ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Նախ շվարածի պես է այս տարափին տակ, ետքը գլուխը վեր կառնե, կնայի շրջապատողներուն տեսակ մը ապշությամբ) Դուք… հոս իմ շուրջս, ե՞ս… հոս կեցած ձեր մեջը… Ես ձեր վանահայրը, դուք իմ միաբանությունս, իմ իսկ հիմնած: (Ժպտուն) Միաբանություն, ինչ միություն ձեր ու իմ մեջ… (Աչքերը շփելով) Կարծես կապը կիյնա աչքերես: Ինչպե՞ս է եղեր, որ ես չեմ հասկցեր այսքան պարզ բանը, այսքան ակնհայտնի: Մինչև հոս, մինչև անապատ կրցեր ենք մենք միասին: Մինչ հոս ես կրնայի բերել ձեզի, մինչև հոս կարելի է բերել մարդը, բայց հոսկե անդին… հոսկե անդին մարդ ինքը պիտի երթա: Ճշմարիտը դուք եք, այդ եկեղեցին պետք է, որ մնա, ան է ձեր եկեղեցին, գացեք, գացեք, ներս, ան կուտա ձեզի անվերջ աղոթքներ ու մխիթարանք, ան կբանա ձեզի արքայության դռները, կազատե ձեզի բոլոր սատանաներեն, ան ձեզի ձեր հացն ալ կուտա ու ձեր հագուստը գացեք, գացեք, ներս ու խաղաղությունը թող ըլլա ձեզի հետ: Իսկ իմ փնտրածս ատիկա չէ, իմ փնտրածս աշխատանքն է, ներքին անդուլ ու անկաշկանդ որոնումը` ներքին անվերջ նվաճումները բարձունքե-բարձունք, պարսպե-պարիսպ, տարակույսներու անդունդներուն վրայեն, ելքերով ու անկումներով, անդադար խոյանք մը դեպի ճշմարտությունը: Գացեք, գացեք ներս դուք ձեր եկեղեցին, ես ալ երթամ շինեմ իմ եկեղեցիս, բայց այս անգամ ես, միայն ես, և կետվածք մը, որ վայել ըլլա իմ Աստծուս բնակությանը, որու կամարներուն տակ իմ խնկելիք աղոթքիս ոչ մեկ բառը կեղծ չհնչե, ոչ մեկ բառի արձագանքը դատարկ չհնչե:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Ծաղրով) Ատ ո՞ւր պիտի շինես, վանահայր, քու նոր կերտվածքը:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Ծաղրով) Եվ ինչե՞, գրանի՞տ պիտի ըլլա, թե՞ մարմարե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Գրանիտ ու մարմար, որձաքար ու ամեն տեսակ քար ես կթողնեմ աշխարհի աստվածներուն: Իմ տաճարիս հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները իմ կամքս է, ու գմբեթն ալ ըլլալու է հավատքս:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Շատ խախուտ է, վանահայր, նոր շենքիդ հիմքը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Անփույթ) Խախուտ է` կփլի:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Եվ այն ատե՞ն…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կշինեմ նորը:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Բայց ատիկա վերջ չունի:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կուզեիր, որ վերջ ունենար: Քանի կապրինք` շինենք պիտի, պիտի շինենք մեր Աստծուն իր տաճարը, շինենք ու փլի, շինենք ու քանդենք, շինենք ու շինենք միշտ, բայց երբեք, երբեք չավարտենք: Հենց որ ավարտի ալ տաճար չէ Աստծու, որուն երբեմն երկրպագեր են: Բայց կտեսնեմ` ալ մենք իրար չենք հասկնար: Մնաք բարով, ձեր Աստվածը ձեզի հետ: