Читать бесплатно книгу «Վարդան Ահրումյան» Ալեքսանդր Շիրվանզադե полностью онлайн — MyBook
image
cover

– Ի՞նչ արժե մարդկանց անեծքը, եթե ատամներդ սուր են: Գելն էլ է անիծում իրենից զորավոր վագրին, բայց վագրը թքել չի ուզում նրա վրա: Այս աշխարհում միայն մի զորություն կա – ոսկին: Եթե տանդ պատերը ոսկուց են, ոչ մի անեծք չի մտնի այնտեղ: Թող անճարները կրճտեն իրենց ատամները, բախտը նրանց չի օգնիլ, եթե չունին սուր ճանկեր նրան որսալու:

– Այ, այդպես ես խոսում, որ ամենքը քեզ խոզ են անվանում, – համարձակվեց նկատել Գյուլումը:

– Ձայնդ կտրիր, աներե՛ս, – կատաղեց Աթանեսը, – տեսնում եմ, այն օրից, որ ինձ համար տղա ես ծնել, լեզուդ բացվել է, բայց ես նրան էլի կկապեմ: «Խո՜զ», իհարկե խոզ եմ, ոչխար չեմ, որովհետև ոչ ոք չի կարողանում մի մազ պոկել իմ կաշվից: Թող իմ որդին էլ խոզ լինի, միայն ամենքը գլուխ խոնարհեն նրա առաջ…

Երեք տարեկան հասակում Վարդանը կարմրաթուշ, կայտառ մանուկ էր, հյութալի շրթունքներով, հաստոսկոր, մազերը շիկավուն, ունքերը նույնպես: Նրան թույլ էին տալիս տնից դուրս գալ իր քրոջ՝ Մարիամի հսկողությամբ, որ չորս տարով եղբորից մեծ լինելով կարող էր նրան հովանավորել և պաշտպանել չար մանուկների հալածանքներից: Աղջիկը շալակում էր Վարդանին, տանում փողոց և ինքը նրա հետ խաղում, չթույլ տալով նրան միանալ փողոցային երեխաներին, հոր պատվերի համաձայն: Սակայն երևում էր, որ Վարդանը Աթանեսի մարդատյաց բնավորությունը չէր ժառանգել: Ընդհակառակը, նա ձգտում էր խառնվել հասակակիցների խմբին և նրանց հետ փողոցներում վազվզել, կտուրների ու ծառերի վրա բարձրանալ: Նա սիրում էր խաղալիքներ, և հենց որ իրենից թույլ մի երեխայի ձեռքում տեսնում էր մի գրավիչ բան, թռուցիկ, գնդակ, սայլակ, հարձակվում էր ու աշխատում էր խլել նրանից: Եվ երբ կողոպտվածը գոռալով կամ արտասվելով բողոքում էր, Մարիամն ստիպում էր կողոպտիչին ավարն իր տիրոջը վերադարձնել և միշտ Վարդանը նախքան վերադարձնելը, ավարը կոտրատում էր կամ ջարդում ոտների տակ: Մինչդեռ ինքը, որ ուներ սեփական խաղալիքներ, երբեք չէր զիջում որևէ մեկին, թեկուզ մի քանի վայրկյանով:

Մի օր Աթանեսը նրա համար շուկայից բերեց մի քառակուսի տուփ, որի փակ կափարիչի վրա կար մի նեղ ծակ հինգ կոպեկանոց պղնձե դրամի երկայնությամբ, և տալով որդուն, ասաց.

– Ըհը՛, վերցրու այս «դախըլը», ինչ փող որ ձեռքդ ընկնի, գցիր մեջն ու պահիր, բայց տես, որ հետդ փողոց չտանես ուրիշներին ցույց տաս, կարող են խլել քեզնից:

Այդ օրից ինքը՝ Աթանեսը, գրեթե ամեն երեկո իր ձեռքով տուփի մեջ ձգում էր որևէ պղնձե կամ արծաթե դրամ, այսպիսով ավելացնելով Վարդանի դրամագլուխը:

– Լսիր, որդի, – ասաց նա մի անգամ, դրամը գրպանից դուրս բերելիս, – այս աշխարհում փողն է ամեն բանից բարձրը: Փո՛ղ, փո՛ղ, փո՛ղ, ո՛չ ազգական, ո՛չ բարեկամ, ո՛չ եղբայր, ո՛չ քույր, ո՛չ մարդկանց պատիվ, ո չ սեր, ո՛չ քահանայի օրհնություն, ո՛չ ծնողների համբույր, փո՜ղ, փո՜ղ, փո՜ղ:

Վարդանը լսում էր այս խոսքերը և սպունգի նման ծծում նրանց իմաստը…

Շատ չանցած, նա իր տուփը սիրեց ավելի, քան բոլոր խաղալիքները, քան բոլոր իր շրջապատը, քան նույնիսկ իր ծնողներին: Նա իր գանձը սեղմում էր կրծքին այնպիսի հափշտակությամբ ու գգվանքով, որպես միայն սիրավառ մայրը կարող էր սեղմել միակ զավակին: Նա տուփը երկու ձեռներով մոտեցնում էր ականջին, շարժում էր, ականջ էր դնում մետաղի ախորժալուր հնչյուններին, հրճվում էր, դնում էր վար, նորեն վերցնում և նորեն շարժում, միշտ ժպտալով երջանիկ ժպիտով: Դա բարձրագույն երաժշտություն էր նրա մանկական լսելիքի համար, որի նմանը երբեք չէր լսել և չպիտի լսեր իր ամբողջ կյանքում: Այդ պահերին նրա դեմքը զրկվում էր անմեղության փայլից, աչքերը վառվում էին ագահության անախորժ հրով: Վա՜յ, եթե այդ միջոցներին մեկը փորձեր խլել նրա գանձը, նա կատաղած կատվի պես կհարձակվեր հանդուգն փորձողի վրա, որպեսզի եղունգներով դուրս գջլի նրա աչքերը: Եվ նայելով այդ հազիվհազ թոթովող մանկան, իր գանձը կրծքին սեղմած, կարելի էր կարծել, որ նա խանձարուրից արդեն ստացել է անխախտելի գաղափար դրամի զորության մասին և գիտի, որ նա է տիեզերքի առանցքը, նրան և միմիայն նրան պիտի կպչել ամուր, ձեռների բոլոր զորությամբ, հոգու բոլոր ուժերով, սրտի բոլոր սիրով:

Աթանեսը հոգու խորքում, տեսնելով որդու այդ բնազդական սերը դեպի դրամը, ուրախանում էր այնչափ, որչափ կուրախանա միջակ արտիստը, տեսնելով իր զավակի մեջ հանճարի նշույլներ: Նա խրախուսում էր որդու մեջ այդ սերը և ավելի ու ավելի ամրացնում այնտեղ, երբեմն դրամը տալիս էր Վարդանին, որ նա ինքն իր ձեռքով գցի տուփի մեջ: Եվ մանուկը մինչև գցելը խաղում էր դրամի հետ, մի ձեռքից մյուսի մեջ բաց թողնելով, գլորելով հատակի վրա, ինչպես կատուն է խաղում մկան հետ մինչև նրան խեղդելը:

– Չէ, Գյուլում, այս տղան փուչ չի դուրս գա, – ասում էր Աթանեսը որդու ներկայությամբ, և որդին հրճվում էր:

Երբ մանուկը վեց տարեկան դարձավ, հայրը մի երեկո վճռեց տուփը բանալ: Դանակի ծայրով զգույշ պոկեց կափարիչը: Հատակի վրա թափվեցին արծաթե ու պղնձե դրամները: Վարդանի աչքերը վառվեցին հոգեկան անսահման հաճույքից, ինչպես կարող էին վառվել մի ուրիշ մանկան աչքերը սքանչելի հրավառություն տեսնելիս: Նա աղաղակեց.

– Ի՛մս են, ի՛մս են:

Եվ երկու ձեռներով հարձակվեց դրամների վրա, որպես գիշակերը որսի վրա: Մի քանի դրամներ գլորվել էին սենյակի ծայրը: Մարիամը շտապեց նրանց ժողովել և փորձեց իր գրպանը դնել: Վարդանը բռնեց նրա ձեռը և այնպես ամուր խածնեց, որ խեղճ աղջիկը ցավից ճչաց, արտասվեց, ավարը ձեռքից բաց թողնելով:

Աթանեսը փողերը համրեց, դուրս եկավ երեսունինը ռուբլի:

– է, է՜, – ասաց նա, – հիմի մտածենք ինչ պիտի անենք այդ փողերը: Արի, Վարդան, տուր ինձ տոկոսով, մանեթին տասներկու կոպեկ տարեկան: Հա, դու չգիտես ինչ ասել է տոկոս: Լսի՛ր, այս տարի դու ինձ տալիս ես, ասենք հարյուր ռուբլի…

Եվ նա բացատրելով տոկոսի նշանակությունը, ավելացրեց.

– Կարծեմ հասկացար…

– Հասկացա, – պատասխանեց աչքաբաց մանուկը, – ես իմ փողերը տոկոսով չեմ տա: Թափիր դախըլի մեջ, թող ինձ մոտ մնան:

Աթանեսը տուփի կափարիչը նորեն ամրացրեց և պատվիրեց որդուն շարունակել դրամն ավելացնել, ասելով.

– Երբ հարյուր ռուբլու կհասնե, կմտածենք ինչ անել:

Այժմ Վարդանը վազվզում էր փողոցներում, բակերում ու կտուրների վրա: Մարիամն այլևս չէր հսկում նրան և չէր էլ կարող, նա արդեն տասնումեկ տարեկան աղջիկ էր, տեղական սովորությամբ պիտի տանը փակված մնար:

Աթանեսը վարձեց մի լեզգի ծառա, որը պիտի հսկեր Վարդանին: Օրվա մեծ մասը մանուկն անց էր կացնում այդ լեռնականի հետ` խոհանոցում, բակում, թոնրատանը, փողոցներում: Օսմանը – այդպես էր լեզգու անունը – փայտից նրա համար շինում էր խաղալիքներ և երբեմն պատմում էր նրան զանազան դիպվածներ Դաղստանի կյանքից: Վարդանը նստում էր նրա ուսերի վրա և պահանջում, որ իրեն զբոսեցնի: Նա ոտներով անխնա հարվածում էր Օսմանի կողերին, փորին, փոքրիկ մտրակով զարկում էր ուսերին, կրծքին, երբեմն երեսին, երևակայելով, որ ձիու վրա է նստած: Հպարտ լեռնականը ներքուստ վրդովվելով լուռ կրում էր այդ վիրավորանքները քրիստոնյայի զավակից: Եթե չկրեր, պիտի զրկվեր պաշտոնից, այսինքն՝ երեք ռուբլու ամսականից և մի փոր հացից: Նա ինքն էլ հայր էր, ուներ Վարդանի հասակակից մի տղա և երկու աղջիկ, որոնց թողել էր Դաղստանի լեռներում իրենց մոր հետ: Նա հաճախ հիշում էր իր զավակներին և հառաչելով շփում էր կոշտացած ճակատը, որ իր ծննդավայրի ամեհի ժայռերի խորշոմներն ուներ: Երբեմն, հոգնելով փոքրիկ բռնակալին ուսերի վրա զբոսնելուց, բաց էր թողնում նրան հարևան մանուկների շրջանը և ինքը մի կողմ քաշվելով, հսկում էր նրան:

Վարդանը մեծ մասամբ ընկերանում էր այնպիսի մանուկների հետ, որոնք բնավորությամբ հեզ էին և սիրով էին կատարում նրա կամքը, կամ թույլ էին տալիս՝ իրենց հարստահարելու: Նրա ոսկեզօծ գոտին, սատինի բաճկոնը, մանավանդ «ապոյկա» կոշիկները փայլուն անկարուրդներով հարգանք էին ներշնչում ընկերներին, միևնույն ժամանակ գրգռելով նրանց նախանձը: Նա շատ անգամ անպատիժ հայհոյում կամ ծեծում էր մեկին կամ մյուսին. հենվելով Օսմանի պաշտպանության վրա, իսկ երբ մեկը հանդգնում էր իր վրա ձեռք բարձրացնել, աղաղակելով վազում էր Օսմանի մոտ և այնտեղից քարեր ձգում հակառակորդի վրա: Եվ եթե լեզգի ծառան բարեսիրտ չլիներ, կատարեր փոքրիկ բռնակալի հրամանները, բոլոր մանուկները վաղուց հաշմանդամ կլինեին, այնքան խիստ էին Վարդանի պահանջները: Սակայն պատահում էր, որ նրան պաշարում էր մի տեսակ վեհանձնության զգացում: Նման հազվագյուտ րոպեներին նա ընկերներին տալիս էր ծտի կտուցի չափ հալվա, մի քանի չամիչ, մի խնձոր, չորս կտորների բաժանած:

Նա միշտ գրպանում փող էր պահում ոչ ծախսելու, այլ պարծանքով ընկերներին ցույց տալու և նրանց նախանձը շարժելու համար, հակառակ իր հոր պատվերին:

Ամառվա սկզբին Օսմանը չդիմանալով շոգերին, գնաց իր հայրենիքը, աշնանը վերադառնալու պայմանով. Վարդանը մնաց անպաշտպան, կրճատեց իր հարաբերություններն ընկերների հետ, ամփոփվեց ինքն իր մեջ և ավելի սիրեց իր դրամարկղը: Այժմ, նա մտածում էր իր գանձը ավելացնելու ուրիշ միջոցներ գտնելու: Հոր ամենօրյա նվերը նրան թվում էր շատ քիչ, տարիներ պիտի անցնեին մինչև տուփի լցվելը:

Մի երեկո Աթանեսը տանն ինչ-որ հաշիվներ էր անում համարակալի վրա, իսկ Գյուլումը Վարդանի համար մի նոր մետաքսյա շապիկ էր կարում, երբ դրսից ներս վազեց Մարիամ ը և ասաց,

– Մամա, գնա տես Վարդանը թոնրատանն ի՞նչ է անում:

Մարդ ու կին հետաքրքրված գնացին թոնրատուն, և նրանց աչքերին ներկայացավ հետևյալ պատկերը. մի անկյունում Վարդանը վառ մոմը առջևը դրած, համարում էր մի բուռն արծաթե ու պղնձե դրամներ: Նա այնքան էր խորասուզվել իր հաշիվների մեջ, որ բնավ չզգաց ծնողների ներկայությունը: Նրա մանկական ճակատը խորշոմ ել էր, շրթունքները սեղմվել էին շունչը զսպելու չափ, ձեռները հուզումից դողում էին: Համրելով բոլոր դրամները, նա ձեռը դրեց ճակատին, նայեց թոնրատան սևացած առաստաղին – ի՞նչ սքանչելի նյութ ժամանակակից նկարչի կամ արձանագործի համար: Հետո նորից սկսեց համրել, նորից ձեռը դրեց ճակատին, պարզ էր, որ նրա հաշիվների մեջ կար ինչ-որ անճշտություն, որ մանուկը ճգնում էր պարզել: Եվ որքան ավելի էր համրում դրամը, այնքան նրա ձեռների դողոցն ավելանում էր, ականջներն ու այտերը կարմրում էին, շնչառությունը սաստկանում էր: Այդ յոթ տարեկան մանուկը մի խուլ անկյունում, ճարպյա մոմի աղոտ լույսի առջև, մթության ստվերներն երեսին հիշեցնում էր այն առասպելական ագահին, որ մեն-մենակ գիշերվա խորության մեջ է ստուգում իր գանձը և հրճվում մետաղի հնչյունով, որպես երաժիշտը իր հաջող ստեղծագործությամբ: Մանուկը լուռ խոսում էր իր հարստության հետ, որպես մենասեր իմաստունն իր մտքերի հետ:

– Հրաշք է, տղա չէ, – անգիտակցաբար շշնջաց Աթանեսը իր կնոջ ականջին, բռնելով նրա թևը:

Նա կամացուկ մոտեցավ որդուն: Վարդանը գլուխը բարձրացրեց և իսկույն երկու ձեռներով ծածկելով դրամը, գոչեց.

– Չե՛մ տա, չե՛մ տա, ո՛չ ոքի չեմ տա:

Նրա ձայնը, աչքերը, նրա ամբողջ կերպարանքն արտահայտում էին ութսունամյա վաշխառվի ոսկեմոլությունը:

– Ո՞րտեղից են այդ փողերը, – հարցրեց հայրը:

– Չեմ ասի, կծեծես ինձ:

– Դախլի՞ց ես դուրս բերել:

– Ոչ:

– Գոզացե՞լ ես:

– Ոչ. գողությունը մեղք է:

– Հապա որտեղի՞ց են այդ փողերը:

– Հավաքել եմ կոպեկ-կոպեկ, իմ աշխատածն է:

– Քո աշխատա՞ծը, – զարմացավ հայրը, – դու ինչպե՞ս ես փող աշխատում, ասա, թե չէ կթակեմ…

Վարդանը ստիպվեց գաղտնիքը պարզել: Բանն այն է, որ մայրն ամեն օր նրան ուղարկում է մերձակա խանութը տան համար զանազան մանր-մունր բաներ գնելու` սապոն, մոմ, լեղակ, լուցկի, գետնախնձոր, սոխ և այլն: Վարդանն ամեն անգամ աշխատում է մի քանի կոպեկներ հետ դնել իր համար, և ահա չորս-հինգ ամսվա մեջ գոյացել է այդ գումարը:

– Բայց ինչո՞ւ դախլի մեջ չես գցել, ջոկ ես պահել, – շարունակեց իր հարցուփորձը Աթանեսը:

– Ուզում եմ իմանալ, ամիսը որքա՞ն եմ աշխատում:

– Բայց դա աշխատանք չէ, գողություն է, – ասաց Գյուլումը, միանգամայն զարմանալով այդ փոքրիկ շահագործողի հակամանկական սառնասրտության վրա:

– Իսկի էլ գողություն չէ, առուտուր է, – պատասխանեց Վարդանն ամենայն լրջությամբ, – խանութպանից գնել եմ ու քեզ ծախել, բոլոր առևտրականներն էլ այդպես են փող աշխատում, էժան գնում են, թանկ ծախում:

– Կերա՞ր, – գոչեց Աթանեսը, միանգամայն հափշտակվելով որդու խելացի պատասխանով: – Բայց, – շարունակեց նա դառնալով Վարդանին, – այսուհետև էլ չանես այդպիսի բաներ: Լավ որսորդը տան հավերին չի սպանում: Մորիցդ գողանալով ինձնից ես գողանում, իմ կարողությունն էլ քոնն է, ուրեմն ինքդ կողոպտում ես քեզ, ուրիշներին կողոպտելու տեղ:

Առաջիկա աշնան սկզբին Աթանեսը որոշեց Վարդանին տալ ուսումնարան: Մի առավոտ մանկանը զարթեցրին սովորականից կանուխ: Մայրը նրա որովայնը ամրապնդեց մի զույգ ձվով. կարագ ու մեղրով և, օրհնելով, հանձնեց հորը:

Ճանապարհին Աթանեսն ամբողջ ժամանակ խրատում էր Վարդանին, բացատրելով ուսման նշանակությունը:

– Տես, որդի, – տրամաբանում էր նա, – աշխարհն այ, օրինակ, այս չինարի պես մի ծառ է, մենք էլ մրջյուններ ենք նրա վրա կամ որդեր: Որդ կա, որ զալում է, համ շատ-շատ է ուտում, համ շուտ-շուտ, որդ էլ կա, որ ծույլ է, ուժ չունե, նա քաղցից սատկում է ու նրա մարմինն էլ են ուտում: Ուտելու համար ատամներ են հարկավոր, սուր ատամներ: Մարդուս ատամները նրա խելքն է: Ուսումը որ կա, մի սրոց է, խելքի սրոց: Եթե անուսում խելոքն արժե հինգ անխելքի, ուսում առած խելոքն արժե տասը անուսում խելոքների: Ուսում ունեցող մարդուն խաբելը շատ դժվար է, նա ինքը կարող է շատ խելոքների աղբյուր տանել և ծարավ հետ բերել: Տես, հիմա ես քեզ ուսումնարան եմ տալիս, փող եմ ծախսելու հա՜, հեշտ բան չիմանաս: Ես քեզ աֆարիմ չեմ ասի, եթե երկու-երեք տարուց հետո կոնսիստորի սեկրետար Ղահրաման-բեկի պես ռուսերեն չկոտրատես ու նրա նման չգրես: Ասենք Ղահրամանի հերն էլ գոռբեգոռ լինի, նա ի՞նչ մարդ է, այն օրը չիթ առնելիս չորս աբասիս կտրեց, տեսնո՞ւմ ես, ինձ խաբեց հաշիվների մեջ: Մարդ ամեն բան պիտի լավ իմանա, ևս առավել փողի հաշիվը: Հենց որ ուսումդ վերջացրիր, քեզ Աբրահամ աղայի եղբոր՝ Իսրայելի հետ ուղարկելու եմ Մակարիա, որ ինձ համար դու ինքդ ապրանք գնես ու բերես, հերիք է ինչքան որ նա խաբեց ինձ: Ըհր՛, ես նրա հոր, պապերի յոթ պորտի գերեզմանները…

Վարդանը գլուխը քաշ լսում էր հոր խոսքերը, ամուր բռնած նրա ձեռը և մի քայլն երկուսն անելով, հազիվ կարողանում էր նրա հետ հավասար ընթանալ: Մերթ ընդ մերթ Աթանեսը այս կամ այն խրատը որդու մտքում ամուր դրոշմելու համար, այնպես պինդ էր սեղմում նրա ձեռը, որ մանուկը քիչ էր մնում ցավից ճչա:

– Ուսումնարանում, – շարունակեց հայրը, – ոչ ոքի հետ չկռվես, բայց ոչ ոքի հետ էլ չբարեկամանաս: Գլուխդ քաշ բանիդ կաց: Ընկերներից օգուտ չկա, վնաս կարող է լինել, ևս առավել աղքատ ընկերներից, մեկը թուղթ կուզի, մյուսը գրիչ, մատիտ, ես ինչ գիտեմ ինչ: Ասեղ չտաս, որ աչքները կոխեն, իմանո՞ւմ ես, ասեղ, շուն շան որդիներին: Դե՛հ, հասանք ուսումնարան, քիթդ սրբիր, եթե փռշտալու ես, հենց այստեղ փռշտա, վերջացրու:

Ճիշտ այդ պահին Վարդանն երկու անգամ փռշտաց, որովհետև գիտեր, որ զույգ փռշտոցը խեր է, իսկ կենտը շառ, շրթունքները սեղմեց, քթի ծակերը մատներով փակեց, որպեսզի երրորդ անգամ չփռշտա:

– Փա՜ռք աստծո, – գոհ եղավ Աթանեսը: – Հաջողություն է:

Ուսումնարանը գտնվում էր քաղաքի վերին մասում, ռուսաց եկեղեցուց ոչ հեռու: Դա մեկ ու կես հարկանի պարզ մի շինություն էր, դրսից պատերը կիրով սպիտակացրած: Հարևան տներից նա տարբերվում էր նրանով միայն, որ լուսամուտները երկաթե ցանցեր չունեին, երևի այն պատճառով, որ ներսում գողերի համար հրապուրիչ բան չկար:

Դռների առջև Աթանեսն իր գույնզգույն մեծ թաշկինակով մի անգամ էլ սրբեց Վարդանի քիթը, որի ծայրը, ի դեպ ասած, այն ժամանակ հաճախ հյութավորվելու վատ սովորությունն ուներ: Հայր ու որդի մտան մի բավական ընդարձակ գավիթ, որն երկու կողմերից պատսպարված էր տախտակյա ցանկապատով:

Դասերը դեռ չէին սկսվել, աշակերտները վազվզում էին գավթում: Տեսչի կացարանի առջև զբոսնում էին երեք-չորս զույգ սագեր, մի քանի հավեր և մի հնդկահավ, գլուխը հպարտորեն վեր ցցած ինչպես ցարական մի չինովնիկ: Մի քանի բադեր զվարճանում էին գետնի մեջ փորած ավազանում, կտցահարելով կեղտոտ ջրի երեսում լողացող փտած վարունգը և սեխի ու ձմերուկի կճեպները: Տեսնելով անծանոթ դեմքեր, մի շնիկ կատաղի հաչոցով վազեց առաջ: Աթանեսն իր կապայի երկայն թևերով փախցրեց անհյուրընկալ շնիկին, մտքում մի ազդու հիշոց ուղղելով նրա տիրոջ հասցեին:

Աշակերտներն անմիջապես շրջապատեցին նորեկին և սկսեցին նրան դիտել ոտքից մինչև գլուխ, առանձին ուշադրություն դարձնելով նրա ոսկեզօծ արծաթյա գոտիի և փայլուն կոշիկների վրա:

– Մարթին Բաղդանիչը չայ է խմում, – ասաց մի թուրք աշակերտ:

– Մարտին Բաղդանիչը ո՞վ է, – հարցրեց Աթանեսը:

– Տեսուչը:

– Լավ, իմացանք, – արտասանեց Աթանեսը և կապայի թևերը ուսերին գցելով, նստեց ուսումնարանի առջև դրած նստարանի վրա:

Աշակերտները նրա և Վարդանի առջև կազմեցին մի կիսաշրջան, մոռանալով իրենց վազվզոցն ու խաղը: Այստեղ կային մի քանի ազգերի ու կրոնների մանուկներ, յուրաքանչյուրը հագնված իր ծնողների ճաշակով և նյութական կարողության համեմատ: Ընդհանուր առմամբ մեծամասնությունը բաղկացած էր չքավորներից:

Հանկարծ Աթանեսի ուշադրությունը գրավեց շրջանից դուրս կանգնած մի տասը տարեկան մանուկ:

– Պզտիկ, ա՜յ պզտիկ, – ասաց նա, – մի առաջ եկ ռեխըդ տեսնեմ:

Մանուկը մոտեցավ շփոթությունից արխալուղի թևը ատամներով կրծոտելով:

– Ադա՛, դու փալան կարող Օհանի թոռը չե՞ս, ցորեն ծախող ցընգռ Ասատուրի տղան:

– Այո՛, – պատասխանեց մանուկը ամաչելով իր հոր անվանը կպած ծաղրական ածականից, որ շարժեց աշակերտների միահամուռ ծիծաղը:

– Ադա՛, մեջքիդ արծաթե քամար ես կապե՞լ: Փա՜հ, փա՜հ, հայրդ վաճառական է դարձել, ադա՛, դո՞ւ էլ ես ուսում առնում: Դե ասա աշխարհը լուսավորվեց, պրծավ, էլի՜: Փա՛հ, ես քո պապի փալանը, – կամեցավ ավելացնել Աթանեսը, բայց զսպեց իրեն և հարցրեց.

– Անունդ ի՞նչ է…

– Լևոն…

– Օհո՜, դե ասա Լևոն թագավորի քթի ծակիցն ես ընկել, է՛լի: «Ա՜յ ես քո պապի փալանը», – նորեն կամեցավ ավելացնել Աթանեսը և նորեն զսպեց լեզուն: Վերջապես ուսումնարանի պահապան Մելքոնը ազդարարեց, թե Մարտին Բաղդանիչը գալիս է: Մի քանի վայրկյանում բակը դատարկվեց, աշակերտները վազեցին դասարանները: Աթանեսը ոտքի կանգնեց, չուխայի թևերը ուսերից ցած իջեցնելով, մի բան, որ ասիական սովորությամբ հարգանքի ու խոնարհության նշան է:

Մարտին Բաղդանիչը միջին հասակից քիչ բարձր մի մարդ էր, երեսը չեչոտ, կարճ միրուքով և կռտած բեղերով: Նրա աջ այտի վրա կար ինչ-որ վերքի հինգ կոպեկանոցի մեծությամբ մի սպի, որ նրա դեմքին տալիս էր սիբիրականի կերպարանք: Դժվար էր որոշել նրա տարիքը, որովհետև եթե կարճլիկ միրուքը ալեխառն էր, գլխի մազերն ու ունքերը տակավին սև էին, եթե ատամները փտած ու սևացած էին, քայլվածքն ուներ պատանեկան աշխույժ, ձայնը երիտասարդական հնչյուն: Նրա կռտած բեղերն ունեին քթախոտի գույն, երևի այն պատճառով, որ ծխախոտը ծխում էր առանց ծխափողի: Այս վերջին հանգամանքն ապացուցվում էր նաև նրա աջ ձեռքի երեք մատների դեղնածությամբ:

Նա դասարան մտավ գլուխը կրծքին թեքած, կարելի էր կարծել, որ մի աներևույթ ձեռ կմշտում էր նրա պարանոցը:

– Հայրի՛կ, – ասաց Վարդանը, որ զուրկ չէր դիտողության ընդունակությունից, – տեսչի վզի վրա խոց կա:

– Սո՛ւս, – սաստեց նրան Աթանեսը, – գլո՛ւխ տուր:

Հայր ու որդի հետևեցին տեսչին: Սկզբում Աթանեսը շփոթվեց տեսչի կապտագույն մունդիրից ու դեղնագույն կոճակներից, բայց, շուտով հիշելով, որ երկու տարի առաջ այդ մարդուն վաճառել է մի քանի արշին մահուդ, հազաց և մտքում ասաց. «քո չոփուռ երեսը…»:

– Բարով ես եկել, Աթանես աղա, – արտասանեց տեսուչը, – ի՞նչ կհրամայես: Հա՛, որդուդ բերել ես, որ ուսում տամ: Լա՛վ, լա՛վ, շա՜տ լավ, կտանք է՛լի ի՞նչ կա: Սո՛ւս, գարշելինե՜ր, տեսնո՞ւմ եք, որ մարդու հետ եմ խոսում: Խոնարհ տղայի է նման: Անունդ ի՞նչ է, ա՛յ տղա: Վարդա՞ն: Լավ անուն է, զորավոր: Գրել-կարդալ իսկի չգիտե՞ս: Ոչի՛նչ, ոչի՛նչ, շուտով կսովորեցնենք: Լռելո՞ւ եք, թե չէ, ավազակնե՛ր, – գոչեց նա ձեռի քանոնը ուժգին զարնելով սեղանին:

Բայց աշակերտները չէին հանգստանում: Նրանք զանազան միմոսություններով աշխատում էին միմյանց ծիծաղեցնել, բոթում էին, խտխտում, թղթի կամ հացի գնդակներ արձակում իրար վրա:

Առանձնապես աչքի էր ընկնում թուխ դեմքով ու ծուռ քթով մի տասը տարեկան տղա: Նա այնքան ճարպիկ էր, որ ձեռնասուն կապկի պես կկզում էր սրա ու նրա ուսերին կամ գլուխը դնելով նստարանի վրա, ոտները ցցում էր օդի մեջ այն կարճ վայրկյաններին, երբ տեսուչը երեսը մի կողմ էր դարձնում:

Бесплатно

5 
(4 оценки)

Читать книгу: «Վարդան Ահրումյան»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно