Читать бесплатно книгу «Դավիթ Բեկ» Րաֆֆի полностью онлайн — MyBook

Խանը դեռը կանգնած էր իր վրանի առջև և նայում էր, թե որպես մի քանի հրեաներ երկաթե կարթերով, շան գեշերի նման, քարշ էին տալիս կիսախորով դիակները, տանում էին հեռու, ձգում էին մի փոսի մեջ և ծածկում էին հողով: Մահմեդականները չէին մոտենում նրանց, պիղծ էին համարում, այս պատճառով պիղծ ծառայությունը հանձնել էին նույնպես պիղծ հրեաներին, որոնք գործով եկել էին խանի բանակը:

Տեսնելով երկու մելիքներին, որոնք հանդիսավոր կերպով իր մոտ էին գալիս, խանը մի առանձին հեգնական ժպիտով դարձավ նրանց, ասելով.

– Տեսա՞ք, ինչ արեցին այդ հիմար հայերը…

Երկու մելիքները մինչև գետին խոնարհվելով, գլուխ տվեցին: Խանի ժպիտը քաջալերեց նրանց, և մելիք Դավիթը, օգուտ քաղելով նրա ուրախ տրամադրությունից, պատասխանեց.

– Հային ո՞վ է տվել խելք, եթե հայերը խելք ունենային, էլ ինչու՞ էին հայ լինում…

«Ուրացողի» շողոքորթությունը բավական դուր եկավ խանին, որը ձեռքը դնելով նրա ուսի վրա, ասաց.

– Այդ իրավ է, Բաղր բեկ (պարսիկները այսպես էին կոչում նրան), – եթե հայերը խելք ունենային, կհետևեին քո օրինակին, կընդունեին մեր սուրբ կրոնքը, և համ այս աշխարհում, համ այն աշխարհում վայելչություն կունենային: – Այսպես չէ՞ մելիք Ֆրանգյուլ. – հարցրեց նա վերջինից:

Մելիք Ֆրանգյուլը դարձյալ գլուխ տվեց, ասելով.

– Այո՜, խան, այդպես է, քո ոտքին մատաղ:

Խանը մտավ վրանի այն մասը, որ հատկացրած էր դիվանի համար: Նա նստավ իր համար առանձին պատրաստած թանկագին օթոցի վրա և հրավիրեց երկու մելիքներին նույնպես նստել: Նրանք տեղավորվեցան խանից ցած: Խանի դրանիկներից նրա մոտ նստեց միայն մունշի-բաշին, իսկ մյուսները ոտքի վրա կանգնած մնացին վրանի առջև: Այդ միջոցին անցավ այնտեղից ծերունի Ահմեդը, և հեռվից լուռ աչքով ակնարկելով խանի մանկահասակ սպասավորներից մեկին, կանչեց իր մոտ:

– Սալամ, – ասաց նրան, – ահա քեզ տասն ոսկի. այդ մարդիկը ինչ որ խոսելու լինեն խանի հետ, շուտով խաբարը կբերես ինձ: Նա ցույց տվեց երկու մելիքների վրա:

– Փողը ի՞նչ անեմ, – պատասխանեց կանացի դեմքով գեղեցիկ սպասավորը, – քեզ մի ծառայություն անելու համար ես ամեն բանի պատրաստ եմ:

– Ոչ, ընդունիր, ինչ որ քեզ ասում են` այն լսիր. ոչ մի խոսք չես փախցնի ականջիցդ, բոլորը կպատմես ինձ:

Սալամը խանի համար ղեյլան մատուցանող սպասավորն էր, որ միշտ կանգնած էր լինում նրա սպասին: Նա առանց կաշառք ևս ընդունելու ծերունի ներքինապետից, միշտ պատրաստ էր կատարելու հարեմի այն հզոր իշխանի կամքը, որից բոլոր ծառայողները դողում էին:

Խառնիճաղանջ բազմությունը վրանի առջևից քաշվեցավ դեպի նրա ետևի կողմերը, նստեցին խոտերի վրա, որ խանի աչքին չընկնեն: Իսկ վրանի մուտքի աջ և ձախ կողմերը կանգնած մնացին ֆարրաշները, շաթրները և մյուս ծառայողները:

Խոսակցությունը կրկին դարձավ հայերի վրա:

– Ֆարրաշբաշի, – ձայն տվեց խանը, – դուք չգիտե՞ք պատճառը, թե ինչու՞ համար այդ հայերը իրանց այրեցին:

Ֆարրաշբաշին մոտեցավ, գլուխ տվեց, և շփոթված տատանվում էր, չգիտեր, թե ինչ պետք էր պատասխանել: Վերջապես ասաց նա, թե ինձ ոչինչ հայտնի չէ:

– Ես գիտեմ… – մեջ մտավ մունշի-բաշին, խանի առաջին քարտուղարը:

Այդ մարդը, որ ամբողջ մարմնով թունավորված էր անդադար ափիոն ուտելով, որի ձեռքերը դողում էին շատ արագ խմելուց, բայց որպես գրագետ, որպես շատ կարդացած մարդ, համեմատաբար ավելի բարոյական էր, քան թե մյուս բոլոր ծառայողները: Նա պատկանում էր պարսից մի ծածուկ աղանդի, որ հերքում էր ամեն կրոնքները, իբրև վնասակար, իբրև ազգերի եղբայրությունը խափանող և նրանց մեջ թշնամություն սերմանող մի վարդապետություն: Նա բացատրեց խանին, թե հայերի հուսահատական ինքնասպանությունը առաջ է եկել հարկերի չափազանց ծանրությունից, թե նրանք վճարում էին երեքպատիկ, չորեքպատիկ ավելի, քան թե պարտավոր էին. թե նրանց ինչքը, ստացվածքը և մինչև անգամ զավակները վաճառվում էին տուրքերի փոխարեն: – Իհարկե, այդ բոլորից հետո, – ավելացրեց նա, – նրանց ոչինչ չէր մնում, բայց միայն մեռնել…

Այդ միջոցին մելիք Դավիթի դեմքը գունաթափվել, դալկացել, մեռելի գույն էր ստացել: Նրա աչքերում վառվում էր մի տեսակ գազանային կատաղություն, նկատելով, թե դեռևս կան աշխարհում անմիտ մարդիկ, որոնք բողոքում են չարության դեմ: Նա զսպեց իրան, ոչինչ չպատասխանեց, սպասելով, թե խանը ինչը կասե:

– Հաշիվները կա՞ն ձեզ մոտ, – հարցրեց խանը:

– Ինչպես չէ, – պատասխանեց քարտուղարը և դուրս բերեց իր գոտիի միջից թղթերի ահագիին փաթոթը, սկսեց նրանց միջից ջոկել տաթևացիների հաշիվները:

Այդ միջոցին խանի վրանը մտավ ցեղի ընդհանուր հոգևոր գլուխը – իմամը: Բոլորը ոտքի վրա կանգնեցին, նրան գլուխ տվեցին: Խանը հրավիրեց նրան իրանից բարձր նստել, նույն թանկագին օթոցի վրա, ուր առաջ ինքն էր նստած: Քննությունը հայերի հարստահարության մասին ընդհատվեցավ:

Սովորական հարցուբարևներից հետո, խանը ծիծաղելով դարձավ դեպի իմամը, ասաց.

– Ի՞նչ է շինում ձեր դերվիշը, պատրաստե՞ց խոստացած մաջունը:

– Դեռ բոլոր նյութերը ձեռք չեն բերված, – պատասխանեց իմամը լուրջ կերպով. – հարկավոր է դեռևս հարյուր մսխալ մարգարիտ, հարյուր մսխալ խոշոր մարջան, տասն մսխալ ալմաստ, տասն մսխալ յաղութ, տասն մսխալ լալ, հինգ մսխալ մուշք, հարյուր մսխալ չուբի-չին, երկու հարյուր մսխալ յալդուղի ոսկի, և մի քանի ուրիշ նյութեր: Այստեղ անկարելի է բոլորը գտնել, միտք ունեմ գրել Թավրիզ, որ այնտեղից ուղարկեն:

– Ամենևին հարկավոր չէ գրել Թավրիզ, – ասաց խանը իր ծառայությունը ցույց տալու համար իմամին, – բոլորը կգտնվեն ինձ մոտ, դուք կարող եք ստանալ ինձանից այդ բոլոր գոհարները, որքան պետք է ձեզ, միայն այն պայմանով, որ փողի փոխարեն շնորհեք ինձ ձեր սուրբ օրհնությունը:

– Ես առանց այդ ևս ամեն օր իմ նամազների մեջ հիշում եմ ձեզ, – ասաց իմամը իր հատուկ բարեսրտությամբ:

Խանը լուռ գլուխ տվեց ի նշան իր շնորհակալության:

Իմամը վաթսուն տարին անցրած մի չոր ու ցամաք ծերունի էր, ոտքից մինչև գլուխը սպիտակ հագնված, որպես վայել էր այդ նրա բարեպաշտությանը: Նրա գլխի ճերմակ չալման մի ահագին կաղամբի էր նմանում, իսկ մեջքի հաստ գոտին, փրփուրի պես սպիտակ և նուրբ գործվածքից, դիզվել էր փորի վրա: նա տասնևերկու կնիկներ ուներ, իսկ այդ հասակում կամենում էր պսակվել մի դեռահաս, տասնևչորս տարեկան աղջկա հետ, հույս դնելով իր դերվիշի հրաշալի մաջունի վրա, որը պետք է վերադարձներ նրա մանկությունը, և նրան մի առույգ երիտասարդի սիրտ և ուժ պիտի տար: Նա բոլորովին հավատում էր իր վերածնելությանը, թեև հրաշալի մաջունը նրան շատ թանկ պիտի նստեր, թեև բոլոր գոհարեղենները պիտի մտնեին խորամանկ դերվիշի գրպանը, որը բժշկության մեջ իրան մի նոր Լոկման էր ներկայացնում:

– Այդ դերվիշը, – խոսեց իմամը, – սքանչելի բաներ գիտե, նա խոստանում է ինձ համար մի դարման շինել, որը մի անգամ ընդունելուց հետո բոլոր սպիտակ մազերը սև գույն կստանան: Գիտե և մի ուրիշ դարման, որ կյանքը հարյուրավոր տարիներով երկարացնում է:

– Ինչու՞ չեք շինել տալիս, – հարցրեց խանը:

– Նյութերը հազվագյուտ են և ըստ մեծի մասին թանկագին:

– Այսպիդի դարմանները պատրաստվում են գլխավորապես գոհարեղեններից:

– Այո՜, գոհարեղեններից:

Խանը դարձյալ կրկնեց, թե բոլորը իմամը կարող է ստանալ իրանից, և խնդրեց դերվիշին իր մոտ ուղարկել, հայտնելով, թե ինքն էլ նպատակ ունի նույն մաջունները պատրաստել տալ իր համար, և այսպիսով մի օգուտ հասցրած կլինի դերվիշին, որը իմամի թե՜ բժիշկը և թե՜ հյուրն է: Մի խոսքով, խանը աշխատում էր ամեն տեսակ հաճություն ցույց տալ այդ սպիտակեղենների մեջ փաթաթված, չորուցամաք ծերուկին, որ բովանդակում էր իր մեջ ամբողջ ցեղի հավատը և համակրությունը: Խանը այնքան վարպետ էր, որ գիտեր, թե այդ մարդուն գրավելով, ամբողջ ժողովուրդը իր ձեռքում սանձահարված կարող էր պահել:

Մի մարդ միայն այդ վրանում իր մտքում ծիծաղում էր այդ բոլոր խոսակցությունների վրա, – դա մունշի-բաշին էր: Նա խիստ դժգոհ էր, որ իմամի այցելությունը խանգարեց իր բացատրությունները հայերի հարստահարության մասին, և բարկությունից, հանեց իր ծոցից մի փոքրիկ, ոսկյա տուփ, և նրա միջից վեր առնելով ափիոնի երեք հատ խոշոր գնդակներ, դրեց բերանը, կուլ տվեց:

– Միրզա-Ջաֆարը – այսպես էր մունշի-բաշիի անունը – արդեն կուլ տվեց իր մաջունը, – նկատեց իմամը հեգնական եղանակով:

– Այո՜, – պատասխանեց նույնպես հեգնական ոճով քարտուղարը, – այդ է իմ մաջունը, թեև չէ մանկացնում, բայց գոնե մոռանալ է տալիս ինձ աշխարհի վշտերը…

– Մի՞թե դուք էլ վշտեր ունեք, – հարցրեց իմամը ծիծաղելով:

– Ես վշտեր չունեմ, բայց ուրիշի վշտերը նեղացնում են ինձ… – ասաց նա փիլիսոփայական զվաճախոսությամբ, – աշխարհի մեջ շատ չար ու բարի եմ տեսնում… կան մարդիկ, որ ամեն հնարներ գործ են դնում իրանց կյանքը երկարացնելու համար, որ ավելի շատ վայելեն աշխարհի հեշտությունները… կան և այնպիսի մարդի, որոնք կամավ կարճացնում են իրանց կյանքը և մահվան մեջ են որոնում հանգստությունը…

Թե՜ խանը և թե՜ իմամը առաջուց սովոր էին քարտուղարի տարապայման խոսակցությանը, այս պատճառով չբարկացան նրա բացարձակ ակնարկությունների վրա: Դերվիշները առհասարակ հարգանք ունեն պարսիկների մոտ, չնայելով որ, նրանց հայացքները և սովորությունները շատ անգամ հակառակ են լինում ընդունված նախապաշարմունքներին: Միրզա-Ջաֆարը նույնպես դերվիշ էր: Իր վերջին խոսքերով նա ակնարկում էր խեղճ հայերին, որ մի քանի րոպե առաջ այրվեցան հրապարակի վրա: Իմամը հասկանալով այդ, պատասխանեց նրան.

– Նրանք առանց այդ էլ պիտի այրվեին դժոխքի կրակների մեջ. լավ է, որ այս աշխարհում փորձեցին նախապատրաստվել գեհենի կրակների համար:

Քարտուղար կամենում էր պատասխանել իմամին, բայց խանը նրան աչքով արեց, որ լռե: Մելիք Դավիթը, որ բոլոր ժամանակը լուռ լսում էր, մտածեց օգուտ քաղել իմամի ներկայությունից և իր հաշիվը վերջացնել քարտուղարի հետ: Բայց առիթ չէր գտնում: Առիթը տվեց ինքը իմամը, որը գոհ մնալով իր սուր պատասխանով հայերի վերաբերությամբ, դարձավ դեպի մելիք Դավիթը, հարցնելով.

– Այսպես չէ՞, Բաղր բեկ:

– Իրավ, այդպես է, տեր, – ասաց «ուրացողը» – բոլոր հայերը դժոխքի կրակի մեջ պիտի այրվին: Աստուծո դրախտը միայն Մուհամմեդի ուղղափառների համար է: Մի քանի րոպե առաջ պարոն քարտուղարը ինձ մեղադրում էր, իբր թե ես եմ եղել գլխավոր պատճառը, որ այդ հիմար հայերը իրանց անձերը կրակին մատնեցին: Իբր թե ես նրանցից ծանր հարկեր եմ առել և նրանց զավակները վաճառել եմ: Խոստովանում եմ, որ այդ երկուսն էլ արել եմ ես ավելի հարգանք ընդունելու համար, քան թե նախատինք: Հարկերը ծանրացնելով, ես ծառայություն եմ արել խանի գանձարանին, իսկ «գավուրների» զավակները մահմեդականներին վաճառելով, ես աշխատել եմ բազմացնել մեծ մարգարեի հավատացյալների թիվը: – Դրանք են իմ արածները, եթե մի որևիցե հանցանք եք գտնում դրանց մեջ, ահա իմ պարանոցը, կտրել տվեցեք:

– Այդ գործերի մեջ ոչ ոք ձեզ մեղադրելու իրավունք չունի, ընդհակառակն, դուք պատվի և շնորհակալության եք արժանի, – պատասխանեց իմամը ծանրությամբ: Դրանով դուք ցույց եք տալիս, որ անկեղծությամբ և հավատքով եք ընդունել մեր կրոնը: Ես կխնդրեմ խանից, որ ձեզ ըստ արժանվույն վարձատրե:

– Ես այսօր իմ սեփական հանդերձատնից մի խալաթ կընծայեմ Բաղր բեկին, – ասաց խանը իմամին գոհացնելու համար:

Մելիք Դավիթը գլուխ տվեց և օրհնություններով հայտնեց իր շնորհակալությունը: Այժմ չարագործի մռայլված դեմքը կրկին սկսեց փայլել ուրախությունից: Իմամը մելիք Ֆրանգյուլի վրա ամենևին ուշադրություն չդարձրեց, թեև նա աստիճանով ավելի բարձր էր մելիք Դավիթից: Մուսուլմանների բարձր հոգևորականը կարծես, զզվում էր այդ «գավուրի» ներկայությունից, մանավանդ, որ նա համարձակվել էր նստել նույն վրանի տակ, ուր ինքն էր նստած: Այդ արհամարհանքը սաստիկ ազդեց փառասեր մելիք Ֆրանգյուլի սրտին և նրա գլխում կրկին ծագեց այն միտքը, որ երկար ժամանակ տանջում էր նրան…

Իմամը վեր կացավ, հայտնելով, թե երկար նստել չէ կարող, թե իր նամազի ժամանակը անցնում է, թե նա մի քանի րոպեով միայն կամեցավ անցնել խանի մոտ, նրա առողջությունից տեղեկություն ստանալու համար, թեև նա եկած էր գլխավորապես գոհարեղենների համար, որ պահանջում էր նրանից դերվիշը: Թե՜ խանը և թե՜ բոլոր ներկա գտնվողները կանգնեցին և բավական տեղ, վրանից հեռու, ճանապարհ դրին իմամին:

Իմամի գնալուց հետո խանը երկու մելիքների հետ մնաց միայնակ: Քարտուղարը խռոված մարդու նման առանձնացավ վրանի մյուս մասում, ուր նստած էին նրա ստորադրյալ գրագրները և սկսեց զբաղվել իր գործերով: Այդ միջոցին խանը կանչել տվեց իր մոտ ձիավորների գլխավորին, որին կոչում էին ղուլլար-աղասի և հրամայեց նրան պատրաստել երկու հարյուր զինված ձիավորներ Թորոս իշխանին ընդունելու համար:

– Թորո՞սը, – հարցրեց մելիք Ֆրանդյուլը զարմացած կերպով, իբր թե ոչինչ բանից տեղեկություն չունի, – ինչու՞ համար է գալիս Թորոսը:

– Իշխանը պիտի գա մեզ մոտ գտնված հայ գերիներին գնելու համար, – պատասխանեց խանը: – Այսօր, ճաշից երկու ժամ առաջ, ժամանակ ենք նշանակել նրան ընդունելու:

– Ներեցեք համարձակությանս հարցնել – ո՞րքան փրկանք եք նշանակել:

– Ես դեռ ոչինչ չեմ նշանակել, տեսնենք իշխանը որքան կտա. իհարկե, փողի մասին սակարկություն կլինի:

– Ես հենց այդ էի ուզում գիտենալ, – ասաց մելիք Ֆրանգյուլը խոհեմ կերպով. – Թորոսը յոթն սատանայից ավելի խորամանկ է, վախենում էի, որ այդ անիրավը ձեզ կխաբե: Լավ է, որ դեռ գործը վերջացած չէ, ես այժմ կարող եմ ձեզ մի քանի օգտավետ խրատներ տալ:

Սալամ մանկլավիկը, որ ներքինապետից պատվեր էր ստացել լրտեսել խանի և երկու մելիքների խոսակցությունը, ավելի սրեց իր ականջները մելիք Ֆրանգյուլի «խրատները» լսելու համար: Ընդունելով իր մատուցած ղեյլանը խանի ձեռքից, նա մի կողմ քաշվեցավ, կանգնեց վրա մուտքի մոտ, և լարված ուշադրությամբ լսում էր նրանց:

Մելիք Ֆրանգյուլը խանի ուշադրությունը դարձրեց նախ այն կետի վրա, թե ովքեր են գերիները, ի՞նչ տոհմից են, ո՞րքան կարողություն ունեն, և նրանց ազգականները ինչ գումար կարող էին վճարել նրանց գնելու համար: Բոլոր անունները մի առ մի հայտնելուց հետո, նա ավելացրեց, թե ինքը, կռվի ժամանակ որովհետև խանի զորքերի մեջն էր գտնվում, և խանին ավելի շահ հասցնելու մտքով, աշխատեց ընտրել գերիներին ամենահարուստ ընտանիքներից, որպեսզի, նրանց ազատելու համար, կարելի լինի պահանջել նշանավոր գումարներ: Գերիները թվով հարյուր քսան և հինգ հոգի են. մի մասը մեռել են բանտի մեջ, բայց հարյուրի չափ դեռ մնում են: Դրանց մեջն է գտնվում Ստեփաննոս պատանին, որ Շահուման իշխանների տոհմիցն է, մելիք Վարթանեսի որդին, ամբողջ Գենվազ գավառի ժառանգը, այն գավառի, որ դուք տիրեցիք, որ այժմ ձեր իշխանության ներքո է գտնվում: Այդ պատանուն ամենևին պետք չէ ձեռքից թողնել, եթե կամենում եք, որ Գենվազը մնա ձեզ որպես մշտական սեփականություն: «Վիշապի ձագը երբ որ մեծանա, դարձյալ օձերի թագավորը կդառնա», – այդ պարսկական առածի միտքը դուք լավ եք հասկանում: Ուրեմն, պետք է Շահումյանների տան այդ վերջին շառավիղը արմատից կտրել, այդ տոհմի հետքը աշխարհի երեսից ջնջել, եթե ցանկանում եք, որ Գենվազը ձեզ մնա: Իսկ եթե պատանու կյանքին դիպչել չենք ցանկանա, խոհեմությունը պահանջում է, որ նրան պահեք ձեզ մոտ որպես պատանդ:

Մելիք Ֆրանգյուլը այնպես հասարակ և սովորական կերպով առաջարկում էր խանին իր «խրատները», որպես բժիշկը տալիս է իր հիվանդին զանազան առողջապահական խորհուրդներ, որոնց մեջ նա խղճի, պատվի և ազնվության դեմ ոչ մի հանցանք չէ գտնում:

– Այդ բոլորը, ինչ որ ասեցիք, շատ խելացի են, – պատասխանեց խանը ուշադրությամբ լսելուց հետո. – բայց ես այդ պատանուն ոչ կարող եմ պահել ինձ մոտ որպես պատանդ և ոչ ոչնչացնել նրան, որովհետև Թորոս իշխանին խոսք եմ տվել բոլոր գերիները դարձնել նրան, և ես իմ խոսքը հարգում եմ:

Կարծես մելիք Ֆրանգյուլի գլխին սառը ջուր ածեցին: Նա չէր սպասում խանից մի այսպիսի պատասխան: Բայց դարձյալ իր վստահությունը չկորցնելով, դավաճանը շարունակեց.

– Ես երբեք չէի ցանկանա, որ դուք ձեր խոսքը կոտրեիք, խան, բայց այդ չէ արգելում ձեզ պահանջել որպես պատանու, նույնպես և մյուս գերիների համար արժանավոր փրկանք:

Մելիքի նպատակը այն էր, որ խանը պահանջե այնպիսի ահագին գումար, որ Թորոս իշխանը չկարողանա վճարել, դրանով դարձյալ գերիները կմնային խանի բանտի մեջ, այնտեղ կմաշվեին, կտրորվեին և վերջապես կոչնչանային, – այն ժամանակ մելիքը դարձյալ հասած կլիներ իր նպատակին: Բայց ի՞նչ սատանայական նպատակ էր այդ, – պետք է պարզել:

Մելիք Ֆրանդյուլը վաղուց դիտավորություն ուներ Գենվազ գավառի մելիքությունը իր ձեռքը ձգել: Այս նպատակով, նա իրան աջակից ընտրելով տաթևացի Դավիթ ուրացողին, երկուսը միասին կարողացան խանին գրգռել Գենվազի վաղեմի իշխան մելիք Վարթանեսի դեմ: Դավադրությունը այնպես սարքեցին, որ մելիք Վարթանեսը բոլորովին անպատրաստ, խանի հրոսակները հանկարծ մտան նրա երկիրը: Շահումյանների տունը բոլորովին բնաջինջ եղավ: ինքը մելիք Վարթանեսը, ընկավ կռվի մեջ: Այդ ահագին իշխանական տոհմից ազատվեցավ մի պատանի միայն, Ստեփանոսը, որը գերի ընկավ խանի զորքերի ձեռքը: Նրա հետ գերի առնվեցան Գենվազի գյուղերի բոլոր նշանավոր տանուտերների որդիները: Այնուհետև խանը իր կողմից նշանակեց այդ գավառում պարսիկ կառավարիչներ: Գերիները այնքան ժամանակ պահվում էին խանի բանտերում, մինչև Գենվազը բոլորովին հպատակեր և ժողովուրդը ապստամբական փորձեր չաներ: Բայց որովհետև ժողովրդի գլխավորները ոչնչացրած էին, և նրանց զավակները որպես գրավական պահվում էին տիրող բռնակալի ձեռքում, այս պատճառով անտեր, անառաջնորդ Գենվազը շուտով խոնարհվեցավ պարսիկ խանի իշխանության ներքո: Այնուհետև ավելորդ էր պահել գերիներին, երբ կարելի էր ստանալ նրանց փոխարեն բավական մեծ գումար: Բայց մելիք Ֆրանգյուլին այդ ձեռնտու չէր: Նա ժառանգական թշնամություն ուներ Շահումյանների տոհմի հետ: Նա ցանկանում էր ոչնչացնել այդ հոյակապ ընտանիքից մնացած միակ ներկայացուցիչը, Ստեփաննոսին, որ ինքը լինի Գենվազի տերը: Թեև այդ մասին նա դեռ ոչինչ խոսեցած չէր խանի հետ, բայց մեծ հույս ուներ, որ կարող է հասնել իր նպատակին, որովհետև խանը նրա օգնությամբ, նրա առաջնորդությամբ միայն կարողացավ տիրել Գենվազին և հաղթել մելիք Վարթանեսի նման մարդուն, որը մեծ զորության տեր էր: Պարսից խաները սովորություն չունեին իրանք կառավարելու հայոց գավառները. նրանք հանձնում էին հայ մելիքներին և տարեկան մի նշանակյալ հարկ էին ստանում: Ո՞վ ավելի արժան էր այդ պաշտոնին, քան մելիք Ֆրանգյուլը, որ այնքան հավատարիմ էր խանին, որ այնքան օգնել էր նրան Գենվազի տիրապետության մեջ:

Մելիք Ֆրանգյուլը երկար ժամանակ աշխատում էր պատանի Ստեփաննոսին խեղդել տալ բանտի մեջ, բայց այդ փորձը, ինչպես տեսանք, չհաջողվեցավ: Նա այնքան երկյուղ չէր կրի այդ պատանուց, եթե նա չունենար մի այնպիսի հզոր քեռի, որպիսին էր Թորոս իշխանը, Չավնդուրի ամբողջ գավառի տերը: Ստեփաննոսի մայրը այդ իշխանի հարազատ քույրն էր: – տարակույս չկա, մտածում էր մելիք Ֆրանդյուլը, որ Թորոս իշխանը, ազատելով իր քրոջ որդուն, կպահեր իր մոտ, կմեծացներ, և վերջը կաշխատեր նրան կրկին իր հայրենական ժառանգության տեր դարձնել:

Արծաթի սերը խանի մեջ մեծ էր ամեն բանից: Մելիք Ֆրանգյուլի բոլոր խորհուրդները, բոլոր փաստերը, թե գերիներին իր մոտ պահելով կամ ոչնչացնելով, կարող էր նա ապահովացնել Գենվազի տիրապետությունը, – այդ «խրատներին» խանը մեծ նշանակություն չտվեց: Նրան միայն գրավեց փողի խնդիրը և այս պատճառով հարցրեց, թե ինչքան կարելի է պահանջել Թորոս իշխանից:

– Մելիք Վարթանեսի ամբողջ գանձը, – պատասխանեց մատնիչը:

Խանը զարմացավ, ասելով, թե մելիք Վարթանեսը ինչ որ ուներ, ինչ որ չուներ, բոլորը կողոպտեցավ կռվի ժամանակ. մի՞թե դեռևս նրանից մի բան մնացած

– Ինչպես չէ, – պատասխանեց մելիքը ժպտելով, որպես մի մարդ, որ ժպտում էր երեխայի միամտության վրա: – Մելիք Վարթաննեսը դեռ կռվից շատ առաջ հոտը առել էր, որ ձեր զորքերը պիտի մտնեն նրա երկիրը. այս պատճառով իր գանձը նախապես տեղափոխել էր իր աներոջ` Թորոս իշխանի ամրոցը: Ձեր զորքերը գտան մելիք Վարթանեսի ամրոցում նրա հարստության փշրանքները միայն:

Հետո նա սկսեց պատմել այդ առասպելական գանձի մասին շատ բան. թե մելիքը իր ամրոցում մի ներքնատուն ուներ երկաթե դռներով, թե այնտեղ հատակի վրա, ցորենի շեղջերի նման, դիզված էին` մի կողմում ոսկի, մյուս կողմում արծաթ, մի տեղ պղնձե դրամներ, մյուս տեղ թանկագին քարեր: Թե այդ կույտերը այնքան բարձր էին, որ եթե մի մարդ մյուս կողմում կանգնած լիներ, անկարելի էր նրան տեսնել: Եվ փողը այնտեղ չէին համարում, կամ կշռում էին կշիռքով, կամ չափում էին սոմարով: Այդ բոլորը նա ուղտի բեռներով առաջուց ուղարկած էր Թորոս իշխանի տունը:

Այդ պատմությունը խանի վրա նույն ազդեցությունն էր գործում, ինչպես քաղցած մարդու մոտ համեղ կերակուրների պատմությունը: Նրա ախորժակը ավելի բացվեցավ, և ինչպես ասում են` «բերնի ջուրը գնաց», երբ մելիք Դավիթը, որ բոլոր ժամանակը լուռ էր, վկայություն տվեց, թե բոլորը ճշմարիտ է, թե ինքը իր աչքովն է տեսել այդ ահագին գանձը, թե այնտեղ կային սկսյալ Սկանդար Զուլկարնեյնից (Ալեքսանդր Մակեդոնացուց) ամեն ժամանակների դրամներ, թե այնտեղ կային մինչև անգամ քաջքերի դրամներ:

Այդ միջոցին հեռվից լսելի եղավ փողի ձայն, որի դողդոջուն հնչյունները կոտրատվելով տարածվեցան լեռների մեջ: Մի քանի անգամ կրկնվեցավ ձայնը, հետո լռեց:

– Իշխանը գալիս է, – ասաց խանը և հրամայեց Ֆարրաշբաշուն իր դրանիկներից գլխավորների հետ ընդառաջ գնալ:

Երկու մելիքները կանգնեցան, հայտնելով, թե իրանց անհարմար է նրա գալուց հետո ներկա գտնվել:

– Շնորհակալ եմ, «իմ» մելիքներ, – ասաց խանը բարեկամաբար, – շատ շնորհակալ եմ, որ դուք այդ բոլորը նախապես հայտնեցինք ինձ: Ես պատանի Ստեփանին չեմ տա, մինչև չստանամ նրա հոր ամբողջ գանձը, և մյուս գերիներին նույնպես չեմ ազատի, մինչև չստանամ արժանավոր փրկանք: Ես չեմ մոռանա, որ դուք իմ աչքերս բաց արեցիք…

1
...
...
16

Бесплатно

4.57 
(23 оценки)

Читать книгу: «Դավիթ Բեկ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно