Читать книгу «Անցյալից» онлайн полностью📖 — Գրիգորի Բաբախանյան (Լեո) — MyBook.
image

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ. 1888 – 1896 ԹՎԱԿԱՆՆԵՐ

Ա

Առաջին տասնամյակը, որ անցել էր Սան Ստեֆանոյի, Բեռլինի հոդվածներից հետո, խմորումների, կազմակերպչական փորձերի ժամանակամիջոցն էր։ 1888-ին վերջնականապես ձեւակերպվում է Հայոց հարցի կերպարանքը։ Այդ ձեւակերպումն է, ինչպես սկզբի տարիների որոնումներն էին արդեն գծագրել, հայդուկային կռիվ եւ Եվրոպայի պաշտամունք56։ Երկու թշնամի կողմեր են՝ հայերը եւ թուրքերը։ Երկու կողմերն իրար երեսի բղավում են՝ «Կռի՞վ»։ Եվ կռիվն սկսվում է` անհավասար ու տանջալից։ Հայը նետվում է այդ կռվի մեջ ամենայն թեթեւամտությամբ` նույնիսկ չմտածելով միջոցների մասին։ Այդ տրամադրությունն է, որ այնքան լավ արտահայտվել է մի ժամանակ շատ տարածված եւ շատ ոգեւորիչ մի երգի մեջ։

 
Հերի՛ք, ելնենք ցույց տանք, թե մենք հարազատ
Հին քաջերի արյունիցն ենք եւ ազատ,
Թեեւ չունենք ո՛չ սուր, ո՛չ թուր, ո՛չ նիզակ,
Մեր բահերն էլ կանեն նրանց շանսատակ…
 

Ճիշտ որ, բահերով կռիվ էր այդ հայդուկային կռիվը։ Կռիվ մաուզերի դեմ։ Այն վերջնականորեն կազմակերպողը, կանոնադրողը եւ որոշ գաղափարախոսության մեջ ամփոփողը մի խումբ էր Եվրոպայի հայ ուսանողությունից` հավաքված Ժնեւում, ուր դեռ 1887-ին հիմք էր դրվել մի հեղափոխական թերթի, որի անունը փոխ էր առնված ռուս հռչակավոր էմիգրանտ Ալեքսանդր Հերցենի «ԽՏսՏՍՏս»57-ից եւ հայերեն թարգմանության մեջ դարձել էր «Հնչակ»։ Թերթը կանոնավորվեց 1888-ին, եւ նրա անունով սկսեց կոչվել Հայոց հարցին նվիրված առաջին կանոնավոր հեղափոխական կուսակցությունը։

Մինչեւ այդ ժամանակները` փակ ծրարների մեջ փոստը մեզ բերում էր Մարսելի «Արմենիան» եւ Լոնդոնի «Հայաստանը», որոնք այնպես, սովորական երեւույթ էին դարձել, եւ միայն ցարական ապուշ ցենզուրան կարող էր «հիմքեր սասանեցնող» համարել արտասահմանյան այդ հրատարակությունները։ Այնուհետեւ մեծ գաղտնապահությամբ, բայց ավելի ուշ մեզ էր հասցվում այս նոր թերթը` «Հնչակը»` ամենածայրահեղ կարմիրը բոլոր հայ թերթերի մեջ, որի բովանդակությունը շատ անգամ սարսափ էր պատճառում մեզ` միամիտ, նահապետական գավառացիներիս։ Կարդում էինք շտապ, ահուդողով եւ շտապում էինք ձեռքերիցս հանել` կա՛մ պատռելով, ոչնչացնելով, կա՛մ թե ուրիշ ցանկացողների տալով։ Շուշին էլ ցարական տեսակետից հասունացած վայրերի բարձր պատվին էր արդեն հասել. այնպես որ այնտեղ հաստատուն բնակություն էին դրել երկու ահագին, թիկնեղ ժանդարմներ` երկու դատարկապորտ ցարական պահնորդ շներ, որոնք ամբողջ օրն անգործ քայլում էին փողոցներում կամ կանգնում էին գինետների մոտ ու այդպես հսկում, որ «կարգը» չխախտվի։ Գործ ունենո՞ւմ էին նրանք, թե՞ ոչ, ես չգիտեմ։ Բայց որ նրանց ներկայությունը մեր անխռով, տիրապահ քաղաքում կատարում էր պատշաճավոր ներգործություն, մանավանդ մեզ` երիտասարդ «ազգասերներիս» էր լավ հայտնի։ Քաշվում էինք շատ բանի մեջ, մտներումս պահում էինք, որ այս քաղաքում երկու զույգ ժանդարմական աչքեր կան։

Մի անգամ էլ գաղտնորեն, փսփսուքով լուր տարածվեց, թե Գանձակից եկել է դրանց ռոտմիստրը, եւ այդ ժամանակ արդեն կատարյալ ահաբեկումն էր մեզ բռնում։ Քանի-քանի անգամ նստել ենք ամեն մեկս առանձին մեր տներում, եւ ինքներս մեր ձեռքով ոչնչացրել մեր խղճուկ, նույնիսկ ամենաանվնաս ձեռագիր աշխատությունները, մեր հավաքած արտասահմանյան լրագրերը։ Մի ժամանակ արգելված էր նույնիսկ Կ.Պոլսի «Արեւելք» լրագիրը, եւ ես մի քանի անգամ վառել եմ նրա կապոցները՝ սպասվող խուզարկությունների մեջ «մաքուր» դուրս գալու համար։ Խե՜ղճ մեր երիտասարդական թռիչքներ ու հուզումներ. քանի՜ անգամ էիք դուք քննադատում մեզ, որ թղթի վրա գրում ենք ձեզ, որպեսզի մի ակնթարթում, կապույտ համազգեստի ահից, ոչնչանաք բոցերի մեջ, մեր՝ ձեզ ծնողներիս ձեռքով…

«Հնչակը» չափազանց վտանգավոր էր ոչ միայն այն պատճառով, որ հեղափոխական էր, այլ որովհետեւ նաեւ սոցիալիստական էր։ Եթե «Արմենիա», «Հայաստան» կարդալով՝ մենք Թուրքիայի թշնամիներն էինք դառնում, մի բան, որ մեծ մեղք էր, «Հնչակ» կարդալիս` արդեն միայն այդ մեղքի տերը չէինք դառնում, այլեւ ավելացնում էինք դրա վրա աններելին, ամենածանրն ու ամենադաժանը՝ դառնում էինք ռուսաց ցարի անձնական, անհանդուրժելի թշնամին։ Սոցիալի՜ստ… Այս մի սարսափելի խոսք էր նույնիսկ հասարակ, անգամ անգրագետ մարդու հասկացողության մեջ։ Դրանից վախենում էին` ինչպես ժանտախտից։ Եվ ոչ միայն դրանից, այլեւ ամեն բանից, որ դրա նմանությունն էր հնչեցնում։ Չեմ կարող մոռանալ հետեւյալ դեպքը։ Ես Շուշիի թեմական դպրոցի հոգաբարձու էի։ Մի օր հոգաբարձուական ժողովի մեջ կարդացվեց Գեւորգ Ղարաջյանի նամակը, որով նա իր ծառայությունն էր առաջարկում իբրեւ ուսուցիչ։ Նամակի մեջ հիշված էր եւ Ղարաջյանի ուսումնական ցենզը՝ licencie des sciens sociales58. Կարապետ եպիսկոպոսը` հոգաբարձության նախագահը, բացականչեց. «Սոցիա՜լ… Մերժել, որդի՛ք»։

Նրան բացատրում են՝ թե իրեն սարսափեցնող բառերը պարզապես նշանակում են, թե Ղարաջյանը սովորել է հասարակական գիտություններ։ Զուր աշխատանք։ Եպիսկոպոսը հայտարարեց, թե ինչ որ էլ նշանակեն այդ խոսքերը, այնուամենայնիվ, «սոցիալ» բառը չի կարելի թույլ տալ, դպրոցը կվնասվի դրանից։ Երկար ժամանակ նա համոզում էր` բերելով առարկություններ եւ դատողություններ։ Հոգաբարձությունը Ղարաջյանին ընդունեց ուսուցիչ, բայց «սոցիալ» – ից անչափ վախեցած եպիսկոպոսն էլ իրենն արավ, թշնամություն սկսեց ուսուցչական խմբի դեմ` գլխավոր պատճառներից մեկն էլ այդ «սոցիալը» դարձնելով։

Ասված է, որ արգելված պտուղը քաղցր է լինում։ Ամիսը թե երկու ամիսը մի անգամ երեւացող «Հնչակը» մի խոշոր գրական երեւույթ էր մեր հետամնաց իրականության մեջ։ Այն առաջին օրգանն էր, որ իր համար կռվան էր ընտրել նորագույն քաղաքատնտեսական վարդապետությունը` մարքսիզմը, գիտական սոցիալիզմը։ Այս մասին պարզ ու մեկին Հնչակյան կուսակցությունը խոսում էր իր ծրագրի մեջ։ Այդ ծրագրի առաջին իսկ հոդվածն ասում էր.

«Մարդկության ահագին մեծամասնությունը կազմող աշխատավոր, արդյունաբերող դասակարգի կատարյալ ազատումն (emancipation) ամեն շահագործությունից ու սեփականազուրկ ստրկական դրությունից, որոնց նա ենթակա է կապիտալիստ, սեփականատեր ու իշխող փոքրաթիվ դասակարգի կողմից, կլինի միմիայն այն ժամանակ, երբ արդյունաբերողները կլինեն տեր արդյունաբերության բոլոր ուժերի ու միջոցների, որպիսիք են հողը, գործարանը, հանքերը, հաղորդակցության ու նյութական հարաբերության ամեն միջոցները եւ այլն»։

Եվ ապա` «Ազատումն արդյունաբերող դասակարգի` նշանակում է ազատումն ամեն մարդու, երկու սեռին էլ պատկանող, նշանակում է հասարակական-տնտեսական կատարյալ ազատություն ամբողջ մարդկության։

Ներկա քաղաքակիրթ մարդկության հասարակական, կապիտալական կոչված, կազմակերպության պայմաններն իրենց զարգացման ընթացքում իրենց արգանդից, իրենց ձեւերի միջից բնական կերպով ծնունդ են տվել ու առաջացրել սեփականատիրության մի նոր ձեւի ամեն մտավոր ու նյութական տարրեր։ Այդ նոր ձեւն է՝ արդյունաբերության բոլոր միջոցների ու արդյունքի սեփականության հավաքական (collectif)` համայնական ձեւը, որով նրանք կլինեն ընդհանուր սեփականություն արդյունաբերող հասարակության։

Իր այդ պատմական պարտքն ու գործն ի կատար ածելու համար ամեն քաղաքակիրթ երկրներում արդյունաբերող դասակարգը պետք է կազմակերպվի իբրեւ քաղաքական ինքնաճանաչ ու ինքնուրույն կուսակցություն եւ, իր տրամադրության տակ գտնված ամեն հասարակական ու քաղաքական միջոցները գործ դնելով եւ բոլոր երկրներից իրար հետ միանալով, ձգտի կատարել կոմունիստական, սոցիալական հեղափոխությունը։ Այդ հեղափոխությամբ արդյունաբերող դասակարգն իր ձեռը կգցե քաղաքական ղեկը` խլելով այն ներկայումս իշխող դասակարգից, վերջ կդնե տարբեր դասակարգերի գոյության ու նրանց մեջ եղած դասակարգային կռվին եւ կհաստատե սոցիալիստական հասարակական կազմակերպություն։

Այդ հասարակական կազմակերպությունն իրական կարողություն կտա, ուղղակի ժողովրդային օրենսդրության ձեւի տակ, ամբողջ հասարակությանը եւ յուրաքանչյուր անհատին միջամտելու, քննելու ու վճռելու բոլոր հասարակական գործերն ու դրանց կարգադրությունները. այդ կազմակերպությունը լիառատ ու անբռնաբարելի կերպով կնպաստե յուրաքանչյուր անհատի եւ ամբողջ հասարակությանը, բոլոր՝ անհատական, տնտեսական ու հասարակական ուժերի` ընդունակությունների ու կարողությունների լիակոչ մասի ու կատարյալ զարգացման եւ ներդաշնակ ու որոշ կերպով կկանոնավորե հասարակական ու տնտեսական բոլոր հարաբերությունները։

Դա՛ է արդյունաբերող դասակարգի պատմական ձգտումն ու նպատակը կապիտալական արդյունաբերության տիրապետություն ունեցող ամեն երկրում. դա՛ է այդ երկրների նաեւ սոցիալիստ-ռամկավարականների ձգտումների նպատակակետը»59։

Կարդալով այս տողերը, կարելի է կարծել, թե հայ սոցիալիստ-ռամկավար (սոցիալ-դեմոկրատ) հնչակյանները գալիս էին նոր սկզբունք հայտարարելու հասարակական հարցի լուծման համար։ Այս արդեն արմենականների ողորմելի տիրացուական-ազգամոլական աշխարհայացքը չէր, որ չէր կարող բազմություններ ոգեւորել ու կապել իրար հետ. այս համամարդկային այն վարդապետությունն էր, որ գալիս էր դառնալու բոլոր ճնշվածների, բոլոր հարստահարվածների կրոնը։ Եվ ուրեմն, հայ աշխատավոր ժողովրդի, հայ գյուղացիության ազատագրումը հայ առաջին սոցիալ-դեմոկրատները պիտի տանեին այն ճանապարհով, որ գծել էր գիտական սոցիալիզմը, այսինքն՝ դասակարգային ուղղությամբ, միջազգայնության (ինտերնացիոնալիզմի) նշանի տակ, որ միացնում է բոլոր ազգերի հարստահարված զանգվածներին` միասին մղելու ազատարար պայքարը բռնակալների եւ շահագործողների դեմ։

Չափազանց հետաքրքրական տեսարան պիտի բաց անեին հնչակյաններն իրենց այդ գործառնությամբ։ Նրանք պիտի կազմակերպեին կեղեքվող դասակարգերը, պիտի հեղափոխականացնեին նրանց` իրենց տնտեսական շահերի գիտակցությամբ եւ ամբողջացնեին Ասիայի բազմատանջ հողի վրա շահագործվող աշխատանքի միջազգային համերաշխությունը, որ պիտի իրար մոտեցներ հայ ու քուրդ գյուղացիներին եւ սովորեցներ նրանց ոչ թե իրար ծառայել, այլ միացած` կռվել թուրք կալվածատիրոջ եւ հայ վաշխառուի դեմ։ Սա կլիներ մի շատ խոշոր, համաշխարհային նշանակություն ունեցող առաքելություն, հարյուրապատիկ դժվարին, քան հայդուկային գործունեությունը, բայց հազարապատիկ ավելի բարերար ու մեծագործ։

Կարո՞ղ էր Հնչակյան կուսակցությունն իր ուսերի վրա բարձել մի այսչափ մեծ պարտականություն՝ թեկուզ այն շատ դանդաղորեն, փոքրիկ մասնիկներով կատարելու պայմանով։ Իր ծրագրի երկրորդ հոդվածով ասում էր՝ ո՛չ, չի կարող։ Այս հոդվածը հանդիսավորապես հայտարարում էր, թե սոցիալիստական գործունեությունը, կոմունիստական հեղափոխությունը նրա համար հեռավոր նպատակներ են։ Իսկ մերձավոր նպատակը, որին նա ձեռնարկում էր իսկույն, ազգայնական շարժումն էր, հայդուկային հեղափոխությունը։ Հայտնի է, որ Կարլ Մարքսն ատելով ատում էր այդ տեսակ գործառնությունը` դավադրական, տեռորիստական իր ամբողջ բովանդակությամբ։ Բայց հայ իրականության մեջ հայտարարվում էր, որ ինտերնացիոնալիզմը եւ ազգայնամոլությունը իրար չեն խանգարում։ Ահա ինչպես էր պատճառաբանվում այդ օրինականացող կարելիությունը։

«Հայ ժողովուրդը, – ասում էր երկրորդ հոդվածը, – ներկայումս գտնվում է միապետական-քաղաքական կարգերի տակ, որոնց կառավարական, հարկային ու ֆինանսական սիստեմներն ավերիչ են նրա համար. նա գտնվում է նաեւ այնպիսի տնտեսական մի շրջանում, երբ մի կողմից սկսել են ծագել արդյունաբերության կապիտալական կարգեր եւ մյուս կողմից` շարունակ ընկնում ու քայքայվում են տնտեսական նահապետական կերպերը։ Այդ բոլոր պայմանների շնորհիվ է, որ հայ սոցիալիստ-ռամկավարականի համար սոցիալիստական հասարակական կազմակերպության իրագործումը հայության մեջ՝ հայտնվում է հեռավոր նպատակ, եւ նրա գործունեության ու ձգտումների առաջ ներկայանում է մեկ ուրիշ անմիջական պահանջ, իբրեւ մոտակա նպատակ։ Ահա հենց այդ մոտակա նպատակն է, որ գործնականապես դրված է հայ սոցիալիստ-ռամկավարականի, հայ հեղափոխականի առջեւ, Հնչակյան կուսակցության առջեւ։

Այդ մոտակա նպատակը կայանում է հետեւյալում։ Հեղափոխել ու ոչնչացնել միապետական կարգերը, փրկել հայ ժողովրդին իր ընդհանուր ստրկական դրությունից, տալ նրան քաղաքական կարելիություն` միջամտելու քաղաքական գործերում, վերացնել այն խոչընդոտները, որոնք արգելք են լինում նրա տնտեսական զարգացման, առհասարակ նրա կուլտուրական առաջադիմության, ստեղծել քաղաքական պայմաններ, որոնք աշխատավոր դասակարգին միջոց տան ազատ կերպով արտահայտելու իր ձգտումներն ու պահանջները` ավելի ու ավելի բարելավելու աշխատանքի ծանր պայմանները, դասակարգային գիտակցություն ձեռք բերելու ու կազմակերպվելու իբրեւ ինքնուրույն քաղաքական մարմին եւ դյուրացնելու նրա այն բոլոր հասարակական ջանքերը, որոնք պետք է, ամեն տրամադրելի հասարակական պայմանների միջոցով, նպաստեն նրա առաջխաղացությանը դեպի հեռավոր նպատակը»։

Վերածելով այս բոլորը սովորական, հասկանալի լեզվի, դուրս է գալիս, որ հնչակյան մարքսիստները ծրագրում էին Հայաստանը կռվով ազատել սուլթաններից ու ցարերից, դարձնել այն բուրժուական հանրապետություն, ապա մի մեծ եւ գուցե ավելի ահավոր պատերազմով ազատել բուրժուազիայի ձեռքից եւ նետել կոմունիստական հեղափոխության գիրկը։ Անհեթեթությունը չափազանց ակներեւ է։

«Այդ բոլոր նկատումների հիման վրա, – շարունակում էր ծրագիրը, – Հնչակյան կուսակցության մոտակա նպատակն է` կռիվ մղել միապետական կարգերը տապալելու համար եւ նրանց փոխարինելու հանրային ռամկավարական սահմանադրական կարգերով»։

Այդ կարգերը մեջ բերելուց հետո, ծրագիրը բաց էր անում իր երրորդ հոդվածը։

«Նկատելով, որ հայության ամենաստվար մեծամասնությունը կազմում են թուրքահայերը, եւ նրանց բնակավայրը մեր հայրենի հողի ամենամեծ տարածությունն է,

Նկատելով, որ հայության այդ մեծամասնության Դատը Բեռլինի դաշնագրության 61-րդ հոդվածի զորությամբ, որպես եւ այլ միջազգային պայմանագրերի զորությամբ, արդեն մտած է միջազգային իրավունքի դրական շրջանը եւ ճանաչված եվրոպական մեծ պետությունների կողմից,

Նկատելով մյուս կողմից, որ թուրք տերության միապետական կարգերը քաղաքական, հասարակական ու տնտեսական անտանելի ճնշման են ենթարկում հայ ժողովրդին,

Նկատելով, որ ամեն տեսակետից այդ դրությունն անպայման կերպով անհնարին է դարձնում հայ ժողովրդի հասարակական-տնտեսական ու քաղաքական որեւէ առաջադիմություն, որպես նաեւ մշտական սպառնալիք ու զենք է նրա մարդկային գոյության դեմ,

Նկատելով նաեւ թուրք կայսրության քաղաքական, տնտեսական, ֆինանսական ու նյութական ամենաանկարգ, անցյալ ու սնանկացած դրությունը եւ դրա ու ներքին խռովությունների ու ցնցումների պատճառով այլ հավաստի ու անխուսափելի դարձած թուրք պետության կործանումը, որին մյուս կողմից էլ նպաստում են եվրոպական տերությունների հաճախ հարվածները, ինչպես նաեւ եվրոպական Թուրքիայում եւ այդ կայսրության այլ մասերի սիստեմաբար պատառ-պատառ լինելն, ընկնելով ուրիշների ձեռքը,

Այդ բոլոր նկատումների հիման վրա պատմական առաջնակարգ անհրաժեշտություն է՝

1. Որ հայ հեղափոխական գործունեությունն այսօր բացառապես նվիրվի թուրքահայ ժողովրդի դատի պաշտպանության ու լուծման` համաձայն մոտակա նպատակի,

2. Որ, ուրեմն, հեղափոխական գործունեության ասպարեզն է Թուրքաց Հայաստանը,

3. Որ հայ ժողովրդի ու Հայաստանի ճակատագիրը միանգամից եւ ընդմիշտ պետք է զատվի թուրքական կայսրության ճակատագրից, ըստ որում, պատմական պահանջ ու անհրաժեշտություն է ներկայանում հայ ազգային անկախությունը60, որն էլ այդպիսով կազմում է մոտակա նպատակի մի հիմնական մասն ու առաջին պայմանը»։

Այսպես ուրեմն, մինչ Հայոց հարցը թե՛ հայ ժողովրդի ստվար մեծամասնության եւ թե՛ մանավանդ Եվրոպայի պետական անձանց ըմբռնողությամբ լոկ ռեֆորմների, լոկ կյանքի, ստացվածքի եւ պատվի ապահովության հարց էր` իրագործելի տեղային համեստ ինքնավարության միջոցով, նորակազմ սոցիալիստական կուսակցությունն առաջին պահանջ էր դարձնում Հայաստանի անկախությունը, մի հանգամանք, որ իհարկե կատաղեցնում էր սուլթան Համիդին` նրա ձեռքը միջոց տալով արդարանալու Եվրոպայի առաջ, թե հայերը Բեռլինի Դաշնագրի 61-րդ հոդվածը չեն ուզում, այլ ավելին։

Իսկ այդ անկախությունն իրագործելու համար հնչակյաններն ընտրում էին այս միջոցները.

«Մոտակա նպատակին հասնելու միակ միջոցն է հեղափոխությունը, այսինքն՝ պետք է բռնի կերպով կերպարանափոխել, հեղաշրջել ներկա հասարակական կազմակերպությունը Թուրքաց Հայաստանում` կռիվ մղելով թուրք տերության դեմ՝ ժողովրդական ընդհանուր ապստամբության միջոցով։

Այդ գործունեության միջոցներն են՝

1. Պրոպագանդա եւ ագիտացիա մամուլի, գրքերի ու խոսքի միջոցով ազգի մեջ, ամեն շրջաններում եւ` գլխավորապես ու առաջնապես ժողովրդային աշխատավոր դասերի մեջ` տարածելով հնչակյան հեղափոխական գաղափարները եւ կազմակերպելով նրանց մեջ հեղափոխական կազմակերպություններ ու ապստամբական գնդեր։

2. Տեռորական գործողություն իբրեւ պատիժ թուրք բռնավորներին, որպես եւ լրտեսներին, մատնիչներին, դավաճաններին։ Տեռորը պետք է լինի հեղափոխական կազմակերպության ինքնապաշտպանության միջոց եւ հասարակությունը բռնավորների ու վատերի գործերից պաշտպանելու համար մի զենք։

3. Ասպատակային գնդերի կազմություն` իբրեւ մշտական պատրաստի մարտական ուժ կառավարական զորքերի կամ այլ վայրենի ցեղերի հարձակումներին դիմադրելու, ժողովրդին պաշտպանելու համար։ Ընդհանուր ապստամբության միջոցին այդ գնդերը կարող են կատարել առաջավոր գնդերի դեր։

4. Կազմակերպությունն ընդհանուր կուսակցության՝ պետք է բաղկացած լինի բազմաթիվ կազմակերպված խմբերից, որոնք ամենքը սերտ կերպով կապված են միմյանց հետ, իբրեւ մեկ եւ ամբողջ մարմին, մի կանոնավոր ամբողջություն, մեկ եւ ընդհանուր համատիպ ուղղությամբ ու տակտով գործող` ենթարկված ընդհանուր կազմակերպությունը ղեկավարող մի կենտրոնական մարմնի։

5. Ապստամբական զորագնդերի կազմակերպություն։

6. Ընդհանուր ապստամբության ժամանակը։ Որեւէ պատերազմ, մղված այս կամ այն տերության կողմից Թուրքիայի դեմ, պետք է համարել հարմար րոպե մոտակա նպատակի իրագործման համար»։

Ի վերջո, կուսակցությունն այսպես էր որոշում իր վերաբերմունքը դեպի ուրիշ ազգերը.

«Վաստակել հայ ժողովրդին վիճակակից Հայաստանի այլ բնակիչների, որպիսիք են ասորիները, քրդերը, համակրությունը դեպի հեղափոխական գործը եւ նրանց աջակցությունն այդ գործում, որը միաժամանակ հայտնվում է նաեւ նրանց, իբրեւ նույն բռնակալության տակ ճնշված ժողովրդի ազատության գործը։

Համերաշխ գործակցություն հաստատել թուրքական լծի տակ հեծող այլ քրիստոնյա ազգերի հեղափոխական մարմինների հետ, որոնց հետ ջանալ, եթե հանգամանքները ներեն, համատեղ ապստամբել ընդհանուր թշնամու` թուրք կառավարության դեմ։

Հնչակյան կուսակցության ամենաջերմ իղձն է ընդհանուր անկախ դաշնակցություն, նման Շվեյցարիայի դրության, բոլոր փոքրիկ ազգերի Արեւելքում, երբ դրանցից մնացածներն էլ ազատված կլինեն թուրքական լծից»։

1
...
...
17