պարունակում է իր մեջ այսպիսի փոշիների մի ծովակ, բայց նրանք չեն երևում օդի աղոտության մեջ, իսկ լույսի այս նեղ ժապավենի մեջ բոլորը երևում են: Բայց եթե խավար լիներ, – ես ոչինչ չէի տեսնելու, մինչև անգամ ամենախոշոր առարկաները: Ա՜խ, ի՞նչ լավ բան է լույսը, որպես բաց է անում նա մարդի աչքերը և զորություն է տսւլիս նրա տեսությանը: Չէ՞ որ միևնույնն է լինում և կյանքի մեջ, – մի ժողովրդի, մի ազգի և ամբողջ աշխարհի կյանքի մեջ: Երբ որ տիրում է մտավոր խավարը, մարդիկ չեն տեսնում իրանց ամենախոշոր թերությունները. նրանք չեն նշմարում այն ճանապարհի ուղղությունը կամ ծռությունը որով գնում են. նրանք չեն նկատում այն խոչընդոտները, որ ամեն անգամ նրանց ոտքին է դիպչում և ճակատի վրա վայր է գցում. – նրանք ոչինչ չեն տեսնում, միայն խարխափում են մոլորության մեջ…