Читать книгу «Անցյալից» онлайн полностью📖 — Գրիգորի Բաբախանյան (Լեո) — MyBook.
image

Զ

Նա ետ էր մնում, եւ ուրիշներն էին դուրս գալիս ստեղծված տրամադրությունն իրենց ձեռքն առնելու եւ ղեկավարելու համար։ Այդպիսիներից մեկն էր արեւմտահայ46մանկավարժ ու գրող Մկրտիչ Փորթուգալյանը47, որ «Մշակին» աշխատակցում էր Վանից։ Այստեղ Փորթուգալյանը եռուն կազմակերպչական գործունեություն ունեցավ եւ, հալածանքի ենթարկվելով թուրք կառավարության կողմից, անցավ Եվրոպա, ուր 1885թ. երկրորդ կեսից սկսեց հրատարակել «Արմենիա» անունով փոքրածավալ թերթը, շաբաթական երկու անգամ։ Փորթուգալյանն ինձ էլ դիմեց, որ աշխատակցեմ, եւ իմ անունն էլ տպում էր թերթի մեջ` իբրեւ Շուշիի գործակալ։ Այս անվանումը ինձ պատճառեց մի անախորժություն, որ բնորոշ է հայ հայդուկային հեղափոխության պատմության համար։

Մի օր ինձ ներկայացան երկու մարդ եւ մեծ գաղտնապահությամբ հաղորդեցին, թե եկել են Մկրտիչ Փորթուգալյանի մոտից, Հայաստանի ազատության համար են գործում` Խրիմյան Հայրիկի ղեկավարությամբ։ Ցույց տվին եւ Խրիմյանի մի ինքնագիր կոնդակը, որով հանձնարարվում էր ամեն կերպ աջակցել այդ երկու պարոններին։ Եվ ահա իմ այցելուները բավական աներես կերպով, ձեռքներին բռնած «Արմենիայի» այն համարները, որոնց մեջ տպված էր իմ` իբրեւ գործակալի, անունն ու ազգանունը, պահանջեցին հանուն ազգային գործի փող հավաքել իրենց համար, որպեսզի կարողանան Պարսկաստանի վրայով տանել Վան, հասցնել Խրիմյանին։ Առաջին անգամն էր, որ ես մտցվում էի «ազգային հանգանակության» գործի մեջ։ Խոստացա «մի բան անել», ինչպես սովորական է ասել այդպիսի դեպքերում, բայց հաջողություն չունեցա։ Միայն իմ մոտիկ ընկերներից մի երկուսին կարողացա համոզել, որ մի քանի ռուբլի տան։ Իսկ երկու անծանոթները գրեթե ամեն օր գալիս էին ինձ մոտ իմանալու հավաքված գումարի չափը եւ դժգոհություն էին հայտնում ինձ, որ լավ չեմ աշխատում «ազգային գործի» համար։

Ձանձրացած այդ կոպիտ մարդկանց հանդիմանություններից` ես վճռեցի ինձանից տալ պակասը։ «Ազգային գործիչները» հետզհետե պակասեցրին իրենց պահանջած գումարը, բայց եւ այնպես պակասն այնքան մեծ էր իմ միջոցների դիմաց, որ ես մնացի կատարելապես անկարող դրության մեջ։ Ես հեռագրական պաշտոնյա էի եւ ստանում էի ռոճիկ ամսական 20 ռուբլի 54 կոպեկ, իսկ շլինքիս ընկած էր հորս որբերին ապրեցնելու լուծը։ Ի՞նչ անեմ։ Ճարահատյալ սկսեցի սակարկություն անել Հայաստանի անունով ինձ վրա բեռնացածների հետ։ Համաձայնվեցինք վերջապես 20 ռուբլու վրա, եւ ես, ինչպես ասվում է, իմ մսից կտրելով՝ տվի ինձ համար բոլորովին անհնարին մի գումար՝ 10 ռուբլի, եւ օձիքս ազատեցի։ Նրանք հավատացրին ինձ, թե մյուս օրը ճանապարհվում են Թավրիզ։ Բայց ի՞նչ ճանապարհ, ի՞նչ Թավրիզ։ Մյուս օրվանից նրանք տեղափոխվեցին մի գինետուն, որ իմ ճանապարհի վրա էր գտնվում, եւ սկսեցին կամաց-կամաց անուշ անել իմ ազգասիրական տուրքը։ Իմ անցնելուս նրանք ինձ էին նայում, եւ նրանց երեսի վրա չէր շարժվում եւ ոչ մի մկան, կարծես բոլորովին անծանոթ էին ինձ։

Հասկացա, որ զոհ եմ դարձել խաչագողության։ Այնքան զզված էի, որ ավելորդ համարեցի որեւէ մեկին պատմել իմ խաբվելը։ Միայն հաստատ խոսք տվի ինձ` երբեք հանգանակություն չձեռնարկել, մանավանդ որ խնդրանքով համոզելու էլ ընդունակություն չունեի։ Մի քանի շաբաթից հետո խաչագողերից մեկն անհայտացավ, իսկ մյուսը մնաց ապրելու Շուշիում։ Ինձ համար հարց էր դառնում` ի՞նչ անեմ, որ «Արմենիայի» մեջ տպվող իմ հասցեն նոր խաբեբաներ չբերի իմ տուն։ Բայց այստեղ ինձ օգնեց ցարական գրաքննությունը։ Շատ չքաշեց` «Արմենիայի» մուտքը Ռուսաստան արգելվեց։ Գործակալների ցանկը, բնականաբար, վերացավ, եւ այնուհետեւ թերթը ստացվում էր փակ ծրարների մեջ, նամակի ձեւով։

Ի՞նչ էր արել Փորթուգալյանը, որ այդպիսի պատժի էր ենթարկվում։

Ռուսաստանի դեմ` ոչինչ։ Նա միայն պաշտպանում էր Հայոց հարցը, եւ լոկ այս պատճառով նա նույնչափ անհանդուրժելի էր ռուս ցենզորին, որքան անհանդուրժելի եղել էր թուրք ցենզորին։ Փորթուգալյանը չափավոր ազատական էր, նացիոնալիստ։ Իր թերթի պահպանության համար նա հիմնեց Հայոց հայրենասիրական միությունը, որ նպատակ էր ընտրել Հայաստանի ազատությանը ծառայելը։ Ազատությունն իրագործելու համար կիրառելի էին ընդունվում բոլոր միջոցները` ե՛ւ խաղաղ քարոզչություն, ե՛ւ դիմումներ, ե՛ւ դիվանագիտական ճանապարհ, ե՛ւ զինված ապստամբություն։ Այս մի կազմակերպված շարժում էր, որ ուներ իր սեփական ծրագիրը, որով տարբերվում էր Էրզրումի «Պաշտպան Հայրենյաց» հեղափոխական ընկերությունից եւ հայտնի դարձավ ավելի «Արմենական կուսակցություն» անվանումով։

Իր ծրագրային դավանանքները Հայոց հայրենասիրական միությունը ամփոփել է «Վարդապետարան Հայաստանի Ազատության» անունով մի փոքրիկ տետրակի մեջ, ուր շատ լավ ցոլանում է այն ժամանակվա գործիչների ամբողջ քաղաքական միամտությունը` հենված զանազան տարրերի վրա` թե՛ ազգայնամոլ տիրացուության, թե՛ անգրագետ հետադիմության եւ թե՛ առաջադեմ ըմբռնումների։ Ես ինձ թույլ կտամ մի քանի նմուշներով ծանոթացնել իմ ընթերցողներին այդ քաղաքական փաստաթղթի հետ։

Հարց – Ո՞վ պիտի ազատե Հայաստանը օտարներու ձեռքեն։

Պատասխան – Ինքը՝ հայ ազգը, պիտի ազատե Հայաստանը օտարներու ձեռքեն։

Հ. – Ի՞նչ հնարներով։

Պ. – Հնարները զանազան են, նայելով հանգամանքին` երբեմն սեփական զենքով, երբեմն փողով եւ երբեմն օտարի օգնությամբ։

Հ. – Ո՞վ է իսկական հայը։

Պ. – Իսկական հայը նա է, որ անկեղծ կըղձա եւ կնպաստե Հայաստանի անկախության. մնացյալները ոչ միայն անպիտուն48 հայեր, այլեւ անպիտան հայեր են։

Հ. – Առանց վտանգի ի՞նչ ազգասիրական գործեր կարող է կատարել ամեն մի հայ մարդ։

Պ. – Յուր անձը վտանգի չենթարկելով` ամեն մի հայ մարդ կարող է եւ պարտավոր է այս գործերը կատարել.

1) Հայերեն լեզուն պահպանել իր ընտանիքի մեջ եւ իր ազգակիցների հետ խոսակցության մեջ։

2) Հայ ոգով դաստիարակել զավակացը։

3) Սովորեցնել նոցա զենքի գործածությունը։

4) Չամուսնանալ օտարի հետ։

5) Կարելի եղածին չափ աշխատել Հայաստանի մեջ ունենալու մեծ կամ փոքր հողային կալվածք։

6) Հայոց հայրենասիրական միության որեւէ մի օգնություն հասցնել ուղղակի կամ անուղղակի, ինչ միջոցով որ այդ հարմար կլինի իր գտնված դրության մեջ։

Հ. – Որո՞նք են հայկական առաքինությունները։

Պ. – 1) Ամենագլխավոր հայկական առաքինությունն է իր ստացվածքն ու արյունը նվիրել Հայաստանի ազատության սուրբ գործին։

2) Իր բոլոր ուժը թափել` հորդորելով իր ծանոթ հայերին, որ երթան դեպի Հայաստան։

3) Համոզել եւ օգնել հայերին` իրենց սեփական անշարժ կալվածքը եւ հողը ունենալու Հայաստանի մեջ։

4) Օգնել այն հայերին, որոնք հայ ազգի օգտի համար կաշխատեն Հայաստանի մեջ։

Հ. – Առավոտ ու գիշեր ի՞նչ աղոթք պիտի անե հայը։

Պ. – Հայը քնեն զարթնելիս կամ քուն մտնելիս՝ միայն այս աղոթքը պիտի կարդա՝ «Ով բարեգութ Աստված, օգնիր ինձ Հայաստանը ազատելու»։ Դրանից ավելի ոչ մի աղոթք հարկավոր չէ հային։

Հ. – Հայ պատանիների համալսարան մտնելը կնպաստե՞ հայկական նպատակներին։

Պ. – Այժմ հայ պատանիների համալսարան մտնելը, վերաբերմամբ հայոց նպատակներին, այն նշանակությունն ունի, ինչ նշանակություն որ կունենար ավազակի հենց վրադ հարձակված րոպեին կամենայիր սուրի եւ զենքի գործարաններ շինելու։ Այս մասին հայերը առ սակավ հարյուր տարի ուշացել են։ Մյուս կողմե` 40-50-ամյա փորձը ցույց տվավ, որ համալսարանների տված արդյունքը հայ պատանիներին դոքա էին` 1. Դյուրին միջոց` ապահով ապրուստ ճարելու եւ ասպարեզ շինելու եւ 2. անզգալի կերպով սառչելու իր ազգեն եւ հոգով օտարանալու նորա շահերեն։ Իսկ եթե կան մի քանի իսկապես արժանավոր հայ համալսարանականներ, պետք է կարծել, որ նոքա առանց համալսարան մտնելու եւս ազգի պիտանի անդամները կլինեին, ինչպես որ կան ազգի մեջ շատ նշանավոր մարդիկ, որոնք երբեք համալսարան եղած չեն։ Պետք է նկատի ունենալ եւ այն հանգամանքը, որ այժմյան համալսարանները եւ նույնիսկ գիտությունը դարձել են բռնակալների ձեռքումն ազգեր ստրկացնելու հզոր գործիք։

Հ. – Ո՞րն է հայերի նշանաբանը։

Պ. – Հայերի նշանաբանը այս երեք բառն է՝ ազատություն կամ մահ։49

Հ. – Հայաստանը կարժե՞ այդքան մեծամեծ զոհերի։

Պ. – Այո՛, Հայաստանը կարժե ամենամեծ զոհերի, վասնզի նրա մեջ կեցողի կյանքի տեւողությունը միջին թվով 75 տարի է։ Հայաստանի հողը մշակողին տալիս է մեկ ցանած սերմնահատիկի փոխարեն 45-50 սերմնահատ։ Հայաստանի մեջ վազած աղբյուրների կեսը հանքային բժշկարար ջրեր ունեն։ Հայաստանի դիրքը միջնաշխարհային է, այսինքն՝ Ասիայի եւ Եվրոպայի սահմանագլուխներումն։ Հայաստանի ժողովուրդը, եթե չլինի ազգերի մեջ ամենահզորը, գեթ նա կլինի ամենահարուստը եւ ամենաբախտավորը։ Հայաստանը հարուստ է ե՛ւ կենդանիներով, ե՛ւ բույսերով, ե՛ւ հանքերով։

Հ. – Ո՞վ պիտի բարձրացնե ազատության դրոշակը եւ սուրը։

Պ. – Դրոշակը պիտի բարձրացնե հայ վարդապետը. իսկ սուրը՝ բոլոր հայ պատանեկությունը, երիտասարդությունը եւ տղամարդիկ, 16 տարեկանից բռնած մինչեւ 45 տարեկանը։

Հ. – Ի՞նչ է նշանակում հաղթել եւ ի՞նչ` հաղթվել։

Պ. – Հաղթել նշանակում է թշնամիի առջեւ անվախ գնալ եւ մեռնելուց չսարսափել. հաղթվել նշանակում է պատերազմի դաշտումը սրտի մեջ երկյուղ տածել։ Անվախը (քաջը) վախկոտին միշտ կհաղթե։

Հ. – Ո՞ւր կերթան հոգիները այն մարդկանց, որոնք կմեռնին ճակատի մեջ։

Պ. – Ավետարանի խոսքերի հիմանց վրա՝ ճակատի (ազգային պատերազմի) մեջ մեռնողի հոգին, ի շարս սրբոց, անշուշտ կերթա Երկնից Արքայություն, վասնզի այդպիսին կյանքեն զրկվել է ի սեր եւ ի պաշտապանություն իր նեղյալ մերձավորներին. նրա անունը կլինի նահատակ, եւ նրա հիշատակը Ս. եկեղեցին կտոնե մինչեւ աշխարհի կատարածը։

Հ. – Հրացանի ամե՞ն գնդակը դիպչում է, եւ ամե՞ն խոցվածը մեռնում է։

Պ. – Վիճակագրական ամենաճիշտ հաշիվներեն երեւում է, որ հրացանի տասը հասած գնդակեն մինն է դիպչում մարդուս, եւ 38 խոցվածներեն մինն է միայն մեռնում։

Հ. – Պատերազմի դաշտում խոցված հոգեւարը չի՞ տանջվում։

Պ. – Ամենափորձված բժիշկները հաստատում են, որ կակուղ անկողնի մեջ մեռնելը հազարապատիկ ավելի դժվար է, քան թե պատերազմի դաշտում. իսկ զենքի պատճառած մահը ամենաթեթեւն է մահերի մեջ։

Հ. – Հնար կա՞ պատերազմի դաշտում մահից ազատվելու։

Պ. – Այո՛, կա եւ մի հատիկ հնարն է այս։ Եթե չես ուզում, որ թշնամին քեզ սպանե, դու ինքդ շտապե նրան սպանելու։ Ուր վտանգը շատ մեծ է եւ անխուսափելի, համարձակ վազե նրա առաջն եւ վստահ եղիր, որ վտանգը ինքը կփախչի քեզանից։ Այս փորձած երեւույթ է։ Թշնամիի առջեւ փախչելը երկու վատ հետեւանք ունի. մեկ որ՝ փախչողը անպատճառ կսպանվի, եւ երկրորդ՝ նա ակներեւ կորստի կմատնի իր հավատարիմ զինակից ընկերներին։

Հ. – Հայերը ե՞րբ ոտքի բարձրանան։

Պ. – Երբ որ մեծամեծ ազգերի մեջ սկսվի կենաց եւ մահվան պատերազմը։

Այս մանրամասնություններից միանգամայն պարզվում է արմենական ուղղության ազատագրական գաղափարախոսությունը։ Նրա հիմքն ու կենտրոնը ազգայնամոլությունն էր իր բոլոր հետադիմական զարդ ու պաճուճանքներով։ Բայց եւ այնպես, նա հայդուկային չէր, ազատարար կռիվը մշտական չէր հայտարարում, այլ ամենքի համար քաղցր ու հաճելի եղանակով պարտք էր դնում ամենքի վրա, որ երբ պատերազմ կբացվի մեծ պետությունների մեջ, ամենքը լավ զինված, մարզված ոտքի ելնեն եւ ազատեն Հայաստանը։ Թե ինչպես էր լռիկ-մնջիկ ամբողջ հայ ժողովուրդը փոխարկվում մի ռազմական բանակի. այս չգիտեին եւ իրենք` Մարսելի հայրենասեր սպարապետները։ Նրանք միայն ամեն ջանք թափում էին, որ չվախեցնեն հայ երեւակայական բանակը։ Ուստի խոստանում են նրան ե՛ւ երկնքի արքայություն՝ սրբերի հետ, համարյա թե Մուհամեդի դրախտ, ե՛ւ մեկին 45-50 բերող հունձ Հայաստանի արտերում, ե՛ւ մեղր ու կարագ բխեցնող աղբյուրներ։ Ամենաբնորոշն այն է, որ միությունը հավատացնում էր, թե պատերազմի դաշտում ամենքը չեն մեռնում, իսկ մեռնողներն էլ հազարապատիկ պակաս տանջանքներ են զգում, քան իրենց տանը, փափուկ անկողինների մեջ մեռնողները։ Մի կատարյալ բուրժուական դրախտ [էր] այս ազատագրությունը… Տեսնում ես մի հեղհեղուկ, թշվառ մտայնություն, որ դժվարությունների անսովոր միջավայրում է զարգացել եւ կաշառքներ տալով է մարդ ուղարկում պատերազմի դաշտ։

Եվ այս գաղափարախոսությունը գալիս հարմարվում էր այն ազգագրական խմբերին, որոնք տնտեսական եւ մշակութային հետամնացության մեջ էին ապրում։ Արմենականությունն արմատ բռնում էր գրեթե միմիայն Թուրքահայաստանում եւ առավելապես Վանում, ուր Փորթուգալյանը ժողովրդականություն էր ստացել իբրեւ ազգասեր գործիչ։ Կ.Պոլսում էլ կազմակերպվում էին շրջանակներ, ուր ղեկավարող դերը դարձյալ վանեցիներն էին կատարում եւ ուր արմենականությունը հաստատ հող էր գրավում։

Հաջողության մի շատ խոշոր պատճառն էլ այն էր, որ գավառական հայության դրությունը գնալով ավելի ու ավելի վատթարանում էր, իսկ հրապարակում չկար մի այլ կազմակերպություն, որին դիմեին անբավական տարրերը։

1
...
...
17