղավեց.

–Իսկ ի՞նչ պիտի անի£ Հը՞, նա ինչ պիտի անի ինձ®

Առաջին հայացքից անիմաստ թվացող այդ հարցը, ըստ ամենայնի, իր մեջ նուրբ ակնարկ էր պարունակում, սակայն Կարենը ձևացրեց, թե իբր չնկատեց դա, անտարբեր տեսքով թոթվեց ուսերը՝ այս անգամ ցուցադրաբար նայելով ժամացույցին£

–Իսկ գուցե պե՞տք չէ այդ մասին, պապա, մի ուրիշ անգամ£

–Վախենում եմ հետո ուշ լինի£

–Որ այդպես է® հիմա էլ ուշ է արդեն£

Դա ասվեց այնպիսի հանդուգն զսպվածությամբ ու սառը հաստատակամությամբ, որ հայրը մի պահ շփոթվեց, բայց իսկույնևեթ հավաքեց իրեն և, ցասկոտ հայացքով նայելով որդուն, ֆշշաց.

–Դու էդ ի՞նչ ես տակից-գլխից դուրս տալիս, շուն-շան տղա, խայտառակել ես ուզում, հա՞, մեզ ժողովրդի®

–Մի վախեցիր, հայրիկ, ոչինչ էլ չի եղել,– ընդհատեց նրան Կարենը քմծիծաղ տալով£– Ես պարզապես ուզում էի ասել, որ սիրում եմ Անահիտին և նրան ոչ ոքի հետ չեմ փոխի£ Եվ եթե երբևէ ամուսնանամ, ապա միայն նրա հետ£

Կարենը ոտնաձայներ լսեց և իսկույն ճանաչեց. մոր ոտնաձայներն էին£ Մայրը կանգ առավ, բայց լուռ էր դեռ£ Սակայն Կարենը լավ գիտեր մոր բնավորությունը. նա սկզբում խոսակցության մեջ առաջնությունը թողնում էր ամուսնուն, բայց շուտով դա մոռացվում էր, և նա վստահորեն ու բավականին հաջող կերպով ստանձնում էր ընտանիքի գլխավորի իր դերը£

Այսպես եղավ և հիմա£ Տեսնելով, որ որդու վերջին խոսքերը դարձյալ ծանր դրության մեջ գցեցին ամուսնուն, նա հասկացավ, որ եկել է վճռական պահը, հարկավոր է անհապաղ խառնվել և ամեն ինչ դնել իր տեղը£ Մայրը, շրջանցելով կոճղը, որի վրա նստած էր Կարենը, եկավ կանգնեց ամուսնու կողքին£

–Սա ինչ է, պսակվո՞ւմ ես արդեն® Եվ ո՞ւմ հետ ես պսակվում՝ շոֆեր Սուրենի աղջկա՞, էդ նրանց հարստության վրա՞ ես աչք դրել, թե՞ նրա դիպլոմի®

–Ես պսակվելու ոչ մի մտադրություն չունեմ, մամա,– ուսերը թոթվեց Կարենը£– Եթե բանը հասնի դրան, պարզ է, որ առաջինը ձեզնից խորհուրդ կհարցնեմ£ Մի՞թե կասկածում էիր® Իսկ ինչ վերաբերում է նրանց հարստությանը, ապա մենք նույնպես միլիոնատեր չենք£– Նա հանդարտ ելավ տեղից և վերջապես ասաց այն հիմնականը, որի շուրջը, ըստ էության, պտտվում էր այս զրույցը£– Գուցե հենց այդ պատճառով եք ինձ համար հարուստ ու դիպլոմավոր հարսնացու ճարել£ Եվ նույնիսկ նրա ծնողների հետ պայմանավորվել եք՝ առանց ինձ վճռել իմ բախտը£ Վատ չէր լինի իմ կարծիքն էլ հարցնեիք®

Ծնողները գաղտնաբար նայեցին իրար£ Նրանք լավ գիտեին, որ իրեց որդին հարկ եղած դեպքում, խոսքի տակ չի մնա£ Սակայն այդպիսի բացարձակ ուղղամտություն նրանից երբեք չէին սպասում£

–Եվ շատ էլ լավ ենք արել, որ պայմանավորվել ենք,– ճղրտաց մայրը£– Իսկ ինչի՞ համար ենք արել դա£ Որպեսզի քեզ նման հիմարը լավ ապրուստ ունենա£ Որպեսզի ստիպված չլինես վիզ ծռել ուրիշի առաջ£ Գալու է, գալու է էդ օրը, երկու ձեռքով գլուխդ թակելու ես քո էդ սիրո համար, բայց ուշ է լինելու®

–Աղչի,– սաստեց նրան ամուսինը,– սպասիր, էն չես ասում, ինչ հարկավոր է£ Թող սիրի, սիրելով պսակվի£ Միայն թե ինձ ասա, Աստղիկն ինչո՞վ է պակաս քո էդ Սուրենի աղջկանից£ Նա ինչ է, քո՞ռ է, քաչա՞լ է£ Որ նայում ես՝ ոնց որ մի հուրի-փերի, ազնվությամբ եմ ասում, մեր էս վերի գյուղարանքում նրա նման աղջիկ չեմ տեսել£ Եվ քաղաքում էլ ապրում է, ոչ թե քո էս աղջիկների նման՝ ամռանն ու աշնանը՝ հանդերում, ձմռանն ու գարնանը՝ ձյուն ու ցեխի մեջ կորած£

–Այդպիսիներն ինձ ավելի են դուր գալիս,– համառորեն ասաց Կարենը:

Նրա վրա հոր խոսքերը ազդեցություն չունեցան, որովհետև անխելք մարդն անգամ կհասկանար, որ դա անհաջող փորձ էր՝ սքողել կնոջ չափից դուրս բացարձակ ասված խոսքերը. քանզի հիմնական միտքը հենց պարունակում էր նրա բառերում. մայրն ուզում էր խնամիանալ իր մի հեռու ազգականի հետ, որը խոստացել էր աղջկա օժիտի հետ միասին ավտոմեքենա նվիրել ապագա փեսային, իսկ հարսանիքից հետո նորապսակների համար սեփական առանձնատուն կառուցել քաղաքում (այդ ազգականն ապրում էր մարզկենտրոնում, ինչ որ պետ էր յուղի գործարանում, և կասկած չկար, որ նա անպայման կկատարի իր խոստումը. Աստղիկը նրա միակ աղջիկն էր, սովորում էր օտար լեզուների ինստիտուտի առաջին կուրսում և, իմիջիայլոց, անտարբեր չէր Կարենի նկատմամբ, որը, սակայն, նրան պարզապես վերաբերվում էր որպես հեռու ազգականի, ոչ ավել£

Бесплатно

0 
(0 оценок)

Читать книгу: «ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно