Ես կարծում եմ, որ աշխարհում եղել են երկու քրիստոնյա։ Մեկը ինքը՝ Քրիստոսը, հրեա, իսկ մյուսը՝ մայրս, հայ։
Նա միայն մի գիրք էր կարդում՝ Ավետարանը։ Ամբողջ օրը նա ջանում էր միայն մի բան անել՝ իրագործել Ավետարանի պատվիրանները։ Աղքատների հետ ճաշի էր նստում, բարեգործություններ էր անում, պայմանով, որ ոչ ոք չիմանա, և աղոթում էր։
Խոնարհվում էր այդ կինը մինչև ոսկորների ծուծը։ Նրա խոնարհությունն օրգանական էր, որովհետև այդ խոնարհության համար խոր տարաձայնություններ էին ստեղծվել նրա և հորս միջև։
Մի կին, որ պատրաստ էր ամուսնու ամեն ուզածն անել, – թեկուզ ոճիր, բայց չէր կարող ազատվել խոնարհությունից։ Խոնարհության գերին էր այդ կինը։ Թող բոլորն անգոսեին իրեն, թքեին և մրեին – նա տանում էր միայն խոնարհությամբ. այդպես էր պատվիրում Ավետարանը։
Հայրս պահանջում էր, որ մայրս դառնա խանում, նստի դահլիճի վերի կողմը, ստինքներու պես ուռած բարձերով շրջապատված, ոչ մի բանի չխառնվի և, գլխավորը, ոչ մի քահանա չհյուրասիրի տանը։ Օրգանական ատելություն էր զգում դեպի քահանաները։
Մայրս ամբողջ օրը լաց էր լինում և լուռ, խոնարհությամբ, բայց աներևակայելի համառությամբ, պայքարում էր հորս այս աղայական փիլիսոփայության դեմ։ Գաղտնի, բոլորիս պատվիրելով, որ հորս լուր չտանք, նա գնում էր և լվացարարուհուն օգնում, ավլում էր տունը, աղախինների հետ հատակն էր սրբում՝ փոշու մեջ կորած, ճաշ էր եփում, կրակ վառում, վերջապես անում էր այն, ինչ մի գավառացի կին առհասարակ անում է։
Առանց այդ աշխատանքի՝ մեռած էր այդ կինը։
Բայց երբ էշը ճանապարհ էր ընկնում դեպի հորս պաշտոնատեղին, փոխվում էր ամեն ինչ։
Մայրս և բոլորն էլ հագնում էին այնպես, որ կարծես պետք է հարսանիք գնան։ Հորս աչքերից չէր խուսափում, սակայն, մորս արիստոկրատիզմի սահմաններից դուրս գալը։
– Նորե՛ն, – խստությամբ շշնջում էր նա։
Մայրս խոնարհությամբ ժպտում էր, բռնում հորս ձեռքը, սեղմում էր երեսին և լռում։
Հայրս էլ լռում էր, ընկճվում էր նրա գգվանքի տակ, բայց ներսում զայրույթի փոթորիկը ծայր էր առնում, բարձրանում էր առանձնասենյակը և երկար մտածում։
Երկուսն էլ համառ էին։
Հայրս համառ արիստոկրատ էր։
Մայրս՝ համառ դեմոկրատ։
Մինչև վերջն էլ հայրս չկարողացավ հաշտվել մորս դեմոկրատիզմի և մայրս էլ՝ հորս արիստոկրատիզմի հետ։
Մայրս գիտեր, որ հայրս Ստամբուլում «դոստ» ունի։ Բայց այս մասին մորս հոգին խաղաղ էր։
Դա բխում էր ո՛չ թե նրա անտարբերությունից դեպի ամուսինը, այլ խորախոր սիրուց։ Սիրելով նրան՝ սիրում էր և նրա հանցանքը։
– Էրիկ մարդ է, – ասում էր մայրս, – սիրտը դադար չունի։ Հիշում եմ, որ երբ հայրս մեռավ, և մեծ եղբայրս սկսեց ճանապարհորդություններ կատարել դեպի Ստամբուլ կամ սևծովյան նավահանգիստներ՝ մայրս հանձնեց նրան ճոխ նվերների մի կապոց, որպեսզի Ստամբուլում հանձնի իր ամուսնու սիրուհուն։
Հիշում եմ նաև, որ մայրս կապոցը հանձնեց արցունքների մեջ խեղդված ոչ թե Ստամբուլի կնոջ պատճառով, այլ նրա համար, որ հայրս չկար այլևս։
– Թող սաղ ըլլեր, հազարը սիրեր, – ասում էր նա։
Մայրս ցանկանում էր, որ հորս նվիրական հիշատակներից մեկը՝ Ստամբուլի կինը, հարգված լինի։
Ստամբուլի կինն էլ մորս կապոցը ընդունել էր արցունքներով։ Հորս մահվան մասին նա առաջին անգամ լսել էր մեծ եղբորիցս։
Երկու կանայք լաց էին լինում մի տղամարդու համար, այն տղամարդու, որ այդ երկու կնոջ հոգին էլ լցրել էր սարսուռով, ծծել էր երկուսի շուրթերից էլ սիրո արյունը։
Մեծ եղբայրս պատմեց, թե ինչպես էր գնացել այդ կնոջ մոտ՝ Ստամբուլում։ Կինն անմիջապես ճանաչել էր եղբորս, գրկել էր, համբուրել և լաց եղել։
– Բոյով֊բուսով կնիկ էր, բարակ, երկար մազերով, ընկույզի գույն աչքերով, հունական քթով, կոկորդի վրա սև խալ։
Մայրս հրճվանքով լսում էր եղբորս պատմությունը և լաց լինում։
– Մեսումը3 որբ մնաց, – ասում էր մայրս արցունքների միջից։
Մինչև այժմս էլ չեմ կարողանում ընդգրկել մորս սիրո խորությունը։ Երբ փորձում եմ նայել այդ խորությանը մեջ՝ գլխապտույտ եմ ունենում և սիրտս դողում է այդ խորությունից։
Մայրս կրթված կին չէր, նրա ուսումը Ավետարանից դենը չանցավ, բայց հզոր սիրո ազդեցության տակ նա հասել էր հոգու անսահման խաղաղության։
Կինը, եթե սիրի, լեռան ծանրություն կարող է կրել իր հոգում։
Ինչպես ասացի, մորս գերագույն մխիթարությունն էր ամեն երեկո կամ կիրակի ցերեկները ծալապատիկ նստել սենյակի մի անկյունը և Ավետարան կարդալ, առաջ՝ մեռած հորս հոգու, իսկ վերջերս էլ՝ պանդուխտ եղբայրներիս համար։
– Գևորգիս համար գլուխ մը Ավետարան կարդամ, – ասում էր նա և մի էջը բաց անում։ Բանալուց հետո, նախքան սկսեր կարդալը, նրա պայծառ և շագանակագույն աչքերը լցվում էին արցունքի կաթիլներով։
Մի գլուխ կարդալուց հետո՝
– Գլուխ մ՚ըլ Լևոնիս համար կարդամ։
Մենք բոլորս լցվում էինք խոր ու դողահար երկյուղածությամբ, անծանոթ մի սարսուռ պատում էր մեր հոգին, և մայրիկը դառնում էր մեր աչքին բոլորովին կերպարանախոխված մի կին։ Ընթերցումից հետո լռին աղոթք էր անում։
Ամեն անգամ, երբ Ավետարանի անցքերի և անձնավորությունների մասին հարցեր էին տալիս նրան, նա բացատրում էր յուրահատուկ հասկացություններով։
Մի օր ես պառկել էի սադիրի4 վրա և կիսաքուն վիճակում էի։ Մայրս կարով էր զբաղված, իսկ մեծ հարսն Ավետարան էր կարդում բարձրաձայն։ Հանկարծ հարսն իր ընթերցումն ընդհատեց և մայրիկիս դառնալով՝ ասաց
– Մայրի՛կ, քըզի բան մի տի հարցնեմ։ Աստվածաշնչի մեջ գրված է, որ օձը խաբեր է Եվան, օձի խոսքովը խնձոր կերեր է. վերջը ատ խնձորեն Ադամին ըլ կերցուցեր է,
Աստված երկուքին ըլ պատճեր է ու դրախտեն վռնդեր է, աս գլուխը հեչ չիմ հասկնար:
– Քա՜, հարս, – ընդմիջեց մայրս, – սո՛ւս, չոճուխը5 կլսե։
Մայրս ինձ էր ակնարկում։ Մինչև այդ ես կիսաքուն էի, կարող էի բոլորովին քնել, բայց մորս զգուշավորությունը լսելով՝ բոլորովին զարթնեցի։
Մայրս հաստատ լինելով, որ քնել եմ, սկսեց բացատրել օձի պատմությունը
– Հարսնո՛ւկ, օղո՛ւլ, երկու հատ զավակ ունիս, ամմա դահա շատ ջահել ես, բան չես գիտեր, – սկսեց մայրս։ – Ւնչո՞ւ համար է, որ կնիկներուն երես չեն տար, ժամուն մեջ չեն թողուր, որ կնիկները խորան ելլեն, կնիկ ըսվածը շատ մեղքեր ունի, աշխըրքիս շատ մեղքը կնիկներուն վզին է։ Ես քըզի ըսեմ ատ պատմությունը, դուն մարդու բան մի ըսեր։ Եվան չափան օինի հաներ6 է, Աստուծո խոշին չի եկեր, ինչու որ դահա Աստված պսակի հրաման չէր տվեր. Եվան չի համբերեր, գացեր մտեր է Ադամին ծոցը, Աստված ըլ բարկցեր է, անիծեր ու դրախտեն դուրս քշեր։ Օձը կնկան միջի կրակն է, քա՜, հեչ տեսե՞ր ես, որ էրիկ մարդը կնկա ձեռք դպցնի, մինչև կնիկը պոչը չխաղցնե։ Աչքը քոռնա Եվային, առանց պսակի չափան օինի հանեց և մեզ ըլ ձգեց այս կրակին մեջ, թող քիչ մ՚ըլ համբերեր, Աստված պսակի հրաման կուտար, էն ատենը թող մտնար էրկան ծոցը, զաթեն ուրիշ կնիկ ըլ չիկար, որ ձեռքեն առներ, մեկ մը ինք, մեկ ըլ Ադամն էին ամբողջ աշխրքի մեջ։
Հարսը միայն մի բացականչություն արավ
– Քա՜
– Եվան աննամուս կնիկ է եղեր, խոսքը միջերնիս, – վերջացրեց մայրս։
Մինչև հիմա էլ չեմ մոռանա այն սարսափը, որ ես պատճառեցի իմ բարի մորը։
Ամառ էր։ Տապից փախած՝ գնացել էի մեր տան մութ խզենը7 և պառկել էի հովանալու համար։ Չգիտեմ ինչքան էի քնել, երբ մեկն սկսեց իջնել ցած։ Ես աչքերս բաց արի և սկսեցի դիտել։ Հանկարծ ներքև իջնողը սարսափելի ճիչ արձակեց և փռվեց գետին։ Ես ցատկեցի անմիջապես, դրսից վրա հասան ընտանիքի մյուս անդամները։
Գետին փռվողը մայրս էր։ Գրկեցինք և տարանք ննջարանը։ Զանազան կաթիլներով հազիվ կարելի եղավ զարթեցնել։ Ամբողջովին դժգունել էր, նայում էր վախեցած աչքերով, մեկ՝ մեկին էր հառում, մեկ՝ մյուսին – պարզապես հորս էր որոնում։ Վրա հասավ մեծ եղբայրս (մեծ եղբայրս տասներեք տարով փոքր էր մորիցս), անմիջապես գրկեց մորս գլուխը և հարցրեց
– Ի՞նչ եղավ։
Մորս լեզուն բացվեց։
– Խզենը սատանա կար, – շշնջաց մայրս, – աչքերը բոցի պես կփայլեին։
Մեծ եղբայրս կարծես ցնցվեց։ Նա կարծեց, թե մայրիկին մի բան էր պատահել, խելքին մի արատ էր հասել, բայց ես անմիջապես գլխի ընկա, մոտեցա մայրիկիս, գլուխս գրի նրա անուշաբույր կրծքի վրա և լացով ասացի
– Խզենը պառկողը ես էի, սատանա չէր։
Մեծ եղբայրս ուզեց պատմել ինձ, բայց մայրս թույլ չտվեց։
Շրթունքների վրա, այնքան սարսափից հետո, ծաղկեց մի թեթև ժպիտ, գրկեց ինձ և ասաց.
– Սատանայի աչքեր ունիս։
Եվ գուրգուրանքով շոյեց նա իմ ոսկեգույն մազերը։
Գիշերը ես վեր կացա իմ անկողնից և գնացի մայրիկիս մոտ։
Տակավին իմ հոգին չէր հանգստացել նրան պատճառած սարսափից։ Մինչև առավոտ ես քնեցի նրա անկողնում՝ վզովը պինդ փաթաթվ
Бесплатно
Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно
О проекте
О подписке