– Սկանդալ, կատարյալ սկանդալ, – ասաց ինքն իրեն Խանբեգյանը դեմքի այնպիսի մի արտահայտությամբ, որ կարծես լուծողական էր ընդունել, և, խալաթը դեն շպրտելով, սկսեց արագ-արագ հագնվել: Ոչինչ նրան այնքան խայտառակ, այնքան ամոթալի չէր թվում, որքան իր այն վայրենի ձայնը, որով, կատաղության գագաթնակետին հասած, կանչում էր աղախնուն: Այդ վայրենի ոռնոցն, անշուշտ, լսած պիտի լիներ Վիկտորիա Պավլովնան առանձնասենյակում, որը սեղանատնից մի սենյակով էր միայն բաժանված, և ի՞նչ պիտի մտածեր իր մասին, որ հայտնի էր որպես ծանրաբարո, հավասարակշռված և ըստ ամենայնի կրթված մարդ:
– Այդպես միայն վերջին կինտոն կարող է բղավել, իսկ ես… Փո՛ւ, – թքեց նա և մտքումը դրեց հենց այդ օրը մի լավ խրատել իր աղջկան և տղային, որոնց «խոզությունն» էր իսկապես, որ առիթ էր տվել իր անսովոր կատաղության:
– Եվ ո՞ր սատանան այդ կնոջը բերեց հենց այն ժամանակ, երբ ես… Սկանդալ, կատարյալ սկանդալ, – կրկնեց նա հայելու առջև շտկելով մազերն ու փողկապը:
Վիկտորիա Պավլովնան այն բանկի գլխավոր հաշվապահի կինն էր, որի դիրեկտորներից մեկն էր Խանբեգյանը: Մի տարուց ավելի էր, որ մեռել էր գլխավոր հաշվապահը, բայց դեռես այն ժամանակ, երբ նա ողջ ու առողջ էր, Խանբեգյանը, չնայելով իր տարիքին, չէր կարողանում անտարբեր աչքով նայել նրա կնոջ վրա, որը հազիվ երեսուն տարեկան և շատ գեղեցիկ էր: Եվ երբ մի օր անսպասելի կերպով նրան լուր բերին, թե գլխավոր հաշվապահը հանկարծամահ է եղել սրտի արատից, Խանբեգյանն ինքն էլ չիմացավ, թե ինչու մի տարօրինակ ուրախություն զգաց սրտի խորքում: Այդ ժամանակ նրա կինը դեռևս կենդանի էր և, չնայելով հարատև հիվանդությանը, ըստ երևույթին, միտք չուներ մեռնելու: Ու երբ, երկար տանջվելուց հետո, նա, այնուամենայնիվ, մեռավ, Խանբեգյանը զգաց իրեն որպես վանդակից ազատված մի թռչուն, որը ո՛ւր ուզեր, կարող էր թռչել: Այժմ միայն նա հնարավորություն ստացավ լուրջ կերպով մտածելու, թե չի՞ կարող արդյոք այնպես անել, որ Վիկտորիա Պավլովնան իր կինը դառնար:
Սկզբում բավական ծանրակշիռ մի հանգամանք մթագնում էր նրա ուրախությունը և հուսաբեկ անում նրան, այդ այն էր, որ նա մտածում էր, թե ինքը թեև դեռևս ժիր ու առույգ, բայց արդեն մոտ վաթսուն տարեկան մարդ է, մի տասը տարուց հետո արդեն անպետք զառամյալ ծերունի կլինի, այնինչ Վիկտորիա Պավլովնան իրենից կիսով չափ ջահել էր, դեռևս շատ թարմ և այնքան գեղեցիկ, որ ոչ մի դժվարություն չէր կրի մի ջահել ամուսին գտնելու, մանավանդ որ անզավակ էլ էր: Բայց շուտով տեսավ, որ այդ կասկածը հիմք չունի: Բանն այն է, որ Խանբեգյանի կնոջ մահից հետո Վիկտորիա Պավլովնան նրան ավելի մերձենալու հակամետություն էր ցույց տալիս, տեղի-անտեղի այցելում էր նրան, զանազան խորհուրդներ հարցնելու պատրվակով նկարագրում էր իր նյութական նեղ կացությունն ամուսնու մահից հետո և նույնիսկ մի-երկու անգամ նյութական օգնություն էր խնդրել նրանից:
Թեև Վիկտորիա Պավլովնայի այս վարմունքը մեծ չափով հուսադրում էր Խանբեգյանին, բայց մյուս կողմից մի ուրիշ ոչ պակաս ծանրակշիռ հանգամանք նրան վարանման մեջ էր գցում, – ի՞նչ կասեին իր բարեկամ-ազգականները և, մանավանդ, ի՞նչ կասեին և ի՞նչ աչքով կնայեին իրենց ջահել խորթ մոր վրա իր զավակները, որոնցից ամենամեծը – Միշան, Պետերբուրգի համալսարանի վերջին կուրսի ուսանող էր, իսկ նրանից փոքրը – Վանյուշը, և աղջիկը – Կատյան, գիմնազիոնի 7-րդ և 6-րդ դասարանի աշակերտ և աշակերտուհի:
Այս և այսպիսի մտածումների ու վարանքի մեջ նա շատ անգամ ասում էր ինքն իրեն հուսահատ մարդու վճռականությամբ .«Է՛հ, ի՛նչ ուզում են՝ թող ասեն, ի՛նչ աչքով ուզում են՝ թող նայեն, ես կանեմ իմը: Դժվարն առաջին քայլն է: Պետք է քաջություն ունենալ այդ քայլն անելու: Եվ ես կանեմ այդ քայլը: Թող սկզբում տարօրինակ թվա, հետո, ժամանակի ընթացքում, կհաշտվեն: Դա շատ բնական է»:
Այժմ էլ, երբ պատրաստվում էր գնալ ընդունելու Վիկտորիա Պավլովնային իր առանձնասենյակում, Խանբեգյանը նույն մտմտուքի մեջ էր: «Այժմ, կամ երբեք, այժմ, կամ երբեք, – կրկնում էր նա մեքենայաբար, վերջին անգամ հայելու մեջ դիտելով իրեն և թաշկինակը կոխելով բաճկոնի գրպանը:
Երբ փայլուն կոշիկները հագին, մազերն անգլիական ձևով գագաթի մեջտեղից ուղիղ գծով բաժանած, խնամքով սափրած երեսին հազիվ նկատելի կերպով հոտավետ փոշի ցանած, անցնում էր սեղանատնից գլուխը բարձր ու մեջքը շամփուրի պես շիփ-շիտակ, Դունյան ինքնաեռն արդեն դուրս էր տարել տաքացնելու և դեռ լացակում աչքերով զբաղված էր սեղանը կարգի դնելով:
– Կեցցե՛ս, Դունյա, իմ խելոք աղջիկ, ա՛յ հիմա հասկանում եմ, – ասաց նա մի րոպե կանգ առնելով և դիտելով շուրջը: – Միայն շուտ և, որ պատրաստ լինի, եկ ինձ իմաց տուր:
Ու շարունակեց քայլերը դեպի առանձնասենյակ: Քայլում էր թեթև, սահուն, առանց մարմնի ծանրություն զգալու:
Առանձնասենյակում նրա դեմ ելավ Վիկտորիա Պավլովնան ամբողջովին սևազգեստ: Դեմքից ետ էր քաշել սև գլխարկին պատած թանձր սև շղարշը, որի ծայրերը հասնում էին համարյա մինչև գետին: Մի անգամ նրա բազմաթիվ երկրպագուներից մեկը, որին ինքը մյուսներից ավելի նախապատվություն էր տալիս, նկատել էր նրան. «Վիկտորիա Պավլովնա, թեև դուք մի քիչ ի չարն եք գործ դնում ձեր ամուսնու հիշատակը, բայց այդ հագուստի մեջ ավելի ևս գեղեցիկ եք»: Եվ այդ օրվանից նա չէր ուզում բաժանվել իր սգո հագուստից:
Խանբեգյանը թույլ չտվավ, որ նա մոտենա իրեն, ինքը համարյա թե վազեց դեպի նա և, առանց խոնարհվելու առնելով նրա կարճ սև ձեռնոցի մեջ սեղմված ձեռքը, մոտեցրեց շրթունքներին:
– Որ գիտենաք, Վիկտորիա Պավլովնա, թե ինչու ձեզ այսքան սպասեցնել տվի, անշուշտ կներեք ինձ, – ասաց նա ժպտալով: – Ես մի թեթև անախորժություն ունեցա աղախնիս հետ: Երևակայեցեք… Ինչո՞ւ չեք նստում: Խնդրեմ… Երևակայեցեք, այսօր մի քիչ ուշ վեր կացա, որովհետև գիշերը շատ ուշ տուն եկա, – ժամը համարյա 2-ն էր, որ ժողովը վերջացավ, – մտնում եմ սեղանատուն, որ թեյ խմեմ, տեսնեմ ինքնաեռը սառը՝ ինչպես կարկուտ: Ի՞նչ ծածկեմ մեղքս, ինքս ինձ չկարողացա զսպել և… Չէ, ավելի լավ է՝ չպատմեմ: Արածս լավ բան չէր, – ավելացրել նա ծանր և լրջորեն:
– Դուք այնպես բղավում էիք, – նկատեց Վիկտորիա Պավլովնան ժպտալով:
Խանբեգյանը թավ հոնքերը բարձրացրեց, դեմքին ծայր աստիճանի տարակուսանքի արտահայտություն տված:
– Վիկտորիա Պավլովնա, – ասաց նա, – կարո՞ղ եք երևակայել, որ ես մինչև այժմ էլ զարմացած եմ մնացել: թե որտեղի՞ց դուրս եկավ այդ ձայնը: Ես հիմա հասկանում եմ, թե ինչպես մարդիկ, շատ օրինավոր մարդիկ, երբեմն մարդ են սպանում: Ծայր աստիճան հուզման րոպեին նրանք անշուշտ, դուրս են գալիս նորմալ դրությունից, կորցնում են հոգեկան հավասարակշռությունը և չեն հասկանում իրենց արածը: Մի րոպե, երբեմն մի վայրկյան, և ոճիրն արդյոք կատարված է: Այո, մարդ արարածի մեջ, որքան էլ նա քաղաքակրթված և գիտակից լինի, Վիկտորիա Պավլովնա, դեռևս նստած է նախապատմական գազանը: Ես այդ փորձեցի ինձ վրա: Բայց մյուս կողմից, ասեմ ձեզ, թանկագին Վիկտորիա Պավլովնա, – ավելացրեց Խանբեգյանը մտերմորեն, նստելով նրա դիմաց, – ես մեղավոր չեմ. կնոջս մահից հետո այնպիսի դրություն է տիրում մեր տանը, որ ասել չեմ կարող: Ուզեմ-չուզեմ – պիտի ջղայնանամ: Առանց այն էլ մեր գործարանում տիրող դրությունը՝ բանվորների պահանջները, գործադուլի սպառնալիքը, մյուս կողմից մեր բանկում երևան հանված վատնումը բոլորովին քայքայել են ջղերս:
– Մի՞թե վատնում է եղել, – հարցրեց Վիկտորիա Պավլովնան հետաքրքրված: – Եվ ո՞րքանի:
– Առայժմ մոտ հինգ հազար ռուբլու: Ռևիզիան դեռ շարունակվում է:
– Հայտնի՞ են վատնիչները:
– Կասկած կա մի քանիսի վրա:
– Կարելի՞ է իմանալ` ո՛ւմ:
– Ո՛չ, թանկագին Վիկտորիա Պավլովնա, ներեցեք: Այսքանը միայն կարող եմ ասել, որ եթե իմանաք, որ եթե իմանաք, թե ո՛ւմ վրա է գլխավորապես կասկածը, ապշած կմնաք: Ձեր հանգուցյալ ամուսինը… ա՛յ մարդ: Նրա օրով մի կոպեկ, մի կոպեկն ի՞նչ է, մի հատ կոպեկ անգամ չի կորել, իսկ ինչ նա չկա…
Խանբեգյանը չվերջացրեց, որովհետև Վիկտորիա Պավլովնան ռեդիկուլից շտապով հանեց թաշկինակը և սեղմեց աչքերին:
Бесплатно
Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно
О проекте
О подписке