այրվող մարմիններից բարձրացած ճենճերային ծուխը և դարձյալ սառնսիրտ մնաց դեպի անմեղ զոհերի տանջանքը… – ես երդվում եմ, երդվում եմ հայ շինականի խրճիթի օջախով, որ հանգած է բռնակալի ձեռքով, երդվում եմ հայ կնոջ և հայ աղջկա պատվով, որ բռնաբարված է մահմեդականի կրքերով, երդվում եմ հայ երկրագործի արորով և քրտինքով, որոնց վաստակը հարստահարվում է, երդվում եմ հայրենիքի սուրբ հիշատակով, որ օտարի լծի տակ ճնշվում է, – վերջապես երդվում եմ այդ գերեզմանով, որ ամփոփում է ձեր անմեղ մարմինները, ես պիտի վրեժխնդիր լինեմ… պիտի վրեժխնդիր լինեմ չարության, անարդարության և բռնության դեմ: Այս րոպեից հանդիսավոր ուխտ եմ դնում կռվել և մինչև մահ կռվել հայրենիքի ազատության համար: Այն օրը ձեր ոսկերքը կհանգստանան այդ մթին գերեզմանի մեջ, երբ ազատության շունչը խաղաղ, կենսաբեր ոգվով կփչե նրա վրայով…»: