Читать бесплатно книгу «Դավիթ Բեկ» Րաֆֆի полностью онлайн — MyBook

ԺԲ

Երբ մելիք Դավիթը աշխատում էր Սյուրիի աջակցությունը որսալ, նրան իր նոր նենգավորությունների գործիք դարձնել, այդ ժամանակ մելիք Ֆրանգյուլը տխուր, հուսահատական դրության մեջ դուրս եկավ խանի վրանից: Նա գնացել էր խանի մոտ խնդրելու, որ Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը իրան հանձնե, բայց մերժում ստացավ, թեև խոստանում էր յուրաքանչյուր տարի վճարել խանին հինգ հազար թուման փող, երեք հազար թաղար ցորյան, երկու հազար թաղար գարի, և ամեն տարի երկու հատ գեղեցիկ հայ աղջիկներ հարեմի համար:

Դուրս գալով խանի վրայից, նա. մոլորվածի նման, չգիտեր դեպի ո’ր կողմը գնալ: Գնա՞լ իր իջևանը, ուր ամոթալի դեմքով պիտի հանդիպեր մելիք Դավիթին, – այդ մեռնելու չափ անտանելի էր նրան: Նա իր շահերը բաժանեց մելիք Դավիթից, թողեց նրան և սկսեց առանձին գործել, վստահացած լինելով, թե հաջողություն կգտնե և միայնակ Գենվազը ու Բարգյուշատը իր ձեռքը կգցե: Իսկ այժմ նրա բոլոր հույսերը իզուր անցան: Նա այնքան չէր ցավում, որ զրկվում է երկու հարուստ գավառների իշխանությունից, որքան ամաչում էր հանդիպել մելիք Դավիթին և լսել նրա այսօրինակ հեգնական խոսքերը. – բարեկամ, «շունը շան թաթը չի կոխի», դու ուզում էիր հալվան մինակ ուտել և ընկերիդ չտալ, դրա համար էլ աստված քեզ պատժեց: Իհարկե, եթե մելիք Ֆրանգյուլին հայտնի լիներ իր ընկերոջ գտած նախատական ընդունելությունը Սյուրիի մոտ, նա այնքան չէր տանջվի և բոլորովին հուսակտուր չէր լինի: Նա կմտածեր եթե ոչ այսօր, գուցե վաղը, մյուս օրը դարձյալ կարող էր հասնել իր նպատակին: Բայց նա հավատացած էր, որ որքան էլ թշնամական լինեին աղջկա հարաբերությունները հոր հետ, դարձյալ Սյուրին իր հոր կողմը կբռներ: Այժմ ի՞նչ անել, ո՞ւր գնալ: Նա մնացել էր մոլորված: Հպարտությունը խեղդում էր նրան: Մտածում էր գնալ, ձի նստել և գիշերով հեռանալ, առանց մելիք Դավիթի կամ մի այլ մարդու հետ տեսնվելու: Գոնե այսպիսով ազատ կմնար ամոթից և նախատինքից: Բայց ո՞ւր գնալ, – այդ հարցը դարձյալ դժվարության մեջ էր դնում նրան: Գնալ իր տունը: Բայց ի՞նչ երեսով նայել իր կնոջ, իր որդիների վրա, որոնք մեծ անհամբերությամբ սպասում են նրա վերադարձին, սպասում են դիմավորել նրան նոր փառքով, Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը ստացած: Ի՞նչ պատասխան տալ իր տանուտերներին, որոնց առաջմանե գրած էր, թե նա արդեն ստացել է այդ երկու գավառների իշխանությունը և մելիք Դավիթը կորցրել էր իր նշանակությունը:

Մի հզոր պաշտպան, մի զորեղ ձեռք պետք է, որ նրան դուրս բերեր իր անել դրությունից: Ո՞ւմը դիմել, ո՞ւմ օգնությունը խնդրել: Խանից նա մերժվեցավ: Այժմ ո՞վ կարող էր ազդել, ներգործել խանի վրա: Ո՞վ կարող էր միջնորդ և բարեխոս լինել նրա և խանի մեջ: Նա մտաբերեց ցեղի իմամին, մի մարդու, որին բոլորը պաշտում էին, թե՜ խանը և թե՜ նրա մահմեդական ժողովուրդը: Եվ առանց իրան հաշիվ տալու, նա սկսեց անգիտակցաբար իր անվճռական քայլերը ուղղել դեպի նրա վրանը: Նա միայնակ էր, իր հետ ուներ ծառաներից մեկը միայն: Իմամի վրանը գտնվում էր բավական հեռու, Չալաբիանների չադրների մոտ: Պետք էր անցնել մի քանի բլուրներ, մի քանի ձորեր: Մելիք Ֆրանգյուլը ցանկանում էր, որ այդ ճանապարհը ավելի ևս երկար լիներ, մինչև աշխարհիս ծայրը, որ գնար, գնար և չհասներ: Մի՞թե ակամա էր գնում նա, թե ցանկանում էր` ճանապարհի երկարության ընթացքում ավելի լավ խորհել, ավելի լավ քննադատել այն ձեռնարկությունը, որին դիմում էր… Առայժմ դատարկ հույսը նրան ավելի էր մխիթարում, քան կատարված իրողությունը, որ թանկ գնով պիտի ստանար… Գիշերային խավարը ծածկում էր նրան ուշացած հովիվների տեսությունից, որ անցնում էին լեռների միջով: Ի՛նչ լավ կլիներ, որ միշտ գիշեր լիներ և նրան ոչ ոք չտեսներ: Նա նմանում էր մի գողի, որ մթություն է սիրում: Նա նմանում էր մի եղեռնագործի, որ փախչում է մարդկային հասարակությունից, անապատների խլության մեջ հանգստացնելու խղճի խայթը…

Կես ճանապարհի վրա նա կանգ առեց: Մի քանի րոպե մնաց մեխված գետնի հետ: Չգիտեր հետ դառնալ, թե առաջ գնալ: Նրա սիրտը բաբախում էր և գլխի մեջ կատարվում էր խառն մտածությունների մի ամբողջ պատերազմ: Վճռեց հետ դառնալ: Բայց այժմ ոչ այն ճանապարհով, որով եկել էր, կարծես, ճանապարհի տարբերությունը կարող էր հանգստացնել նրան: Հանկարծ հիշեց նա խանի խոսքը, որի հիման վրա մերժեց նրան Գենվազի և Բարգյուշատի մելիքությունը. «Թորոս իշխանի հետ ունեցած մեր այժմյան բարեկամական հարաբերությունները թույլ չեն տալիս ինձ այդ երկու գավառների կառավարությունը հանձնել մի այնպիսի մարդու, որին իշխանը իրան թշնամի է համարում»: Ուրեմն նա չկամեցավ վիրավորել իշխանի անձնասիրությունը, չկամեցավ նրա քրոջ որդու (Ստեփաննոսի) երկրները հանձնել մի մարդու, որը Թորոսի ընտանիքի հետ տոհմային թշնամություն ուներ: Այդ հիմար պարսիկը, մտածում էր մելիքը, եթե խելք ունենար, պետք է օգուտ քաղեր այդ հանգամանքից, պետք է բռնությամբ գրաված երկրների կառավարությունը հանձներ հենց իրան, որովհետև նրանց նախկին տիրոջ թշնամին էր ինքը: Դրանով ավելի ապահովացրած կլիներ խանը իր իշխանությունը այդ երկրների վրա: Մյուս կողմից, մելիքին տանջում էր մի այլ միտք. Թորոսը այնքան հպարտ էր, իհարկե, չէր ցանկանա փողով գրավել խանին և կրկին ձեռք բերել այդ երկրների իշխանությունը իր քրոջ որդու` Ստեփաննոսի համար, որին այսօր գերությունից ազատեց, որը այդ երկրների օրինավոր տերը և ժառանգն էր: Նա կպատրաստվեր զենքի ուժով գրավված երկրները հետ խլել նույնպես զենքով: – Այդ բոլորը նա հայտնեց խանին, հայտնեց, որ այդ երկրների կառավարությունը իրան հանձնելը միակ երաշխավորությունն է խանի իշխանությունը նրանց վրա հաստատ պահելու համար: Բայց «հիմար» պարսիկը չհասկացավ. նա ավելի գերադասեց իր կեղծ բարեկամությունը Թորոսի հետ, քան մելիք Ֆրանգյուլի հավատարիմ ծառայությունը:

Բայց ինչպե՞ս կարող էր մելիք Ֆրանգյուլը այդ բոլոր անարգանքը տանել: Ինքը թշնամի էր Թորոսի հետ, իր հայրը թշնամի էր նրա հոր հետ, իր պապը թշնամի էր նրա պապի հետ: Այդ երկու ընտանիքների մեջ ատելությունը անցել էր սերունդից սերունդ և կնքված էր բազմաթիվ զոհերի արյունով: Այժմ նույն մարդը դուրս էր գալիս իր առջև որպես մի հզոր ախոյան: Պետք էր ընկճվե՞լ նրա առջև: Այդ անկարելի էր: Պետք էր ջարդուփշուր անել նրա դիտավորությունները: Թեև մելիքին չհաջողվեցավ Ստեփաննոսին խեղդել տալ բանտի մեջ, թեև նրան չհաջողվեցավ հայ գերիներին մաշել տալ բանտի մեջ, – բայց նա պետք է հաջողեցնե Գենվազի և Բարգյուշատի մելիքը լինել, թեև այդ իշխանությունը գնվելու լիներ այն բանով, որ աշխարհի մեջ ամենաթանկագինը և ամենասուրբն է նրա համար… Այդ մտքով նա կրկին հետ դարձավ և շարունակեց իր ճանապարհը դեպի իմամի վրանը:

Մի քանի րոպե առաջ նա գտնվում էր տատանման մեջ: Իսկ այժմ նախանձը, ատելությունը, կույր փառասիրությունը եռ էին տալիս նրա սրտում: Մի քանի րոպե առաջ նրան տանջում էր միայն ամոթի և հպարտության զգացմունքը, իսկ այժմ նրան բորբոքում էր վրեժխնդրության կիրքը: Պետք էր պատժել Թորոսին, այնուհետև նրա բոլոր թշնամիները կորագլուխ կլինեին նրա առջև:

Ճանապարհին նա ստեղծեց մի ամբողջ պատմություն, որի առիթով պիտի ներկայանաի իմամին: Նրա ուղեղը, որ մինչև այժմ բոլորովին մռայլված էր, նրա մտածությունները, որ մինչև այժմ խառնաշփոթ դրության մեջ էին, հանկարծ որոշ կերպարանք ստացան: Նա այժմ այնքան արագ էր գնում, որ ծառան հազիվ կարողանում էր հետևել նրան: Քառորդ ժամից հետո նա հասավ իմամի վրանին:

Իմամի վրանը իր պարզությամբ չէր զանազանվում հասարակ հովիվների չադրներից: Այստեղ չկային ոչ նուրբ, մետաքսեղեն կերպասներ և ոչ թանկագին շալեր: Աստուծո մարդը, կրոնի զորավիգը իրան հեռու էր պահում աշխարհի փառքից և կյանքի շքեղությունից, եթե ոչ ներքուստ, գոնե արտաքուստ: Նա նստած էր հասարակ թաղիքի վրա և նրա մոտ դրած էին մի քանի գրքեր: Մի կողմում կուչ էր եկած դերվիշը և պատմում էր զանազան բժշկական հրաշալիքներ: Վրանում ուրիշ ոչ ոք չկար. մի մորուքավոր սպասավոր միայն կանգնած էր այնտեղ և երբեմն նորոգում էր իմամի չիբուխը, վառում էր, առաջ ինքն էր ծխում, հետո տալիս էր նրան: Դերվիշը խոսում էր Լոկմանի§§§§ վրա, ասում էր, երբ նա ծերացավ, հազար ինն հարյուր վաթսուն տարեկան դարձավ, այդ ժամանակ պատրաստեց «կենդանության կաթիլները», և իր աշակերտներին` Ալասթուին ու Աֆլաթունին***** հանձնելով, պատվիրեց նրանց, երբ ինքը կմեռնի, այն հեղուկից երեք կաթիլ կաթեցնեն իր բերանը, և ինքը իսկույն կկենդանանա: Երբ նա մեռավ, Աֆլաթունը վեր առեց հեղուկը, որ իր վարպետի պատվերի համեմատ երեք կաթիլ կաթեցնե նրա բերանը: Դեռ առաջին կաթիլն էր կաթեցրել, այդ միջոցին սատանան աներևույթ կերպով անցավ նրա մոտից, թևքով զարկեց սրվակին և հեղուկը թափեց: Լոկմանի մարմնի մի մասը միայն կենդանացավ. ոտքերից մինչև պորտը, մյուս մասը` մեջքից մինչև գլուխը մնաց մեռած: Այդ դրության մեջ ապրեց նա մինչև երկու հազար տարի: Ոտքերը կենդանի էին, ման էին գալիս, բայց գլուխը, թևքերը, մեջքը սկսեց հետզհետե լուծվել, փտել և հող դառնալ: Նրա աշակերտների բոլոր ջանքը չկարողացավ կենդանացնել նրա մարմնի մեռած մասը, որովհետև Լոկմանը «կենդանության կաթիլների» գաղտնիքը իր մոտ էր պահել:

– Բայց սատանան ի՞նչ թշնամություն ուներ Լոկմանի հետ, – հարցրեց իմամը:

– Սատանան ո՞ւմ հետ թշնամի չէ, – պատասխանեց դերվիշը, – այդ էլ բավական էր, որ Լոկմանը իր բժշկական դարմաններով պատերազմում էր մահվան դեմ և ամեն օր հարյուրավոր հիվանդների կյանք և առողջություն էր պարգևում: Իսկ կյանքը հակառակ է սատանային. նա մահվան և գերեզմանի իշխանն է:

Նրանց խոսակցությունը ընդհատեց սպասավորը, հայտնելով, թե մելիք Ֆրանգյուլը խնդրում է ներկայանալ: Իմամը մի քանի վայրկյան մտածության մեջ ընկավ, թե ինչպես ընդունե այդ «գավուրին», հետո հրամայեց վրանի մի կողմում տարածել մի կապերտի կտոր, որ նա գա, նստե նրա վրա, որպեսզի մյուս օթոցները չպղծե: Իսկ այդ կապերտի կտորը կարելի էր հետո կամ այրել, կամ դեն գցել:

Մելիք Ֆրանգյուլը ներս մտավ, խոնարհությամբ գլուխ տվեց և կանգնեց ոտքի վրա: Իմամը խնդրեց նրան նստել: Մելիքը գիտենալով մահմեդական հոգևորականների սովորությունը, գնաց, նստեց կապերտի կտորի վրա:

Իմամը թողեց մելիքին առանց ուշադրության, որպես թե նա չկար և շարունակեց իր խոսակցությունը դերվիշի հետ Լոկմանի և սատանայի մասին: Հետո նա անցավ այն մաջունին, որ պիտի պատրաստեր դերվիշը նրա ծերությունը հետ դարձնելու և նրան մանկական ուժ և թարմություն պարգևելու համար:

Մելիք Ֆրանգյուլը այն աստիճան անհանգիստ էր, կարծես, փշերի վրա էր նստած: Իմամի արհամարհանքը, նրա սառն ընդունելությունը սաստիկ վիրավորեց նրան: Նա ավելի բարվոք կհամարեր, որ գետինը պատռվեր և իրան կուլ տար, քան այնպես անպատիվ կերպով նստած լիներ պարսիկ կրոնավորի սպասում, որ ավելի բավականություն էր գտնում խոսելով մի զզվելի դերվիշի հետ, քան հայ ժողովրդի մի նշանավոր ներկայացուցչի հետ: Նա անհամբերությամբ սպասում էր, որ իր վրա ուշադրություն դարձնեն, կամ գոնե հարցնեն, թե ինչո՞ւ համար էր եկել: Նա մի քանի անգամ հազաց, մի քանի անգամ նստած տեղում այս և այն կողմը շուռ եկավ, դարձյալ նրա վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Այդ անախորժ դրությունը սպանում էր նրան, մանավանդ որ նկատում էր, երբ իմամին չիբուխ էին մատուցանում, նա դերվիշի հետ փոփոխակի կերպով ծխում էր, բայց իրան ամենևին համեցեք չէին անում, որովհետև նրա անմաքուր շրթունքը կարող էր պղծել չիբուխը:

– Ո՜վ ուղղափառների սուրբերից ամենասուրբը, մեկ խնդիրք ունեմ, – ասաց վերջապես մելիքը բացագանչական եղանակով:

Քրիստոնյա մելիքի այս եղանակով դիմելը պարսից կրոնավորին, բավական հաճոյական երևացավ նրան, և ընդհատելով իր խոսակցությունը դերվիշի հետ, հարցրեց.

– Ի՞նչ եք հրամայում:

– Քանի գիշեր է, – պատասխանեց մելիքը, – ինձ անհանգստացնում է մի երազ, հենց որ պառկում եմ, միշտ միևնույն երազն եմ տեսնում: Այդ երազի մեկնությունը ոչ ոք կարող է տալ ինձ, բացի ուղղափառների սուրբից, որի մոտ պահված են բոլոր գիտությունները, բոլորը երևելի և աներևույթ էակների գաղտնիքները: Եթե ձեր սրբությունը կբարեհաճի, ես կպատմեմ իմ երազը:

Իմամը թույլ տվեց նրան պատմել, համեստությամբ հայտնելով, թե ինքը գիտության անսահման օվկիանոսից մի քանի կաթիլի միայն արժանացած է, բայց աստուծո և մարգարեի օգնությամբ կաշխատե նրան բավականացուցիչ բացատրություններ տալ:

Մելիքը շարունակեց.

1
...
...
16

Бесплатно

4.57 
(23 оценки)

Читать книгу: «Դավիթ Բեկ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно