Աննկատելի սկսվեց ու անցավ ձմեռը՝ ձնառատ ու տաք£ Հետո, ինչպես տոնական երկու խնդուն օր, ցոլացին և անցան գարունն ու ամառը£ Եվ ահա եկել է աշունը՝ անձրևներով, հազվադեպ արևի պայծառ, արդեն սառը վերջին փայլով, ծառերի տակ թափված գույնզգույն թոշնած տերևներով, պաղ օդով, առավոտյան դրած եղյամով ու անթափանց խոնավ մառախուղներով£
Վերջին շաբաթվա ընթացքում առաջին օրն էր, որ անձրև չտեղաց, առավոտվանից արև էր, և աշնան արևի տակ տնամերձ այգիներում, փողոցներում ու գյուղի շուրջը փռված անտառներում ծառերը փայլածում, հուրհրատում էին բազմերանգ գույներով՝ մաքուր ոսկուց սկսած մինչև փիրուզ£
Իսկ հետո միանգամից իջավ մութ երեկոն£ Անահիտը բարի գիշեր մաղթեց հերթապահ բժշկին ու բուժքրոջը և դուրս եկավ հիվանդանոցից£ Լուսինն իր հեռավոր ճանապարհին էր, դեռ չէր հասել լեռների մեջ կորսված Հնձախութ գյուղին, և շուրջը ամեն ինչ՝ դաշտերը, անտառները, լեռներն ու ձորերը ընկղմված էին ակնակուր մթության մեջ£ Հիվանդանոցի բակում լորենիների բարձր ճյուղերն էին միայն աչքի համար հազիվ նկատելի օրորվում անաստղ երկնքի կապտավուն հեռանկարի վրա£
Չգիտես ինչու, աշնանայի այդ երեկոն Անահիտին թվաց մի տեսակ ոչ սովորական£ Դա արտասավոր երեկո էր, իսկ թե ինչու միանգամից այդպես թվաց՝ Անահիտը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ£ Սիրտն անհանգիստ էր£ Սիրտն ինչ որ բան էր զգում՝ ոչ այն է կարոտալի, ոչ այն է տագնապալից£ Հոգնել էր երևի£ Նա մի քանի վայրկյան կանգնեց գյուղական հիվանդանոցի փայտե աստիճաններին՝ մինչև աչքերը կընտելանային մթությանը, ու նոր միայն գնաց անձրևներից հետո տոփանված արահետով£
Սկզբնական շրջանում, երբ նա, Ստեփանակերտում ավարտելով բժշկական ուսումնարանը, եկավ գյուղ և աշխատանքի անցավ հիվանդանոցում, երկրորդ հերթի ընկնելիս, մայրը միշտ գալիս էր նրան դիմավորելու£ Մայրը, ցանկապատի մյուս կողմում, մթության մեջ կանգնած, սպասում էր նրան£ Հետո դուրս էր գալիս Անահիտը, և, տեսնելով մորը, ասում էր. «Մամա, էլի՞ ես եկել£ Ես ճանապարհը չգիտե՞մ, ինչ է®»£ Նա թևանցուկ էր անում մորը, և նրանք՝ մայր ու աղջիկ, բռնում էին տուն տանող ճանապարհը£ Անահիտը չէր ուզում, որ մայրը, դաշտային գործերից հոգնած, գար իրեն դիմավորելու£ Բայց մայրը չէր լսում նրան, ամեն երեկո գալիս էր£ Անահիտը քայլում էր լուռ, գլխահակ, իսկ մայրն անդադար խոսում էր, և խոսում էր համարյա միշտ նույն բաների շուրջը. այն մասին, որ դաշտերում ահագին կարտոֆիլ մնաց հանելու, իսկ այսօր վաղը մեկ էլ տեսար ձյուն եկավ, հրեն գիշերը եղյամ է դնում սարերին, որ կաթնապրանքային ֆերմայում հիմա լավ են վաստակում, առաջ այդպես չէր, խոսում էր Անահիտի փնթփնթան հորից, որի մարմնում մնացած պատերազմական բեկորները, եղանակների փոփոխման հետ, իրենց զգացնել էին տալիս£ Բայց ամենից շատ պատմում էր իր մասին, թե ինչպիսի դժվարություններ է քաշել ինքը ջահել ժամանակ, թե ինչպես մի կտոր հացի համար մարդու տվին իրեն տասնչորս տարեկանում® «Միթե՞ հնարավոր է համեմատել էսօրվա կյանքի հետ£ Ռադիոն կա, հեռուստացույցը կա, սառնարանն ու լվացքի մեքենան տանը, խանութն ամեն ինչ լիքը, ամսվա վերջին թոշակը բերում են տուն՝ ստացիր ու սիրտդ ուզածին պես ապրիր® Բայց ապրելու ժամանակն անցել է£ Ի՞նչ ապրելու մասին է խոսքը, երբ յոթանասունդ լրացել է արդեն, էդ տարիքում հոգիդ աստծուն ավանդելու մասին ես մտածում և ոչ թե ապրելու»£
Անահիտի համար տխուր ու ձանձրալի էր շարունակ լսել նույն պատմությունները, և նա ամեն անգամ ներքուստ ուրախանում էր, երբ առաջին հերթ էր ընկնում£
Հիմա նրան ոչ ոք չի դիմավորում երեկոները, թեպետ և մայրն է մնում, և ամուսին ունի, և որդի® Անահիտը դուրս է գալիս հիվանդանոցից և, մտքերի մեջ խորասույզ, քայլում ցանկապատերի և տների արանքով ընկած ճանապարհով, այդ ճանապարհը քնած գյուղի միջով թեքվում է այս ու այն կողմ, հետո ուղղվում, իջնում է ձորը, անցնում փայտե կամրջով, որի տակ մանրիկ խոխոջում է լեռներից եկող անանուն փոքրիկ գետակը, և երկար բարձրանում մինչև դիմացի սարի գագաթին թառած իրենց թաղամասը£ Լռիկ քայլում է նա մթության մեջ սպիտակին տվող ճանապարհով, և ոչ ոք չի խանգարում նրան՝ տրվել իր խոհերին, հիշողության մեջ օր-օրի հաջորդաբար վերարտադրել իր կյանքը£ Գիշերային խավարի մեջ հեշտ է մտածելը, մտքերն իրենք իրենց գալիս, շարվում են իրար ետևից, վաղուց անցած իրադարձությունները վերստին շունչ են առնում, և Անահիտը ամեն անգամ զարմանում է՝ ինչո՞ւ իր կյանքն այդպես անիմաստ ու հիմարաբար դասավորվեց£ Ե՞րբ, ո՞ր օրը ճեղք տվեց այն, և այդ ճեղքը գնալով մեծացավ՝ դառնալով անդունդի նման խոր, և օրեցօր ավելի սարսափելի է թվում նայել այդ վիհի խորքը£ Ո՞վ է մեղավոր այն բանի համար, որ դու ամեն ինչ ունես՝ սիրելի որդի ու քեզ սիրող ամուսին, տունուտեղ, սրտովդ է նաև աշխատանքդ, ամեն ինչ կա՝ բացի մի բանից, որին տենչում ես ամբողջ կյանքում՝ մի քիչ երջանկություն£ Տարիներ առաջ, երբ հայրը ողջ էր, մի խոսք ասաց£ Վերջերս, չգիտես ինչու, Անահիտը հաճախակի էր հիշում այդ խոսքը£ «Կաղնավուն մի թռչուն կա, հանդերում է լինում, երջանկությունը նման է էդ թռչունին,– ասաց հայրն այն ժամանակ£– Նստում է աչքիդ առաջ, մի երկու քայլի վրա, ուզում ես բռնել, ցատկում, մի քիչ էն կողմ է կանգնում, ասում ես՝ մի քայլ էլ անեմ՝ կբռնեմ£ Խաբելով տանում է, է¯, աստված գիտի, թե որտեղ£ Մարդու երջանկությունը նման է էդ փոքրիկ թռչունին, թվում է ահա մոտ է արդեն, հասնում ես երջանկությանդ, բայց, չէ, էն թռչունի պես նորից իր ետևից տանում է քեզ ու մինչև վերջ էլ էդպես գնում ես երջանկության ետևից ու երբեք չես հասնում»£
Իսկ մի՞թե հնարավոր չէ ապրել առանց այդ երջանկության£ Հնարավոր է, իհարկե, բայց դրա հետ միասին երկինքը պարզապես մնում է անծայրածիր երկինք՝ սև դատարկությամբ, աստղերը՝ սովորական աստղեր, որոնք ոչ թե ժպտում, աչքով են անում գիշերային երկնքից, այլ հենց այնպես հղում են իրենց հեռավոր սառը լույսը, տան կողքով անցնող առուն չի կարկաչում մանկան զվարթ ծիծաղով, պարզապես իր համար հոսում է՝ լեռներից բերած աղբրաջրերը տանելով դեպի կոլտնտեսային բանջարանոցները®
Ի՞սկ չէ որ կար ժամանակ՝ ուրիշ կերպ էր ամեն ինչ՝ և աստղերն էին ուրախ աչքով անում թավշյա մութ երկնքում, և առվակն էր ծիծաղում մանկան զնգուն ծիծաղով® Եղե՞լ է այդ ամենը, թե՞ ինքը՝ Անահիտն է հնարել վաղանցուկ այն մի քանի շաբաթները՝ Կարենի հետ£ Ոչ, եղել է, ամեն ինչ եղել է, այն շաբաթները նույնպես եղել են, դրանք այնպես արագ անցան® Երբեմն Անահիտին այնպես էր թվում, թե ինքը կխենթանա երջանկությունից£ Տեսնես որտե՞ղ է հիմա Կարենը£ Ո՞ր հեռուներն է նետել նրան ճակատագիրը£ Իսկ գուցե նա ինչ-որ բոլորովին մոտիկ տեղ է£ Բայց մի՞թե մեկ չէ, թե որտեղ է նա£ Եթե նա նույնիսկ այստեղ, իր կողքին լիներ, Անահիտի համար նույնն էր, թե նա գտնվում է աշխարհի մյուս ծայրին£ Մի անգամ ինչ-որ առիթով նա Անահիտին ասաց. «Հիշիր խոսքս. կգա ժամանակ՝ կկործանի քեզ անհաստատ բնավորությունդ»£
Ոտնաձայներ լսելով ձորում՝ ուռենիների տակ, անհանգիստ կռկռացին գորտերը£ Անահիտն անցավ փայտե կամրջակը, որի տակ մի կարճ պահ խոխոջաց գետակը, և սկսեց բարձրանալ դիք ճանապարհով£ Նա կրկին հիշեց Կարենին, դառը քմծիծաղեց մթան մեջ£ Ընդհանուր առմամբ, Կարենի ասածի մեջ ճշմարտություն կար£ Գուցե կայուն բնավորություն ունենար՝ իր կյանքում ամեն ինչ այդպես չդասավորվեր£ Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս է դասավորվել իր՝ Կարենի կյանքը, նա շատ էր հպարտանում իր անհողդողդ կամքով ու չափից դուրս անսասան բնավորությամբ£ Ով գիտի, երևի նրա կյանքը լավ է դասավորվել, այլապես գոնե մի անգամ գյուղ կգար. արդեն մի քանի տարի է հարազատ գյուղում չի եղել£ Ծնողներին Կարենը, ամենայն հավանականությամբ, նամակ-բան գրում է£ Մի ժամանակ, դա շատ վաղուց էր, Անահիտը ցանկացավ ծնողներից վերցնել Կարենի հասցեն£ Ինքն այդ օրը չէր աշխատում, և հարևաններից ով էր՝ հիմա չի հիշում, ասաց, որ Կարենի հայրն իրեն վատ է զգում, գիշերը սրտի նոպա է ունեցել, շրջկենտրոնից շտապ օգնություն են կանչել£ Վոլոկորդին և վալիդոլ վերցրեց, վազեց նրանց տուն£ Մտածում էր միաժամանակ վերցնել Կարենի հասցեն£ Սակայն Կարենի մայրը բավականին կոպտաբար դիմավորեց նրան£ Դու ոչ միայն Կարենի, այլև մեր կյանքն էլ ես փչացրել, ասաց նա այն ժամանակ, որովհետև, եթե դու չլինեիր, մեր տղան հիմա ապրելիս կլիներ մեզ հետ և էսօրվա օրը նրա ծերացած ծնողները ստիպված չէին լինի վիզ ծռել ուրիշների առաջ, էն մարդուն դու ես հիվանդացրել, քո պատճառով էր ամեն ինչ, և չփորձես երևալ նրա աչքին£ Անահիտը կանգնել էր բակում՝ ամոթահար, շվար, չգիտեր ինչ անել£ Հազիվ զսպելով իրեն, որ չփղձկա վիրավորանքից, նա շուռ եկավ և մոլոր քայլերով գնաց տուն£ Տանը ոչ ոք չկար£ Հուզմունքից դողում էին Անահիտի շուրթերը, բայց նա չէր լալիս, իսկ սիրտը գնալով նվաղում էր£ Մոտենալով սեղանին, նա դողացող մատներով միացրեց պատերազմական ժամանակներից մնացած հին պատեֆոնը, և պատեֆոնը տխրաձայն երգեց.
Հրաժեշտի համար շալը եզրավոր
Կապիր, օ, կապիր ինձ տուր,
Այդ հանգույցի պես մի օր բախտավոր
Մենք կապված էինք ամուր£
Այլևս անուժ զսպելու իրեն, երեսնիվայր ընկավ մահճակալին և երկար ժամանակ լալիս էր£ Ինքն ինչո՞վ է մեղավոր, որ նրանք մենակ են, որ ծանր է նրանց համար՝ մեն-մենակ չորս պատի արանքում£ Ի՞նչ մեղք ունի ինքը դրանում, և մի՞թե իր՝ Անահիտի համար հեշտ է£ Անահիտն ինքը քիչ պատճառներ չունի մեղադրելու իրենց՝ Կարենի ծնողներին, հենց այն բանում, որ նրանք խորտակել են իր կյանքը£ Բայց ինչո՞ւ փորփրել հին վերքերը£ Մի՞թե դա որևէ բան կարող է տալ£ Եվ մի՞թե բանն այն է, որ հին են վերքերը, վերքերը թարմ են միշտ, մինչև մահ-գերեզման այդպես էլ կմնան թարմ ու կճզմեն, կցավացնեն Անահիտի սիրտը, և նա չի կարողանա այդ մասին պատմել որևէ մեկին, որովհետև, երբ խորն է վիշտը, պատմել չի լինում£ Մղկտում, վառվում է սիրտդ, ինչպես դեզն է ներսից այրվում՝ լուռ, անմռունչ, և միայն ծուխն է բարձրանում ինչպես հառաչանք£ Երբեմն Անահիտին թվում է` չի դիմանա այլևս, թվում է` ցավից կգոռա® Բայց միշտ չէ, որ անում ես այն, ինչ պետք է, երբեմն ստիպված ես ծիծաղել՝ փոխանակ լալու£ Եվ այնքան էլ հեշտ չէ գոռալ ցավից, երբ կողքիդ են որդիդ ու քեզ սիրող բարի ամուսինդ£ Ամուսինը գիտի, որ Անահիտը չի սիրում իրեն, այդ մտքից նա հաճախ բռնվում է անզուսպ կատաղությամբ, խմում, հարբում է խելագարության աստիճան (թեպետ ոգելից խմիչքներ տանել չի կարողանում) և անխնա ծեծում է Անահիտին, և ասում, որ նա խորտակել է իր կյանքը£ Իսկ առավոտյան, ուշքի գալով, արցունքն աչքերին սկսում է ներողություն խնդրել£ Եվ Անահիտը ներում է նրան, և ներում է ոչ միայն նրա համար, որ հասկանում է ամուսնուն (այն բանից, որ ինքը հասկանում է ամուսնուն, իրեն թեթևություն չի գալիս), ամենից շատ նա ամուսնուն ներում է, որովհետև իրեն ոչինչ չի մնում անելու, քան ներել նրան, այլապես մշտական տառապանք կդառնա իրենց կյանքը£ Ամուսինը նույնպես հասկանում է դա, դրա համար էլ շատ հաճախ երեկոները գնում է ծնողների մոտ և այնտեղից վերադառնում գիշերվա կեսին, երբ Անահիտն արդեն քնած է լինում (կամ ձևանում է քնած)£
Մտքերով տարված, Անահիտը չնկատեց, որ հասել է տուն£ Նույնիսկ չէր նկատել, որ լուսինն անշշուկ բարձրացել է սարի ետևից և հիմա անշտապ մագլցում էր երկինքն ի վեր£ Նա ձեռքը ցանկապատի արանքից մտցրեց, բաց արեց բակի դռնակը, բայց ներս չմտավ, նայում էր լուսնալույսի արծաթ շողերի ներքո քնած լեռներին, հեռու ու մոտիկ դաշտերին, դեպի սարեր բարձրացող ճամփաներին, որ գնում, կորչում էին մթին անտառների մեջ£ Մատուռի ձորում մի քանի անգամ կանչեց գիշերահավը ու կրկին լռություն տիրեց£ Ներքևում երևում էր ամբողջ Հնձախութը՝ իր բոլոր թաղամասերով£ Տների թիթեղյա տանիքները, ինչպես անձրևից հետո՝ արևի տակ, աղոտ փայլում էին լուսնի շողերից£ Անահիտը նայեց աշնանային սև ցելերի միջով դեպի գյուղի կենտրոն իջնող ճանապարհին, և այս՝ իրոք արտասովոր, ու, չգիտես ինչու, մի քիչ էլ տագնապալից, երեկոն նրան կրկին հիշեցրեց այն օրերը, երբ ինքն ու Կարենը սովորում էին տասերորդ դասարանում և այդ ճանապարհով ամեն օր միասին գնում էին դպրոց, վերադառնում£ Գնալիս շտապում էին, իսկ վերադարձին գալիս էին անշտապ, երբեմն կամրջի մոտ թեքվում, գնում էին ձորն ի վեր, անանուն գետակի հակառակ ուղղությամբ (դա ավարտական քննությունների օրերին էր), և նրանց գլխավերևում, ծառերի վրա, երգում, ասես նրանց ողջունում էին փոքրիկ դեղձանիկները£ Անահիտը հիշեց անդարձ այդ օրերը, հառաչեց և, ետ տանելով դռնակը, մտավ բակ£
Տան լույսը չէր վառվում. ամուսինը դարձյալ յուրայինների մոտ է գնացել կամ աշխատանքից չի եկել դեռ, իսկ որդին՝ Արայիկը, երկրորդ օրն էր, ինչ Անահիտի մոր մոտ էր£ Ընտանիքում տիրող սառնությունը հավանաբար ձանձրացնում էր տղային, և նա գերադասում էր տատի մոտ մնալ, այնտեղ նրա համար լավ էր£
Անահիտն իր բանալիով բաց արեց դուռը, միացրեց լույսը և, ասես առաջին անգամ էր տեսնում, մի քանի վայրկյան առանց շտապելու, ուշադիր դիտեց սենյակը. նա նման էր կենվորուհու, որին տանտերերը ցույց էին տվել իր նոր կացարանը, և նա հիմա շեմին կանգնած վճռում էր՝ համաձայնի՞ դրան, թե ուրիշ, ավելի լավ կացարան փնտրի£
Սենյակը կահավորված է ոչ այնքան թանկ, բայց լավորակ կահույքով, պատի տակ դրված թախտը ծածկված է տանը գործած նախշուն գորգով, պատին ֆաբրիկայի թողարկած գեղարվեստական փոքրիկ գորգն է կախված՝ վրան առվից ջուր խմող երկու եղնիկ£ Այդ գորգն ամուսինն է գնել մի երեք տարի առաջ. կոլտնտեսային տեխնիկան բերքահավաքին օրինակելիորեն ու ժամանակին նախապատրաստելու համար նա դրամական պարգև էր ստացել£
Անահիտը հանեց վերարկուն, նետեց բազկաթոռի թիկնակին£ Հետո մոտեցավ սեղանին, ձեռքի սովոր շարժումով մեքենայորեն ուղղեց սեղանի մոմլաթը, լիքը ջրամանը վերցրեց, դրեց սեղանի մեջտեղը£ Նրա հայացքն ընկավ պատից կախված մուգ կարմրագույն շրջանակով խմբային նկարին£ Հունիսի վերջին էր, լուսանկարվեցին ամբողջ դասարանով£ Անահիտը դանդաղորեն մոտեցավ և, ասես նախկինում երբեք չէր տեսել, սկսեց լարված հետաքրքրությամբ դիտել նկարը£ Ահա ինքը՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարիա Ամբարձումովնայի կողքին£ Իսկ ահա վերջին շարքում, մի տեսակ բոլորից անջատ, կանգնած է Կարենը£ Նա հանգիստ, ուժեղ կամք արտահայտող դեմք ունի, օբյեկտիվին ուղղված վճռական, փոքր ինչ սառը հայացք£ Ամեն անգամ, նայելով դաժանության հասնող այդ խիստ ու լուրջ դեմքին, Անահիտը տարիների հետ չնվազող ամոթի զգացումով հիշում է մի դեպք, որից և, ըստ էության, սկսվեց այդ ամբողջ պատմությունը: Նա այնպես կուզենար հիշողությունից դեն նետել այդ դեպքը, բայց, ավաղ, դա անհնարին է, ինչպես անհնարին է մոռանալ այն ամենը, ինչ այս կամ այն կերպ կապված է Կարենի հետ. հումորով ասված նրա խոսքերը, հրապուրական ժպիտները, բարեհոգի ծիծաղը, շարժուձևը,– այս բոլորը մեկ-առ մեկ դրոշմվել է Անահիտի հիշողության ու սրտի մեջ®
Անահիտը դուրս եկավ բակ՝ ջրամանի ջուրը փոխելու£ Տան լույսը, որ դռան արանքից մի ոստույնով բարձրացել էր մեղմ հովից խշշացող թթենիների վրա, կատվի պես ցած թռավ, սողոսկեց ներս՝ մինչև Անահիտը կփակեր դուռը£ Բակում լռություն էր՝ ոչ մի ձայն, միայն ծառերն էին այգում արթուն£ Նրանք կամացուկ սվսվում, զրուցում էին, ասես, չհամարձակվելով մոտենալ իրար£ Ամենուր լռություն էր, և այդ լռության ու արտասավոր գիշերվա մեջ ձորերն ի վեր դանդաղ հոսում էր մշուշը, ներքևում, ինչ-որ մեկի տնամերձ հողամասից ծուխ էր բարձրանում, գոմաղբ էին վառել, ծուխը թանձր էր, սև, հեռվում, լուսնալույսի արծաթ շողերով ողողված սարերից ու լեռներից անդին, երևում էր Մռավա սարը՝ պատված ճերմակ ամպերով£ Թե՞ ձյուն էր£ Ձյուն էր երևի£
Հիշողությունները նորից տարան Անահիտին, այո, դրանից սկսվեց ողջ պատմությունը, այդ անհեթեթ դեպքից, որի մասին հիշելիս, հիմա էլ տարիներ անց, Անահիտը զգում է, թե ինչպես ամոթից կարմրությունը բռնում է դեմքը£ Երկար դասամիջոցին էր դա. ընկերուհիների մոտ իրեն ցույց տալու համար Անահիտը ցատկեց պատուհանի գոգին, և, նայելով Կարենին, որն ինչ-որ բան էր փնտրում քարտեզի վրա, ծիծաղկուն աչքերը կկոցելով ասաց.
–Լսիր, Կարեն, որպես կոմերիտկազմակերպության քարտուղարի, կարո՞ղ եմ մի հարց տալ քեզ£
Դպրոցում տարածված էր, որ, իբր, Կարենը մինչև ականջները սիրահարված է Անահիտին, և, լավ իմանալով Անահիտի չարաճճի բնավորությունը, աղջիկները հետաքրքրասիրությամբ շրջվեցին նրանց կողմը£
–Ի՞նչ հարց,– ասաց Կարենը՝ չհամարձակվելով ուղիղ նայել Անահիտի աչքերին£
Անահիտը գլխի վարժ շարժումով ետ նետեց մազերը և ասաց.
–Այսինքն հարց չէ® պարզապես ուզում եմ փոխանակություն կատարել քեզ հետ, եթե կարելի է, իհարկե£
Նրա գեղեցիկ դեմքը ողողված էր գարնան արևով ու ծիծաղով. ծիծաղում էին մաքուր երկնքի գույն ունեցող աչքերը, վարդի թերթիկների նրբությամբ լիքը շուրթերը, ձյունաճերմակ ատամները®
–Ի՞նչ փոխանակություն,– տարակուսանքով հարցրեց Կարենը£
–Դու քո մշկամկենու գլխարկդ տալիս ես ինձ, իսկ ես դրա փոխարեն քեզ մի անգամ համբուրում եմ® Կամ կարելի է երկու անգամ£ Համաձա՞յն ես£
Կարենը թեթևակի այլայլվեց, հետո մոտեցավ, նստարանի տակից հանեց ականջակալներով գլխարկը, որ մորեղբայրն էր ուղարկել Ղազախստանից, մեկնեց Անահիտին և հանգիստ, շեշտված սառնությամբ ասաց.
–Վերցրու£
–Ուրեմն, համաձա՞յն ես,– հաղթանակած ու խորամանկ ժպտաց Անահիտը՝ աշխուժորեն նայելով աղջիկներին£
–Ոչ, համաձայն չեմ£ Դու շատ էժան ես ծախում քո համբույրները, այդպիսի համբույրներ ինձ պետք չեն£
Գլխարկը թողնելով Անահիտի ձեռքին, նա շրջվեց, դուրս եկավ դասարանից£ Անահիտը շշկլվել, մնացել էր կանգնած, կյանքում երևի, առաջին անգամ նա կորցրեց իրեն և ոչինչ չգտավ ասելու£ Նա կանգնել էր՝ տեղի ունեցածից քար կտրած, ընկերուհիների աչքի առաջ՝ այրվելով ամոթից ու մատներով անմտորեն քրքրելով գլխարկի մազախավը, հետո հանկարծակի գլխարկը նետեց պատուհանի գոգին և նույնպես դուրս վազեց միջանցք, որը գվվում էր աշակերտների անհամար ձայներից£ Երբ հնչեց զանգը, և Անահիտը ներս մտավ, ընկերուհիները տեսան, որ լացից կարմրել, ուռել են նրա աչքերը£
Այդ օրվանից կարծես Անահիտին փոխս էին գցել£ Ասես նախկին Անահիտը չէր£ Ճիշտ է, նա հիմա էլ, ինչպես առաջ, կարող էր համոզել ամբողջ դասարանին՝ փախչել հերթական դասից, պարզապես տասը էջ անգիր անել եռանկյունաչափության դասագրքից (նա ապշեցուցիչ հիշողություն ուներ), կամ հանրահաշվի ստուգողական գրավորը լրիվ՝ առաջին տողից մինչև վերջին տողը, արտագրել կողքին նստող ընկերուհուց, և, լուսաշող կապույտ աչքերը հառելով ուսուցչին, տետրը հանձնել նրան ու անմեղ ժպիտով հայտարարել. «Ընկեր Աղասյան, դուք կարող եք հիմիկվանից «երկու» նշանակել, ես սկզբից մինչև վերջ Գրետայից եմ արտագրել»£ Եվ, այնուամենայնիվ, այդ արարքները չէ, որ այժմ բնորոշում էին Անահիտին£
Նա սկսել էր հաճախակի խորասուզվել մտքերի մեջ, երբեմն առ երբեմն նա իրեն բռնում էր այն բանում, որ խանդում է Կարենին իր ընկերուհիների նկատմամբ, երբ տեսնում էր, որ նրանք հենց այնպես մոտենում էին նրան՝ մի բան հարցնելու, զրուցելու հետը (իր և Կարենի միջև վարվեցողության այդ պարզությունը չկար այլևս), գաղտնաբար հետևում էր նրա յուրաքանչյուր քայլին, իսկ պատահական հանդիպումների ժամանակ շփոթվում, կորցնում էր իրեն և արագ փախցնում հայացքը£
Հասակակից աղջիկների նման, Անահիտը նույնպես հաճախակի նամակներ էր ստանում տղաներից և այդ նամակներում՝ երբեմն քնքուշ, երբեմն սրտառուչ, երբեմն էլ ծիծաղաշարժ, տղաները ժամադրության էին կանչում նրան£ Դրանք, պարզ է, շոյում էին նրա աղջկական սնապարծությունը, նա ուրախանում և հպարտանում էր այդ նամակներով, և, փակվելով դասարանում կամ առանձնանալով դպրոցի բակի ինչ-որ մի անկյունում, դրանք կարդում էր ընկերուհիներին, առանց տալու, իհարկե, հեղինակների անունները£ Այդպիսի նամակներ նա այժմ էլ ստանում էր, սակայն դրանք այլևս չէին ուրախացնում նրան, ավելի շուտ տարակուսանք էին առաջ բերում, իսկ հետո վերջնականապես սկսեցին ջղայնացնել, և, ստանալով հերթական սիրային նամակը, նա պարզապես վերադարձնում էր ետ՝ առանց կարդալու, կամ պարզապես պատռում էր£ Ի վերջո, Անահիտը խնդրեց իրեն ուղղված ոչ մի նամակ չվերցնել (այն նամակները սովորաբար նրան էին հանձնվում կամ համադասարանցի աղջիկների, կամ էլ ցածր դասարանների աշակերտների միջոցով)£
Ապրիլի վերջերին, արևոտ ու պայծառ մի օր, Անահիտը պայուսակը ձեռքին գնում էր դպրոց£ Երկրորդ զանգը հնչել էր արդեն, դրա համար էլ շտապում էր£ Նա արդեն հասել էր դպրոց, դարպասի մոտ էր, մեկը ետևից ասաց.
–Անահիտ Գաբրիելյանին ջերմ ողջույններ£
Անահիտը շրջվեց և տեսավ Մուշեղ Առուշանյանին՝ 10-րդ «բ» դասարանից£
–Բարև,– սառը արձագանքեց Անահիտը£
–Ես հիմա քայլում էի ձեր ետևից և ուշադիր նայում ձեր ստվերին,– ասաց Մուշեղը ժպտալով£
–Եվ հետո՞£
–Հետո ոչինչ£ Ես նայում էի ձեր ստվերին և մտածում այն մասին, որ գեղեցիկ աղջիկների ստվերն էլ գեղեցիկ է լինում£
Անահիտը ծիծաղեց£
Бесплатно
Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно
О проекте
О подписке