Читать бесплатно книгу «Առաքյալը» Մուրացան полностью онлайн — MyBook
image

Զ

Դեռ այս մտքի վրա էր Կամսարյանը, երբ հանկարծ նրա հետևից հնչեց մի թավ ձայն.

– Տո, Պե՛տո, դեռ ա՞յստեղ ես, իսկ ես կարծում էի թե Մասիսն արդեն անցել ես:

Պետրոսը ետ նայեց և տեսավ մեկին այն ընկերներից, որոնք ուսանողական ժողովում լսելով յուր խոստումը, դղրդացրել էին օդը կեցցեներով և իրեն բարձրացրել ձեռքերի վրա:

– Գնում եմ, բա՛րեկամ, գնում եմ, – պատասխանեց նա կարծես շփոթվելով և արագ տեղից ելավ:

– Ճշմարի՞տ, թե՞ կատակ ես անում, – հարցրեց երիտասարդը պարզելով ձեռքն ընկերին:

– Իհարկե ճշմարիտ, կատակ ինչո՞ւ եմ անում:

– Եղբայր, մեծ մարդ ես, խոստովանում եմ. բայց ե՞րբ:

– Շուտով, հենց այս քանի օրը:

– Ուրեմն, պատրաստությունդ տեսե՞լ ես:

– Արդեն: Կամենո՞ւմ ես, արի` ցույց տամ:

– Հապա, տեսնենք, հետաքրքրական է, – ասաց երիտասարդը և հետևեց Պետրոսին:

Առաջնորդելով ընկերին յուր սենյակը, Պետրոսն սկսավ մի մի ցույց տալ նրան այն ամենը, ինչ որ գնել էր գյուղ տանելու համար:

– Ամենից առաջ տե՛ս այս թամբը, հունգարական է, բոլորը խոզի կաշվից. 60 ռուբլի արժե. սանձը, ասպանդակները մաքուր պողպատից:

– Այդ ինչո՞ւ համար է:

– Ի՞նչպես թե ինչո՞ւ. գյուղերը չի՞ պիտի պտտեմ. միշտ հո մի տեղ չեմ մնալ:

– Իսկ ձի՞ն:

– Ձին էլ այնտեղ կգնեմ, այստեղից հո չե՞մ տանելու, ի՞նչ ավելորդ հարց է:

– Հասկացա. հետո՞:

– Սա էլ հրացանս. ամերիկական նոր տեսակի, երկփողյա. յուր բոլոր պարագաներով արժե 120 ռ.:

– Այդ ինչո՞ւ համար է, ավազակնե՞ր պիտի հալածես:

– Ի՞նչ ավազակներ, ինչեր ես հարցնում. որսորդության չի՞ պիտի գնամ. բոլոր օրը հո պարապելով չե՞մ անցցնելու. մի մի անգամ էլ զվարճություն է պետք. – այս էլ պայուսակս, բոլորը կաշվեկար պղնձե օղակներով, թամբի վրա հարմարեցնելու համար. – այս էլ դաշտային հեռադիտակ. միշտ հարկավոր է լինում. – այս էլ կողմնացույց…

– Կողմնացո՞ւյց. այդ ինչի՞ համար է. ծովերի վրա՞ պիտի թափառես:

– Ախ, ի՛նչ ապուշն ես: Տո, չի՞ պատահիլ, որ անտառներում պտտելիս հանկարծ մոլորվեմ. այ, հենց այդպիսի ժամանակ կողմնացույցը կարող է ինձ ցույց տալ թեի՞նչ ուղղություն բռնեմ, ո՞ր գյուղը դուրս գամ:

– Այդ հո բոլորը քեզ համար ես հոգացել, գյուղացիների համար ի՞նչ ես տանում:

– Սպասի՛ր, նրանց համար էլ կա, տեսնո՞ւմ ես… – այս ասելով Պետրոսը ցույց տվավ սեղանի վրա գտնվող գրքերի մի կույտ և նրանցից մի-մի հատ առնելով,շարունակեց.

– Ա՛յ, «Полный курс охоты» Маркса-Манн. սա՛ էլ ասենք ինձ համար է, բայց գյուղացիներին էլ կհարկավորվի: Չէ՞ որ որսորդության մասին ևս կարող եմ խորհուրդներ տալ նրանց: – «Ляговая собака» – Фридриха Освальд. սա նույնպես կարևոր գիրք է որսորդական շներ վարժեցնելու համար:

– Այ մարդ, դու կարծում ես թե հայ գյուղացին բան ու գործ չունի, հենց միշտ որսի հետևի՞ց պիտի լինի:

– Համբերի՛ր, բա՛րեկամ, ախար մենք էլ քեզ չափ մտածել գիտե՞նք, թե ոչ: Ա՛յ, «Плодовая школа и плодовый сад» – Раевского, սա հո պատվական ձեռնարկ է ծառեր տնկելու, պատվաստներ անելու, պտղատու այգիներ խնամելու համար:

– Հա, դրան խոսք չունիմ:

– Իսկ սա՞ «Домашний огород» – Мицулья. ընտիր ձեռնարկ է բանջարանոցների համար: Սրան կցված է Черноглазов-ի գեղեցիկ աշխատությունը` «Огурцы, дыни, арбузы и тыквы» վերնագրով, հատուկ այդ չորս տեսակ պտուղները աճեցնելու համար:

– Հետո՞:

– Սա էլ «Обшедоступное руководство к земледелию» – Костычева, թեպետ համառոտ, բայց շատ պարզ և հասկանալի ոճով կազմված մի ձեռնարկ է երկրագործության համար: Իսկ սա Կոպպեի հայտնի «Երկրագործություն և անասնապահություն» աշխատությունն է, որ թարգմանել է պրոֆեսոր Վոյլֆը. հիսուն տարուց ավելի գործածության մեջ է, և հմուտների կարծիքով, գյուղատնտեսական գրականության մեջ համարվում է իբրև կլասիկ գրվածք: Իսկ սա` «Скотоводство» – Трипольского, հատկապես կազմված եղջերավոր անասուններ և ձի, ոչխար ու խոզ պահելու համար:

– Ուրի՞շ:

– Իսկույն. «Практическое руководство виноградарства и виноделия» – Винберга. սա անհրաժեշտ գիրք է այգեգործության և գինեշինության համար: Մեր գյուղացիների գլխավոր պարապմունքը, կարծեմ, դա է: Այդ պատճառով այդ ճյուղին վերաբերյալ ձեռնարկներ մի քանիսն եմ ընտրել: Այ, «Руководство повиноградарству » – Цобеля, բազմաթիվ ու բազմազան նկարներով…

– Իսկ մեղվապահական, հավաբուծական…

– Սպասիր, սպասիր, դրանք էլ ունիմ, ա՛յ, «Птицеводство» д-ра Прибыня. պատվական աշխատություն է` գերմաներենից թարգմանված, իսկ սա «Пчела ипчеловодство» – Бутлерова. մեղվապահական ընտիր ձեռնարկներից մինն է: Սա էլ «КАК ДОБЫВАТЬ ШЕЛК» – Иверсена, շերամապահության վերաբերյալ միգեղեցիկ աշխատություն է: Սրանից զատ ես գնել եմ նաև մի քանի հատ հայերեն գրքեր, ա՛յ, օրինակ, Մելիք-Շահնազարյանցի «Բուսական աշխարհը», «Գործնական գինեգործություն» և «Շերամապահություն» ուղեցույցները: Նույնպես Քաջունու «Մեղվաբուծությունը» և «Շերամապահությունը»: Թեպետ ռուսերեն ձեռնարկներովես կարող եմ լիուլի ծանոթանալ գյուղատնտեսական այս կամ այն ճյուղին, և ըստ այնմ, հարկ եղածը սովորեցնել գյուղացիներին, այնուամենայնիվ, այս ձեռնարկների մեջ կլինեն բազմաթիվ տերմիններ, որոնց հայերենը չգիտեմ: Ահա՛ այդ դեպքում օգնության կհասնեն ինձ հայերեն ձեռնարկները:

– Այո՛, լավ ես մտածել, գյուղացու աչքում ամեն կերպ պետք է հեղինակավոր երևալ: Բայց ուրիշ էլ ի՞նչ պատրաստություն ունիս:

– Էլ ի՞նչ պիտի ունենամ, մնացածն էլ գլխումս է…

– Եվ գրպանումդ, իհարկե:

– Առանց դրան հո բան չի առաջանալ: Բայց, սկզբում, կարծեմ, հարկ չի լինիլ գրպանի օգնության դիմելու: Դեռ առաջ պետք է գյուղը մտնել, գյուղացուն ու նրակարիքներին ծանոթանալ, իսկ այնուհետև ամեն բան հեշտ է:

– Նախանձում եմ քեզ, բարեկամ, որքա՛ն բախտավոր ես, որ կարող ես այդպես ազատորեն նվիրվել հասարակաց գործին, իսկ ես…

– Ո՞վ է քեզ խանգարում հետևել ինձ:

– Ո՞վ է խանգարում… աղքատ ծնողներ պահելու, քույր ու եղբայր ապրեցնելու, և նույնիսկ, ինձ նման ահագին մարդուն կերակրելու անհրաժեշտությունը:

– Այո՛, իրավունք ունիս, քո դրությունը ծանր է, – հարեց իսկույն Կամսարյանը, զգալով որ ընկերի ցավոտ տեղը շոշափեց:

– Բայց վիճակս մասամբ բարվոքելուց հետո, պիտի հիշեմ նաև քեզ հետևելու պարտքս. մի՛ կարծիր թե ուսանողական ժողովի որոշումը կարող եմ երբևիցե մոռանալ:

– Մի՛ վշտանար, բարեկամ, քո ծնողներն ու հարազատները նույնպես հասարակության անդամներ են. եթե դու նրանց խնամում ես, դրանով արդեն որոշ չափով ծառայում ես հասարակությանը: Ես հավատացած եմ, որ երբ դրությունդ բարվոքվի, կաշխատես ավելին անել:

– Անշուշտ:

– Ուրեմն չխոսենք այլևս այդ մասին. դառնանք իմ ձեռնարկության: Ի՞նչ խորհուրդ ես տալիցս. ո՞ր կողմում հաստատեմ օգնության գործը:

– Դու դեռ չե՞ս որոշել:

– Ո՛չ, որովհետև մտածում եմ թե բոլոր կողմերն էլ միևնույնն են ինձ համար, ուր որ հայ շինական կա, այնտեղ էլ կարող եմ գործել:

– Եվ շատ լավ ես մտածում: Նստի՛ր երկաթուղի և գնա դեպի աջ: Հենց որ հասար Աղստաֆա (դա մեր պատմական Աղստևն է, չմոռանաս), իջի՛ր այնտեղ:Փոստային կառքը Աղստև գետի ուղղությամբ կտանե քեզ դեպի Դիլիջան: Անցե՞լ ես դու այդ ճանապարհով:

– Ո՛չ:

– Լավ, ուրեմն, կերթաս և կտեսնես այն աշխարհը, ուր քո պապերն են ապրել: Կարող ես հենց առաջին պատահած գյուղում իջնել և այնտեղ էլ քո օգնության գործը հիմնել: Այժմվանից, իհարկե, դժվար է որոշել թե ի՛նչ պիտի անես, բայց երբ կմտնես ժողովրդի մեջ, այն ժամանակ արդեն ինքդ կտեսնես նրա կարիքները և կսկսեսհոգալ կարևոր դարմանը: Ինչպես լավ, նույնպես և վատ օրինակը վարակիչ է: Երբ քո ձեռքը կստեղծե մի գյուղում գովության արժանի գործ, կտեսնես, որ հետո լույսկ ընկնեն ուրիշ ձեռքեր, որոնք նույնը կանեն ուրիշ գյուղերում: Ո՞վ գիտե, գուցե հենց քեզ է վիճակված կարապետ լինել այն գաղափարական գործին, որ ամփոփում էյուր մեջ գյուղական ժողովրդի ապագա բարօրությունը և որի մասին այնքան շատ խոսել ու քարոզել է հայ լրագրությունը: Երևակայիր թե ինչպիսի հռչակ պիտի վաստակես դու հայ հասարակության մեջ, երբ հայտնի լինի մի օր թե` այն, ինչ որ գրողները միայն երազել են, դու արդեն մարմնացրել ես քո հաստատուն կամքով:

– Դու ինձ ոգևորում ես, բարեկամ, – բացականչեց Կամսարյանը և ընկերոջ ձեռքն առնելով ամուր-ամուր սեղմեց:

– Ոգևորվի՛ր ու գնա գործիր: Աստված անշուշտ կօրհնե քո ընտրած ճանապարհը:

Այսքանն արդեն բավական էր, որ Կամսարյանն յուր որոշումը իրագործեր անպատճառ: Ընկերոջ հեռանալուց հետո նա սկսավ կարգի բերել յուր իրեղենները ևկապկպել:

Չնայելով, որ այդ առթիվ Լիդիա Պավլովնան ու Կիրիլ Կարպիչը մի անգամ ևս լուրջ վիճաբանություն ունեցան իրենց որդու հետ և այս անգամ մայրը ոչ միայն հուզվեց, այլև կարողացավ լաց լինել, այսուամենայնիվ, Պետրոսը մնաց անընկճելի: Միակ զիջումը, որ նա արավ ծնողներին, այն էր, որ խոստացավ չերկարել ճանապարհորդությունը և աշխատել մի քանի շաբթով վերադառնալ Բորժոմ:

Այս պայմանը խաղաղացրեց երկու կողմերն էլ և Պետրոսը մի լուսնկա երեկո յուր պարկ ու պուրկը կառքի մեջ ժողովելով, ճանապարհվեց դեպի երկաթուղուկայարանը:

Է

Կես գիշեր էր, որ գնացքը կանգ առավ Աղստև կայարանի առաջ: Ղազախ ու Դիլիջան գնացողների թվում իջավ գնացքից և Պետրոս Կամսարյանը: Ուղևորներին իրենց ծառայությունն առաջարկող կառապանները մոտեցան նաև վերջինիս և սկսան գովել` մեկն յուր «թռչկան ձիերը», մյուսն յուր «սլլող կալասկան», երրորդն` յուրդինջ «օմնիբուսը» և այլն, և այլն:

Պետրոսը, ինչպես հարմարություններ սիրող մարդ, չէր կամենում փոստի սայլակով ճանապարհորդել, որպեսզի չենթարկվի կայարանների քմահաճույքին, այդ պատճառով էլ ընտրեց «սլլող կալասկան», թեպետ հաստատ չգիտեր թե` որքան է նա հարմար առաջիկա ճանապարհորդության համար: Եվ որովհետև օմնիբուսի,կամ ուրիշ կառքերի տերերը վախեցնում էին նրան ասելով` «էդ կալասկան էդա ճամփի միջումը կոտրվելու ա, քե էլ թողի արևումը խաշվելիս» և այլն, ուստի երիտասարդը սկսավ կասկածել թե միգուցե սխալվել է յուր ընտրության մեջ:

– Սուտ են ասում, աղա ջան, քե վախեցնում են, որ իրանց փայտոնը բռնես, – առարկում էր «կալասկի» տերը և ավելացնում. իմ կալասկեն կըլի չորս տարի, որբանեցնում եմ, հլա պռունգը վնասիլ չի: Հրեն մեկել օրը պրիստավին տարա Ղազախ, ընդիան էլ նաչալնիկին դուրս բերի Դիլիջան, բա խի՞ չկոտրվեց: Հլա նաչալնիկն էլ ասեց «մալադեց Օվանես, տվոյ կալասկա օչեն խարոշի»:

Պետրոսն անշուշտ երկար կմնար երկբայության մեջ, եթե նրան օգնության չհասներ կարճահասակ մի մարդուկ, որն ըստ երևույթին, ծանոթ էր տեղական կառապանների սովորության ու հնարներին:

– Աղա, էս մարդի կալասկեն լավն ա, ըսկի սիրտդ շար (կասկած) մի՛ գցիլ, նստի ու գնա՛: Դու թե ամեն խոսողի լսես, երկու օր կմնաս ըստեղ, – ասաց նա բարեկամաբար:

– Ա՛յ, քու հերը լիս դառնա, ըտենց խոսա է՛, – ուրախացավ Օվանեսը և ապա դառնալով Պետրոսին` ավելացրեց. – տե՛ս, աղա՛, սա վարժապետ մարդ ա, սուտ չի խոսալ, որ ասում ա իմ կալասկեն լավն ա, իմա՛ց որ լավն ա:

– Շատ բարի, գնա՛ լծիր, – կարգադրեց Պետրոսը, նախապես վարձագինը որոշելով: Ապա դառնալով միջամտող մարդուկին` հարցրեց. – ո՞րտեղի վարժապետնեք:

– Դիլիջանից դենը հայի գեղ կա, ընդեղի վարժապետն եմ:

– Ուրեմն դո՞ւք էլ Դիլիջան եք գնում:

– Հրամանք ես:

«Սա կարող է լավ առաջնորդ լինել ինձ» մտածեց Պետրոսը և առաջարկեց նրան` ընկերանալ իրեն:

– Չէ, աղա՛, ես փուրգոնով պտի գնամ, – առարկեց վարժապետը:

– Ինչո՞ւ, մի՞թե կառքը ավելի հանգիստ չէ:

– Հալբաթ կոր (իհարկե) հանգիստ ա, – ծիծաղեց վարԺապետը:

– Ինչո՞ւ ուրեմն չեք գալի:

– Բա գեղի վարժապետը ո՞րդիան կարա կառքի փող տալ:

– Ի՞նչ փող, ես փող չեմ ուզում:

– Բա ո՞նց:

– Հենց այնպես, ձրի: Ես, միևնույն է, կառքի փողը պիտի վճարեմ, շատ ուրախ կլինեմ, եթե դուք էլ ինձ ընկերանաք:

Վարժապետը քաշվում էր և չէր կամենում երիտասարդի առաջարկությունն ընդունել:

– Ա շա՛շ (ապուշ), խի՞ ես մաթ մնացել (զարմացել), լավ բանը գլուխդ վե՞ր չունում, – նկատեց վարժապետին ղազախեցի ծանոթներից մինը:

– Դե խի՞ չի վեր ունում, ասում եմ, ծանդրություն չըլեմ աղի հմար:

– Ոչինչ, ծանրություն չես լինիլ, գնանք, – ասաց Կամսարյանը և իրեղենները հանձնելով բեռնակրին, առաջ անցավ:

Մարդուկը հետևեց նրան:

Կառապանը, որ մի քանի վայրկյանում արդեն «կալասկեն» լծել, բերել էր կայարան, ժողովեց իսկույն Պետրոսի իրեղենները և կառքի ետքին ու առաջին դարսելով, սկսավ ամրացնել: Ապա իմանալով, որ վարժապետն ևս ընկերանում է «աղին», նրա խեղճ կապոցն էլ տեղավորեց մի խորշում: Հետո բարձրացավ յուր նստատեղը,ասաց.

– Ես իմ աստոծը, աղա, լավ ընկեր ես վե կալել, արժանավոր մարդ ա, ըտենց ընկերի հետ գնացած ճանփան էլ բարի կըլնի:

– Հապա ես վատ մարդ կընկերացնե՞մ ինձ, – պատասխանեց Կամսարյանը և կառք բարձրացավ:

– Տեսնո՞ւմ ես, վարժապետ, լավութինը կորչում չի, – նորեն խոսեց Օվանեսը, – դու որ ինձ հմար բարեխոս չէիր ըլել աստոծ էլ քե էս բանին ռաստ չէր բերիլ,փուրգոնի ճռճռոցից ազատվեցար, ութ աբասին էլ մնաց ջեբումդ:

– Լավ, մի՛ երկարացնիր, քշիր տեսնենք, – նկատեց Կամսարյանը, զգալով, որ կառապանի խոսքերը անհաճո պիտի լինեն վարժապետին:

– Քշիլ տեմ, աղա՛, բա քշիլ չըպտե՞մ, քե ընենց լեղով (շուտով) տանեմ, որ նաչալնիկի պես ասես` «մալադեց Օվանես»:

Այս ասելով կառապանը շարժեց սանձերը, խրախուսեց ճիտներին և կառքը սլացավ խճուղու ուղղությամբ:

Լույսը բացված չլինելով, գիշերային զովը զգալի էր դեռ: Պետրոսը փաթաթվելով վերարկուի մեջ, կծկվեցավ կառքի անկյունում և սկսավ խոսակցել վարժապետի հետ:

– Ձեր անունն ի՞նչ է, – հարցրեց նա:

– Քե ծառա` Մոսի, – պատասխանեց վարժապետը:

– Չասացիք ո՞ր գյուղի վարժապետն եք:

– Չբուխլու:

– Չիբուխլո՞ւ: Դա հայո՞ց գյուղ է:

– Հայոց ա, բա՛ ի՞նչ ա:

– Անունը, կարծեմ, հայերեն չէ:

– Հրամանք ես, թուրքերեն ա, ամա մեր վանահայրն ասում ա, շատ առաջ հայերեն ա ըլել: Ճապոտիկ են ասել:

– Վանահայրն ո՞վ է, ձեր գյուղում վա՞նք էլ կա:

– Չէ, Սևանա վանահայրն եմ ասում:

– Սևանը, ուրեմն, մո՞տ է ձեզ:

– Մոտ ա, բա՛, հենց մեր առաջին ա:

Այս նորությունը ուրախացրեց Պետրոսին: Որքա՛ն ժամանակ էր, որ նա փափագում էր տեսնել Գեղամա ծովակը, որքա՛ն լավ բաներ էր լսել նրա մասին, որքա՛ն բաներ կարդացել: Այժմ, ահա, նա կհասներ փափագին:

– Ձեր գյուղում, ուրեմն, ուսումնարա՞ն էլ ունիք, – շարունակեց նա յուր հարցերը:

– Ուսումնարան ո՞րդիան ա. մի տասը-քսան րեխա ես եմ հվաքել մեր տունը, կարդացնում եմ… քե դրուստն ասեմ, ես էլ ըսկի օրինավոր վարժապետ չեմ: Եղցումը,որ էրեցին օգնում եմ, տիրացութին անում, էն ա գեղականն անունս վարժապետ ա դրել:

Ուրեմն Պետրոսի ուղեկիցը տիրացու էր և ոչ վարժապետ: Սրանով էլ պարզվում էր երիտասարդի համար այն հանելուկը, որ վարժապետ կոչվածը գյուղական բարբառով էր խոսում:

Այս նորությունը թեպետ որոշ չափով ձգեց ուղեկցի վարկը Կամսարյանի աչքում, այսուամենայնիվ, վերջինս դարձյալ հետաքրքրվեց նրանով:

– Ո՞րտեղ ես ուսում առել, – հարցրեց նա:

– Հրես, առաջներիս գեղ կա, Քարվանսարա են ասում, ընդեղ եմ կարդացել: Ես ինքս էլ Ղազախի գեղերիցն եմ. միայն Չբխլուի Էրեցը մեր ազգականն էր, զոռեց,տարավ իրա կուշտը (մոտը), ասեց` ըստի տիրացութին պտես անիլ, ժամանակով էլ քահանա կշինեմ քե:

– Լա՞վ գյուղ է Չիբուխլուն:

– Հլե մեզ հմար լավ ա, ուրիշի հմար ի՞նչ գիդամ:

– Ո՞րքան ժողովուրդ ունի:

– Իսկը գիտում չեմ, կըլի որ հարյուր հիսուն տուն ըլի:

– Ի՞նչպես է, որ այդքան տուն չի կարողացել յուր համար ուսումնարան հիմնել:

– Բա, գեղականը ո՞րդիան կարա ուսումնարան հիմնել: Սաղ օրը չարչարվելով, արևի, անձրևի հետ կռիվ տալով ըսկի կտրում չի էնքան աշխատի, որ իրա րեխանց ռուզին հասնի, յա նրանց տկլոր լաշը ծածկի, ուսումնարան ո՞նց տի հիմնիլ:

– Իսկ եթե գտնվի մեկը, որ ցանկանա յուր ծախքով այդ բանն անել, գյուղացիք հո չեն հակառակիլ:

– Բա՛, էդ ի՞նչ ես ասում, աղա ջան, մարդ իրա աչքը քո՞ռ կուզի, գեղացիք չէ թե հակառակիլ չեն, հլա դհենց մարդու ոտն էլ կպաչեն:

«Այս գյուղն, ուրեմն, կարժանանա իմ ուշադրության», – մտածեց ինքն իրեն Կամսարյանը և շարունակեց.

– Իսկ գյուղատնտեսությունը ի՞նչ դրության մեջ է ձեր կողմերում:

– Գյուղատնտեսությունը ո՞րն ա:

– Վարուցանքը, անասնապահությունը, գինեգործությունը…

– Վարուցանքն էս տարի լավ ա, տավարն էլ, փառք աստծու, ցավ ու չոռից ազատ ա, ամա դե գինին մեր կողմերում չի ըլիլ, չուն մեր տեղը սար ա, բաղն արշա չիգալ (չի առաջանալ), – պատասխանեց տիրացուն, այլ կերպ հասկանալով իրան տրված հարցը:

Այդ հանգամանքը կարծես սառեցրեց Պետրոսի հետաքրքրությունը և նա այնուհետև սկսավ ավելի մտածել, քան խոսել: Դրա հետևանքը եղավ այն, որ երիտասարդըտաքուկ վերարկուի և զով օդի ազդեցության տակ սկսավ նիրհել: Եվ որովհետև երկաթուղու վրա շատ քիչ էր քնել, ուստի շուտով էլ քաղցր քուն մտավ:

Տիրացուն յուր կողմից աշխատեց չարթնացնել նրան և քիչ ժամանակից հետո ինքն էլ հետևեց նրա օրինակին:

Սակայն Օվանեսի «կալասկան» շարունակ սլլում էր հարթ խճուղու վրա: Նա արդեն Ղազախը, Գագկա դաշտը և Ուզունթալան անցել և Քարվանսարայի ճանապարհն էր մտել, երբ Կամսարյանն անուշ քնից արթնացավ: Աչքերը բանալով, նա չորս կողմը նայեց և իրեն շրջապատող տեսարանները դիտելով, հիացավ:

Ճանապարհի մի կողմից ընկած Էին հասուն արտեր կամ սիզավետ արոտներ, որոնք ուղղադիր, կամ վայրահակ տարածվում, հասնում Էին մինչև հեռավոր բարձրությունները, իսկ մյուս կողմից կանաչազարդ թումբեր, ձորակներ ու բլուրներ, որոնց հետևում Էին նախ մանր ու ծառախիտ և ապա խոշոր, մշշապատ լեռներ: Դրանց մեջ, իրենց բարձրությամբ, աչքի Էին ընկնում աջ կողմից Նալթեոքանը, իսկ ձախից՝ Կարմիր քարը` յուր երկար լեռնաշղթայով, ապա Համզասարը, Արտազըև այլն, որոնք հետզհետե իրար հաջորդելով հորիզոնը դարձնում Էին վեհ և գեղատեսիլ: Սակայն աջ ու ձախ տարածվող այդ տեսարանների գեղեցկությունը պսակում էր Աղստևի հինավուրց գետակը, որ շարունակ անծայր խճուղուն ընկերանալով, զվարճացնում էր նրա մշտական անցորդներին մերթ վճիտ ջրերի քաղցրկարկաչով, մերթ փոքրիկ ջրվեժների փափուկ շառաչով և հաճախ, յուր եզերքը ծածկող կամ յուր եղտյուրներում խմբովին ցոլացող ծառերի պուրակներով: Արևը, որ նոր էր յուր շողերը սփռում Աղստևի ձորի վրա, այդ տեսարաններին տվել էր մի դյութական պայծառություն, վառելով մշուշը լեռների չանչերում, կանաչը` ծառերի կատարին, դալարը` դաշտերի մեջ և ցողը` ծաղիկների վրա:

– Օ՛հ, ի՞նչ գեղեցիկ և որքան հրաշալի է մեր երկիրը, – բացականչեց Կամսարյանը, հրապուրվելով բնության այդ սիրուն տեսարաններով և ապա ձեռքերն աջ ու ձախ տարածելով, կամենում էր կարծես հորիզոնը գրկել:

– Ըստեղ հլա ի՞նչ գեղեցկութին կա – գեղեցկութին, գեղեցկութին Դիլիջանա դենն ա, Շամլուխի ձորումը, Մայմեխի լանջերին, հրես գնում ենք, կտեսնաս, – նկատեց տիրացու Մոսին:

1
...

Бесплатно

4.33 
(3 оценки)

Читать книгу: «Առաքյալը»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно