Մինչև 1722 թվականը, այսինքն մինչև Դավիթ բեկի հայտնվելը, հայոց մելիքները տակավին պահպանել էին իրանց նշանակությունը: Նրանք ունեին սեփական ամրոցներ, ժառանգաբար իշխում էին ժողովրդի մի որոշյալ մասի վրա, կապում էին դաշնագրություններ երբեմն պարսից, երբեմն թյուրքաց ներկայացուցիչների հետ, մասնակցում էին նրանց պատերազմներին, և որպես մի տեսակ վասալական իշխաններ, մի մասնավոր հարկ էին վճարում այն պետություններին, որոնք փոփոխակի կերպով տիրում էին Հայաստանին:
Սյունյաց աշխարհը (Ղարաբաղը) պետք է առաջինը համարել, ուր մելիքները մինչև ռուսաց տիրապետության ժամանակը (1813 ամ.) պահպանեցին իրանց գոյությունը: Այդ առանց պատճառի չէր: Երկրի բնական դիրքը` լեռները և անտառները նպաստում էին ժողովրդի մեջ վաղեմի քաջազնական ոգու պահպանվելուն: Սովորած լինելով թշնամու մշտական հարձակումներին, ժողովուրդը, երբ չէր կարողանում ընդդիմադրել նրան, թողնում էր դաշտերը կամ տափակ երկրները, պատսպարվում էր անմատչելի տեղերում: Լեռնային բնությունը ներշնչում էր բնակիչների մեջ արիություն և հետևապես ձգտումն դեպի ազատություն:
Ցավալին այն էր, որ հայոց մելիքները մի ընդհանուր կապ չունեին միմյանց հետ: Շահերի տարբերությունը շատ անգամ առիթ էր տալիս նրանց մեջ թշնամական հարաբերությունների: Այս պատճառով նրանց ուժերը չէին միանում, որ կազմեին մի ամբողջություն և պատերազմեին հայրենիքի ընդհանուր թշնամու դեմ: Յուրաքանչյուրը իր գլուխն էր պահում: Եվ եթե հարկը պահանջում էր, նրանցից ամեն մեկը պատրաստ էր միանալ թյուրքերի կամ պարսիկների հետ և ասպատակել իր հարևան հայ մելիքի երկրները:
Մելիքներից ոմանք անկախ դրություն էին պահպանում, իսկ ոմանք ստորադրված էին պարսից խաների իշխանության ներքո: Այս վերջինները իրանց դիրքը չկորցնելու համար ստիպված էին խոնարհվիլ խաների բոլոր պահանջներին, թեև այդ պահանջները լինեին վնաս հայ ժողովրդին, ստիպված էին կատարել նրանց կամքը, որքան և անիրավ լիներ, ստիպված էին դառնալ նրանց ձեռքում բոլորովին անարգ մի գործիք: Եվ որովհետև պարսից շահերը իրավունք ունեին մելիքներին փոխելու, այստեղից առաջ էր գալիս խիստ կեղտոտ մրցություն, որով մելիքները` միմյանց տեղը հափշտակելու մտքով, անձնատուր էին լինում, խաներին հաճոյանալու համար, ամեն տեսակ վատություններ, մատնություններ էին անում, կաշառում էին նրանց ոչ միայն փողով, այլ ոմանք իրանց հարազատ աղջիկներն անգամ տալիս էին խանին: Բայց այսպիսիներին պետք է բացառություն համարել:
Կային ավելի խղճմտավոր և ազդեցություն ունեցող մելիքներ, որոնք ծառայում էին որպես ամուր պատվար հայ ժողովրդի և խանի մեջ. հեռու էին պահում նրա անմիջական ազդեցությունը ժողովրդից և պահպանում էին նրան խանի հարստահարություններից: Մելիքի ձեռքով էր հավաքվում տուրքը և ամեն հարկեր, որ պետք էր վճարել խանին: Մելիքն էր վճռում իր ժողովրդի մեջ ամեն տեսակ դատեր և վեճեր: Եվ որովհետև նույն իսկ խաները իրանց մեջ հաշտ չէին, ստիպված էին մելիքների հետ լավ վարվել, հակառակ դեպքում, մելիքը կարող էր թողնել խանին և իր ժողովրդով անցնել նրա թշնամու` մի ուրիշ խանի կողմը:
Հայաստանի այն մասը, որ այժմ ռուսաց պետությանն է պատկանում, ռուսների տիրելուց առաջ, պարունակում էր իր մեջ զանազան միմյանցից անկախ խանություններ, որոնցից նշանավոր էին` Ղարաբաղի, Գանձակի, Շամախու, Երևանի և Նախիջևանի խանությունները: Այդ խանությունները գտնվելով անընդհատ թշնամական հարաբերությունների մեջ, կռիվը, կողոպուտը, արյունահեղությունը, ավերմունքը երկրի մեջ միշտ անպակաս էին լինում: Խանությունները թեև պարսից պետության մի մասն էին կազմում, և խաները թեև նույն պետության ավատական իշխաններ էին համարվում, բայց շատ անգամ օգուտ քաղելով Պարսկաստանի ներքին խռովություններից կամ շահերի ստեպ ստեպ փոխվելուց, որից առաջ էր գալիս անիշխանություն, – խաները այդ ժամանակ ապստամբվում էին, և քիչ էր պատահում, որ շահերը կամ նրանց զորապետները տկարանային նվաճելու իրանց վասալներին: Եվ այսպես, ներքին ու արտաքին խռովությունները պահպանում էին իրանց անխզելի կապը:
Եթե ավելացնենք դրանց վրա օսմանցիների արշավանքները, Կովկասի լեռնաբնակների հարձակումները, կտեսնենք, որ Հայաստանը այն ժամանակ ներկայացնում էր մի սարսափելի պատերազմական դաշտ, ուր առավելապես ծեծկվող, փշրվող և մաշվող տարրի էր նույն ազգը, որ մի ժամանակ այդ երկրի տերն էր: Եվ այդ կոտորածների մեջ հայ ժողովուրդը և հայ մելիքները պետք է պահպանեին իրանց գոյությունը…
1722 թվին լեզգինների ահագին բազմություն, խառն կովկասյան այլ լեռնաբնակների հետ, արշավանք գործեցին դեպի Ավղանից և Սյունյաց երկրները, և ասպատակելով Նուխու, Շամախու, Գանձակա գյուղորայքը, անցան մինչև Սևանա լիճը: Շամախու հայ իշխան Մուսա Բեգյանը կամեցավ արգելել վայրենիների հարձակումը, բայց չկարողանալով դեմ դնել նրանց ահագին բազմությանը, ընկավ կռվի դաշտում: Վայրենիները հափշտակեցին բազմաթիվ գերիներ հայոց աղջիկներից, պատանիներից և մանկահասակ կնիկներից, որպես վաճառք, օտար երկրներում ծախելու համար: Իսկ ծերունիների մեծ մասը կոտորեցին: Տեղային մահմեդականները, օգուտ քաղելով այդ խռովություններից, իրանք էլ մի կողմից սկսեցին կողոպտել հայերին: Երկիրը սարսափի մեջ ընկավ: Ազատվեցան նրանք միայն, որ թողեցին իրանց տունը, տեղը, կայքը և պատսպարվեցան լեռների, անտառների անմատչելի խորշերում: Այդ ժամանակ իր խումբերով վրա հասավ Գուգարացոց (Մեծ Սղնախի) Հովհաննես իշխանը, հավաքեց ցրված հայերին, նրանց սիրտ և խրախույս տվեց, և բավական ուժ կազմելով, հարձակվեցավ լեզգինների վրա: Թեև նրան հաջողվեցավ մաքրել երկիրը այդ ավազակներից, հետ խլել ավարի մի մասը և կրկին ժողովուրդը բնակեցնել իր տեղում, այսուամենայնիվ, լեզգիները թողեցին Ավղանից և Սյունյաց աշխարհներում բարբարոսության սարսափելի հետքեր:
Անցավ տագնապը, անցավ կոտորածը, ժողովուրդը մոռացավ բոլորը: Կրկին սկսվեցավ սովորական վշտալի կյանքը:
Բայց մի երիտասարդ չէր կարող մոռանալ այդ բոլոր գազանային անգթությունները: Նա տեսնում էր այն գեղեցիկ երկիրը, ուր ահռելի ամրոցների փլատակները, ուր հոյակապ վանքերի բեկորները, ուր պալատների փշուրները, ուր ամեն մի լեռ, ամեն մի գետ հիշեցնում էին նրան հայ մարդու վաղեմի փառքը: Իսկ այժմ ի՞նչ էր մնացել: – Մի ստրուկ ժողովուրդ, որը, կարծես, հավիտենական անեծքով դատապարտված, մի լավ օր տեսնելու բախտ չուներ: Նրա վաստակը ձեռքից խլում էին, նրան ամեն կերպ տանջում էին, նա մինչև անգամ իր կնոջ, իր զավակների տերը չէր: Նա տեսնում էր հայ իշխաններին, որոնց պարսիկները մելիքներ էին կոչում, որոնց վրա էր դրված ժողովրդի հոգաբարձությունը, որոնք պետք է սրբեին նրա արտասուքը և դարման տանեին խեղճ գյուղացու դառն ցավերին: Բայց միմյանց հետո անհաշտ, անվերջ թշնամություններով, այդ իշխանները ավելի իրանք էին ծանրացնում ժողովրդի սարկության լուծը: Մատնությունը, միմյանց դավաճանելը, միմյանց վնասելը նրանց ամենօրյա գործն էր, իսկ մեջտեղում ոչնչանում էր ողորմելի ժողովուրդը: Եվ եթե կային նրանց մեջ այնպիսիները, որոնք ճշմարիտ սիրում էին ժողովուրդը, սիրում էին հայրենիքը և ցանկանում էին նրա թշվառ դրությանը մի ճար անել, բայց ընդհանուր անկարգության, ընդհանուր ապականության մեջ նրանց եռանդը թուլանում էր, նրանց իղձը իրանց սրտում խեղդվում էր:
Երիտասարդը իր չորս կողմը տեսնում էր թե հոգեկան և թե բարոյական խորին դատարկություն: Նա աչք էր դարձնում դեպի Էջմիածինը, դեպի ընդհանուր հայոց Մայր Աթոռը, այնտեղ ևս միևնույն անկարգություններն էր նկատում, – միաբանների մեջ երկպառակություն, կաշառք, մատնություն, դավադրություն և ամեն ինչ, որ սուրբ չէ, որ անարգ է, որ զզվելի է… Էջմիածինը այդ ժամանակ գտնվում էր օսմանցիների իշխանության ներքո: Համադանցի Աստվածատուր կաթողիկոսը, խույս տալով Էջմիածնի խռովություններից, ծածուկ թափառում էր Արարատա գյուղերում: Էջմիածնի աթոռը մնացած էր թափուր, որ պատճառ էր տալիս ավելի սաստիկ խռովությունների: Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը այդ ժամանակ զբաղված էր «ֆրանկների» (հայ կաթոլիկների) խնդրով: Հովհաննես «Կոլոտ» (կարճահասակ) մականվանյալ պատրիարքը արգելում էր հայ-կաթոլիկներին լուսավորչականների եկեղեցիները հաճախել: Հայ-կաթոլիկները դեռ առանձին եկեղեցի չունեին: Կրոնական երկպառակությունները, Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի և լատինական եպիսկոպոսի մեջ մի կողմից, իսկ հայոց պատրիարքի մեջ մյուս կողմից, պահում էին մայրաքաղաքի հայ ժողովրդին անընդհատ կռիվների մեջ: Երուսաղեմի հայոց պատրիարքարանը զբաղված էր սուրբ Հակոբա տաճարով. կռիվները հույն և լատին աբեղաների հետ վերջ չունեին: Այստեղ, Արարատյան նահանգում արյուն և արտասուք էր հոսում, իսկ այնտեղ զբաղված էին եկեղեցիներով…
Երիտասարդը իր շուրջը չէր գտնում ոչ մի մխիթարական երևույթ, բացի հայրենիքի լեռներից և անտառներից, որոնք, կարծես, խուլ կերպով ասում լինեին նրան. «Ե՜կ, ե՜կ, մեր գրկում քեզ համար լավ տեղ կա. բռնակալի ձեռքը այնտեղ մուտք չէ գործում…»:
Ո՞վ էր այդ երիտասարդը, ո՞վ էր այդ ցնորամիտը, որ այն ժամանակվա ընդհանուր խռովությունների, ընդհանուր բարբարոսությունների մեջ, մոռացած իր անձը, միայն հայրենիքի, միայն ժողովրդի վրա էր մտածում: – Դա Գենվազի իշխան Ստեփաննոս Վարթանեսյանն էր` Շահումյան տնից: Զրկված հայրենական ամրոցից, սիրտը լի վրեժխնդրության դառնությամբ, նա իր երկու հավատարիմ ծառաների հետ, ծպտյալ կերպով թափառում էր Սյունյաց աշխարհում: Նա մոտենում էր հայոց մելիքներին, հորդորում էր նրանց միաբանվել և ընդհանուր ապստամբությամբ թոթափել խաների ծանր լուծը: Բայց ամեն տեղ գտնում էր սառն անտարբերություն, անհոգություն և մինչև անգամ անհարմարհանք: Բարկությունը, հուսահատությունը երիտասարդի մեջ հասնում էր սոսկալի կատաղության, երբ տեսնում էր, որ հայերը չէին ցանկանում օգուտ քաղել մի ամենահարմար ժամանակից, երբ կարող էին ամեն դյուրությամբ ազատվել պարսից բռնապետությունից:
Պարսից պետությունը այդ ժամանակ գտնվում էր իր օրհասականի մեջ: Ավղանիստանի Ղանդահար քաղաքից Մյուրվեիսի որդի Միր-Մահմուդ-խանը, տիրելով Սպահան քաղաքին, գահընկեց արեց պարսից Հյուսեին շահին և ինքը նստավ նրա տեղը: Արևելյան Պարսկաստանը ընկավ ավղանների իշխանության ներքո: Այդ ժամանակ պարսից Հայաստանում համարյա անիշխանություն էր տիրում: Թեև աթոռազուրկ Հյուսեին շահի որդին, շահ Թահմասը, լսելով ավղանների հաղթությունը, Մազանդարանում թագավոր դարձավ և եկավ, նստեց Թավրիզ քաղաքում, բայց նա այն աստիճան թույլ, արբեցող և փոփոխամիտ մարդ էր, որ շուտով զզվեցրեց իր զորապետներին, բոլորը հեռացան նրանից, և ինքը, շահ Թահմասը, անօգնական մնալով, գնաց Աստապատ և գաղտնի ապաստան գտավ Աստվածատուր անունով մի հայ իշխանի տանը: Երևանի նահանգին այդ ժամանակ տիրում էին օսմանցիները: Նրանք ավելի ցանկանում էին Հայաստանի այդ մասը հայ իշխանների ձեռքով կառավարել և նրանցից մի որոշյալ տուրք ստանալ, քան թե պարսից խաների ձեռքը տալ:
Բոլոր հանգամանքները հաջողություն էին խոստանում: Պարսից և թյուրքաց արքունիքները սարսափելի խռովության մեջ էին: Շահերի և սուլթանների գահերը, խաղագնդակների նման, անդադար մի ձեռքից մյուս ձեռք էին անցնում: Պարսկաստանի և Թյուրքիայի մեջ ամեն օր ծագում էին նոր ապստամբություններ, ամեն օր կազմվում էին նոր, անկախ իշխանություններ: Միայն հայերը անշարժ էին, միայն հայերը իրենց ազատության վրա չէին մտածում: Այդ սաստիկ խոցում էր Շահումյան իշխանների վերջին ժառանգի` Ստեփաննոսի սիրտ: Ի՞նչ պետք էր արած: Բոլոր ժողովուրդներից ավելի տանջված, ավելի հարստահարված, ավելի թշվառ ազգը` հայը, ոչինչ չէր զգում: Կարծես, հանգիստ, ապահով և վայելուչ կյանքի փափագը մեռած լիներ նրա մեջ:
Երիտասարդ իշխանը այդ կարծիքի հետ բոլորովին համաձայն չէր: ժողովուրդը հոգեպես և բարոյապես բոլորովին մեռած չէր: Նրա սրտում դեռ մնացել էին հարուստ, կենդանի տարրեր. միայն պետք էր ջերմացնել նրանց, պետք էր բորբոքել, ուժ տալ, և ահա միևնույն ստրկացած ժողովուրդը ոտքի կկանգներ հսկայի անձնավստահությամբ: Ստեփաննոսը գիտեր այդ բոլորը: Նա հավատում էր հայի տոկունությանը: Նա գիտեր, հայը որքան համբերող է, որքան տանող է բռնության լծի ծանրությունը, այնքան շուտով պատրաստ է թոթափել այդ լուծը, եթե հանգամանքները կնպաստեին: Միայն հայը զգույշ է, հեռատես է, խորհող է, բայց շուտ վճռող չէ, և դրա մեջն է կայանում նրա բոլոր դանդաղկոտությունը: Զգուշությունը նրա մեջ հանցավոր երկչոտության կերպարանք է ստացել: Նա երբեք չի սկսի մի գործ, եթե հավատացած չէ, թե հաջողությունը իր կողմը կլինի: Ուր մի փոքր անզգուշություն, մի փոքր զոհողություն, մի փոքր խենթությունն անգամ կարող էր մեծ գործ կատարել, – այնտեղ հայը խնայող է և խելացի: Նա միշտ իրան հեռու է պահում անմիտ բախտախնդրության ցնորքներից, և այդ, Ստեփաննոսի կարծիքով, վատ էր: Նրա թեորիան շատ պարզ էր. «Կամ մեռնել, կամ լավ ապրել»: Ճնշված, հարստահարված, անապահով կյանքը նրան տանելի չէր:
Ստեփաննոսը մի ուրիշ բան ևս գիտեր: Նա գիտեր, որ հայ ժողովուրդը կատարյալ ոչխարային բնավորություն ունի. մեկը պետք է առջևից գնա, որ մյուսները հետևեն նրան: Բայց ո՞վ կարող էր լինել այդ «մեկը»: Ո՞վ կարող էր առաջնորդել ամբոխին: Նա դիմեց բոլոր հայ իշխաններին, բոլոր հայ մելիքներին և ամենից սառն ընդունելություն գտավ: Նա չէր ճանաչում ժողովրդի այդ գլխավորներից և ոչ մեկին, որ համակրեր իր մտքերին: Իսկ ի՞նքը: – Ինքը ի՞նչ կարող էր անել: Ժողովուրդը հեղինակություն էր պահանջում: Ժողովրդի վրա ազդելու, նրան շարժելու համար պետք էր փոքր ի շատե նշանավոր մարդ լինել: Թեև ինքն էլ նշանավոր մարդերի կարգից դուրս չէր, բայց ի՞նչ կարող էր անել մի փառազուրկ իշխան, որի հայրենական ժառանգությունից մնացել էին` մի ձի և մի ձեռք զենքեր միայն: Գենվազի ամբողջ գավառը, որ նրա հորերին էր պատկանում, այժմ դարձել էր մի խանի սեփականություն: Իսկ ինքը անտուն, անտեղ, անօթևան թափառում էր երկրից երկիր, որպես մի արկածախնդիր ասպետ, որին իջևան էին տալիս միայն այն պատճառով, որ նրանից վախենում էին: Այս մտածությունների մեջ խորասուզված, երիտասարդը քշում էր իր ձին Ներքին Ագուլիսից դեպի Օրդուբաթ տանող ճանապարհով, և այնքան զբաղված էր իր մտքերով, որ կարծես, չէր նկատում անձրևի տարափը, որ մանր, փոշիանման կաթիլներով մաղվում էր նրա վրա: Երեկոյան խավարը դեռ այնքան չէր թանձրացել, որ դժվառ լիներ առարկաները որոշել: Առջևում երևում էր խիտ այգիների մեջ թաքնված Օրդուբաթը: Փոքր-ինչ հեռու Արաքսը մի արծաթյա ժապավենի նման ոլորվում էր ձորի միջով: Գետի մյուս ափի վրա Քամ-քուհ լեռան բարձր գագաթը կիսով չափ ծածկված էր մթին ամպերի մեջ: Կայծակը շեշտակի կերպով ճեղքեց այդ ամպերը և նրան հետևեցին սաստիկ որոտ և դղրդյուն: Կարծես, ամբողջ երկինքը թափ տվեցին և անձրևը միանգամից սկսեց հեղեղի նման թափվել: Այդ ժամանակ միայն երիտասարդը արթնացավ իր մտահուզությունից, քաշեց ձիու սանձը, ձին կանգնեց, և նա սկսեց բաց անել իր վերարկուն, որ կապած էր երիվարի գավակի վրա: Նա խնամքով փաթաթվեցավ վերարկուի մեջ, ոչ այնքան իր մարմնին հոգ տանելու համար, որքան իր զենքերը թրջվելուց պահպանելու համար: Այդ միջոցին հասան նրա երկու ուղեկիցները, որ բավական հետ էին մնացել: Երիտասարդը դարձավ դեպի նրանցից մեկը, ասելով.
– Զումշուդ, դու գիտե՞ս քաղաքի որ փողոցումն է այն հրեայի տուն:
– Գիտեմ, – պատասխանեց Ջումշուդը:
– Դե՜, առաջ քշիր, մեզ տար ուղիղ դեպի այն կողմը:
Զումշուդը իր ձին առաջ քշեց, երիտասարդ իշխանը հետևում էր նրան: Ետևից գալիս էր իշխանի մյուս ծառան` Աղասին:
Քամին հետզհետե սաստկանում էր և մրրիկը ավելի սպառնալի կերպարանք էր ընդունում: Գյուղացիները սարսափով քշում էին իրանց անասունները դաշտից դեպի տուն: Լեռներից լսելի էին լինում հովիվների խառն աղաղակները: Սաստիկ անձրևների ժամանակ հեղեղը այդ կողմերում սոսկալի էր. նա տանում էր իր հետ ոչ միայն մարդիկ և անասուններ, այլ ահագին քարաժայռեր, որ պոկում էր սարերի կուրծքից:
Բոլորովին մութն էր, երբ իշխանը մտավ Օրդուբաթ քաղաքը: Փողոցներում ոչ ոք չէր երևում: Բոլոր դռները կողպված էին: Անձրևը թեև փոքր-ինչ մեղմացած, բայց տակավին մաղվում էր: Անցնելով մահմեդականների թաղերը, նրանք մտան հայերի թաղը: Այստեղ բնակվում էին հրեաները մի առանձին փողոցում: Ջումշուդը իր ձին կանգնեցրեց տներից մեկի դռան հանդեպ, ցած իջավ ձիուց և սկսեց դուռը բախել: Երկար բախում էր նա, իսկ բաց անող չկար: Գիշերային այն տարաժամ պահուն հրեան հեշտությամբ իր դուռը չէր բաց անի օտարականի առջև: Կարծում էին, թե ներսում մարդ չկար: Բայց դռան ճեղքերից ճրագի լույս էր երևում:
– Կոտրե՞մ, – հարցրեց Ջումշուդը:
Бесплатно
Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно
На этой странице вы можете прочитать онлайн книгу «Դավիթ Բեկ», автора Րաֆֆի. Данная книга имеет возрастное ограничение 12+, относится к жанру «Литература 19 века».. Книга «Դավիթ Բեկ» была издана в 2017 году. Приятного чтения!
О проекте
О подписке