Կարդալով զանազան գրքեր, Ստեփանը շատ վաղ ընկավ գաղափարի մոլորության մեջ, այն տեսակ գաղափարի, որ հրապուրելով մանուկների եռանդը, հափշտակելով նրանց երևակայությունը, շինում է նրանցից մի տեսակ ցնորամիտ էակներ, որոնք թողնելով տոկուն աշխատությունը, դեռ մի հիմնավոր բան չսովորած, դեռ լավ չտիրապետած գիտության որևէ ճյուղին, ընկնում են երևակայությունների ետևից, թե անպատճառ պետք է կատարեն մի մեծ գործ, առանց մտածելու նրա համար առաջուց պատրաստված լինելը: Դա մի տեսակ հիվանդություն է, որ ընդհատում է մանուկների հառաջադիմությունը և պատրաստում է դատարկամիտ թերուսների մի հասարակություն, որոնք փոխանակ իրանց անպատրաստականությունը ճանաչելու, սկսում են ատել, արհամարհել, պախարակել հասարակական կազմակերպությունը թե նրանց չէին գնահատում, թե նրանց չէին հասկանում, և այս պատճառով նրանք չէին կարողանում անել այն, ինչ որ ցանկանում էին, ինչ որ ավելի լավ և օգտավետ էր… Բայց