Բայց մի տառ, որին ես շատ սիրում էի, էր օն. ես նրան խիստ շուտ ճանաչեցի, որովհետև նա նման էր գեղեցիկ Սոնայի բոլորակ աչքերին… Նազելի՜ Սոնա, քո անունը հիշելու ժամանակ ես բոլո՜րը, բոլո՜րը մոռանում եմ, ինչ որ կրեցի այն դժոխքի մեջ… դու էիր իմ մխիթարությունը… դու էիր քաղցրացնում իմ տխուր ժամերի դառնությունը… Սոնան վարժապետիս աղջիկն էր: Ես իմ կյանքում չեմ տեսել մի այնպիսի. բարի և անմեղ բնավորություն: Պատահում էր, երբ վարժապետս ծեծում էր ինձ, Սոնան մի թաքուն տեղ նստած, լաց էր լինում: Խե՜ղճ աղջիկ, ի՞նչու էր լաց լինում նա: