Читать бесплатно книгу «Մեծապատիվ Մուրացկաններ» Հակոբ Պարոնյան полностью онлайн — MyBook
image

Բ

Բեռնակիրներն ոչ լսած և ոչ ալ տեսած էին Ծաղկի փողոցն, բայց քաջալերվելով կարգ մը մարդերեն, որք գիտնալ կը ձևացունեն, ինչ որ չեն գիտեր, և որք խիստ բազմաթիվ են մեր ազգին մեջ, համարձակած էին ըսել Աբիսողոմ աղային, թե շատ աղեկ գիտեին Ծաղկի փողոցը։

Բեռնակիրներուն այս հանդգնությունն այնքան պարսավելի չէ, որչափ այն մարդերունն, որ խոհարարություն ուսած են և բանադատություն կընեն, կամ քիչ մը երկրաչափության պարապած ըլլալով՝ աստղերուն շարժումներուն վրայոք կը ճառեն, կամ երկու սագ և չորս կով մեծցուցած ըլլալով՝ դաստիարակության խնդիր կը հուզեն, կամ զավակ մ՚ ունեցած ըլլալով՝ առաջին մարդուն ո՛ր աշիարհի մեջ ծնած ըլլալուն վրա կատենաբանեն, կամ վերջապես անանկ նյութի մը վրա կը խոսին, որ բոլորովին օտար է իրենց, այո՛, այս մարդերուն հանդգնությունն ավելի է, վասնզի բանադատությունն կամ աստղագիտությունն կամ մանկատածությունն և այլն Ծաղկի փողոց չէ, որ ուրիշներուն հարցնելով անմիջապես սորվի մարդ։ Եվ արդարև բեռնակիրներն, ամեն քայլափոխին, իրենց դեմն ելնողներուն հարցունելով՝ անմիջապես գտան Ծաղկի փողոցն և թիվ 2 տան դուռը զարկին․ մինչդեռ ես շատ ատենաբաններ մտիկ ըրած եմ, որ յոթը–ութը ժամ շարունակ խոսելով՝ չեն կարողացած իրենց փնտրած փողոցը գտնել և ստիպված են ուրիշ փողոցներու մեջ թափառիլ և թափառեցնել իրենց ունկնդիրներն՝ անոնց քթեն բռնելով։

Բեռնակիրները դուռը զարնելուն պես դուռը բացվեցավ և ներկայացավ իրենց թուխ և երկար դեմքով կին մը, որուն դեմքին վրա ժամանակն այնքան գծեր գծած էր զայն սրբագրելու համար, որքան որ կը գծե «Մասիսի» խմբագիրն յուր չորս տող մեկ ձեռագրին վրա, որ կամ մեկուն վախճանիլը կիմացունե և կամ ուրիշի մը կարգվիլը։

Բեռնակիրները դռնեն ներս մտնելով բեռները գետինը ձգեցին և սկսան իրենց քրտինքը սրբել։

– Աբիսողոմ աղային ըլլալու են ասոնք, այնպես չէ՞, – հարցուց բեռնակիրներուն թխադեմ տիկինը։

– Անունը չըսավ մեզի, – պատասխանեց բեռնակիրներեն մին՝ սև թաշկինակովն գլխուն քրտինքը սրբելը շարունակելով։

– Ի՞նչ տեսակ մարդ էր։

– Խոշոր թիկնոց մը հագած էր։

– Ի՞նչ գույնով էր, ճերմա՞կ թե թուխ։ – Ո՛չ, սև էր։

– Սև՞ էր։

– Այո, սև, բայց աղվոր, անոր փաթտըվողը ձմեռը չմսիր։

– Ատ ի՞նչ խոսք է, փաթտըվիլն ի՞նչ պիտի ըլլա․․․ ես քուկին գիտցած կնիկներեն չեմ, հասկցա՞ր, – ըսավ տիկինը յուր խոսքերը շեշտելով։

– Վնասակար բան մը չըսի․ փաթտըվելով ի՞նչ կըլլա եղեր, – պատասխանեց բեռնակիրն աթոռի մը վրա փռելով յուր թաշկինակն։

– Ատկե ավելի վնասակար ի՞նչ կրնա ըլլալ։

– Շատ բարակ բաներու մեր խելքը չպառկիր։

– Ես կը պառկեցունեմ․․․ դուն զիս կը ճանչնա՞ս․․․։

– Փաթտըվելեն ի՞նչ վնաս կուգա։

– Ես էրիկ ունիմ, ինչու պիտի փաթտըվիմ եղեր անոր։

– Էրիկ ունեցողներն ալ կը փաթտըվին․ էրիկն ուրիշ, աս ուրիշ․ աս կը տաքցունե։ Ըսենք, որ ձմեռը գիշեր մը դուրս ելար, փողոցին մեջ էրկանդ չես կրնար փաթտըվիլ, բայց աս կռնակդ կառնես․․․։

– Աբիսողո՞մ աղան։

– Թիկնոցը, տիկին․․․ Աբիսողոմ աղան կռնակի վրան կառնվի՞։

– Մինչև հիմա թիկնոցի՞ վրա կը խոսեիր։

– Խոսքերնիս թիկնոցի վրա չէ՞ր մի․․․ Հապա դուն ի՞նչ հասկցար։

– Ես հասկցա, որ Աբիսողոմ աղային փաթտըվելու է, կըսես։

– Տեր ողորմյա, տեր ողորմյա, տեր աստված, – ըսավ բեռնակիրն՝ թաշկինակը քաշելով աթոռեն։

Տիկինն բեռնակրին տված բացատրութենեն գոհ ըլլալով, հրամայական եղանակով մ՚ ըսավ․

– Աս անկողինն և սնդուկներն վե՛ր հանեցեք։

Բեռնակիրներն հնազանդելով բեռներն նորեն վերցուցին, և հազիվ թե սանդուղին առաջին աստիճանին վրա կոխած էին, տիկինն պոռաց․

– Լեռնե՞ն եկաք դուք։

– Ոչ, մեծ փողոցեն եկանք։

– Գիտեմ, որ մեծ փողոցեն եկաք․ այդ ոտքի ամաններով վեր կելնվի՞․ տեսեք՝ ի՞նչ ըրիք տախտակներս, ես այսօր սրբեցի զանոնք, և հոգիս բերանս եկավ։

– Ի՞նչ ընենք, ուրիշ ոտքի աման չունինք։

– Ինչո՞ւ կայներ երեսս կը նայիք, չհանե՞ք տվոնք։

– Մի՛ պոռար, տիկին, մի՛ պոռար, կը հանենք։

Եվ հանեցին իրենց ոտքի ամաններն, որք ավելի մաքուր էին, քան իրենց ոտներն։

– Ա՞յդ ոտքերով վեր պիտի ելնեք, – կրկնեց տիկինն։ – Ուրիշ ոտք չունինք, այս ոտներով պիտի ելնենք, – պատասխանեցին պանդուխտներն այնպիսի խղճուկ կերպով մը, որ կարծես թե իրենց աղքատության պատճառով երկու ոտքեն ավելի չէին կրցած ունենալ, և որպես թե հարուստներն չորս, հինգ կամ վեց ոտք ունեցած ըլլային։

– Վա՛ր իջեք, չեմ ուզեր, գետինը ձգեցե՛ք, ես կը տանիմ։

– Ատանկ ավելի աղեկ կըլլա։

– Ա՛հ, ես ի՞նչ ըսեմ իմինիս, որ գործի չերթար, և առտվնե մինչև իրիկուն սրճարանները կերթա, կը նստի, ազգային գործերու վրա կը խոսի, զիս ասանկ խեղճ կը թողու, և ես ալ կստիպվիմ տունս մարդ դնելու, – մռմռաց ինքնիրեն տիկինն և սանդուղին առջև դրված թաց լաթով մը սանդուղին առաջին աստիճանն սրբել սկսավ։

– Տիկին, մենք սպասե՞նք պիտի․․․

– Եթե խելքը գլուխը մեկն ըլլար, – շարունակեց տիկինն ինքնիրեն, – ես հիմա թագուհիի մը պես կյանք կանցունեի․ զավակ չունիմ, բան չունիմ․ բայց ինչ ընեմ, որ խելքը միտքը թաղական ընտրելու և թաղական վար առնելու վրա է։ Աստուծմե գտնան այն թաղականներն ալ, որ ամենուս խեղճությանը պատճառ կըլլան կոր։ Ինչո՞ւդ պետք քուկին, տնաշեն, ուզողը նստի, չուզողը չնստի, դո՞ւն մնացիր այս ազգին գործերը շտկող․․․

– Տիկին, մեր իրավունքը տուր, որ երթանք, պարապ տեղը չսպասենք հոս, – ըսին բեռնակիրները։

– Վաղը եկեք, – պատասխանեց տիկինն․ և բեռնակիրներն, որք վաղը բառն ամեն օր լսելու վարժված էին, տիկնոջ պատասխանին վրա դռնեն դուրս ելան։

– Թաղականի մը ետևեն է ինկեր, – շարունակեց տիկինն դարձյալ, և բնավ չմտմտար, որ ուտելու համար հաց պետք է, միս պետք է, եղ պետք է, բրինձ պետք է․ զանոնք եփելու համար փայտ պետք է, ածուխ պետք է․ ասոնք բնավ չհարցուներ, առտուն լուսը չճեղքված կերթա և իրիկվան մութուն կուգա։ Ահա հյուրերնիս այսօր եկած է և ժամե մը հոս պիտի գա․ հարկավ անոթի է մարդն, առջևը բան մը հանելու է, որ ուտե, և մենք բան մը չունինք, վասն զի իրիկունները տուն եկած ժամանակ կտոր մը միս կամ ձուկ չբերեր, որ տունին մեջ կերակուր գտնվի․․․ թաղականեն ուրիշ բան չունինք տուներնուս մեջ, ամեն իրիկուն թաղական․․․

Տիկինն դեռ դիտողություններն լմնցուցած չէր, և ահա յոթանասունի մոտ մարդ մը, որ բանալիով բացած էր դուռն, ժպիտով ներս մտավ և բարևեց տիկինը։ Այս մարդը տիկնոջ ամուսինն էր։ Յուր խորշոմած կունտ ճակատն չափեն ավելի դուրս ցցված էր և այնպիսի դեմք մը ուներ, որ կարծես, թե մեկն զայն կը խտղտեր։

Այս մարդն հազիվ թե դռան սեմեն ներս ոտք կոխած էր, կինն առջևն ելնելով՝ հարցուց անոր։

– Ո՞ւր էիր մինչև հիմա, մարդ աստուծո։

– Չես ըսեր, կնի՛կ, թաղականին գործն ալ այսօր լմնցուցինք․ կիրակի օրը քվեարկությունը պիտի կատարվի, և բոլոր անդամները պատվավոր մարդիկ պիտի ըլլան։ Թորոս աղան ինծի քանի մը օղի խմցունելով ետևես ինկավ, որ յուր ուզած մարդոցը քվե տամ, բայց ես իմ մարդոցս տվի, վասնզի իմ մարդիկս ինծի ամեն գիշեր օղի կը խմցունեն և շատ բարի և պատվավոր մարդիկ են, ուրիշներուն պես թաղին սնտուկեն ստակ չեն գողնար և դպրոցն ալ․․․

– Այդ խոսքերուն ատենը չէ հիմա, շուտ մը գնա կտոր մը միս առ։

– Թորոս աղան քիչ մը սրդողեցավ, և ասկից վերջը հետս սքամպիլ չպիտի խաղա․ թո՛ղ չխաղա՜․․․։

– Ես քեզի ի՞նչ կըսեմ կոր․․․ շուտ ըրե՛, գնա՛։

– Ես ալ տիրացու Մարտիրոսին հետ տամա կը խաղամ ասկից ետքը․․․

– Այդ խոսքերը վերջն ալ կընենք, Մանուկ աղա, գնա՛ մսավաճառեն քիչ մը միս առ ու բեր։

– Տիրացու Մարտիրոսին գլխուն եկածը չես ըսեր, կնի՛կ․ խեղճին կինն այս գիշեր մազ մնացեր է, որ մեռնի եղեր․․․

– Ինչո՞ւ։

– Մանչ մը բերեր է․ բայց շատ դժվարությամբ․ չորս դայակ և տասնվեց բժիշկ հազիվ կրցած են տղան առնել։

– Խեղճ կնիկ․․․

– Վաղը քիչ մը գնա՛, զինքը տե՛ս։

– Կերթամ, հիմա դուն գնա, սա մսին գործը լմնցուր։

– Այս գիշեր անպատճառ միս պե՞տք է։

– Հապա, Աբիսողոմ աղային անկողինն ու սնդուկները բերին, ինքն ալ հիմա կուգա։

– Իրա՞վ կըսես, կնի՛կ։

– Սուտ ինչո՞ւ պիտի խոսիմ։

– Շատ աղեկ ուրեմն․ երթամ պատվական միս մ՚ առնեմ ու գամ։

Մանուկ աղան անմիջապես տունեն դուրս ելավ և հազիվ թե քանի մը քայլ առած էր, կինը ետևեն պոռալ սկսավ․

– Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա․․․ Մանուկ աղան ետ դարձավ․

– Միսն ինչո՞վ պիտի եփենք, – հարցուց կինը։

– Կուզես գետնախնձորով եփե՛, կուզես լուբիայով։

– Ատ չէ իմ ըսածս․ ածուխ չունինք, քիչ մ՚ ալ ածուխ առնեիր։

– Շատ աղեկ, – պատասխանեց Մանուկ աղան և սկսավ երթալ։

– Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա, – կանչեց տիկինը նորեն։

Ետ դարձավ Մանուկ աղան։

– Աղեկ ա՛, մինակ միսով չըլլար, քիչ մ՚ ալ բրինձ ա՛ռ, որ ապուր մ՚ ալ շինենք։

– Աղեկ ըսիր, կնի՛կ, քիչ մ՚ ալ բրինձ առնենք։

Մանուկ աղան այս անգամ վազելով սկսավ երթալ․ փողոցը դառնալու վրա էր, երբ կինն բոլոր ձայնովն ետևեն զայն կանչեց․

– Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա․․․ Ման․․․

Կանգ առավ էրիկն և վերստին ետ դարձավ՝ այս անգամ դեմքին զվարթության վրա քիչ մը գեղջ ընելով։

– Ի՞նչ կուզես․․․

– Մարդ աստուծո, շոգեկառքի պես կը վազես, ձայնս մարեցավ։ Սոխ չունինք, աղ ալ չունինք, քիչ մ՚ ալ գազ կամ ճրագ առնելու է, որ վառենք․ մարդը մութո՞ւն պիտի նստեցունենք։

– Աղեկ ա՛, ամենը մեկեն ըսե, որ նպարավաճառին երթամ և պետք եղածներն առնեմ․ հարյուր անգամ ետևես կանչեցիր։

– Ջուրի շիշ ալ չունինք․․․ գլուխս կապելու բան մը չունիմ, ոտքս հագնելու կոշիկ չկա․ այս վիճակին մեջ ի՞նչպես Աբիսողոմ աղային դեմը ելնեմ։

– Հիմա ուտելիքը առնենք, վաղն ալ հագնելիքը կը մտմտանք, – ըսավ Մանուկ աղան և դուռն ուժով մը քաշելով դուրս ելավ։

– Մանո՛ւկ աղա, Մանո՛ւկ աղա․․․

– Ուզածիդ չափ պոռա՛, ա՛լ ետ չեմ դառնար, – մռմռաց Մանուկ աղան և ճամփան շարունակեց։

Մանուկ աղան քանի մը փողոց դարձած էր, երբ կնկան ձայն մը առավ, որ զինք կը կանչեր։

– Գործ չունիս նե, պոռալով ետևես վազե, – ըսավ ինքնիրեն Մանուկ աղան՝ առանց գլուխն ետ դարձնելու՝ տեսնելու համար, թե ով էր զինք կանչողը։

– Մանուկ աղա, Մանուկ աղա, – կրկնեց ձայնը, որ տիրացու Մարտիրոսին տասնամյա աղջկանն էր։

Մանուկ աղան շարունակեց յուր ճամփան․ և տիրացու Մարտիրոսին աղջիկն՝ քայլերն փութացնելով՝ տասը քայլ հեռավորությամբ մոտեցավ անոր։ Խեղճին շունչը կտրած ըլլալով՝ անգամ մ’ալ կրցավ պոռալ.

– Մա՛նուկ աղա։

Դարձյալ պատասխան չառավ և ստիպվեցավ քիչ մ’ալ քալելով Մանուկ աղային հագուստի ծայրեն քաշելու։

– Թող տուր, կնի՛կ, – ըսավ Մանուկ աղան՝ առանց ետևը նայելու։

– Բան մը պիտի ըսեմ։

– Մտիկ ընելու ժամանակ չունիմ․ ըսածներդ արդեն չեմ կրնար միտքս բռնել, հիմա ելեր, ուրիշ բաներ ալ պիտի ըսես․․․

– Դայակին տունը պիտի հարցունեի․․․

Դայակ բառը լսելուն պես արթնցավ Մանուկ աղան և ետևը տիրացու Մարտիրոսին աղջիկն տեսնելով՝

– Աղավնի, դո՞ւն էիր ետևես վազողը, – հարցուց անոր։

– Ա․․․յո․․․ես․․․ – պատասխանեց Աղավնին, որ հևալեն ա՛լ չէր կարող խոսել։

– Մայրդ ի՞նչպես է։

Աղավնին կը հևար։

– Չըսե՞ս, մայրդ ի՞նչպես է․․․ դժբախտությո՞ւն մը պատահեցավ։

Աղավնիին բոլոր պատասխանը հևալ էր․․․

– Հետաքրքրութենես պիտի ճա՛թիմ․․․ չըսե՞ս, աղջիկ, հևալու ժամանա՞կ է հիմա, մայրդ ի՞նչպես եղավ։

– Մայ․․․րի․․․կս․․․ ա․․․ղեկ է, բայց․․․տը․․․ղան․․․ ծիծ չը․․․բռ․․․ներ․․․կոր․․․ դա․․․յա․․․կը․․․պի․․․տի․․․

– Շատ լավ, շատ լավ, աղջիկս, դուն տուն գնա, դայակն ես կը ղրկեմ։

Աղավնին բաժնվեցավ Մանուկ աղայեն, որ ճամփան փոխեց դայակին տունը փնտրելու համար։

Չուզելով մեր ընթերցողին ձանձրույթ պատճառել՝ կը թողունք Մանուկ աղան, որ ամեն քայլափոխին բարեկամի մը կը հանդիպեր և անոր կծանուցաներ կամ թաղականին ընտրությունը կամ տիրացու Մարտիրոսին կնկան մանչ զավակ մը բերելն կամ Աբիսողոմ աղային գալը։ Դառնանք հիմա Աբիսողոմ աղային։

Бесплатно

4.92 
(13 оценок)

Читать книгу: «Մեծապատիվ Մուրացկաններ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно