Читать бесплатно книгу «Մթնաձոր» Ակսել Բակունց полностью онлайн — MyBook
image
cover

Աքսել Բակունց
Մթնաձոր

ՄԹՆԱՁՈՐ

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում:

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:

Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում:

Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում:

Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի:

Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը, ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին:

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը: Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կակարդով գլխարկը գլխին: Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը: Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում: Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ:

Պանինը որսորդ էր: Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի: Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը: Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում կամ հալածում էին խրտնած պախրային: Պանինը վազում էր շների ետևից, հրճվանքից ճչում: Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր:

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ: Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շներն որսի միսն ուտեն:

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն: Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել:

Այսպես էր Պանինը: Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնե-բերան պատմություններ էին անում: Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը: Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել: Հյուսիսի անտառներից մեկում նրա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ` շներին հրամայել էր գզգզել կնոջը:

Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին:

* * *

Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ: Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում: Բացուտներում միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի քամակին, մինչև վարազները ջրի գային:

Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում: Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում:

Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում` գիշերով տուն տանելու համար:

Այդ օրն էլ նա որսի էր գնացել: Թարմ հետքեր կային ձյունի վրա: Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես: Մինչև կրակելն աղվեսները փախան: Այդ Ավու համար վատ նշան էր, որսը հաջող չպիտի լիներ: Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ: Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:

Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի` մի քիչ շունչ առնելու:

Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ: Ավու շունչը փորն ընկավ: Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների ետևից էլ Պանինը: Ասես գետնի տակից բուսավ:

Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ: Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ: Եվ երբ բարձրացրեց կնուտը, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ: Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում: Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում:

Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն: Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել: Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց, Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր: Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ:

Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին: Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա:

Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին. ոչ Պանինը երևաց, ոչ էլ շները: Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մեջ: Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները:

Իջավ ձորը, լսեց թե ինճպես սառույցի տակ խոխոջում է ջուրը: Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տունը, վառած օջախը: Տանը երևի սպասում են արդեն:

Ետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց: Թվաց, թե ձյունի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց: Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն: Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես:

Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայինին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց: Արջը ոռնաց: Բերդանի ծուխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց:

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ: Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն: Ավին մի ձեռքով պաշտշանվում էր նրա հարվաշներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ կոխել, կրակել մի անգամ էլ:

Ծառս էր լինում արջը ետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում: Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել: Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց: Արջը ոռնաց առաջվանից էլ պինդ, մեջքի վրա ընկավ, գլորվեց, որպես կտրած գերան: Սառույցին որ հասավ, կանգնեց ոտքի, փորձեց վեր բարձրանալ:

Ավին երրորդ անգամ կրակեց, բերդանի գնդակը խրվեց ձյունի մեջ, վզզաց, ինչպես շիկացած խոփը դարբնոցի ջրաքարում: Երրորդ կրակոցը նրա բերդանի վերջին ճիչն էր: Ավին մինչև վերջն էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ:

Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց: Ավին շատ մոտ զգաց վիրավոր գազանի տաք շունչը, ծռվեց, և երբ արջը թաղվեց ձյունի մեջ, Ավին ետ վազեց, ձյունի մեջ ընկնելով, վեր բարձրանալով: Արջը հետևում էր նրան: Ավին վազում էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում: Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր ետևից:

Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ: Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ: Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց:

Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա:

* * *

Ավին հիմա էլ ողջ է:

Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա-նրա համար տրեխ է գործում:

Ավու հագին չուխա է, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում: Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու:

Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը:

Ավին շրթունքներ չունի: Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ Ավին համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն էլ է դուրս գալիս: Աչքերի խոռոչներում չորացած մսի կտորներ կան, ծառի վրա կիսաչոր, մաշկը ծալ-ծալ եղծ ծիրանի պես:

Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները: Նայում ես և չես կարողանում որոշել` ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին:

Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումենր են անում, և երբ Մթնաձորի անունն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում:

Ու չգիտես` զայրանում է, թե ժպտում հին որսորդը…

Бесплатно

5 
(2 оценки)

Читать книгу: «Մթնաձոր»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно

На этой странице вы можете прочитать онлайн книгу «Մթնաձոր», автора Ակսել Բակունց. Данная книга имеет возрастное ограничение 12+, относится к жанрам: «Cтихи и поэзия», «Зарубежная поэзия».. Книга «Մթնաձոր» была издана в 2017 году. Приятного чтения!