Նա քայլերը բարկացած ուղղեց դեպի դուռը: Դա մի խորամանկություն էր, որ իսկույն ունեցավ ցանկալի հետևանք: Ո’չ. Սոնան ուրիշ հայր չի ուզում: Աշխարհի երեսին պայտագործից ավելի լավ հայր չկա: Նա մոտեցավ Ոսկանին, իր փոքրիկ ձեռներով բռնեց նրա կոշտ, սևացած ձեռը, համբուրեց և արտասվեց: Հետո մոտեցավ պատի խորշին, կանգնեց մի քանի վայրկյան անշարժ և նայեց հորը: Ա՛խ, վատ բան էր ուզում անել, այդ ինքն էլ գիտեր և երկյուղից դողում էր: Բայց այնտեղ, սենյակի մեջտեղում, կանգնած էր հայրը, աչքերը ագահաբար հառած նրա երեսին: Եվ ի’նչպես փայլում Էին այդ աչքերը: Երևի պայտագործը արդեն զգում էր օղիի սքանչելի հոտը և վաղօրոք ճաշակում քաղցրություն:
– Մի՛ վախենար, Սոնա ջան, մի՛ վախենար, ես մտիկ եմ տալիս, հենց որ եկավ – կասեմ:
Սոնան սկսեց խորշի մեջ որոնել այն ցնցոտին, որ մայրը խնամքով թաքցրել էր անկողինների տակ:
– Ի՛նքդ վերցրու, – ասաց դողդոջուն ձայնով և գունատվեց, – ես վախենում եմ: Ա’յ, այն կապույտ կապոցի մեջ է:
Պայտագործը շտապեց վերցնել կապոցը, ծանր ու թեթև արեց ձեռի ափի մեջ և դրեց արխալուղի գրպանը:
– Քեզ համար ծամոն կբերեմ, – ասաց համբուրելով աղջկան, և շտապեց դուրս:
Երբ նա անհետացավ, Սոնան վազեց սենյակի անկյունը, ընկավ երեսի վրա և սկսեց հեկեկալ: Նրա գեղեցիկ թիկունքները չթյա արխալուղի տակ ուժգին բարձրանում էին և ցած իջնում ալիքների պես: Նրա սպիտակ պարանոցը ուռել ու դողդողում էր: Նա կողոպտեց իր սիրելի և խեղճ մորը, որ օրը մինչև երեկո արյուն-քրտինք է թափում մի քանի հատ հաց կամ մի քանի պղնձի դրամներ վաստակելու: Նա գողություն արեց, ինչո՞ ւ, ո՞ւմ համար: Ա’խ, մի՞թե բոլոր աղջիկների հայրերն այդպես են…
Արտասուքը սպառվեց, բայց վիշտն ավելի համակեց Սոնայի սիրտը: Նա խորհում էր իր անելիքի մասին:
Գիշերը ցերեկ կանի, չի ուտիլ, չի քնիլ, գուլպա կհյուսի, հորը կտա ծախելու, փողերը կդնի այնտեղ: Չէ՛, չէ՛ , մայրիկին չի ասիլ, նա լաց կլինի. Սոնան թակվելուց չի վախենում, մայրը լաց կլինի: Ի’նչ վատ բան է, տեր աստված, ի’ նչ վատ բան է գողությունը…
– Այս դռներն ո՞վ բաց արավ, – քեց Սոնան իր մոր ձայնը և սոսկալով ոտքի թռավ:
Հացթուխը կռնատակին դրած էր սովորական երկու թաժա հացերը և ափի մեջ ամուր սեղմած մի քանի պղնձի դրամներ: Նա ներս մտավ թե չէ` պառկեց հատակի վրա, ծանր հառաչելով և արտասանելով.
– Փառք քեզ, աստված, որ ինձ նման խեղճերն էլ կարող են պառկել, հոգիս դուրս եկավ…
Ահա՛ նա, այդ խեղճ կինը, ի՛նչպես երեսն ու ձեռները այրվել են թոնրի կրակից, ահա՛, ում կողոպտեց Սոնան:
– Ինչո՛ւ ես տխուր նստել, մո՛տ եկ, Սոնա, ե’կ մի քիչ ուսերս տրորիր…
Սոնան լուռ մոտեցավ մորը:
– Հայրդ եկե՛լ էր, էլի գնա՞ց, բան կերա՛վ: Սոնան հառաչեց:
– Ինչո՞ւ ես հառաչում: Երևի, հորդ քեֆը լավ էր:
– ՉԷ, խմած չէր, քաղցած էր…
– Բաս ո՞ րտեղ գնաց քաղցած փորով:
– Չեմ իմանում:
– Աղջի, դու լա՞ց ես եղել:
– Չէ, չէ, – կրկնեց Սոնան շտապով, երեսը մի կողմ դարձնելով:
Մայրը զգաց, որ անշուշտ մի բան է պատահել, և, իհարկե, կասկածեց, – թե ինչ կարող է պատահած լինել: Բայց նա մի խորը հայացք ձգեց Սոնայի աչքերի մեջ և այնտեղ չնկատեց այն տարօրինակ բթությունը, որ երևում էր ամեն անգամ «հարվածը» ստանալուց հետո:
– Սոնա, հայրդ քեզ վրա գռռացե՞լ է, թթու խո՞սք է ասել, ով գիտե, ծեծել է…
Այլևս Սոնան չկարողացավ իրան զսպել: Գլուխը թաքցնելով մոր գրկում, երկրորդ անգամ հեկեկաց, և այս անգամ ավելի ուժգին: Քանի մի րոպե անցած, նա անկեղծորեն խոստովանեց իր հանցանքը: Մի վայրկյան հացթուխը մոռացավ հարազատ զավակի թշվառությունը, հրեց նրան ուժով, կատաղեց և գոռաց: Նա մինչև անգամ ձեռը բարձրացրեց Սոնային խփելու: Բայց իսկույն ուշքի եկավ և, երկու ձեռները ծնկներին զարկելով, գոչեց.
– Քանդվի հորդ տունը:
Նա հայտնեց գողացված փողերի գաղտնիքը: Նա մտադիր էր զատկին մի գառ գնել, եկեղեցու դռների առջև մորթել և աղքատներին բաժանել Սոնայի համար: Ուրեմն Սոնան իր «մատաղի» փողե՞րը գողացավ: Այս միտքը մասամբ թեթևացրեց աղջկա վիշտը:
– Ես մատաղ չեմ ուզում, – ասաց նա, կարծելով, թե դրանով կարող էր հանգստացնել մորը:
– Բաս որ գողություն ես արել, գո’ղ ես, – գոչեց հացթուխը, մի քանի անգամ կրկնելով «գող» բառը:
Ավելի մեծ պատիժ չէր կարող լինել Սոնայի համար, քան այս հանդիմանությունը: Նրա մանկական անմեղ աչքերի մեջ փայլեց ահ ու սարսափ: Ինչպես երկչոտ նապաստակ թփի տակ, սեղմվեց սենյակի անկյունում, աջ ու ձախ նայելով: Կարծես, սպասում էր իր հանցանքի արժանի պատժին: Մայրը մոտեցավ, ձեռից բռնեց, չոքեցրեց երեսը դեպի արևելք և ասաց.
– Խաչակնքի՛ ր երեսդ, ասա «մեղա աստծու», երեք անգամ. հա, այդպես, ասա. «աստված, այս անգամ բաշխիր, էլ չեմ անիր»: Դե լավ, վե’րկաց, էլ չանես:
– Չեմ անիլ, – կրկնեց Սոնան, վւաթաթվելով մոր պարանոցին:
Իրիկնադեմին պայտագործը տուն վերադարձավ ոտից մինչև գլուխ ցեխոտված: Ներս մտավ թե չէ, թավալվեց հատակի վրա: Հացթուխն այդ օրն առաջին անգամ հայհոյեց նրան լսելի ձայնով: Պայտագործը աշխատեց տեղից վերկենալ, նորից ընկավ, կրկին հենվեց ձեռների վրա, ոտքի կանգնեց և, բռունցքը բարձրացնելով, մոտեցավ հացթուխին: Կինը խույս տվեց, և մարդը իր հարվածի ուժգնությունից նորից ընկավ հատակի վրա:
Այս այլանդակ տեսարանի միակ վկան, սենյակի մի անկյունում կուչ եկած, լուռ դիտում էր: Հանկարծ մի սուր ձայն արձակեց: Այդ վայրկյանին մատաղահաս աղջկա աչքին հարազատ հայրը թվաց իսկական գազան: Եվ ի’նչ տարօրինակ գազան, ահագին, երկար ժանիքներով, ահռելի բերանով և սարսափելի աչքերով: Կարծես, այդ բերանը ահա ահա պետք է բացվեր և կլաներ թե Սոնային և թե նրա մորը:
– Վախենում եմ, վախենում եմ, – արտասանեց Սոնան, հեռու ու հեռու խույս տալով իր հորից:
Նա վազեց, մտավ պատի մեծ խորշը և գլուխը թաքցրեց անկողինների մեջ: Հացթուխը շվարել էր: Մոտեցավ աղջկան, բռնեց նրա գլուխը, նայեց երեսին: Հետո վազեց դուրս, սառը ջուր բերեց, սրսկեց երեսին:
Սոնան մի փոքր սթափվեց: Բայց ի՛նչպես գունատ էր, և ի՛նչպես դողում էր: Նա ընկավ մոր գիրկը, երկու ձեռներով ամուր սեղմեց նրա պարանոցը, կրկնելով.
– Մի՛ հե ռանար, մի՛ հեռանար ինձանից…
– Անե’ ծք քեզ, չար սատանա, անե’ ծք քեզ, չար սատանա, – կրկնում էր հացթուխը, խաչակնքելով մերթ իր, մերթ աղջկա երեսը: – Կորի՛ր, – դարձավ ամուսնուն – կորի՛ ր այս տնից, անաստված, անսիրտ, անհոգի, դու սպանեցիր երեխայիս…
«Ոտաբոբիկ թափառում եմ սար ու ձոր,
«Ես Քյարամն եմ, ինձ ղրկեցին Ասլիից:
«Խաբար տարեք խեղճ աշուղիս հոր ու մոր,
«Սազս ղըրկեն, ես վւախչում եմ դունյայից…»
Այս ձայնը սթափեցրեց Սոնային: Նա մի վայրկյան գլուխը բարձրացրեց մոր կրծքից, ականջ դրեց ինչպես մի սոխակ, երբ քաղցր սուլոցի ձայն է լսում, հետո վազեց դուրս: Կարծես այնտեղից գալիս էր նրա համար մի երկնային օգնություն:
– Սոնա խաթուն, ե՛կ, ե՛կ, քեզ համար նշխարք եմ բերել:
Գիժ-Դանելը մի կտոր թղթի միջից հանեց նշխարքի մի փշրանք, դրեց իր շրթունքներին, հետո ճակատին և ապա տվեց Սոնային, ասելով.
– Հիսուս Քրիստոսի զորությունը քեզ պահի, պահպանի,,, Բա՛հ, աղջի, ինչո՞ ւ ես դողում, սպրդնել ես… Շուշան բաջի, Սոնա բալիս ի՞նչ է պատահել:
Հացթուխը, արտասուքը աչքերին, կանգնած էր խրճիթի շեմքի վրա և նայում էր Սոնային ու խենթին:
– Գնա՛նք ներս, – ասաց խենթը, բռնելով Սոնայի ձեռից:
Աղջիկը խլեց նրանից իր ձեռը և հեռացավ խրճիթից:
– Բա՛հ, ումի՞ց ես վախենում, ասա, ես ցույց կտամ քեզ վախեցնողին, պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ:
Հացթուխը բռնեց խենթի թևից և ներս տանելով ասաց.
– Նրանից է վախենում:
Սենյակի իրիկնային կիսախավարի մեջ գիժ-Դանելը ճանաչեց իր քելեխասեր բարեկամին:
– Կոնծել է ու ընկել. էհե’. համը տանում է, էլ ես նրան քելեխի չեմ տանիլ: Շուշան բաջի, երազ եմ տեսել: Տասնութ աժդահա դուրս եկան առաջս: Քյոռօղլին կանգնեց բուրջի գլխին: Ղռաթի բերանից կրակ էր դուրս գալիս: Ա’յ այսպիսի մազեր ուներ, անունը Սոնա չէր, Մանիշակ… մեծ-մեծ քարեր էին ընկել, մեկը ճակատին, մյուսը – կրծքին: Մայրը հորումն էր: Գլխից արյուն էր գալիս: Ասլան Դանելը խեղճ մարդ էր, գլուխը քաշ դարզություն էր անում: Ասեղս առան, աչքս կոխեցին. մկրատս վերցրին, սիրտս կտոր-կտոր արին մահուդի պես: Սոնա խաթուն, Մանիշակ ջան, ինչու փախար ձեռքիցս… էգուց կգնամ գերեզմանը տեսնելու, սիրտ չունիմ, սիրտս մեռավ… Շուշան բաջի, Սոնան լավ ազջիկ է, յա ալլա’ հ գալիս եմ… Ֆարհա’ դ, Ֆարհա’դ, տունդ տակնուվրա լինի…
Արտասանելով այս անկապ և օտարոտի խոսքերը. խենթը գավազանը օդի մեջ շարժեց և ոստոստալով դուրս վազեց,
Այդ գիշեր Սոնան զառանցում էր, ստեպ-ստեպ քնից զարթնելով: Մայրը «աղոթում էր» նրա վրա, սեղմելով նրա ուսերին և գլխին իր աջ բռունցքը, որի մեջ սեղմված էր մի բուռն աղ:
Արեգակը նոր նոր բարձրանում էր քաղաքի շրջակա լեռան հետևից, երբ Սոնան աչքերը բաց արավ: Որքան նման էր նրա դեմքի գույնը այն վաղ առավոտյան թույլ-դեղնագույն ճառագայթին, որ խրճիթի դռներով ընկավ հատակի վրա: Նրա մռայլ և անշարժ աչքերը նայում էին դեպի մի անորոշ տարածություն: Կարծես, մտքերը սավառնում էին հեռու: Նրա գլխի կողմը նստած էր մայրը և թախծալի հայացքով նայում էր նրա շրթունքներին, որ տակավին սեղմված էին:
– Քեզ համար թուզ եմ գնել, – ասաց հացթուխը, կամենալով խոսեցնել աղջկան:
Սոնան մռայլ աչքերը դարձրեց դեպի մայրը: Մտաբերում էր երեկվա տեսարանը, հիշում էր իր սարսափելը հոր կերպարանքից: Սա ակամա նայեց հոր կողմը: Պայտագործը դեռ քնած էր ծանր և անհանգիստ քնով: Սոնան հագնվեց, մոտեցավ հորը, նայեց նրա երեսին: Այժմ գազանային ոչինչ չկար այդ դեմքի վրա: Ի‘նչ վախկոտ աղջիկ է Սոնան, ինչո ւ այնպես գոռաց: Ահա՛ շուտով կզարթնի պայտագործը: Սոնան նրա ձեռներին ջուր կածի, որ երեսը լվանա, կխոսի հետը:
Եթե չբարկանա, կաղաչի, կպաղատի, որ էլ մորը չծեծի, չկռվի նրա հետ: Կասի, «Քեզ համար երկու օրը մի գուլպա կգործեմ, մի՛ ծեծիր, մի’ գոռար, մի’ կռվիր…»
Պայտագործը զարթնեց սաստիկ գլխացավով:
Նախընթաց օրվա քեֆից հետո զգում էր անտանելի տխրություն: Մտաբերեց երեկվա իր վարմունքը և զգաց խղճի մի թեթև խայթոց: Կամեցավ Սոնային մի քիչ փաղաքշել և սրա համար դիմեց մի տարօրինակ կատակի: Ոլորեց իր միրուքը խողովակի ձևով, թելով կապեց, ծայրից քաշ արավ մի մեծ ավել, ուսերին տակնուվեր ձգեց ձմեռային մուշտակը, դուրս եկավ և կանգնեց խրճիթի դռների առջև:
Այդ միջոցին Սոնան, մեջքից թեքված, ավելում էր բակը: Դեռ նրա աչքի առջև էր երեկվա տեսարանը: Նա գլուխը բարձրացրեց երեսին սփռված մազերն ուղղելու, տեսավ հորը և սարսափեց: Ավելն ընկավ նրա ձեռքից, դարձյալ լսվեց մի սուր ձայն: Սոնան ցնցվեց և կողքի վրա տարածվեց գետնին:
Бесплатно
Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно
О проекте
О подписке