Читать книгу «Սատանան մայրամուտին» онлайн полностью📖 — Դօրիան ․ — MyBook.

3. 100 եվրո

Տասնմեկն անց կես էր, երբ պարոնը «Շյուղեր» մտավ: Նկատելով նրան` Դավիթը առաջ գնաց, որպեսզի ողջունի: Արդեն ուզում էր ձեռքը մեկնել, երբ պարոնը, առանց իր վրա նայելու, կարգադրեց.

– Ինձ համար այն նույն համարը պատրաստեք, ինչ անցած անգամ:

Դավիթը ապշած էր: Չէր կարծում, որ խոսակցությունն այսպիսի ընթացք կունենար:

– Միայնա՞կ եք գիշերելու:

– Այո:

Եվ պարոնը բառի կողմ գնաց:

Դավիթը վերցրեց 16-րդ համարի բանալին և բարձրացավ երկրորդ հարկ, որտեղ էլ գտնվում էր սենյակների մեծամասնությունը: Բացեց դուռը, ստուգեց սենյակի մաքրությունն ու հիգիենայի միջոցների առկայությունը: Ամեն ինչ աչքի անցկացրեց և ուզում էր դուրս գալ, բայց մի պահ մեջը կասկած առաջացավ: Եթե պարոնը նարկոբիզնեսով է զբաղվում, նա, բնականաբար, պիտի խուսափեր օտար աչքերից: Հենց դրա համար էր ամբողջ այս թատրոնը: Իսկ ի՞նչ, եթե նա դիտմամբ է վերև ուղարկել իրեն: Դավիթը որոշեց սենյակում սպասել պարոնին: Քսան րոպե, կես ժամ, քառասուն րոպե, բայց պարոնը չկար: Ի վերջո, երիտասարդը որոշեց դուրս գալ: Նոր էր դուռը բաց արել, երբ իր առաջ դուրս եկավ Ռուբիկը: Հարբած։ Հազիվ էր ոտքերի վրա կանգնում:

– Այ Դավիթ, էս ո՞նց վախացրիր:

– Ի՞նչ ա եղել, Ռուբիկ:

Ռուբիկը ցուցամատը շուրթերին մոտեցրեց:

– Շշշ: Վերևում մարդ կա՞:

– Չկա, բայց գալու ա:

– Ձենդ, Դավիթ, ձենդ… Շատ ապասնի գործ ենք ֆռցընում: Բայց ես Ռուբիկը չըլնեմ, եթե էս գործը գլուխ չհանեմ: Այ, կտենաս: Ասա, էղե՞լ ա էսքան վախտ, որ մի բան ասեմ ու չանեմ: Դու ասա:

– Չէ, Ռուբիկ, չի եղել: Արի ներքև իջնենք: Հիմա հաճախորդ ա բարձրանալու:

– Արա, Դավիթ: Արա, քաշու՞մ ես, արա: Արա, չեմ ջոգում, արա, դու իմ վա՞տն ես ուզում, արա: Է՞դ ենք էղել:

– Չէ, Ռուբիկ: Քո մասին եմ մտածում, դրա համար էլ ասում եմ: Արի ներքև իջնենք:

– Չե՞ս զգում:

– Ի՞նչ:

– Որ ստեղ մի բան պտի կատարվի, Դավիթ:

Դավիթի սիրտը կասկած ընկավ: Մինչ այս կարծում էր, թե Ռուբիկի փոխարեն օղին է խոսում: Բայց տարօրինակ զգացում ունեցավ՝ մարմնով սարսուռ անցավ, աչքերի առաջ ասես ամպ լիներ: Ձեռքը հենեց պատին, որպեսզի վայր չընկնի:

– Ջան, ջան, – սկսեց աղմկել Ռուբիկը, – Էկան նորապսակները: Տղեք, մի հատ շախո՜վ:

– Ձենդ, Ռուբիկ, – մի կնոջ թևանցուկ արած մոտեցավ Արմենը, – Փոխանակ ծածկես, շուխու՞ռ ես անում:

– Վայ, մեռնեմ հոգուդ, հորս արև, թե ուզելով եմ արել: Չուզելով արեցի:

– Լավ, լավ, ներքև իջի, ապրես: Դավ, հելանք:

Դավիթը նոր-նոր էր սկսել հասկանալ, թե ինչ է կատարվում շուրջը: Մտքերը բոլորովին այլ կողմ էին, մի պահ չցանկացավ հավատալ, որ Ռուբիկը Արմենի արարքի մասին էր խոսում: Կարծում էր, թե որևէ գերբնական բան պիտի տեղի ունենար: Բայց արի ու տես, որ ոչ:

– Դավիթ, – կանչեց Արմենը, որն իր ուղեկցորդուհուն արդեն մտցրել էր համարներից մեկը, – Դե արի, հո տաս ժամ չե՞նք սպասելու:

Դավիթը գնաց այն սենյակ, որտեղ իրեն էին սպասում Արմենն ու մարմնավաճառուհին:

– Առաջինը ես եմ, – աչքով արեց Արմենը, – Նայու՞մ ես, թե՞…

– Գնամ լվացվեմ:

Դավիթը լոգարան մտավ: Հայելու մեջ նայեց իրեն: Աչքերի մեջ արյուն էր հավաքվել: Առաջին անգամ մտքով անցավ, որ, հնարավոր է` հիվանդ է: Ամեն ինչ դրա մասին էր խոսում: Չէր ցանկանում հավատալ: Նա չպիտի հիվանդանար: Նյարդերից շնչառությունն արագացավ: Անհնար էր ժխտել, որ իր հետ մի բան այն չէր: Վատ էր ու գնալով ավելի էր ծանրանում վիճակը: Գլուխը ջրի սառը շթի տակ պահեց: Կարծես միայն այդ պահին ուշքի եկավ: Չգիտեր, թե ինչքան ժամանակ էր, ինչ լոգարանում էր: Ասես այնտեղ քնած լիներ: Պատահմամբ հիշեց իրեն սպասող պարոնի մասին: Նույն րոպեին դուռը բաց արեց Արմենը: Մերկ էր ու քրտնած:

– Թռար ստուց, – դիմեց նա Դավիթին, – Պտի լողանամ ու ներքև իջնեմ: Թե չէ` Մարգոն կջոկի: Պահպանակն էդ քածին տվեցի, կվերցնես:

Դավիթը թողեց Արմենին և դուրս եկավ: Կինը նստած էր անկողնու վրա: Դավիթը մոլորված սեղանին մոտեցավ:

– Է՜ – կանչեց նրան կինը և երբ երիտասարդն իր կողմ շրջվեց, ցույց տվեց նրան ձեռքի պահպանակը, – Արի, իմ մոտ ա:

Դավիթը մոտեցավ կնոջը և սկսեց արձակել տաբատը: Այդ ժամանակ միայն հասկացավ, որ ոչինչ չէր զգում: Մտածեց, թե կինն այնքան էլ համակրելի չէր ու սկսեց վերհիշել տեսած բոլոր պոռնոֆիլմերը ու իր նախորդ անգամները, բայց ոչինչ չէր ստացվում: Լարված էր: Մտքերը շեղվում էին: Չէ, անհնար էր: Առաջին անգամ կյանքում նման խնդրի առաջ կանգնեց: Նա կոճկեց տաբատն ու դուրս եկավ սենյակից:

Միջանցքում էր, երբ պարոնի սենյակում շարժ լսեց: Մոտեցավ և թակեց դուռը:

– Մտեք, – ներսից ձայն տվեց պարոնը:

Դավիթը երկմտանքով ներս մտավ: Պարոնը նստած էր բազկաթոռին և ինչ-որ հեռուստածրագիր էր նայում:

– Փակեք դուռը, խնդրում եմ:

Դավիթը փակեց դուռը և հարցական հայացքով նայեց պարոնին: Պարոնը լուռ էր:

– Դուք ինձ չասեցիք, թե ինչ աշխատանք է:

Տղամարդը նայեց նրան ու ժպտաց:

– Հանիր վերնաշապիկդ:

– Ի՞նչ, – զարմացավ Դավիթը:

– Երիտասարդ, ես ասեցի հանիր վերնաշապիկդ:

– Ինչի՞ համար:

– Տղա չե՞ս: Ի՞նչ ես ամաչում:

Դավիթը որոշեց չշարունակել հարց ու փորձը: Վատ բան չկար նրանում, որ իրեն խնդրում էին հանել վերնաշապիկը: Հեղինակության վրա դրանից բիծ չէր լինի: Ճիշտ է, դա տարօրինակ խնդրանք էր, բայց քանզի պարոնը ոչինչ չէր բացատրում… Ո՞վ գիտե, գուցե իրեն էր փորձում: Տղան հանեց վերնաշապիկը և մոտակա աթոռի վրա դրեց: Պարոնը գրպանից հանեց դրամապանակը, փորփրեց այն և 50 եվրո դրեց սեղանի վրա:

– Շապիկդ էլ հանիր:

Դավիթը ոչինչ չէր հասկանում: Մի՞թե հիսուն եվրոն իրենն էր: Ինչի՞ համար: Միայն նրա՞, որ հանեց վերնաշապիկը: Նա շտապ մի կողմ նետեց շապիկը: Պարոնը դրամապանակից ևս հիսուն եվրո հանեց ու դրեց մյուսի վրա:

– Վերցրու: Կարող ես հագնվել և գնալ:

4. Երջանիկ կիրակի

Տիկին Սաթենիկը հալվա էր պատրաստել․ որդին շատ էր սիրում: Ուզում էր, որ գոնե կիրակի օրը մի յուրահատուկ բան ունենային տանը: Բացի այդ, Դավիթը վատ էր սնվում, իրեն բոլորովին չէր հետևում: Սաթենիկը նկատում էր, թե ինչպես է աչքերի առաջ նիհարում որդին: «Պիտի ամուսնանա»,– պնդում էին հարևանուհիները և առաջարկում իրենց աղջիկների թեկնածությունը: Իհարկե: Ոչ միայն համակրելի տղա էր, այլ նաև սովորող ու պիտի որ լավ ապագա ունենար: Բոլոր նրանց համար, ովքեր հարուստ փեսաների հույս չունեին, Դավիթը լավագույն տարբերակն էր: Սաթենիկն ինքն էլ էր արդեն եկել այն համոզմանը, որ որդուն հարսնացու է պետք: Երբ հարևանների տուն էր գնում, կամ բակում նստած էր, աչքի տակ էր առնում ջահել աղջիկներին ու փորձում պարզել, թե ինչ ընտանիքից են, ով են, ծնողներն ովքեր են: Հարկավոր էր հնարավորինս շուտ հարս գտնել, այլապես որդին լրիվ հյուծվում էր: Ուր որ է քսան տարեկան էր դառնալու: Հարևան Վարսիկն ասում էր, եթե տղամարդն այդ տարիքում չսկսի սեռական կյանք վարել, հետագայում լուրջ հիվանդություններ ձեռք կբերի: Ու Սաթենիկի սիրտը վախ էր ընկել: Իր որդին հո այն անդաստիարակներից մեկը չէր, ով քարշ է գալիս մարմնավաճառուհիների հետ ու խաբում ջահել աղջիկներին: Նրան օրինական կին էր հարկավոր:

Լսվեց դռան ձայնը: Սաթենիկը առաջ գնաց և տեսավ որդուն` ձեռքին տոպրակներ:

– Էս ի՞նչ ա, Դավիթ:

– Մեր համար հագուստ եմ առել, մամ: Ինչքա՞ն պտի էս հին քրջերով ման գանք:

Դավիթը տոպրակները բազմոցի վրա դատարկեց ու սկսեց ցույց տալ, թե ինչ է գնել:

– Ճիշտ ա, մամ, թանկանոց շորեր չեն, բայց վատն էլ չեն: Նայի, թե ինձ ինչ վերնաշապիկ եմ առել: Սազում ա, չէ՞:

Սաթենիկն ապշած էր: Վաղուց է, ինչ նոր շորեր չուներ: Չէր էլ մտածում այդ մասին: Ի՞նչ էր անում տարատեսակ հագուստը: Ախր, հարևանի տանից այն կողմ չէր գնում: Ինչի՞ն էր պետք: Նա զարմացած ուսումնասիրում էր որդու գնումները, իսկ մտքում միայն մի հարց էր` «Որտեղի՞ց»:

– Բա փողը որտեղի՞ց, այ բալա, – վերջապես իրեն հավաքելով, հարցրեց Սաթենիկը:

– Մի հատ մարդ տվեց: Մնացել էր մեր հյուրանոցում, առավոտը գնալուց հարյուր եվրո էր թողել սեղանի վրա: Բախտս բերեց ե՛ս մտա սենյակը նայելու, ոչ թե Արմենը:

– Այ Դավիթ ջան, մոռացած կլինի: Էդքան մեծ գումարը ո՞վ կթողներ: Ով գիտի արդեն ետ ա եկել, որ ման գա: Իզուր ես վերցրել:

– Չէ, մամ, չէ, առխային: Շատ հարուստ մարդ էր: Առաջին անգամ չի նման բան անում:

Միայն այդ խոսքերից հետո Սաթենիկը կռացավ և բազմոցի վրայից վերցրեց իր համար գնված հագուստը:

– Ղսմաթ ա տղես, ղսմաթ ա: Բայց իզուր ես սենց ծախսել: Պահեիր, համալսարանի վարձի վրա դնեիր: Կարող ա շուտ հավաքեիր փողը ու կարենայիր գոնե էրկու օրը մեկ աշխատել:

– Է, մամ: Ի՞նչ ես ասում: Ջրի բերածը ջուրն էլ տանում ա: Փոխանակ ուրախանաս…

– Վայ, չէ, ուրախ եմ, Դավիթ ջան, ապրես բալես: Հպարտ եմ քեզանով, տղես:

Վաղուց մորն այդքան անկեղծ ժպտալիս չէր տեսել: Ու եթե մինչ այս կասկածում էր` ճիշտ էր ծախսել գումարը, թե` ոչ, հիմա համոզված էր, որ ճիշտ է վարվել:

Դեռ չէր հասցրել մարսել կատարվածը: Մի պահ, ու նա 100 եվրո ունի: Կարծում էր, թե այդպես միայն կինոներում է լինում: Իրեն լիարժեք էր զգում այժմ, ասես 100 եվրոն անսպառ էր: Միայն երբ առանձնացավ իր սենյակում, զգաց, որ, առաջվա պես, ոչինչ չունի: Ու եթե նա երեկ սովորական աղքատ էր, այսօր` գեղեցիկ հագուստներով աղքատ:

Մեծ գումար` ընդամենը վերնաշապիկն հանելու դիմաց: Գրողը տանի, նա պատրաստ էր երկու հարյուր անգամ հանել այդ անիծյալ վերնաշապիկը, միայն թե նորից վճարեին: Հետաքրքիր էր` այդ մարդը կրկին կզանգեր, թե՝ ոչ: Նա կարող էր միայն երազել այդ մասին: Արդեն որոշել էր` հաջորդ անգամ հաստատ հեռուստացույց էր գնելու: «Շյուղերի» աշխատակիցներն ու հարևանները հաստատ նախանձասրտությամբ էին նայելու իրեն: Սկսելու էին փսփսալ, թե որտեղից այդ խղճուկին այդքան փող: Չնայած, նրանք այժմ էլ սկսելու էին փսփսալ` տեսնելով իր նոր հագուստները: Եվ բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե Դավիթը միայն նեղություն էր մոր համար, կիմանան, թե իրականում ինչ լավ որդի է: «Չէ, բայց ես իրոք բախտավոր եմ, – մտածեց Դավիթը, – ամեն մեկի հետ չի նման բան պատահում»: Ժպտաց: Թող մտածեն, ինչ ուզում են, այժմ նա էլ ունի իր փոքրիկ գաղտնիքը:

Конец ознакомительного фрагмента.