Բժիշկն երբ որ կամենում է բժշկել մի մարդու հիվանդությունը, նախ և առաջ պետք է ծանոթանա նրա մարմնի կազմվածքի հետ, – պատասխանեց նա: – Եվ մենք, եթե կամենում ենք մեր հայրենիքին որևիցե օգուտ մատուցանել, նախ և առաջ պետք է ճանաչենք նրան: Մեր ձիերը վրանի առջև կանգնած էին. ինձ համար պատրաստել էր տվել բեկը մինը իր ձիերից: Ես հայտնեցի նրան, թե ինչ պայմանով էի ընդունել ինձ ընծայած ձին հայ վրանաբնակների գլխավորից, և ավելացրի, թե ես այժմ իրավունք ունեի նրա տված պարգևը ինձ հետ տանել, որովհետև իմը չգտնվեցավ: Ուրեմն բեկին պետք չէր իր ձիերից մեկը անհանգիստ անել: